38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ոսկին տարվելու է դուրս` մեր ժողովրդին թողնելով պոչամբարներում կուտակված մահաբեր թույնը

Ոսկին տարվելու է դուրս` մեր ժողովրդին թողնելով  պոչամբարներում կուտակված մահաբեր թույնը
14.10.2014 | 11:12

Ամուլսարի հանքավայրը գտնվում է նույնանուն սարի գագաթային մասում, Կաքավասար կոչվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերին հորիզոններում։ Ամուլսարը բաժանում է Վայոց ձորի մարզը (Վայքի շրջանը) Սյունիքի մարզից (Սիսիանի շրջանից)։
Ամուլսարի հանքավայրը հետախուզվել է 2004 թվականից, պաշարները հաստատվել են մի քանի անգամ։ Առաջին անգամ 2006 թ. հաստատվել են միայն ոսկու պաշարները, որոնք կազմել են 20014,9 կգ (հաշվեկշռային և արտահաշվեկշռային)։ Արծաթի և այլ օգտակար տարրերի պաշարներ չեն հաստատվել։
Վերջին անգամ այս հանքավայրի պաշարները հաստատվել են 2013 թ. դեկտեմբերին։ «Դելովոյ Էքսպրես» շաբաթաթերթում (19.09.2014 թ.) տպագրված «Полмиллиарда инвестиций в добычу золота» հոդվածում հանքավայրի գլխավոր տնօրեն, միևնույն ժամանակ այդ հանքավայրի հետազոտող-երկրաբան Հայկ Ալոյանն ասել է՝ «Հանքավայրի հաստատված պաշարները ոսկու գծով կազմում են 2,5 միլիոն ունցիա, իսկ կորզվող ոսկունը՝ 2,1 մլն ունցիա»։ Գիտենալով, որ այս հանքավայրը հետախուզվել է Բրիտանիայի «Lidian International» միավորման կողմից, մենք մտածում ենք, որ պաշարներն էլ գնահատվել են անգլիական ունցիայով, որը կազմում է 28,3495236 գ։ Վերահաշվարկները պարզել են, որ ՀՀ պաշարների գործակալության կողմից հաստատված ոսկու պաշարները կազմում են 70873,8 կգ, իսկ կորզվող ոսկու քանակը 59534 կգ։
Արծաթի պարունակությունը (ըստ Հ. Ալոյանի) կազմում է 3,5 գ/տ, հետևապես արծաթի հաստատված պաշարների քանակն էլ կազմում է 428,4 տ (կկորզվի՞ արծաթը, թե՞ ոչ, դեռևս հայտնի չէ)։
Հ. Ալոյանի հայտարարության համաձայն, ոսկի պարունակող հանքաքարերի պաշարները կազմում են 122,4 մլն տ, իսկ ոսկու միջին պարունակությունը՝ 0,77 գ/տ։ Այս տվյալներով հաշվարկելիս ոսկու պաշարների քանակը ստացվում է 94248 կգ, այլ ոչ թե 70783,8 կգ։ Պարոն Ալոյանը, հավանաբար, սխալվել է ոսկու միջին պարունակությունը գնահատելիս և 0,5783 գ/տ փոխարեն ասել է 0,77 գ/տ։
Ինչևիցե, Ամուլսարի հանքավայրը պատրաստ է շահագործման և, Հ. Ալոյանի հայտարարության համաձայն, հանքավայրը շահագործվելու է բացհանքի եղանակով, և դրա ընդերքից տարեկան արդյունահանվելու ու մշակվելու է 10 մլն տ հանքաքար (ինչո՞ւ այդքան շատ, ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը թույլատրում, որ մեր ժողովրդին պատկանող հարստությունն այսպես՝ նախադեպը չունեցող չափերով թալանվի)։ Ասենք նաև այն, որ ազնիվ մետաղները հանքաքարերից կորզվելու են կուտակային տարրալուծման եղանակով, ասել է` հանքավայրից արդյունահանված հանքաքարերը փշրման ու մանրացման ենթարկելուց հետո կուտակվելու են Վայքի շրջանի Գնդեվազ գյուղին պատկանող հողատարածքում, կալիումի կամ նատրիումի ցիանիդ կոչվող՝ ուժեղ թունավոր