Ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, «Չինաստանը լրացուցիչ 100 մլն յուանի (16 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրի Արևմտյան Աֆրիկայի երկրներին՝ Էբոլա վիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար»։ Սկսած այս տարվա ապրիլից, Չինաստանն այդ նպատակով նրանց ընդհանուր առմամբ արդեն 234 մլն յուանի (38 մլն ԱՄՆ դոլար) մարդասիրական օգնություն է տրամադրել։ Բացի այդ, ինչպես հաղորդում է Չինաստանի միջազգային ռադիոն, երկրի կառավարությունը ձեռնամուխ է եղել Էբոլա տենդախտի հետազոտման լաբորատորիայի ստեղծմանը, որի նպատակը դրա դեմ պատվաստանյութի մշակումն է։ Չին գիտնականները համոզված են, որ լաբորատորիան կստանա ամենաբարձր մակարդակի ֆինանսավորումն ու պաշտպանությունը։ Հետաքրքիր է, որ մոլորակային նոր սպառնալիքի դեմ պայքարում ընդգրկված են նաև չինական ավանդական բժշկության մասնագետներ, քանի որ նրանք արդեն հաջողություններ են գրանցել լուրջ վարակիչ այլ հիվանդությունների դեմ մղվող պայքարում։ Չինաստանը նաև համաճարակի շրջան է ուղարկել շատ մասնագետների ու դեղորայք (ոչպաշտոնական տվյալների համաձայն, որոշ բժիշկներ ու բուժքույրեր աշխատանքի ընթացքում վարակվելու կասկածով հոսպիտալացվել են)։
Պատահական չէ, որ այսքան մանրամասն եմ խոսում այս մասին։ Իմ կարծիքով, ՉԺՀ-ի այս առատաձեռնությունը պայմանավորված է ոչ միայն մարդասիրական նկատառումներով և վերջին ժամանակներս նրա կողմից հստակորեն դրսևորվող դիրքորոշմամբ (խոսքը համաշխարհային գործերին ակտիվորեն մասնակցելու մասին է), այլև նրանով, որ Աֆրիկան, հատկապես նրա «սև մասը», Պեկինի համար մեծ հետաքրքրության գոտի է դարձել։ Եվ այստեղ ծագող խնդիրները Չինաստանի համար մեծ կորուստների պատճառ են դառնում՝ ինչպես դրամական, այնպես էլ մարդկային։ Հենց Աֆրիկան է՝ իր հսկայական դեֆիցիտ պաշարներով (տարբեր գնահատումներով, նրան է բաժին ընկնում հումքի հետախուզված համաշխարհային պաշարների 30-40 %-ը), դրանք օգտագործելու և նույնիսկ ինքնուրույն արդյունահանելու հնարավորության փաստորեն լիակատար բացակայությամբ, Չինաստանի համար դառնում է ջանքերի ու միջոցների գործադրման կարևորագույն կետ և «ապագայի համար կատարվող ներդրումների» գլխավոր օբյեկտ։ ՈՒնենալով հսկայական և, որ հատկապես կարևոր է, կենտրոնացված ֆինանսական միջոցներ, ՉԺՀ-ն դրանք ակտիվորեն ներդնում է տարածաշրջանում։ Եվ, իհարկե, պատահական չէ, որ նոր հազարամյակում Սև աշխարհամասում նկատվում է կայուն աճի ամենատևական ժամանակաշրջանը։ Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած մասի տնտեսության միջին աճը վերջին տարիներին կազմել է 5-6 % և հետագա առաջադիմություն է խոստանում։ Այսինքն, հիմա «հետամնաց» պետությունների այդ խառնակույտը, Չինաստանի շնորհիվ, զարգացման լրջագույն ճեղքում կատարելու ցանկություն և պատրաստակամություն է ցուցաբերում։
