38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աֆղանական «թալիբները» գրոհում են այն քաղաքը, որտեղ տեղաբաշխված են հայ խաղաղապահները

Աֆղանական «թալիբները» գրոհում են այն քաղաքը,  որտեղ տեղաբաշխված են հայ խաղաղապահները
12.09.2014 | 00:13

Ինչպես հայտնի է, ծրագրված է 2014 թ. Աֆղանստանից դուրս բերել ՆԱՏՕ-ի և նրան հարող երկրների զորքերը։ Բայց դեռ 2012 թ. հոկտեմբերի 7-ին աֆղանական «Թալիբան» շարժումը երկրի բնակչությանը հղած ուղերձում հայտարարել էր, թե «լիակատար հաղթանակ է տարել օտարերկրյա զավթիչների նկատմամբ»։ Հայտարարության մեջ շեշտվում էր, որ օտարերկրյա զորքերը «Աֆղանստանից հեռանում են այնպիսի խայտառակությամբ, որ մի կերպ փորձում են որևէ արդարացում գտնել»։
Իհարկե, Հայաստանի ամերիկամետ քաղաքացիները կպահանջեն, որ մենք հավատանք ոչ թե «Թալիբանին», այլ ԱՄՆ-ի ղեկավարությանը, որը պնդում է, թե «գործողությունը հաջող է» և Աֆղանստանն այսուհետ զարգանում է «արևմտյան ժողովրդավարության» կանոններով։ Սակայն, օրինակի համար, նույնիսկ այն, որ ամերիկացիներն այդպես էլ չկարողացան քողարկել այդ երկրում իրենց կազմակերպած նախագահական ընտրությունների ձախողումը և նախագահի աթոռին նստեցնել իրենց ևս մեկ խամաճիկի` Աշրաֆ Ղանի Ահմաձային, նույնպես վկայում է, որ ԱՄՆ-ը աշխարհին խաբել ու խաբում է Աֆղանստանում տիրող իրական վիճակի հարցում։ Նախկին «Հյուսիսային ալյանսի» և նրա ներկայացուցչի` «Փյանջերյան Առյուծ» Ահմադ Շահ Մասուդի նախկին տեղակալ, նախկին արտգործնախարար Աբդուլո Աբդուլոյի հանդեպ ամերիկացիների ատելությունը հավանաբար գալիս է դեռ այն ժամանակներից, երբ Ահմադ Շահը կտրականապես հրաժարվեց «Թալիբան» շարժման հետ ամերիկացիների խաղը խաղալուց։ Իսկ էությունը հետևյալն էր. «հյուսիսցիները» պետք է «թալիբներին» ելք տային դեպի Իրան և Միջին Ասիա։
Իսկ «թալիբները» իրենց խոսքի տերը եղան. եթե ելնենք տարածաշրջանի երկրների և Արևմուտքի լրատվամիջոցներում հրապարակվող տվյալներից, ապա, ինչպես 1997 թվականին, նրանք 2014 թ. հուլիսի երկրորդ կեսից սկսեցին զանգվածային գրոհները... Ղունդուզի նահանգի և Ղունդուզ քաղաքի վրա։ «Թալիբների» գրաված Ղունդուզը հենց հենակետ դարձավ 1997 թ. նրանց ջոկատների լայնածավալ հարձակման համար։ Դատելով ըստ ամենայնի, նրանց ներկա հարձակման սխեման նույնն է։ Արդեն հուլիսի 30-ին «թալիբները» լուսադեմին գրոհեցին աֆղանական հյուսիսային Ղունդուզի նահանգի ոստիկանական ուղեկալի վրա, սպանելով յոթ պահապանի, լրագրողներին հայտնել է Ղունդուզի նահանգապետ Համիդուլլա Դանեշը։ Օգոստոսի 6-ին նրանք սպանում են ամերիկացի (այլ աղբյուրների համաձայն` գերմանացի) մի գեներալի։ Այսպես թե այնպես, դա բացահայտ հոգեբանական և քարոզչական հարված էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հեղինակությանը։ Օգոստոսի 15-ին Ղունդուզի նահանգում «Թալիբանի» զինյալների կողմն է անցնում տեղի ոստիկանության