38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եվրասիայի որբերը

Եվրասիայի որբերը
12.09.2014 | 11:34

Եվ Աստված ցանկացավ գրել
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողի վրա...


«Եվ ի՞նչ աներ Աստված»,
Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԳՈՒՅԺԵՐ
(նավարկություն)
Բնականաբար հայ հանրության ազնվարյուն ու գիտակից (այսինքն՝ ո՛չ աղանդավոր, ո՛չ սեռամոլոր և ո՛չ էլ իշխանակցորդ) հատվածը մեծ հույսեր է կապում Եվրասիական ընտանիքում հայտնվելու փաստի հետ։ Անկեղծ լինեմ, միանգամայն համամիտ եմ գիտակից հանրության կարծիքին, զի կարծես միակ ելքը դա է, քանզի մեր անկախ պետականությունը հիշեցնում է մի խմուկ նավաստու, ով բաց ծով է դուրս գալիս լոգարանով, այնինչ ծովերում և օվկիանոսներում եղանակ են ստեղծում հածանավերն ու սուզանավերը։ Մեր նավաստին, անունը, զորօրինակ, Ազատ Անկախիկյան, համոզված է, որ յուր թուջե լոգարանն անհրաժեշտ պահին ունակ է սուզվելու և մարտեր մղելու թշնամի սուզանավերի դեմ (կա՞ մեկը, ով կասկածում է հայ սուզանավորդի վարպետությանը, չէ՞ որ մենք ծովակալներ ենք)։ Բարի նավարկություն և անհողմ երկինք Ազատ Անկախիկյանին։ Մենք էլ դառնանք մեր բանին։ Այսինքն՝ ամրապնդվենք ոգով և մտորենք օրնիբուն, ինչպիսին կլինի մեր իշխանաց վերաբերմունքը հանդեպ մեզ 2014-ի հոկտեմբերի 10-ից հետո։ (Նաև մերը՝ հանդեպ նրանց)։ Ի դեպ, պիտի ընդունենք, որ եթե մեր պետականաշինության նավը բաց ծով ելած մի լոգարան է, ապա պետականաքերթության իշխանակառավարական գանգստերական-քրեա-մենաշնորհային-վարկադրամաշնորհային նավը հածանավ է, որը սակայն մխրճվել է (քթով-կոնքով և արմունկով) ուղիղ Կարապի լիճը։ Մի խոսքով, պատրաստվում եմ ուղերձներ ու նամակներ, հեռագրեր և այլ բողոքագրեր հղելու Եվրասիական միության կերտիչներին՝ սկսած Վլադիմիրովիչից, վերջացրած Վոլֆովիչով։ (Որպես պահեստային «հրեշտակապետ», անշուշտ, առկա է Բատկայի գործոնը, վերջում նրան էլ սիրով կներկայացնեմ Եվրասիական տան նորագրի (իմա՝ ՀՀ-ի, վարքն ու բարքը)։
Հուսահա՞տ եմ։ Ամենևին։ Պարզապես երբեմն եղելություններն այնքան ամոթաբեր են Հայաստան աշխարհի և Հայկազյան տոհմի համար, որ կամա-ակամա հանգում ես տկարամիտ մի մտքի՝ այս շրջափուլում անկախ պետականությունը կարծես թե մեր խելքի բանը չէր։ Վկան թեկուզ սեպտեմբերի 4-ի գույժը՝ երկու գավառական հայոց քաղաքներում բացվել են բարեգործական ճաշարաններ։

