Արևմտյան աշխարհը տարօրինակ ցնցումների մեջ է, բայց զարմանալիորեն այդ «ցնցախտը» պտտվում է հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան և անձի շուրջը։ Ոմանց հիվանդությունը, այսպես ասած, «բարորակ» է։ Եվ ահա Նյու Յորքում բացվում է Ռուսաստանի ղեկավարի պատկերը կրող տարբեր հագուստների մեծածախ և մանրածախ առևտուրը։ Նախաձեռնության հեղինակը ամերիկացի երիտասարդ դիզայներ և պացիֆիստ (խաղաղասեր) Ջուլիուս Կասինսկիսն է։
Երբ նման բան տեղի է ունենում Մոսկվայում կամ ռուսական մեկ այլ քաղաքում, ապա, կարծում եմ, դա ոչ ոքի չի զարմացնի։ Վ. Պուտինի վարկանիշը Ռուսաստանում հիմա 80 %-ից շատ ավելի է. նշենք, հենց շարքային քաղաքացիների շրջանում։ Աշխարհի ոչ մի պետության ղեկավար իր ժողովրդի վստահության այսքան բարձր վարկանիշ չունի։ Համեմատության համար. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վստահության մակարդակը ահա արդեն քանի ամիս 50 %-ի չի հասնում։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային պատրաստ է վստահելու ամերիկացիների մոտավորապես 40 %-ը, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից հիասթափված չէ իր երկրի բնակչության ընդամենը 13 %-ը, մնացածները «օձիք են թափ տալիս». վերջերս տեղի ունեցած բողոքի երթերն ընդդեմ համասեռ ամուսնությունների, սուռոգատ մայրության թույլտվության և այլն, միայն ընդգծում են, որ արևմտյան «ժողովրդավարության օրրաններից» մեկում ներքին գործերը շատ վատ են ընթանում։
Այդուամենայնիվ, դիզայներ և պացիֆիստ Ջ. Կասինսկիսի արարքը զարմանք է առաջացնում։ Թեև, մյուս կողմից էլ, դա (որպես բացառություն) միայն ապացուցում է, որ բուն Արևմուտքում էլ ինքնուրույն մտածողության տեր, «աշխարհի խաղաղության համար» կեղծ պայքարը այդ նույն «աշխարհի խաղաղության համար» իրական պայքարից հստակորեն տարբերող առանձին մարդիկ դեռ չեն վերացել։ Ասենք հա, բայց հենց ԱՄՆ-ո՞ւմ։ Մի երկրում, որտեղ սովոր են պարծենալ անգամ իրենց «զիբիլո՞վ»։ Բայց փաստը մնում է փաստ։ Խանութում ցուցադրվում է Վլադիմիր Պուտինի պատկերով «ֆուտբոլկաների» մի հավաքածու։ «Պուտինը խաղաղասեր է», «Մեզ միայն խաղաղություն է պետք»` ազդարարում են հագուստի գրառումները։ Միստր Կասինսկիսը դրանով իր աջակցությունն է ցույց տալիս ՌԴ նախագահի գործունեությանը, որին համարում է «արդիականության գլխավոր խաղաղարար»։ Հաստատվող այն լուրերի պայմաններում, թե Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն իրոք սպառնում է հետ կանչել Բարաք Օբամային շնորհած խաղաղության Նոբելյան մրցանակը, հենց միայն Կասինսկիսի այս արարքով վկայում է, որ պաշտոնական Վաշինգտոնը լուրջ պարտություն է կրում։ Եվ այն էլ սեփական տանը, իր ներքին քաղաքականության ասպարեզում։
Իսկ չէ՞ որ մինչ այդ այցելություններ են եղել, եղել է նաև Ռուսաստանի նախագահի ծառայությունների գնահատում կինոյի և էստրադայի արևմտյան այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիք են Սթիվեն Սիգալը, Միքքի Ռուրկը, Ջո Բոուին, էլ չենք խոսում Ժերար Դեպարդիեի մասին, որը Ֆրանսիայի անձնագիրը փոխեց ռուսականով։ Բացահայտորեն նրանց անունով են երդվում ժամանակակից Հայաստանի հազարավոր արևմտամետ քաղաքացիներ և ԱՊՀ երկրներում նրանց բյուրավոր համախոհներ։ Իսկ ի՞նչ տեսան Ռուսաստանում և ի դեմս Ռուսաստանի նախագահի Սիգալը, Ռուրկը, Դեպարդիեն, Բոուին, Կասինսկիսը։ Դե ինչպես պետք է ԱՄՆ-ի բացահայտ ցինիզմին վերաբերվեն ինքնուրույն մտածելու և հետևություն անելու կարողությունը չկորցրած մարդիկ, եթե այդ երկրի փոխնախագահ Ջո Բայդենը բաց տեսքով ասում է, որ Վաշինգտոնը Եվրամիության ձեռքերը ոլորեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Եթե ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը բացահայտ կոպտորեն հանդիմանում է Եվրոպային, ինչո՞ւ չէ, նաև ԱՄՆ-ի կիևցի խամաճիկներին։ Ոչ, իսկական Արևմուտքը հենց Սիգալն է, Դեպարդիեն, Ռուրկը, Բոուին, Կասինսկիսը, Մարի Լե Պենը, Միլոշ Զեմանը և այլք, ովքեր արդեն չեն քաշվում ԱՄՆ-ին ու նրա եվրոպացի խամաճիկներին բարձրաձայն մեղադրելուց աշխարհում նախապատերազմական իրավիճակ ստեղծելու մեջ։
Արևմտյան լրատվամիջոցները և ԱՊՀ երկրներում դրանց «սիրահարները», ընդ որում, հենց բուն Ռուսաստանում և Հայաստանում, համառորեն լռում են և չեն մեկնաբանում ԱՄՆ-ի համար ոչ հաճելի մի հանգամանք. սեպտեմբերին ամերիկյան «Հետախուզության վետերանները` հանուն ողջամտության» կազմակերպությունը բաց նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Ինչպես հայտնի է, նախկին հետախույզ չի լինում։ Եվ դա լիովին արդարացի է նաև ԱՄՆ-ի հետախույզների առնչությամբ։ Հետախույզները մի քիչ արտասովոր մարդիկ են, և եթե ամերիկյան հետախուզության տարբեր ծառայությունների պաշտոնաթող գործիչների մի ամբողջ խումբ բաց նամակով դիմում է անգամ ոչ իր նախագահին, այլ դաշնապետության ղեկավարին, ուրեմն նրանք, իրոք, ծայրաստիճան անհանգիստ են այն առնչությամբ, որ ՈՒկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Արևմուտքի տարածած մշտական կեղծիքը կարող է պատերազմի մեջ ներքաշել ոչ միայն Եվրոպան, այլև իրենց սեփական երկիրը։
Մի քանի բան, սակայն, մենք այնուամենայնիվ մեջբերենք, երկարաշունչ է, բայց հետաքրքիր, ահա. «Մենք` ներքոստորագրյալներս, երկար տարիներ ծառայել ենք ԱՄՆ-ի տարբեր հետախուզական ծառայություններում։ Այսպիսի բաց նամակ գրելը մեզ համար այնքան էլ սովորական բան չէ, սակայն մեզ համար կարևոր է, որ դուք մեր հայացքների մասին իրազեկված լինեք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, որը կայանալու է սեպտեմբերի 4-5-ին։ Դուք պետք է իմանաք, որ այն մեղադրանքները, թե Ռուսաստանը խոշոր ներխուժում է կատարել ՈՒկրաինա, հուսալի հետախուզական հաստատում չունի։ Ավելի շուտ, դա այն նույն կասկածելի տվյալների բնագավառից է, որոնք 12 տարի առաջ «հիմնավորեցին» ամերիկացիների ներխուժումը Իրաք։ Այն ժամանակ մենք հավաստի տեղեկություն չտեսանք Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին։ Այսօր մենք հավաստի տեղեկություն չենք տեսնում ռուսական ներխուժման մասին։ Կանցլեր Գերհարդ Շրյոդերը, հասկանալով իրաքյան զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) մասին տվյալների ամբողջ դատարկությունը, հրաժարվեց միանալ Իրաքի վրա հարձակմանը։ Մեր կարծիքով, Դուք պետք է նույնպիսի կասկածանքով վերաբերվեք ՈՒկրաինայի վրա Ռուսաստանի իբր հարձակման մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և ՆԱՏՕ-ի մեղադրանքներին»։