մի ջոկատ` ոստիկանապետի գլխավորությամբ, իսկ օգոստոսի 21-ին մի քանի հարյուր զինյալներ այստեղ գրոհեցին Չահար-Դարայի գավառի անցակետերի վրա, զավթեցին դրանք և գրավեցին շրջանի մեծ մասը, փաստորեն, դառնալով դրության տերը Ղունդուզի նահանգում։ Հիմա այնտեղ ընթանում է բանակային գործողություն, բայց առանց առանձնակի հաջողության։ Համենայն դեպս, աշխարհի առաջատար լրատվամիջոցները օգոստոսի 30-ին հաղորդեցին, որ «թալիբները» գրոհել են բուն Ղունդուզ քաղաքի վրա։ Իրադրությունն այն աստիճանի ողբերգական է, որ Աֆղանստանի դեռևս գործող նախագահ Համիդ Քարզայը մերժել է սեպտեմբերին ՈՒելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
2013-ի աշնանը մենք Հայաստանի հանրության ուշադրությունն արդեն հրավիրել էինք այն փաստի վրա, որ երկրի ղեկավարությունը ի վնաս ոչ միայն երկրի շահերի, այլև իր զինծառայողների տարրական անվտանգության պահանջների, շարունակում է իր խաղաղարար զինվորներին ու սպաներին պահել Աֆղանստանում։ Ինչո՞ւ է հիմա վերստին անհրաժեշտ խոսել այդ մասին։ Բանն այն է, որ գերմանական զորախումբը հանվել է Ղունդուզից։ Հայկականը` ոչ։ Հիշեցնենք, թե ինչ վիճակում են հայ զինծառայողները Աֆղանստանում։ Առնվազն Հայաստանի 126 քաղաքացի։ ՆԱՏՕ-ի գործողությանը մասնակցելու որոշումը կայացվել է 2009 թ., 2010 թ. հունվարի 9-ին Երևանում Աֆղանստան ճանապարհեցին հայ խաղաղարարների 40-հոգանոց առաջին զորախումբը։ Հայ զինվորականները ներգրավված են գերմանական զորամիավորման մեջ, ապահովում են Ղունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը, ինչպես նաև Մազարի-Շարիֆ քաղաքի օդանավակայանի պահպանությունը, պարեկային ծառայությունն ու անցակետերի վերահսկողությունը (81 մարդ)։ Գումարած հինգ հրահանգիչ։ Մազարի-Շարիֆը «թեժ կետերից» մեկն է, մի քանի անգամ գրավվել է «թալիբների» կողմից, որոնք այդտեղ սպանդ են սարքել։ Հայաստանի զինվորականները Ղունդուզում են 2010 թ. փետրվարի 14-ից, իսկ Մազարի-Շարիֆում` 2011 թ. հունիսի 20-ից։ Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՆԱՏՕ-ի հետ կնքված 2011 թ. ապրիլի 4-ի պայմանագիրը, որով նախատեսվում է Աֆղանստանում գտնվող խաղաղարարների թիվը գրեթե եռապատկել և առաքելությանը մասնակցության ժամկետը երկարացնել մեկ տարով։ Փաստաթղթի համաձայն, Աֆղանստանում հայ խաղաղարար զորախմբի առավելագույն թվակազմը հասցվելու է 130-ի, իսկ ռազմական գործողությունների շրջանում` 260-ի։ Հայ խաղաղարար զորախմբի ծառայության ժամկետը երկարացվեց մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը, ապա` մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը։ Հայաստանը ԱՊՀ ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որի զորախմբերը մասնակցում են Աֆղանստանի գործողություններին։ Աֆղանստանի իրադարձություններին մասնակցելու որոշումը, հիշեցնենք, ընդունվեց այն բանից հետո, երբ Հայաստանը իր խաղաղարարներին դուրս բերեց Իրաքից (2005-08 թթ., 46 զինծառայող)։ Եվ թվերն էլ համադրելի էին Աֆղանստանի խաղաղարար առաքելության առաջին փուլում` 46-ը դուրս բերեցին Իրաքից, 40+5-ը մտցրին Աֆղանստան։