Չինացիներն Աֆրիկայում վաղուց են հայտնվել՝ դեռ անցյալ դարի սկզբին, ու չինական ռեստորաններն էլ այստեղ նորություն չեն (ինչպես հաղորդում են համացանցային գովազդերը, միայն այստեղ կարող են սպիտակ մարդիկ համեղ ու անվտանգ կերակրատեսակներ ճաշակել)։ Իսկ Աֆրիկայի շատ երկրների հետ ՉԺՀ-ի քաղաքական համագործակցությունը սկսել է զարգանալ դեռ 1960-70 թթ.՝ իբրև հակաիմպերիալիստական պայքարի գծով դաշնակիցների։ 90-ական թվականների կեսերից, սակայն, գլխավոր շեշտը սկսեց տեղափոխվել Չինաստանի և Աֆրիկայի տնտեսական համագործակցության վրա։ Դեռ 1996 թ. ՉԺՀ-ի ղեկավարությունը երեք շրջագայություն կատարեց Աֆրիկայի 18 երկրներով։ Այնուհետև մշակվեց Աֆրիկայի երկրների հետ համագործակցության պլան, որը շուտով սկսեց եռանդագին կենսագործվել այդ «պաշարների գանձարանում»։
2007 թ. գարնանից Չինաստանն սկսեց Աֆրիկայում «հատուկ տնտեսական գոտիների» ստեղծման խոշորագույն նախագծի իրականացումը։ Այստեղ օգտագործվում է Չինաստանում ևս նման «գոտիների» հաջող ստեղծման փորձը, օրինակ` Շանհայինը։ Առաջին «հատուկ գոտին» ստեղծվել է Զամբիայի «Պղնձի գոտում»։ Երկրորդը՝ Մավրիկիոս կղզում, և այն Չինաստանի համար կծառայի որպես հիմնական առևտրական կենտրոն, որը Արևելյան և Հարավային Աֆրիկայի երկրների ընդհանուր շուկայի 21 անդամներին արտոնյալ հնարավորություն կընձեռի գործակցելու չինական գործարարության քառասուն ոլորտների կառույցների հետ։ Երրորդ «գոտին» կստեղծվի Տանզանիայի մայրաքաղաքում, և այն կդառնա նավագնացության կենտրոն։ Երկու «հատուկ գոտի» էլ Չինաստանը ծրագրում է ստեղծել Արևմտյան Աֆրիկայում, իրենց մոտ նման գոտիներ ստեղծելու իրավունքի համար մրցակցում են Լիբերիան, Նիգերիան և Կանաչ հրվանդանի կղզիները։ Իսկ ադամանդով հարուստ Սիեռա Լեոնեում Չինաստանը որոշել է ավելի քան 8 մլրդ դոլար ծախսել էլեկտրակայանների, նավահանգստի և օդանավակայանի, հանքերի ու 250-կիլոմետրանոց երկաթուղու շինարարության վրա (ի դեպ, դառնալով հոդվածի սկզբին, ասեմ, որ արևմտաաֆրիկյան հենց այս երկրներում է Էբոլան» մոլեգնում)։ Պատերազմի հետևանքով ավերված Անգոլայում ու Մոզամբիկում ևս չինական ընկերությունները ճանապարհներ են կառուցում, ականազերծում են դաշտերը, արդիականացնում են նավահանգիստները և վերականգնում երկաթուղիները։ Եթովպիայի ու Քենիայի մայրաքաղաքներում չինական ներդրումների շնորհիվ բազմաթիվ շինարարական նախագծեր են իրականացվել։ Չինաստանն ու Կոնգոն համաձայնագիր են ստորագրել 6 մլրդ դոլար արժողությամբ ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծման վերաբերյալ, ըստ որի՝ Կոնգոյում չին մասնագետների ղեկավարությամբ կկառուցվեն 4 հազար կմ ավտոճանապարհ, 3 հազար կմ երկաթուղի, 32 հիվանդանոց, 145 պոլիկլինիկա, 2 համալսարան։ Երեք մլրդ դոլար էլ կներդրվի արդյունաբերության մեջ։ Հասկանալի է, որ այս ամենը «հենց այննպես չէ». Չինաստանն, օրինակ, Կոնգոյի հետ գործարքից կարող է տարեկան ստանալ մինչև 10 մլն տոննա պղինձ և առնվազն 400 հազ. տոննա կոբալտ, ինչը հնարավորություն կտա մոտ 10 տարում լիովին հանելու իր ծախսերը։ Իսկ ընդհանուր առմամբ, Աֆրիկայի