Նախագահ Բարաք Օբաման փորձեց փոքր-ինչ սառեցնել սեփական դիվանագետների ու առաջատար լրատվամիջոցների կրքերը։ Նա ՈՒկրաինայի վերջին իրադարձություններն անվանեց «շարունակությունն այն բանի, ինչ տեղի էր ունենում ամիսներ շարունակ. ոչ մի նոր բան իրականում»։ Օբաման, սակայն, միայն շատ պայմանականորեն է վերահսկում իր վարչակազմի քաղաքականության ձևավորման գործը։ Որքան էլ տխուր լինի, բայց նրա մարդիկ վատ գիտեն պատմությունը, չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը, իսկ Ռուսաստանի դիմակը պատռելը նրանց համար քաղաքականություն է։ Մեկ տարի առաջ պետդեպարտամենտի «ճուռակներն» ու լրատվամիջոցներում բնակալած նրանց բարեկամները Օբամային գրեթե հրահրել էին հուժկու հարված հասցնելու Սիրիային։ Նրանք, ինչպես և այսօր, հենվում էին, մեղմ ասած, կասկածելի հետախուզական տվյալների վրա։
Հենց այն պատճառով էլ, որ ոչ հավաստի հետախուզական տեղեկությունները ավելի ու ավելի մեծ դեր են խաղում որոշումների ընդունման գործում, մենք կարծում ենք, որ ՈՒկրաինայի սահմաններից կոնֆլիկտի դուրս գալու հնարավորությունը վերջին օրերին խիստ մեծացել է։ Էլ ավելի կարևոր է, որ նման վտանգից կարելի է խույս տալ, եթե դուք և եվրոպական մյուս առաջնորդները առողջ թերահավատություն հանդես բերեք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում։ Հուսով ենք, որ ձեր խորհրդականները ձեզ հիշեցրել են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը վստահություն չի ներշնչում։ Այնպիսի զգացողություն էր, որ նրա ճառերը գրվում են Վաշինգտոնում։ Դա պարզ էր դեռ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Իրաք կատարած ներխուժման նախօրեին նա, լինելով Դանիայի վարչապետ, իր երկրի խորհրդարանին հայտարարեց. «Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի։ Մենք այդպես չենք կարծում։ Մենք գիտենք դա»։
Մենք արբանյակային տեղեկությունների, ակնադիտական այլ տեղեկությունների ժողովման, վերլուծության, մեկնաբանության հարուստ փորձ ունենք, ինչպես որ տարբեր կարգի հետախուզական տվյալների։ Համոզված ենք, օգոստոսի 28-ին ՆԱՏՕ-ի տարածած լուսանկարները շատ հեղհեղուկ հիմք են ՈՒկրաինա ներխուժման մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։ Ճակատագրի հեգնանքով դրանք չափազանց շատ են հիշեցնում այն պատկերազարդումները, որ 2003 թ. փետրվարի 5-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելը ներկայացրել էր ՄԱԿ (իբրև Իրաք ներխուժման հիմնավորում)։ Դրանք, անկասկած, ոչինչ չապացուցեցին։ Հենց այդ նույն օրը մենք նախագահ Բուշին նախազգուշացրինք, որ մեր նախկին գործընկեր վերլուծաբանները «ավելի ու ավելի են հուսահատվում հետախուզական տվյալների քաղաքականացումից, և ուղղակիորեն ասացինք նրան. «Փաուելի ներկայացրածը ամենևին չի արդարացնում պատերազմը»։ Մենք պարոն Բուշից պահանջեցինք «բանավեճը դուրս բերել իր խորհրդականների նեղ շրջանակի սահմաններից, որոնք պատերազմ են երազում, որը սկսելու ոչ մի հիմք մենք չենք տեսնում, և որը կհանգեցնի անկանխատեսելի աղետալի հետևանքների»։ Նայեք Իրաքին այսօր։ Դա աղետից էլ վատ է։
Եթե լուսանկարները, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը ներկայացրել են աշխարհին, իրոք իրենց ունեցած ամենալավ բանն են, ապա միայն ամրապնդվում է մեր այն կասկածը, որ գործ ունենք ապատեղեկության արշավի հետ, որի նպատակն է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հասնել այնպիսի որոշումների, որոնք Ռուսաստանը չի կարող ընկալել այլ կերպ, քան որպես սադրիչ որոշումներ։ Առավելագույն թերահավատություն դրսևորեք այն բանի առնչությամբ, ինչ ուզում են ձեզ ներշնչել պարոն Ռասմուսենը և անգամ պետքարտուղար Ջոն Քերին։