նյութերի օգնությամբ տարրալուծվելու են ազնիվ մետաղները և դուրս են բերվելու հանքաքարերից։ Տարեկան մշակվող 10 մլն տ հանքաքարերում առկա 5790 կգ ոսկուց կորզվելու է 4863,6 կգ, որը կազմում է 10 մլն տ հանքաքարերի 0,000049 տոկոսը (10 մլն տ հանքաքարերից ոսկու կորզումից հետո մնացած մասը՝ 9999995,136 կգ թափվելու է Գնդեվազ գյուղին պատկանող հողատարածք՝ Ամուլսարի արևմտյան լանջի վրա)։ Այդպես կատարվելու է անընդհատ 10 տարի։
Այժմ նշենք, թե նշված քանակի հանքաքարերի հետ էլ ինչ տարրեր և ինչ քանակներով են թափվելու Ամուլսարի արևմտյան լանջերին։
Ամուլսարի հանքային մարմնին չպատկանող (հավանաբար մակաբացման ապարներին պատկանող տարածքից) վերցված 40՝ հանքային մարմնին ոչ բնութագրական, նմուշների անալիզներով պարզվել է, որ ազնիվ մետաղներից բացի, հանքաքարերում առկա են նաև 26 ծանր մետաղներ և թունահարույց հատկություններ ունեցող տարրեր։ Դրանք են ալյումինիումը, մկնդեղը, բերիլիումը, բիսմութը, կադմիումը, կոբալտը, քրոմը, պղինձը, երկաթը, գալիումը, մոլիբդենը, նիկելը, կապարը, ծարիրը, սկանդիումը, ստրոնցիումը, թորիումը, տիտանը, թալիումը, ուրանը, վանադիումը, վոլֆրամը, ցինկը, սնդիկը, սելենը, տելուրը և այլն։
Նշված 40 ոչբնութագրական նմուշների տարածքում առկա ոսկու միջին պարունակությունը՝ 0,0048 գ/տ, հաշվեկշռային պաշարներում ունեցած 0,5783 գ/տ պարունակությունից ցածր է ավելի քան 120 անգամ, հետևապես մենք իրավունք ունենք մտածելու, որ նշված տարրերի պարունակություններն էլ նույնքան անգամ ցածր են դրանց իրական պարունակություններից։ Բայց, եթե անգամ մտածենք, որ այդ պարունակությունները ճիշտ են կամ մոտ են իրականությանը, ապա դրանց մոտավոր քանակները՝ հաշվարկված մեր կողմից, կարող են կազմել. թալիումինը՝ 612 տ, մկնդեղինը՝ 2708,7 տ, բերիլիումինը՝ 162,8 տ, բիսմութինը՝ 235,6 տ, կադմիումինը՝ 178,7 տ, կոբալտինը՝ 2200,7 տ, քրոմինը՝ 1358,6 տ, պղնձինը՝ 12379,5 տ, երկաթինը՝ 7350120 տ, գալիումինը՝ 1391,7 տ, նիկելինը՝ 1567,9 տ, կապարինը՝ 3678,1 տ, ծարիրինը՝ 1960,8 տ, սկանդիումինը՝ 1687,9 տ, ստրոնցիումինը՝ 55529,2 տ, տիտանինը՝ 437580 տ, ուրանինը՝ 918 տ, վանադիումինը՝ 19565,6 տ, ցինկինը՝ 66830,4 տ, սնդիկինը՝ 329 տ, վոլֆրամինը՝ 673 տ, որոնց ընդհանուր քանակը կազմում է 7961664,8 տ (ոսկու չկորզվող մասի՝ 16 %-ի՝ 11340 կգ և այստեղ չթվարկված տարրերի հետ այդ ընդհանուր քանակը կարող է գերազանցել 8 մլն տ)։ Եվ այս բոլորը 122,3999 մլն տ փշրված ու մանրացված ապարներում թափվելու է Ամուլսարի լանջերին։ Ամուլսարի լանջերին են թափվելու նաև 342,72 մլն տ մակաբացման ապարները՝ փշրված տեսքով, որոնց մեջ էլ կարող է լինել վերը նշված ծանր մետաղների և թունահարույց տարրերի ավելի քան 20 մլն տ քանակություն։
Որտե՞ղ են թափվելու այս բոլորը (ստույգ տեղը), հայտնի կդառնա հանքավայրի շահագործման նախագիծը ստանալուց հետո, որը, Հ. Ալոյանի հայտարարությամբ, կլինի հոկտեմբերի վերջին։