հետ առևտրի ծավալներով Չինաստանն արդեն աշխարհում երկրորդ տեղում է Եվրոպայից հետո։ Ընդ որում, չին-աֆրիկյան առևտրի ծավալը վերջին տարիներին ավելացել է տարեկան 30 %-ով և, կանխատեսումների համաձայն, 2015 թ. կարող է հասնել 300 մլրդ դոլարի։ Շատ երկրներ բավականին ձեռնտու պայմաններով խոշոր վարկեր են ստացել, ոմանց ՉԺՀ-ն անտոկոս վարկ է տրամադրել։ Չինաստանն արդեն Աֆրիկայում իրականացրել է մոտ 1000 տարբեր նախագծեր, և այդ համագործակցությանը մասնակցել են մոտ 800 չինական ընկերություններ։ ՈՒ էլի մեկ հետաքրքրական փաստ. դեռ 2000-2003 թթ. Չինաստանը «դուրս է գրել» աֆրիկյան 30 երկրների ավելի քան 1,5 մլրդ դոլար պարտքերը, ու միաժամանակ պատրաստակամություն է հայտնել մայր ցամաքի երկրների զարգացման կարիքների համար բազմամիլիարդ օգնություն տրամադրելու։ Այդ օգնությունը տարեկան միջին հաշվով 2 մլրդ դոլարի է հասնում։ Այնպես որ, ամենևին էլ զարմանալի չէ, որ հենց ՉԺՀ-ն է հիմա դարձել Աֆրիկայի գլխավոր դոնորը։
Հասկանալի է, որ չինական ընկերությունների հետաքրքրությունների կիզակետում նավթն ու հանքային հանածոներն են, և փոխառությունների ու ներդրումների ամենախոշոր ստացողներն էլ պաշարներով հարուստ երկրներ են։ Ընդ որում, գործում է «հումք՝ ենթակառուցվածքի դիմաց» սկզբունքը։ Ի դեպ, Չինաստանը ենթակառուցվածքային նախագծեր է իրականացնում նաև հարուստ պաշարներ չունեցող երկրներում։ Այսպես, Չինաստանը գերակա ուղղություն է համարում գյուղատնտեսության զարգացման գործում ցուցաբերվող օգնությունը։ Այդ բնագավառի 10 հազ. չինացի մասնագետներ ավելի քան 40 երկրների օգնություն են ցուցաբերել 200 նախագծերի իրականացման գործում։ Բացի այդ, Չինաստանը վերջին 10 տարում սկսել է ընդլայնել հողամասերի վարձակալությունն Աֆրիկայում, և մայր ցամաքի աղքատ երկրներին շատ ավելի շահավետ և արդարացի պայմաններ է առաջարկում, քան ուրիշները։ Աֆրիկայում ժողովրդականություն է վայելում չինական օգնությունն առողջապահության ոլորտում։ Վերջին տարիներին միջոցներն ավելի ու ավելի հաճախ են ուղղվում բարձր տեխնոլոգիաների ոլորտ։ Այսպես, չինական ընկերությունները բջջային կապ են ապահովում Քենիայում, Զիմբաբվեում, Նիգերիայում, հսկայական ֆինանսներ են ներդնում հեռուստատեսային և հեռախոսային կապի արդիականացման ասպարեզում։
Պեկինը հաջողության շատ կարևոր բաղկացուցիչ է համարում բնակչության համակրանքի և կողմնորոշման հարցերը։ Համապատասխանաբար, Չինաստանն օգնում է պատրաստելու ամենատարբեր ճյուղերի մասնագետներ, ստեղծում է ուսումնական կենտրոններ, ֆինանսավորում է համալսարանները։ Այսպես, 2009 թ. Եթովպիայում բացվեց մի արհեստագործական տեխնիկական քոլեջ՝ չինական մասնակցությամբ կառուցված խոշորագույն ուսումնական հաստատություն, իսկ «Huawei Technologies» ընկերությունն ուսումնական կենտրոններ բացեց Քենիայում, Նիգերիայում և ՀԱՀ-ում։ Իսկ վերջերս չինացիները ձեռնամուխ եղան «Հույս» նախագծի իրականացմանը, ըստ որի կստեղծվի 1000 տարրական դպրոց։ Կրթության