Մենք հույս ունենք, որ ձեր խորհրդականները ՈՒկրաինայի 2014 թ. ճգնաժամի սկզբից ևեթ ձեզ տեղյակ պահել են, որ ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցության հնարավորությունն իրոք անընդունելի է Ռուսաստանի համար։ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ԱՄՆ-ի դեսպանության 2003 թ. փետրվարի 1-ի գաղտնի հեռագրում (տարածել է Վիկիլիքսը) հաղորդվում է, որ դեսպան ՈՒիլյամ Բյոռնսը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է պարզաբանելու, թե ինչու է Ռուսաստանը կոշտ ընդդիմանում ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի անդամակցությանը։ Լավրովը բացահայտորեն հասկանալ է տվել, որ «այդ հարցը կարող է պառակտել երկիրը, հանգեցնել բռնությունների և անգամ, որոշ գնահատումների համաձայն, քաղաքացիական պատերազմի, որը կարող է Ռուսաստանին միջամտելու հարց առաջադրել»։ Բյոռնսը հեռագիրը վերնագրել է դիվանագիտական փաստաթղթի համար անսովոր կերպ. «Ո՛չ, ուրեմն ո՛չ. Ռուսաստանը կարմիր գիծ է քաշում ՆԱՏՕ-ի ընդլայնման ճանապարհին»։ Նա այն Վաշինգտոն է ուղարկել հետևյալ նշումով. «Կարդալ անհապաղ»։ Երկու ամիս անց ՆԱՏՕ-ի Բուխարեստյան գագաթնաժողովում պաշտոնապես հայտարարվեց, որ Վրաստանն ու ՈՒկրաինան կընդունվեն դաշնախմբի մեջ։
Բառացիորեն օրերս ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ խորհրդարանի կողմից իր ստացած թույլտվությունը ուղիղ ճանապարհ է դեպի ՆԱՏՕ։ Յացենյուկը վարչապետի պոստի համար ԱՄՆ-ի ընտրությունն է փետրվարի 22-ի պետական հեղաշրջումից հետո, «Յացը մեր տղան է»,- ասել էր պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը` խռովությունից մի քանի օր առաջ։ Դա ասվել է ՈՒկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայյաթի հետ նրա գաղտնալսված խոսակցության մեջ։ Միգուցե կհիշեք, որ այդ նույն խոսակցության մեջ տիկին Նուլանդն արտաբերել է` «Fuck the EU» բառերը։ Վերջին շաբաթներին Կիևը քարոզում էր հետևյալ մոտիվը. ուկրաինական զինված ուժերը հաղթանակ են տանում ՈՒկրաինայի հարավ-արևելքում դաշնայնացման կողմնակիցների նկատմամբ։ Կատարվում է «մաքրում»։ Բայց դա Կիևի պաշտոնական աղբյուրների վարկածն էր։ Մոտավորապես հենց այդ նույն ժամանակ տեղի աղբյուրները սկսեցին հաղորդել կառավարական ուժերի վրա դաշնայնական հակախռովարարների հաջող գրոհների մասին։ Այդ աղբյուրների գնահատմամբ, հենց կառավարական ուժերն են նահանջում և ծանր կորուստներ կրում։ Տասն օր անց, երբ այդ ուժերը շրջապատման մեջ ընկան և նահանջում էին, «ռուսական ներխուժումը» «հաստատվեց» ինչպես երբեք «պատեհ կերպով»։ Հենց այդ ժամանակ էլ աղոտ լուսանկարներ ի հայտ եկան ՆԱՏՕ-ից, իսկ «Նյու Յորք թայմսի»` Մայքլ Գորդոնի նման թղթակիցներին հրահանգեցին տեղեկություններ տարածել այն մասին, թե «ռուսները գալիս են»։ Ավելացնենք, որ Մայքլ Գորդոնը Իրաքի պատերազմի օգտին ամենավառ քարոզիչներից մեկն էր։
Դաշնայնական հակախռովարարները ՈՒկրաինայի հարավ-արևելքում վայելում են տեղի բնակչության զգալի աջակցությունը։ Մասամբ դա բացատրվում է կառավարության կողմից խոշոր բնակավայրերի ռմբակոծություններով։ Եվ մենք չենք կասկածում, որ Ռուսաստանը նրանց օգնություն է ցուցաբերել, և գլխավորապես մարտական գործողությունների վայրում տիրող իրավիճակի մասին լիարժեք տեղեկատվությամբ։ Բայց ոչնչից չի երևում, որ այդ աջակցության մեջ մտնում են տանկեր և հրետանի, որովհետև դաշնայնականներն ունեն հիանալի հրամանատարներ և զարմանալի ընդունակություն` կռվելու կառավարական զորքերի դեմ։ Միաժամանակ մենք չենք կասկածում, որ երբ դաշնայնականներին ռուսական տանկեր հարկավոր լինեն, դրանք կլինեն։