6-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ, ՄԱՀ ԿԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԻ «ԳՈՅԱՄԱՐՏԸ»
(նավաբեկություն)
Անշուշտ, վարկային պորտֆելը 6-րդ շարասյան հավատո հանգանակն է, հանուն որի կենաց-մահու պայքար են մղում և՛ պետականության, և՛ հանրապետության, և՛ հասարակության, և՛, առհասարակ, ամենայն նվիրականի դեմ։ Սրանց գոյամարտն ինքնապահպանական-վերարտադրողական է, սրանց (երկրին) կերակրող ձեռքը մշտապես հակահայկական է, շոյում-թովում է (իրենց) և կործանարար հարվածում։ Կարծես թե կռահեցիք, այո, 6-րդ շարասյունն ավելի աննկատ է, քան 5-րդը, զի նշյալ շարասյան շարքերը պետական ծառայության մեջ են, մի տեղ շարասյան անդամը գլխակեր ենթասպա է, մեկ այլ վայրում՝ գելխեղդ-գյուղապետ, ով խեղանդամում է գյուղն ու գեղականին։ Սակայն հիմնականում նա վարչարար է, նախարարի խորհրդական է և հայոց վարչապետ, հանձնաժողովական է և մարզպետ է, քաղաքապետ է, վարչության պետ է, առհասարակ սարսափազդու մի էակ է, որի գերնպատակն ունի երես և դարձերես։ Երեսին վարկատուների նպատակների գերհստակ կենսագործումն է (այսքան ու այսքան վարկ ենք «նվաճել», բնականաբար, տոկոսները պիտի վարկառու սերունդը հոգա, մայր գումարը` վարկառուների թոռները, ծոռները, առհասարակ՝ երկիրը, իր հողով-ջրով, հանքով, վերջապես հանապազօր իր հացով)։ Դարձերեսը թունոտ է, զի երկրի օրենքով պաշտպանված, և նրա կենսաբեր սերուցքը կլանելով, սրանք յուրյանց յուրաքանչյուր օրը սկսում և այն ավարտում են վարկաբեկելով պետական խորհրդանշանները՝ զինանշանը, օրհներգն ու դրոշը։ Վարկաբեկում են, քանզի նրանց յուրաքանչյուր քայլը ձևով բարեփոխական, բովանդակությամբ խեղանդամող է։ Այո, սա է մեր գերակա վտանգներից մեկը, սրանց համար սկզբունքորեն միևնույն է, թե ով է իշխանության գլուխ, աջե՞րը, ձախե՞րը, դեղնամանուշակագույննե՞րը, թե՞ անգամ դարչնագույնները։ Վարչարար այս մղձավանջի ոտնամանները մշտապես շողափայլ են, անկախ նրանից դրսում գարնանային հեղեղներ են, թե աշնան արևահամ օդն է հոգիդ գուրգուրում։ 6-րդ շարասյան «գոյամարտը» հանուն սեփական ինքնաբավության հաղթանակի՝ ընդդեմ հանրապետության ինքնիշխանության։ Եվ հաղթում են, ամենուր ու ամեն ժամ։ Նկատել եմ, այս դաժան տեսակը տարվա մեջ լիասիրտ ժպտում է... դե գուշակեք, թե երբ։ Պետական պարգևի արժանանալի՞ս, որպիսի՜ դյուրամտություն, պետպարգևը դրանց համար նույնն է, թե ճարպատու խոզին (լիուբոլ կերակրելուց ետքը) հաճոյանաս՝ մետաքսյա թաշկինակով մռութը սրբելով։ Միևնույն է սրանց համար օլիգարխից ստացվող կայուն պարգևավճարը, ստվերային և ծանրակշիռ, Ամանորի լուկուլոսյան սեղանը, առկա և պահեստային սիրուհիների պարգևած փարթամ-ոսկեմազ տղեկները կամ էլ խաղատանը «պատահաբար» շահած շեյխավայել խաղագումարը։ Այս ամենն ընդամենը պատահմունք է, նախաճաշիկ ճաշից առաջ։ Այո՛, ճիշտ եք միանգամայն, սրանց դեմքը ճաճանչափայլ ժպիտով է ողողվում, երբ հերթական վարկն է սողոսկում երկիր։ Այո՛, եթե փորձի համար ուղիղ 100 նամակ գրեք պատկան կառույցներին և ակնկալեք քիչ թե շատ ամոքիչ պատասխան, վստահաբար, կստանաք ճիշտ 100 խեղաթյուրիչ հարված ձեր տառապած ստոծանուն (ընթերցողս հարկավ չի մոռացել, որ այս ճակատում փորձը ոչ միայն տառապանքով է թրծվել, այլև միանգամայն արհեստավարժ է)։ Կարող եք հասարակական հնչողություն ունեցող 100 խնդիր ձևակերպել և հղել բարձրագույն իշխանակառավարական մարմիններին։ Մեկ ամիս անց կստանաք 100 անպատասխան-պատասխան, սովորաբար վավերացված ինչ-որ հանելուկային-ծածկագրված աշխատակազմի ղեկավարի գալարուն ստորագրությամբ (ի՜նչ ստոր է ոմանց գիրը) և հաստատագրված ՀՀ պետական զինանշանով։ Զինանշանն էլ իր հերթին վկայում է, որ 3-րդ հանրապետությունը Արտաշիսյան+Արշակունյաց+Բագրատունյաց+Ռուբինյաց փառահեղ հարստությունների իրավահաջորդն է և այսօր գերհարուստ է յուր խորհրդարանական հրաշալի անոթով (շենքով+պարտեզով+օվալաձև դահլիճով), սակայն ոչ բնավ դրա բովանդակությամբ, նաև կառավարական տան անվերջ-էպոսային սխրանքներով (որի հանգույցներում պնդված 6-րդականները վաշխառուական ճարպկությամբ կոծկում են մեր պատմությունն ու պետականությունը, ինձ և ձեզ, ի վերջո, մեր ապագան։ Այո՜, առայժմ հզոր են նշյալ վարձկանները, որոնք վարկային ելուզակությամբ թրծված, ինչ խոսք, համաշխարհային կառավարության ականներն են մեր ինքնիշխանության տակ։