Ինչ խոսք, այդ երկրներում հայ զինվորականների ձեռք բերած հմտությունները կարող են պետք գալ։ Ասենք, օրինակ, Իրաքում Հայաստանի միանալը Արևմուտքի խաղաղարարությանը վերջին հաշվով հանգեցրեց... այդ երկրում հայ համայնքի փաստական անհետացմանը։ Դա մոտավորապես մի 20-30 հազար մարդ էր։ Իրաքի հայերը բացահայտորեն սպանվում էին, նրանց պատանդ էին վերցնում, պայթեցվում էին հայկական եկեղեցիները... Հավանաբար այս արդյունքները ևս Երևանում ընկալվել և ընկալվում են իբրև Իրաքում խաղաղարար գործողությանը մասնակցության մեծ ձեռքբերում։
Լուրջ հիմքեր կան երկյուղելու, որ հայ զինվորականները այդպես էլ Աֆղանստանից դուրս չեն բերվի ընդհուպ մինչև 2014 թ. վերջը։ Երևի շատերը կհիշեն, որ Վրաստանում, օրինակ, 2011-13 թթ. շատ «սև թղթեր» էին ստացվում վրացի խաղաղարարների անուններով։ Եվ որքան մոտենա 2014-ի ավարտը, այնքան դաժան կլինեն հարձակումները ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների զորամիավորումների վրա. փախչող հակառակորդի թիկունքից խփելուց հեշտ բան չկա։ ՈՒ չէ՞ որ փախչելու են Ղունդուզի և Մազարի-Շարիֆի օդանավակայաններով` Տաջիկստանի և ՈՒզբեկստանի սահմաններից ոչ հեռու գտնվող կարևոր ռազմավարական ճանապարհային հանգույցներով։ ԱՄՆ-ը դիվանագիտական լարված աշխատանք է տանում Տաշքենդի ու Դուշանբեի հետ։ Որոշ տեխնիկա ու զորքեր սկսել են արդեն դուրս բերել Բաքվով։ Արդյունքում հայ խաղաղարարները շուտով ընդամենը պիտի ապահովեն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի էքսպեդիցիոն կորպուսի դուրսբերումը, բացառված չէ Ղունդուզի և Մազարի-Շարիֆի օդանավակայանները պաշտպանելով գրոհող «Թալիբանից»։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ գերմանացիները իրենց զինվորականներին արդեն հանել են Ղունդուզից։ Հետևաբար, հայերն էլ այնտեղ անելիք չունեն։ Չէ՞ որ այն սպառնալիքը, որ Ղունդուզը կհանձնվի «թալիբներին», մեծ է և իրական։ Թե ինչպես են իսլամականները վարվում Արևմուտքի կողմում «աշխատող» ոչ մահմեդական (նույնիսկ մահմեդական) զինվորականների հետ, հիանալի երևում է այլ երկրների օրինակով, ուր կան ծայրահեղական խմբավորումների հանկարծակի հարձակումների շատ նախադեպեր։
Հայաստանին պետք չէ կոլեկտիվ պատասխանատվություն այն բանի համար, ինչ այդ տարածաշրջաններում անում են կամ ինչին դիտավորյալ չեն խոչընդոտում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի զինվորականները։ Հասկանալի է, որ Հայաստանում երբեք 700 հազար դրամ ¥մոտ 2 հազար դոլար¤ չեն վաստակի խաղաղարարները ¥պահպանվում է նաև զինվորական աշխատավարձը¤։ Սակայն մեր զինվորականների կյանքը, երևի, այնուամենայնիվ, ցանկացած գումարից թանկ է։ Ո՞Ւմ և հանուն