խնդիրները դրված են Աֆրիկայում մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի վրա. 2015 թ. ՉԺՀ-ի կառավարությունը լրացուցիչ 2 մլրդ դոլար կտրամադրի հիմնադրամին և վստահեցնում է, որ հետագայում այդ գումարը կհասցվի հինգ միլիարդի։ «Խելքի համար պայքարում» կարևոր միջոցներ են «Կոնֆուցիոսի ինստիտուտները», որտեղ դասավանդվում են պատմություն, Չինաստանի մշակույթ և չինարեն։ Աֆրիկյան 21 երկրում արդեն այդպիսի 30 ինստիտուտ է գործում։ Բացի այդ, աճում է Չինաստանում սովորող աֆրիկացի ուսանողների թիվը. ՉԺՀ-ի կառավարությունը վերջին տարիներին աֆրիկացիների համար հիմնել է մի քանի տասնյակ հազար կրթաթոշակ։ Այսինքն, ամենևին դժվար չէ այս ամենից եզրակացնել, որ դեպի Չինաստան կողմնորոշված վերնախավերի ձևավորումը Պեկինի երկարաժամկետ և կարևոր նպատակն է։
Հարկ է նկատել, որ, ի տարբերություն արևմտյան երկրների, Չինաստանն Աֆրիկայի երկրներին, ինչպես և, ամենուր, պահանջներ չի առաջադրում՝ կապված ժողովրդավարության հետ, որոնք այս աշխարհամասի համար, հավանաբար, դեռ վաղ են և անիրականանալի։ Այսպես, ակտիվորեն գործակցում է Սուդանի վարչակազմի հետ, ու պատահական չէ, որ հենց Չինաստանն է ստանում այսօր Սուդանից արտահանվող գրեթե ամբողջ նավթը (երկրի նավթի պաշարները գնահատվում են գրեթե 2 մլրդ տակառ)։ Չինաստանի տրամադրած վարկերով կառուցվում են ոչ միայն նավթամուղներ, այլև հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ։ Չինաստանը համագործակցում է Գվինեայի վարչակազմի հետ, որն Արևմուտքում հորջորջվում է «հանցավոր զինվորական խունտա»։ Բայց Գվինեան բոքսիտներով, երկաթահանքով, ալմաստով, ուրանով հարուստ երկիր է, հայտնագործվել են հեռանկարային նավթահանքեր։ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել գվինեական տնտեսության մեջ ներդնելու 4-7 մլրդ դոլար։ Քաջ հայտնի է, թե Արևմուտքի երկրներում ինչ գնահատական են տալիս Զիմբաբվեում կառավարող Մուգաբեի վարչախմբին, սակայն Չինաստանը նախագահ Մուգաբեին աջակցություն է ցուցաբերել ոչ միայն տնտեսական և տեխնիկական, այլև քաղաքական և ռազմական բնագավառներում։ Հենց Չինաստանը խոչընդոտեց ՄԱԿ-ում Զիմբաբվեի վարչախմբի դեմ ուղղված բանաձևի ընդունմանը։ Այսպիսով, արտաքին քաղաքականության «մեղմ ուժի» հիմնական բաղադրիչը՝ չմիջամտելու սկզբունքը, Պեկինի առջև բացում է անգամ այն երկրների դռները, որոնք Արևմուտքի անունը լսել չեն ուզում։
ՈՒ ևս մեկ հանգամանք, որ փորձագետներն առանձնապես ընդգծում են վերջին ժամանակներս. Աֆրիկայի հանդեպ Չինաստանի ուշադրությունը բացատրվում է նաև համաշխարհային ասպարեզում այդ տարածաշրջանի աճող քաղաքական կշռով։ Նրանց կարծիքով, Աֆրիկայի հետ Չինաստանի հարաբերությունները նոր աշխարհակարգ ստեղծելու Պեկինի ռազմավարության մի մասն են։ Չինաստանը միջազգային կազմակերպություններում աջակցության կարիք ունի, իսկ համաշխարհային ասպարեզում Պեկինի դիրքորոշումը, որը շատ բաներով համընկնում է աֆրիկյան երկրների դիրքորոշումներին, իր