6-ՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ 666 ՄՂՁԱՎԱՆՋԸ
(նավաբեկությունը կիզակետում է)
Այո՜, գոտեպնդվեք, անգին իմ ընթերցողներ, զի մեր պետական անկախությունն առայժմ առկախված է, և մենք նման ենք ճակատագրի (իմա՝ 6-րդ շարասյան) դաժան քմահաճույքի պատճառով որբանոցի դարպասը բախող շեն օջախի զավակներին։ Մի խոսքով, սպասենք ևս 70 տարի և գուցե թե 2084-ին Նախիջևանի կամ Ջավախքի վերամիավորմամբ, «Նախիջևան» կամ «Ջավախք» կոմիտեի շեփորականչի ներքո կերտենք մեր 4-րդ հանրապետությունը։ (Ի դեպ, սիրտս լցված է, թույլ տվեք կիսվել ձեզ հետ։ Օրեր առաջ տիար Խոսրով Հարությունյանը վեհաշունչ մտահոգությամբ հայտարարեց, որ Սուրեն Խաչատրյանը դեռ անելիքներ ունի հանրապետության կառավարման համակարգում։ Կեցցե՜ս, տիար Խոսրով և նպատակներիդ իրականացում, այսինքն՝ Լիսկայի պաշտոնավարումը որպես առավելագույնը ՀՀ վարչապետ, նվազագույնը ՀՀ ԳԱԱ նախագահ։ Երկու դեպքում էլ պատվարժան Խոսրով Մելիքիչը կլինի նրան մերձ, որպես աշխատակազմի ղեկավար)։
Մի խոսքով, մեր պետականությունը կողաշրջված է, և սպասում ենք, որ եվրասիական հսկա լինգը պիտի այն բերի ելման դիրքի։
Ի դեպ, եվրասիացի հոգեհայր ԽՍՀՄ-ի բարեբեր նահանգ Հայաստանում, 1980-ի մարդահամարի տվյալներով, կային ընդամենը 180 աղանդավոր և 13 համասեռամոլ, սրանց գործողությունները խստագույնս վերահսկում էր ԿԳԲ-ն։ Իսկ այսօր դրանք ամենուր են, բյուր են և վայրագ են, զի նույնքան խստորեն պաշտպանված են ՀՀ բոլոր օրենքներով։ Գիտեք, երբեմն թվում է, որ մենք անկախ երկիր դարձանք, որ
ա) բարգավաճեն մականունակիր-թերուսները,
բ) հոգու և մարմնի պղծողները դառնան հանրության պատուհասն ու գլխադասը։
Է՞, ետքը՞։

ՓՈՔՐԻԿ ՀՈՂԻ ՀՍԿԱ ՏՔՆԱՆՔԸ
(նավահանգստում)
Հողը հայկազյան տնքում է ամոթից, զի հարստահարվում է նրա սեգ մարմինը։ Ջրերը մեր զուլալ-կենաց արտագաղթում-շենացնում են թշնամյաց արոտն ու անտառը, և սպանիչ կարոտով անէանում են բայաթիների ոռնոցի ներքո։ Է, էլ որտե՞ղ ԱՄԵՆԱԶՈՐԸ գրի ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ-ը, մարկետների տանիքի՞ն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