ինչի՞ են հայ զինծառայողները «խաղաղեցնում» Աֆղանստանում, երբ «Թալիբանը» հաղթում է ՆԱՏՕ-ին։ Չէ՞ որ վերջին տարիների իրադարձությունները ակնբախորեն ցույց են տալիս, որ որակյալ զինվորականների ծայրահեղ անհրաժեշտություն կա նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, Արցախի ճակատներում։ Մենք վկա ենք եղել, որ ընթացիկ տարվա համարյա ամբողջ ամռանը ադրբեջանցիները փորձեր են արել դիվերսիոն գործողություններով խախտել Հայաստանի զինված ուժերի և Արցախի բանակի պաշտպանական դիրքերը։ Մենք հասկանում ենք, որ ադրբեջանցիների և նրանց թիկունքին կանգնած ուժերի նպատակը եղել և մնում է կայունության խարխլումն ու լարվածության սրումը Անդրկովկասում։ Ի վերջո, այնտեղ «խաղաղեցման» ենթակա ուժեր կան, միաժամանակ գիտակցելով, որ խնդիր կա պաշտպանելու հենց հայերին։ ՈՒ եկեք ջայլամի դեր չստանձնենք. վերջերս Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի եռակողմ հանդիպումը, այնուամենայնիվ, տագնապալի ահազանգ է Հայաստանի համար, որովհետև միանգամայն ակնհայտ է, որ թուրքերը չեն հրաժարվել Վրաստանը հակահայ գործողությունների մեջ ներքաշելու փորձերից։
Նույնիսկ Սիրիայում և, ասենք, Լիբանանում մեր խաղաղարարները պաշտպանելու և «խաղաղեցնելու» բան ունեն։ Չէ՞ որ լուրեր եղան, որ Հայաստանն իր զորամիավորումն է առաջարկել Մերձավոր Արևելքում խաղաղարար գործողության համար։ Իրաքի Մոսուլ քաղաքի հայերի և մյուս քրիստոնյաների ողբերգությունը մի հերթական անգամ հստակորեն ցույց տվեց, որ Արևմուտքի կողմից «լավ» և «վատ» ահաբեկիչների «խաղերը» վերջին հաշվով հանգեցնում են ցեղասպանությունների։ ՆԱՏՕ-ն չի՞ վճարի մեր պաշտպանության նախարարությանը` նման խաղաղարար գործողությունների համար, ոչինչ, թող վճարեն Հայաստանի և սփյուռքի ունևոր հայերը, թող վճարեն Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները։ Հայաստանի, Արցախի, մեր սփյուռքի հայերի կյանքը, ինչպես հայ խաղաղարար զինծառայողների կյանքը, որոնք մինչ օրս «նստած են» Աֆղանստանում ¥ինչպես նաև Կոսովոյում ու Մետոխիայում¤ շատ ավելի կարևոր ու արժեքավոր է, քան ամեն տեսակի դատողությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության «հեռանկարայնության» ու տևականության մասին։
Հնարավոր է, որ մինչ այս հոդվածի տպագրությունը մեր երկրի և զինված ուժերի ղեկավարությունն արդեն որոշում ընդունի այդ օտար պատերազմից մեր խաղաղարարներին դուրս բերելու մասին։ Սակայն սեպտեմբերի 1-ին նման լուրեր չկային։
Իսկ Աֆղանստանի խնդիրը, այնուամենայնիվ, պետք է թողնել նրանց, ովքեր ծնել են այն։ Պետք չէ մոռանալ կամ խաբել ինքդ քեզ. Աֆղանստանի բնակչության մեծ մասի համար ՆԱՏՕ-ն և նրանք, ովքեր ՆԱՏՕ-ի հետ են, օտարերկրյա զավթիչներ են։ Եվ նրանց հետ կվարվեն համապատասխանաբար, անկախ այն բանից, թե իրենց առջև ամերիկացիներ են, թե հայեր:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