Հենց դրա համար էլ իրավիճակը պահանջում է համատեղ ջանքեր գործադրել հրադադարի հասնելու համար, բայց հենց այս հարցն էլ, ինչպես գիտեք, Կիևը շարունակ ձգձգում է։ Եվ ի՞նչ է պետք անել այս իրավիճակում։ Մեր կարծիքով, դուք պետք է Պորոշենկոյին և Յացենյուկին կտրականապես հայտարարեք՝ ոչ մի անդամություն ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ն մտադիր չէ «անուղղակի պատերազմի» մեջ մտնել Ռուսաստանի հետ և այն էլ ՈՒկրաինայի փլուզվող բանակի կողմից։ Նույն միտքը պետք է հասցնել նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամներին։
ՈՒԻԼՅԱՄ ԲԻՆՆԻ` նախկին տեխնիկական տնօրեն, համաշխարհային աշխարհաքաղաքական և ռազմական վերլուծություն, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալություն, ԴԵՎԻԴ ՄԱԿՄԱՅՔԼ` հետախուզության ազգային խորհուրդ (պաշտոնաթող), ՌԵՅ ՄԱՔԳՈՎԵՌՆ` ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախկին հետախուզական վերլուծաբան, ԿՀՎ-ի վերլուծաբան, ԷԼԻԶԱԲԵԹ ՄՅՈՒՌԵՅ` հետախուզության (մերձավորարևելյան ուղղություն) ազգային խորհուրդ (պաշտոնաթող), ԹՈԴ Ի. ՊԻրՍ` մայոր, ԱՄՆ-ի ցամաքային զորքերի իրավաբանական ծառայություն (պաշտոնաթող), ՔՈԼԻՆ ՌՈՈՒԼԻ` ՀԴԲ-ի վարչության խորհրդական և հատուկ գործակալ (պաշտոնաթող), ԷՆՆ ՌԱՅԹ` գնդապետ, ԱՄՆ-ի ցամաքային ուժեր, ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության աշխատակից (պաշտոնաթող)»։
Եթե ընթերցողները կցանկանան ծանոթանալ ամերիկացի հետախույզների նամակի անգլերեն բնօրինակին, խնդրեմ, ահա web-հասցեն:
Ժամանակակից ՈՒկրաինան մի կիսաերկիր է, ուր իշխանության ղեկին այլևս չկա անգամ դույզն-ինչ խելամիտ և ինքնուրույն մտածողության տեր քաղաքական գործիչ։ Եվրոպան մի «վայր» է, ուր իշխանության ղեկին ԱՄՆ-ի ստրուկներն են, իսկ նրանց, ովքեր, այնուամենայնիվ, ուզում են ինչ-որ կերպ դիմադրել, կոտրում են ու ստիպում լռել։ Մնում է հուսալ, որ Սպիտակ տանը, ի վերջո, կհետաքրքրվեն, թե ինչու են հենց իրենց բարձրորակ հետախույզները այդքան բացասաբար վերաբերվում այն ծայրաստիճան վտանգավոր և նրբին հարցերի քաղաքականացման քաղաքականությանը, ինչպիսիք են այս կամ այն երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցերը, առավել ևս պատերազմի հրահրման հարցերը։ Դե, իսկ Ռեյ Մաքգովեռնը ոչ միայն հիմա սոսկ շրջում է աշխարհում և տարբեր երկրների հանրությանը բարձրաձայն ծանոթացնում այն բանին, թե ինչ կարծիքի են ամերիկացի հետախույզները իրենց երկրի քաղաքականության մասին։ Նա դարձել է Արևմուտքի այն ներկայացուցիչներից մեկը, ովքեր արդեն անկեղծորեն հավատում են, որ նոր համաշխարհային պատերազմն ի վիճակի է կանխելու միայն Ռուսաստանը։ Եվ ոմանց դուր գալիս է, թե ոչ նույն Պուտինը Հայաստանում, Վրաստանում կամ էլ ՈՒկրաինայում, ներեցեք, ոչ մի նշանակություն չունի Արևմուտքի` այս հոդվածում թվարկված ներկայացուցիչների` դիզայներների, կինոյի, էստրադայի գործիչների, քաղգործիչների, հետախույզների համար։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