Ամուլսարի ոսկու հանքավայրից՝ գագաթային մասից, ընդամենը 5 կմ հեռավորության վրա է գտնվում նույնանուն ուրանի հանքաերևակումը, որը միևնույն ժամանակ հանդիսանում է ոսկու տեղամասի հյուսիսարևմտյան շարունակությունը։ ՈՒրանի հանքայնացման չափերը՝ տարածման և անկման ուղղությամբ, որոշված չեն, և չի բացառվում, որ ոսկու տեղամասի շահագործման ժամանակ հյուսիսարևմտյան մասում շփվեն ուրանի հանքայնացման հետ։ Այդ մասին են վկայում՝
1.ուրանի հանքայնացման առկայությունը ոսկու հանքայնացման տարածքում,
2.ռադոն գազի առկայությունը Գնդեվազ գյուղի տարածքում։
Կատարված նկարագրությունների արդյունքով առաջանում է մի շատ բնական հարց՝ շահագործե՞լ Ամուլսարի հանքավայրը, թե՞ ոչ։ Եվ երկրորդ հարցը՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ հանքավայրի շահագործումը շրջակա միջավայրի վրա։
Ամուլսարի հանքավայրի հակիրճ նկարագրությունից տեսանելի է, որ չնայած պաշարների մեջ հաստատված են միայն ու միայն ազնիվ մետաղները՝ ոսկին և արծաթը (2006 թ. հաստատված պաշարների մեջ տեղ չէր գտել նույնիսկ արծաթը), այնուամենայնիվ այդ հանքավայրի հանքաքարերում, ազնիվ մետաղներից բացի, հայտնաբերված են ևս 26 այլ հարակից տարրեր՝ ծանր մետաղներ (բիսմութ, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, գալիում, մոլիբդեն, նիկել, կապար, ծարիր, սկանդիում, ստրոնցիում, տիտան, ուրան, վանադիում, վոլֆրամ, ցինկ) և թունահարույց տարրեր (մկնդեղ, բերիլիում, թալիում, սելեն, տելուր, սնդիկ, կադմիում), որոնք բոլորն էլ խիստ վտանգավոր են մարդու օրգանիզմի համար։ Դրանք՝ մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ քանակից ավելի, մարդու օրգանիզմ թափանցելու պարագայում, կարող են առաջացնել մուտացիաներ, թունավորումներ, սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ, որոնք էլ ոչ հազվադեպ կարող են բերել մահացության։
Այժմ նկարագրենք, թե դրանք ինչ ճանապարհով կարող են թափանցել մարդու օրգանիզմ։
Ինչպես արդեն գրվել է, Ամուլսարի հանքավայրը շահագործվելու է հսկայածավալ բացհանքի եղանակով, որտեղ (սարի գագաթային մասում) կատարվելու են զանգվածային պայթեցումներ՝ ինչպես մակաբացման ապարները հեռացնելու, այնպես էլ հանքաքարերն արդյունահանելու և տեղափոխելու նպատակով։ Այդպիսի պայթեցումների հետևանքով մթնոլորտ են շպրտվելու ներփակող ապարների և հանքաքարերի նրբահատիկ փոշիներ, որոնց մեջ էլ լինելու են վերը թվարկված տարրերի հանքանյութերի փոշիները։ Բացհանքի տարածքում աշխատելու են մի քանի տասնյակի հասնող ծանրաքարշ ավտոմեքենաներ ¥օրական դրանցից յուրաքանչյուրը 4-5 չվերթ է կատարելու¤ և ապար բարձող մեխանիզմներ, որոնց շարժման հետ կապված դարձյալ մթնոլորտ են բարձրանալու ապարների և հանքանյութերի նրբահատիկ փոշիները։ Վերջիններս՝ կապված օդի հոսանքների ուղղության հետ (որոնք չեն կարգավորվելու հանքշահագործող ձեռնարկության ղեկավարության կողմից), կարող են շարժվել ինչպես դեպի Ջերմուկ քաղաք, այնպես էլ դեպի արևելք՝ Սիսիանի շրջանի գյուղերն ու քաղաքները։ Նստելով կերաբույսերի վրա, թափանցելով բնակարաններ ու նստելով սննդամթերքների ու ջրի վրա, ինչպես նաև շնչուղիներով անցնող օդի հետ ի վերջո թափանցում են մարդկանց օրգանիզմ։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ Ամուլսարի գագաթային մասում քամիները մշտապես անպակաս են։ Ջերմուկ քաղաքի բնակչությանը սպառնացող վտանգները կապված են այդ ծանր մետաղների ու թունահարույց տարրերի նրբահատիկ փոշիների հետ, որոնք օդի հոսանքների օգնությամբ հասնելու են Ջերմուկ քաղաք։
