38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ամեն օրը թանկ է

Ամեն օրը թանկ է
17.10.2014 | 01:25

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 10-12-ը ԱՄՆ-ում էր: Աշխատանքային այցով՝ մասնակցելու Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին: Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ-ի հայկական համագումարի, Ամերիկայի ազգային կոմիտեի ներկայացուցիչներին, ՀԲ-ի հոլանդական խմբի տնօրենին, Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին, ԱՄՀ-ի տնօրենին, ՀԲ գործադիր կառավարչին, ՀԲ փոխնախագահին, մասնակցել է Հայաստանի դեսպանատանը ՀՀ անկախության տարեդարձի ընդունելությանը: Աշխատանքային 2-3 օրվա համար՝ գերհագեցած օրակարգ: Պատվիրակության անդամ Կարեն Ճշմարիտյանը վերադառնալուց հետո ասել է, որ ՀԲ-ի հետ ծրագրված է 2014-2017 թթ. իրականացնել 711 միլիոն դոլարի վարկային փաթեթ: Կառավարության կայքի տեղեկատվության համաձայն՝ վարչապետը բոլոր հանդիպումներում ներկայացրել է Հայաստանի խնդիրներն ու գոհունակություն հայտնել նշված կազմակերպությունների հետ համագործակցելուց, պատրաստակամություն՝ խորացնել հարաբերությունները և զարգացնել բոլոր ոլորտներում: Ի պատասխան՝ լսել է նույնի հավաստիքները, ճիշտ է՝ հավաստիքների ֆինանսական արժեքը ճշտված չէ: Փաստորեն՝ ՀՀ վարչապետը հաջողված այց է կատարել և լուծել է իր առջև դրված խնդիրները: Հասցրել է հայրենասիրական ելույթ էլ ունենալ դեսպանատանը: «Հայոց անկախ պետականության ամեն օրը թանկ է մեզ համար: Ամեն մի օրը աշխատանքի և արարման օր է, մեր երկիրը մի քայլ էլ առաջ տանելու, մի խնդիր էլ լուծելու, մի հոգս էլ դարմանելու օր է: Ամեն օրը համակողմանի զարգացման տանող մի նախաձեռնություն սկսելու կամ պետական կառույցն ամրացնող մի քար էլ դնելու օր է»,- ասել է նա: Ամեն ինչ հրաշալի է: Այդպես էլ կա, բայց վարչապետն այդ օրերին հաշվի չի առել, որ Հայաստանն իր բացակայությամբ անդամակցել է ԵԱՏՄ-ին: Հովիկ Աբրահամյանը փաստացի ներկայացրել է մի երկիր, որն այլևս չկա, ուրեմն՝ որքանո՞վ են իրական նրա ձեռք բերած պայմանավորվածությունները: Իրավականորեն չե՞ն հակասում ԵԱՏՄ օրենսդրությանը, քաղաքականորեն հնարավո՞ր են այլևս: Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ-ում կորցրել է ոչ միայն ժամանակի զգացողությունը, այլև՝ իրականությա՞ն: Իսկ բոլոր նրա՞նք, ում հետ հանդիպել է: Լո՞ւրջ են ընդունել նրա հավաստիացումները, թե՞ հենց իրենց շահերից է բխել «չկորցնել» Հայաստանը, վերջնականապես չհանձնել Ռուսաստանին՝ ինչ-որ ֆինանսական հատկացումով, որը, իհարկե, փրկօղակ է Հովիկ Աբրահամյանի ու նրա կառավարության համար: Քանի՞ մարդ է նրան հավատացել, երբ հանդիսավոր ասել է. «Հայաստանի անկախությունը մեզ հնարավորություն է տվել ինքներս ընտրել մեր ապագան»: Իսկ հետո հավելել. «ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հենարան դառնա ներդրողներին ու ձեռներեցներին, զարգանալու նոր հնարավորություններ ընձեռի խոշոր ձեռնարկություններին և պետության ամուր թևի տակ առնի միջին ու փոքր բիզնեսին»:
Կներե՞ն Հովիկ Աբրահամյանի հանկարծահաս «արևմտականությունը» նրա ռուս «գործընկերները», թե՞ սա մասն է մեծ ծրագրի, որով ԵԱՏՄ-ն Հայաստանը չի դիտում միայն իր ՄԱԿ-ում ընդունված սահմաններով, այլ՝ ողջ սփյուռքով, որը սահմաններ չունի, և հայկական հենց այդ ռեսուրսն է կարևորում միջազգային պատժամիջոցների այս բարդ ընթացքում: Թե չէ, 2-3 օրում այսքան հանդիպում ու ոչ մի բառ հայ-ռուսական փառավոր բարեկամությունի՞ց…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՀՀ վարչապետի աշխատանքային այցը ԱՄՆ համոզեց, որ աշխարհի քաղաքական քարտեզին կա երկիր, որը քաղաքական պատկանելություն չունի: Այլապես՝ ՀՀ վարչապետը այդ երկրում 2-3 օր լինելով՝ կհանդիպեր գոնե մեկ պաշտոնյայի: Չասենք Բարաք Օբամայի հետ (նա հանդիպում է միայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին), Վաշինգտոնի բացարձակ անտարբերությունը վերաբերմունք է ՀՀ-ի՞, թե՞ ՀՀ վարչապետի նկատմամբ: Թե՞ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է վատ աշխատում: Թեպետ՝ Հովիկ Աբրահամյանի մյուս հանդիպումներն էլ առաջին դեմքերի հետ չեն, միակ «դեմք» փրկողը ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդն է: Լա՞վ չեն գործերը: Թե՞ երկիրը երկիր չի:

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