38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան

Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան
09.10.2014 | 14:21

Այսպես կոչված՝ «գունավոր հեղափոխությունները» կրկին շարունակում են ցնցել աշխարհը: «Հեղափոխության» ալիքն անսպասելիորեն հասավ Հոնկոնգ՝ հանրահռչակվելով «Հովանոցների հեղափոխություն» անվամբ: Այն, որ նմանատիպ հեղափոխությունները ծրագրվում և ուղղորդվում են Արևմուտքի կողմից, պարզ է բոլորինմիակ հարցն այն է, թե ո՞վ է ցուցակում հաջորդը: Սա հենց այն է, ինչն այսօր հուզում է գրեթե բոլորին, այդ թվում՝ հայաստանյան հանրությանը: Հնարավո՞ր է արդյոք ուկրաինական դեպքերի կրկնությունը Հայաստանում, կամ որքա՞ն հեռուն կարող է գնալ Վաշինգտոնն իր աշխարհաքաղաքական ծրագրերում՝ փորձելով վիժեցնել համաշխարհային նոր բևեռի վերահաս ծնունդը: Սրանք հարցեր են, որոնք սպասում են իրենց պատասխանին, և որոնց կփորձենք հպանցիկորեն անդրադառնալ:

Այն, որ հայաստանյան տնտեսությունը աշխարհում առաջատարներից չէ, ակնհայտ է, բայց կարծել, թե ժողովուրդը կգնա ինքնակործանման ճանապարհով միայն այն բանի համար, որ վատ է ապրում, կնշանակեր թերագնահատել հայերիս իմաստնությունը: Այսօր կույրին էլ է տեսանելի, թե ինչ ճակատագրի են արժանացել այն պետությունները, որոնց քաղաքացիները ընկել են կեղծ գաղափարների ու խոստումների ազդեցության տակ ու սեփական ձեռքերով կործանել իրենց ու իրենց զավակների ապագան. հեղափոխությունները երբեք էլ լավագույն լուծումը չեն եղել՝ երկրում կուտակված հասարակական-սոցիալական խնդիրներին լուծում տալու համար: Բացի այդ, մեր նորանկախ երկրի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ հայերս սկսում ենք ապրել քաղաքականությամբ միայն ընտրություններից ընտրություն՝ երբեմն հազարներով դուրս գալով փողոցներ՝ պահանջելու կեղծված արդյունքների վերանայում. այս առումով բացառիկ էր 2008-ը, երբ արևմտյան ուժերը ունեին միանգամայն իրական հնարավորություն՝ իրականացնելու հեղափոխություն, բայց որին այդպես էլ չգնացին:
Երկրորդ կարևոր հանգամանքը, ինչը ժողովրդին կստիպի դուրս գալ հրապարակ, նոր, թարմ ուժի առկայությունն է հայաստանյան քաղաքական դաշտում, իսկ այդպիսիք, ինքներդ եք հասկանում, մեր իրականության մեջ բացակայում են. այսօրվա բոլոր բողոքավորներն էլ այս քսան տարիներում հասցրել են այս կամ այն կերպ ինքնադրսևորվել ու ապացուցել, որ իրենք էլ, մեղմ ասած, հրեշտակներ չեն, ու եթե կարիք զգացվի, լավ էլ գիտեն, թե ինչպես բանեցնել իշխանական լծակները:
Իշխանությունները, իրենց հերթին,ամենևին էլ համապատասխան կենդանու ականջում քնած չլինելով, լավ են հաշվարկել իրենց ու իրենց «հակառակորդների» կարողությունները, ուրվագծել բոլոր հնարավոր սցենարները, մշակել համապատասխան հակաքայլերի մի ողջ սխեմա. նմանատիպ մի հակաթույն էլ սահմանադրական բարեփոխումների փառահեղ ծրագիրն է՝ յուրօրինակ մահակ՝ ընդդիմության գլխին, որի կյանքի կոչվելը միայն քաղաքական կամքի հարց է:
Իշխանափոխության ամենաանհավանական տարբերակը, թերևս, նախագահի կամավոր ու վաղաժամ հրաժարականն է, ինչը միանգամայն անհավանական է, քանզի Հայաստանում չկա դրան նպաստող կամ հանգեցնող և ոչ մի նախապայման:
Կյանքը ցույց է տալիս, որ Արևմուտքը բուռն ցանկության դեպքում, այնուամենայնիվ, կարողանում է իր ուզածին հասնել դրա համար նա կանգ չի առնում և ոչ մի խոչընդոտի առաջ: Ղարաբաղյան վերջին արյունոտ միջադեպերը, որի պատվիրատուն Վաշինգտոնն էր, տարածաշրջանում ջերմաստիճանի ստուգման մի յուրօրինակ փորձ էր: Փորձելով ապակայունացնել տարածաշրջանը՝ այն նպատակ ուներ ղեկը վերցնելու իր ձեռքն ու այստեղից դուրս մղելու ռուսներին, ինչը, սակայն չստացվեց շնորհիվ Պուտինի երկաթյա կամքի. վերջինս հասկացրեց, որ այստեղ տանուտերը ինքն է, իսկ իր մի ակնարկն էլ բավ է ագրեսորին զսպելու համար: Այնպես որ, մեր մայդանասեր հանրությանը սպասում է հերթական հիասթափությունը. Հայաստանում հեղափոխություն չի լինի, իսկ Արևմուտքի գնացքն էլ վաղուց գնացել է։


Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