Ամուլսարի հանքավայրի շահագործման պատճառով որոշակի վտանգ է սպառնում նաև Սևանա լճին։ Նշված ծանր մետաղների ու թունահարույց տարրերի նրբահատիկ փոշիները, նստելով Արփա գետի Կեչուտի ջրամբարի՝ դեպի Սևանա լիճ հոսող ջրերի վրա, Կեչուտի թունելով կարող են հասնել մինչև Սևանա լիճ։ Ի՞նչ կլինի Սևանի հետ, այժմ դժվար է գնահատել, բայց որ դրանից լավ բան չի սպասվում, հասկանալի է ամենքին։
Ազնիվ մետաղների կորզումը հանքաքարերից կատարվելու է կուտակային տարրալուծման եղանակով, որն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունները։ Գնդեվազ գյուղին պատկանող հողատարածքներում կատարվելու են հանքաքարերի փշրման ու մանրացման աշխատանքներ, փշրված ու մանրացված ապարները կուտակվելու են Ամուլսարի արևմտյան մասի թեք լանջերի ինչ-որ տեղամասում, և դրանց վրա են լցվելու կալիումի կամ նատրիումի ցիանիդներ, որոնք էլ տարրալուծելով ազնիվ մետաղները, դուրս են բերելու դրանք և հավաքվելու են ցիանիդների ազդեցության նկատմամբ չեզոք տարաների մեջ։ Այդ լուծույթներից ազնիվ մետաղները կորզվում են ցինկով տեղակալելու օգնությամբ։ Այդ գործողությունների պատճառով Գնդեվազ գյուղին պատկանող հողատարածքները վարակված են լինելու ծանր մետաղների, թունահարույց տարրերի և ցիանիդների մնացորդներով։ Հենց դա է պատճառը, ինչպես նաև աշխատատեղեր ունենալու համար, որ հանքշահագործող ձեռնարկությունը բարձր գներով գնել և գնում է Գնդեվազի բնակչությանը պատկանող հողատարածքները՝ այգիները, բանջարանոցները, խոտհարքներն ու արոտավայրերը, իսկ այդ ամենի հետևանքով Գնդեվազ գյուղի բնակչությունը չի ունենալու գյուղատնտեսությամբ զբաղվելու որևէ տարածք։ Հողագործությունը բացառվում է, անասնապահությունը բացառվում է, բանվորական աշխատատեղեր կլինեն մի քանի տասնյակ տղամարդկանց համար և վերջ։ Գնդեվազ գյուղը ստիպված է տեղահանվել (այդ գյուղում մնացող բնակչության, հատկապես կանանց և երեխաների, կյանքը վտանգի տակ է լինելու կորզաթափոնների և մակաբացման ապարների մեջ առկա թունավոր տարրերի և ծանր մետաղների ազդեցության պատճառով, ինչպես նաև օդի հոսանքներով՝ Ամուլսարի գագաթին գործող բացհանքի տարածքից Գնդեվազ հասնող ծանր մետաղների և թունահարույց տարրերի փոշիների ազդեցությամբ)։ Քիչ վտանգավոր չեն լինելու ցիանիդների մնացորդները, որոնք կարող են տարածվել շրջակայք և թունավորել միջավայրը։ Եթե Գնդեվազ գյուղի բնակչության տեղահանությունը կատարվելու է արագ՝ մի քանի տարվա ընթացքում, ապա Ջերմուկ քաղաքի բնակչությունը նույն արագությամբ չի տեղահանվի։ Այդ բնակչությունը՝ ենթարկվելով ծանր մետաղների և թունահարույց տարրերի մահաբեր վտանգին, զգալով այդ վտանգը սեփական օրգանիզմի վրա, կարող է տեղահանվել դանդաղ՝ մաս-մաս և տարիների ընթացքում։
Ոչ պակաս վտանգների են ենթարկվելու Արփա գետի հոսանքով Գնդեվազ գյուղից ցած գտնվող գյուղերի ու բնակավայրերի բնակիչները, որոնք, ենթարկվելով մի քանի միլիոն տոննա կորզաթափոնների և մակաբացման ապարների մեջ առկա ծանր մետաղների և թունահարույց տարրերի մահաբեր վտանգի ազդեցությանը, տեղահանության կարող են ենթարկվել շատ ավելի դանդաղ։
Կորզաթափոնները (ավելի քան 122 մլն տ քանակով) և մակաբացման ապարները (ավելի քան 342 մլն տ քանակով) Ամուլսարի արևմտյան լանջերին ու ձորակներում մնալու են հազարավոր տարիներ և իրենց մահաբեր վտանգի տակ են պահելու Վայոց ձորի մարզի բնակչությանը, ովքեր սնվում են Արփա գետով ջրվող միրգ ու բանջարեղենով (բնական տեղումները՝ տարրալուծելով կորզաթափոնների ու մակաբացման ապարների մեջ պարունակվող ծանր մետաղներն ու թունահարույց տարրերը, դրանք բերելու են Արփա գետի ջրեր և այդ ջրերից էլ անցնելու են կերաբույսերի մեջ ու մարդկանց օրգանիզմ։ Եվ թե ինչ կլինի այդ մարդկանց հետ, կհայտնաբերվի տարիներ անց)։
Ոչ մասնագետ մարդու համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում մի հանքավայրի ընդերքից տարեկան 10 մլն տ հանքաքարի արդյունահանումն ու մշակումը, և ի՞նչ հետևանք կարող է ունենալ դա շրջակա միջավայրի բնակչության և բուն հանքավայրի համար։ Բայց մասնագետին այդ ամենը պարզ ու հասկանալի է։ Մենք շրջակա բնակավայրերի բնակչությանը սպառնացող վտանգների մասին արդեն իսկ խոսել ենք։ Այժմ խոսենք հանքավայրի ճակատագրի մասին։ Ինձ համար զարմանալի ու խիստ զայրացուցիչ է այն, որ այդ, այսպես կոչված, Ամուլսարի հանքավայրը, ի վերջո շահագործվելու է և առավել զարմանալի ու զայրացուցիչ է այն, որ ՀՀ կառավարությունը թույլատրել է դրա ընդերքից տարեկան արդյունահանել 10 մլն տ հանքաքար, որի պարագայում հանքավայրը շահագործվելու է 10 տարվա ընթացքում (նման հանքավայրերը շահագործելու պարագայում պետք է շահագործվեն 200 և ավելի տարիներ)։ Ոսկին (գուցե նաև արծաթը) տարվելու է դուրս (Անգլիա) մեր ժողովրդին թողնելով պոչամբարներում կուտակված մահաբեր թույնը՝ ծանր մետաղներն ու թունահարույց տարրերը ուրանով հանդերձ։ Եվ այս հանգամանքն էլ վկայում է, որ մեր ժողովրդին պատկանող հարստությունը շահագործվելու է թալանչիական եղանակով, բարբարոսաբար, շատ արագ, թունավորելով շրջակա միջավայրը՝ Վայոց ձորի մարզի բնակչության մի պատկառելի մասին։
Ինչո՞ւ, որո՞նք են այդպիսի հապճեպ շահագործման համար թույլտվություն տալու պատճառն ու հիմնավորումը։ Սա ի՞նչ թշնամություն ու դավաճանություն է մեր ժողովրդի հանդեպ, ո՞վ է այս թշնամության հեղինակը, ի՞նչ հեռահար նպատակներ են հետապնդում այն անձինք, ովքեր ջուր են լցնում թուրքի ջրաղացին։
Ես այս հարցերին պատասխանել չեմ կարող։ Դրանց պատասխանները թողնում եմ ՀՀ կառավարությանը։


Հրաչյա ԱՎԱԳՅԱՆ
Երկրաբանահանքաբանական
գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 8377

Մեկնաբանություններ