հերթին այդ երկրներին դրդում է ի դեմս նրա դաշնակից տեսնելու։ Հենց սրանով է բացատրվում նաև չինական քաղաքականության մեջ տեղ գտած մի նոր երևույթ` ՉԺՀ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին։ Գործի է դրվել մոտ 2000 չինական զինծառայող՝ 36 %-ը Սուդանի ու Հարավային Սուդանի շրջաններում։ Ըստ երևույթին, խաղաղարարությանը ցուցաբերվող նման մասնակցությունը կոչված է աֆրիկյան պետություններին համոզելու, որ Չինաստանն ընկալվի իբրև մեծ, բայց խաղաղասեր տերություն, որն ուզում է պաշտպանել նրանց շահերը։ Այդ նույն նպատակով Պեկինում կանոնավորապես անցկացվում են «Չինաստան-Աֆրիկա» համաժողովներ, ինչպես նաև պետությունների ղեկավարների գագաթնաժողովներ (երեք տարին մեկ, հերթով՝ Չինաստանում և Աֆրիկայի երկրներում)։ «Սև Աֆրիկայում», ընդ որում բազմիցս, եղել են Չինաստանի բոլոր ղեկավարները։ Այսպես, ՉԺՀ-ի նախկին ղեկավար Հու Ցզինտաոն վեց անգամ է այցելել, ներկայիս առաջնորդ Սի Ցզինպինն ընտրվելուց անմիջապես հետո եղավ ՀԱՀ-ում և Արևմտյան Աֆրիկայում՝ 20 մլրդ դոլարի փոխառության առաջարկով։ ՈՒ էլի մեկ հետաքրքրական մանրամասն. Պեկինում արդեն ավանդույթ է դարձել նոր տարին սկսել Աֆրիկա ՉԺՀ-ի արտգործնախարարի այցով։
Սակայն հանուն ճշմարտության պետք է նկատել, որ չինական քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ձեռնտու է աֆրիկացիներին։ Այսպես, ոմանց մեջ երկյուղներ է առաջացնում այն համառությունը, որով Չինաստանը գործում է Աֆրիկայում։ Որպես սպառնալիք է ընկալվում նաև չինական ապրանքների հեղեղը։ Աֆրիկացիները դժգոհ են նաև այն բանից, որ մասնագետների մեծ մասը բերվում է Չինաստանից, որ այդ բանը բանվորների շրջանում չի հայտարարվում, սակայն այդ մասին հաղորդում են համացանցի կայքերը, կան կալանավորներ (չինացիները, երևի, որոշել են գործել համաշխարհային վաղեմի փորձով և հողերը յուրացնել «զեկերի» միջոցով), այստեղ քիչ չեն նաև անօրինական ներգաղթյալները։ Վիճակը վատթարանում է նրանով, որ չինացիները ձգտում են ապրել մեկուսի, չշփվելով տեղացիների հետ, բայց, միաժամանակ, հաշվի առնելով «հարսնացուների պակասը» իրենց հայրենիքում, չինացիներն ամուսնանում են տեղացիների հետ, երեխաներ ունենում (այդ խառնածինները, որոնց հիմա կարելի է տեսնել նաև Շանհայում, վկայում եմ, պարզապես չքնաղ են)։ Չինաստանի վարկանիշին վնաս է պատճառում նաև այն, որ վերջերս մայր ցամաք եկած չինացի փողոցային առևտրականները գրավում են տեղացիների տեղերը, իսկ որոշ վայրերում անգամ լիովին դուրս են մղել նրանց։
Սակայն, այնուամենայնիվ, չինական քաղաքականության մեջ դրականն ավելի շատ է, քան բացասականը, և այս բանը աֆրիկացիների շրջանում շատերն են հասկանում։ Այնպես որ, զարգացման չինական մոդելները, ինչպես անվանում են Աֆրիկայում՝ «Դեղին գետի» մոդելները, հիմա այստեղ ապահովում են համագործակցության այնպիսի ձևեր ու ծավալներ, ինչ մինչ օրս ուրիշներն ընդունակ չեն եղել անելու։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից