38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանի և Արցախի խնդիրն է կանխել ցանկացած թափանցում, ում կողմից էլ որ այն բխի

Հայաստանի և Արցախի խնդիրն է կանխել ցանկացած թափանցում, ում կողմից էլ որ այն բխի
25.07.2014 | 00:35

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Պետրո Պորոշենկոյին թույլ տվեց տեռոր սկսել ՈՒկրաինայի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր համաձայն չեն «մայդանների» հետ, ինչպես նաև այն բանից հետո, երբ նույն ԱՄՆ-ը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) վահաբական խմբավորման զինյալներին և Մասուդ Բարզանիին ենթարկվող քուրդ «փեշմերգներին» հրամայեց համատեղ զավթել Իրաքի հյուսիսը և նավթով ու գազով հարուստ շրջանները կտրել Իրաքի շիական հարավից, Հայաստանի ու Արցախի շուրջ տիրող իրավիճակը միանշանակորեն վատթարացավ։ Եվ դա չտեսնել նշանակում է քաղաքական կարճատեսություն ցուցաբերել։ Օրինաչափ հարց է առաջանում. ինչո՞ւ պետք է Հարավային Կովկասի հայկական երկու պետությունների շուրջ տիրող ռազմավարական իրադրության վատթարացումը կապել հենց մատնանշված փաստերի և իրադարձությունների հետ։

Բացատրությունը բավական պարզ է։ 1994 թ. անմիջապես հետո, երբ հունիսին Ռուսաստանի զինվորականների ու դիվանագետների համատեղ միջնորդական ջանքերով Արցախի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցման ռեժիմ սահմանվեց, որպես պատերազմական գործողությունների չվերսկսման իրական երաշխավոր հանդես էր գալիս հենց Ռուսաստանը, իսկ հարավից նրա ջանքերը մի տեսակ «ցեմենտում» էր Իրանը։ Իսկ Արցախ-ադրբեջանական հակամարտությունում տիրող իրավիճակի վրա Մոսկվայի և Թեհրանի ներգործության գլխավոր լծակը և, միաժամանակ, ազդեցիկ գործոնը եղել է այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Իրանը, փաստորեն, հավասարապես կապված են եղել հակամարտության թե՛ հայկական կողմերի (Հայաստանի ու Արցախի), թե՛ Ադրբեջանի հետ։ Այդ իրադրությունը նույնիսկ ամրապնդվեց ԱՄՆ-ի տարածքում` Քի-Վեստում 2001 թ. ապրիլյան բանակցություններից հետո։ Ավելին, հիշեցնեմ, որ այն ժամանակ Արևմուտքը հարկադրված էր տեղի տալ Ռուսաստանի ու Իրանի ճնշման ներքո և համաձայնել, որ կարգավորման բանակցությունների շուրջ դիվանագիտական իրադրության ցանկացած փոփոխության մասին պաշտոնական Թեհրանը պետք է անհապաղ տեղյակ պահվի։
Իհարկե, դժվար է իմանալ և գնահատել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը որքան է իրականում պահպանել Քի-Վեստում ձեռք բերված վերոհիշյալ պայմանավորվածությունը։ Սակայն իրանական հետախուզությունը նախընթաց տարիներին հիանալի է կողմնորոշվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են.
1) որտե՞ղ է, ըստ էության, Սաակաշվիլու վարչակազմի թուլությունը Վրաստանում,
2) ինչպես «մակույկ ճոճել» Բաքվի արվարձաններում կամ Ադրբեջանի մեկ այլ շրջանում։ Օրինակները բազմաթիվ են, բայց այդ մասին չէ խոսքը։ ՈՒստի և, մենք կասկած չունենք, որ Իրանը, անգամ եթե Քի-Վեստում պայմանավորված կողմերը «մոռանում էին» Թեհրանին տեղյակ պահել բանակցությունների ընթացքի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խաղաղ առաջարկությունների փոփոխությունների մասին, այդուամենայնիվ, միշտ պատշաճորեն տեղեկացված է եղել։ Եվ, համապատասխանաբար, անհրաժեշտության դեպքում իր համար բացասական հետևանքները նվազագույն դարձնելու հակաքայլեր է ձեռնարկել։ Եկեք չմոռանանք, որ մոտ 2007-08 թթ. ի վեր Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործողությունների առնչությամբ (կարծում եմ` նաև Արցախի հարցի առումով) Իրանի վերաբերմունքը էական փոփոխություններ է կրել։
Հիմա Հայաստանի ու Արցախի շուրջ տիրող իրադրությունն անկասելիորեն նմանվում է 2008 թ. ամռանը Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ ստեղծված իրադրությանը։ Հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները։ Որքան էլ ջանան մեր երկրում ԱՄՆ-ի կողմնակիցները հասարակությանը համոզել, թե դա, իբր, ադրբեջանցիներին հրահրող «Ռուսաստանի ձեռքի գործն է», դա նրանց չի հաջողվի։ Մի պարզ պատճառով. դեռ չի ավարտվել Սիրիայի ողբերգությունը, ուր Ռուսաստանը (ընդ որում, համարյա Իրանի հետ մեկտեղ) մտավ որպես էական հակակշիռ Արևմուտքին, առաջին հերթին ԱՄՆ-ին և Թուրքիային։ Բայց Մոսկվային արդեն նոր ողբերգություն է պարտադրվել` ՈՒկրաինան։ Կիևում ամերիկյան խամաճիկների բեմադրած սցենարի ռեժիսորական խաղարկումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ նրանց նպատակն է Ռուսաստանը ներքաշել պատերազմական գործողությունների կամ ցանկացած այլ ուժային գործողության մեջ։ Չստացվի Նովոռուսիայում, Կիևը կդիմի ՌԴ Ղրիմի դաշնային օկրուգի վրա հարձակվելու քայլին (չէ՞ որ «ամերիկյան պապան» նրա թիկունքին է)։ Եվ մալայզիական «Բոինգի» հետ կապված բացահայտ սադրանքը ևս այդ նպատակն ունի։ Բայց այդտեղ հսկայական քանակությամբ վրիպումներ կան, որոնք գլխովին մատնում են իսկական հանցագործներին։ Դրանք են. խփված ինքնաթիռի մասին իբր աշխարհազորայինների «խոսակցության» հոլովակը մոնտաժվել է հուլիսի 16-ին, մինչդեռ տարաբախտ ինքնաթիռը խփվել է հուլիսի 17-ին։ Որ ծրագրած են եղել բացահայտորեն ինքնաթիռն «իջեցնել» Ռուսաստանի տարածքում, իսկ այն ընկել է Դոնեցկի մարզի տարածքում, այսինքն` «լրիվ տեղ չի հասել»։ Եվ էլի ու էլի բաներ։
Բայց հարցը «Բոինգը» չէ։ ՈՒ հիմա Կրեմլում իշխանության ղեկին ինչ-որ չեռնենկոներ, գորբաչովներ կամ ելցիններ չեն, մի բան լինի` ոչ ոք «նազդ չի տանի»։ Այնպես որ, դեռ բավական երկար է աշխարհը ստիպված լինելու հաշվի նստել այն բանի հետ, որ Արևմուտքին ոչ ոք թույլ չի տա մալայզիական «Բոինգի» տարաբախտ ուղևորների ողբերգությունն օգտագործել նեղ շահադիտական քաղաքական նպատակներով։ ՈՒրեմն և ՈՒկրաինայի հարցում դիմակայությունը կշարունակվի առնվազն մինչև ամռան վերջը - աշնան առաջին կեսը։ Սակայն բանն այն է, որ ռուսական իշխանությունները պարզապես չեն կարող չզբաղվել ՈՒկրաինայով. չէ՞ որ ավելի քան 300 հազար փախստականներ Դոնեցկի և Լուգանսկի մարզերից փախել են ոչ թե Կիև, այլ Ռուսաստան։ Եվ ուկրաինական տարածքից կրակում են արդեն նաև ՌԴ-ի վրա. օրինակ, Ռոստովի մարզի համանուն Դոնեցկ քաղաքի վրա։ Եվ զոհեր կան նաև Ռուսաստանի քաղաքացիների շրջանում, որոնք զոհվել են հենց Ռուսաստանի տարածքում։ Բանը նաև այն է, որ ՈՒկրաինան Հարավային Օսիա կամ Աբխազիա չէ, և անգամ Հայաստան` Արցախով հանդերձ։ Դրա համար էլ հիմա Ռուսաստանը Հայաստանի ու Արցախի հավեսն ու ժամանակը չունի և ոչ էլ Արցախ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրի։ Մոսկվան նույնիսկ Մաքսային միությամբ ու Եվրասիական տնտեսական միությամբ զբաղվելու տրամադրություն չունի։
Փոխարենը Ռուսաստանը կտրուկ ընդլայնում է կապերն աշխարհում։ Այդ է վկայում ռազմավարական համագործակցության վերականգնումը Կուբայի ու Նիկարագուայի հետ։ Ոմանց համար ծիծաղելի՞ է։ Իզուր։ Կուբայում հիանալի հնարավորություններ կան ամեն ինչի համար։ Իսկ Նիկարագուայում Չինաստանը մտադիր է կառուցել, այսպես ասած, «երկրորդ Պանամայի ջրանցքը»։ Եվ լատինաամերիկյան այդ երկրի իշխանությունները պնդում են, որ ջրանցքի թե՛ շինարարության պահպանությամբ, թե՛ հետագա պահպանությամբ պետք է զբաղվեն բացառապես ռուսները։ Իսկ Չինաստանը, այսպես ասած, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ծպտյալ դաշնակիցն է։ Առնվազն Սիրիայի հարցում և դեպի համաշխարհային շուկաներ բնական գազի հոսքերի հարցում։ Իսկ եթե դատելու լինենք Ֆորտալեզայում և Բրազիլիայում BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ տնտեսական միավորում) բարձր մակարդակի խորհրդաժողովի որոշ արդյունքներով, ապա Չինաստանը նաև Ռուսաստանի և Իրանի դաշնակիցն է համաշխարհային առևտրական հաշվարկների դոլարազերծման գործում։ Այն, ինչ ձեռնարկում է Մոսկվան և «ուռայով» ընդունվում է Հարավային Ամերիկայի բոլոր երկրներում, շատ նման է Վաշինգտոնին տրվող համարժեք պատասխանի. դուք մեզ ճգնաժամ պարտադրեցիք ՈՒկրաինայում, մենք ձեզ առճակատում կպարտադրենք ձեր «փափուկ փորատակին»։ «Համարժե՞ք» է, արդյոք, ՈՒկրաինայի փոխարինումը Լատինական Ամերիկայով։ Ապագան ցույց կտա։ Բայց ԱՄՆ-ի նյարդային ու ցավագին արձագանքը, որին լիովին ներդաշնակում է նաև ուկրաինական երկնքում մալայզիական «Բոինգի» վթարը, կարող է վկայել այն մասին, որ Վաշինգտոնը Վ. Պուտինից հարավամերիկյան նախաձեռնություն չէր սպասում։
Իսկ Իրանին ամերիկացիները կաշկանդել են... Իրաքով ու քրդերով։ Իրավիճակը ծայրաստիճան սրված է, այնքան, որ Հյուսիսային Իրաքի քրիստոնյաների, այդ թվում` հայերի ողբերգությունը նույնիսկ տասներորդ պլան է մղված։ Իսկ չէ՞ որ դա յուրովի ցեղասպանություն է, չէ՞ որ ամերիկամետ ISIL-ի պարագլուխները քրիստոնյաներին «ընտրության երեք տարբերակ» էին տվել.
1) իսլամ ընդունել,
2) հեռանալ Իրաքից,
3) իսլամից և արտագաղթից հրաժարվելու դեպքում` մահ։
Ամերիկան լռում է։ Իսկ լռությունը համաձայնության նշան է, ինչպես հայտնի է։ Բայց չի լռում Իրանը։ Չեն լռում Իրաքի շիաները։ Այդ կողմերը Մ. Բարզանիի առաջնորդությամբ քրդերի գործողությունները միարժեքորեն հավասարեցնում են ISIL-ի զինյալների գործողություններին։ Քրդերը, ինչպես որ ԱՄՆ-ի կիևյան խամաճիկները, իրենց համարում են «վիրավորված» և պահանջում են (ԱՄՆ-ի և Իսրայելի թելադրանքով) «քրդական պետականության» վերածնություն, թեև բոլորին է հայտնի, որ քրդերը երբեք ինքնիշխան կենտրոնացված պետություն չեն ունեցել։ ԱՄՆ-ի և Իսրայելի թելադրանքով քրդերը հաջողությամբ «մշակում» են Թուրքիային. և ահա սա, կարծես, համաձայնել է պետք եղած դեպքում ճանաչելու Քրդստանի անկախությունը, եթե քրդերը մեծացնեն Իրաքի հյուսիսից նավթի մատակարարման ծավալները` օրական 120000 բարելից տարեվերջին հասցնելով 400000 բարելի։ Բայց Իրանը Թուրքիա չէ, Իրանը շատ ավելի ազատ ու ինքուրույն է, քան Թուրքիան։ Իրանի պետական գործիչները խոսում են ոչ թե Քրդստանի ստեղծման ծրագրին դիմակայելու, այլ «Իրաքի մասնատման իսրայելական ծրագրին» հակազդելու մասին, ինչպես օրերս ասաց Իրանի արտգործնախարարի արաբական և աֆրիկյան երկրների գործերի գծով տեղակալ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը։ Եվ Թեհրանը Իրաքի քրդերին շատ կոշտ նախազգուշացնում է` «չխաղալ մի խաղ, որ պարտադրել են ԱՄՆ-ը և Իսրայելը»։
Համենայն դեպս, հասկանալի է, որ եթե իրաքցի քրդերի հետ կապված ամերիկա-իսրայելական հաշվարկը «գործի», ապա հերթը նորից կհասնի բազմաչարչար Սիրիային` իր քրդերով, քրիստոնյաներով, ալավիներով, շիադավաններով ու դրուզներով, որոնք, ինչպես հայտնի է, 2012 թվականից հանդես են եկել և գալիս Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ-ի ու Իսրայելի ծրագրերի դեմ։ Իրաքի Քրդստանի անկախության հռչակման, Իրաքի և Սիրիայի մի շարք տարածքներում ISIL-ի զինյալների վերահսկողության ամրապնդման հետ կապված վտանգներն ու սպառնալիքները մշուշում են այն հանգամանքը, որ Իսրայելը, օգտվելով խառնակ վիճակից, հիմա ևս մեկ կայծակնային պատերազմ է իրականացնում Գազայի հատվածում։ Բայց սա ևս մի քայլ է` ուղղված Մերձավոր Արևելքում կայունության մնացորդների վերջնական խարխլմանը, ինչ էլ որ ասելիս լինեն իսրայելական քաղգործիչներն ու զինվորականները ի պաշտպանություն իրենց ներկա պատերազմական գործողության։ Եվ հասկանալի է, որ Իրանի մոտակայքում նույնիսկ ոչ թե մեկ (Իրաքում), այլ ամբողջ երկու զինված դիմակայությունը էական գործոն է շեղելու Թեհրանի ուշադրությունն ու ռեսուրսները և մի ինչ-որ (համոզված եմ` ոչ 100-տոկոսանոց) երաշխիք այն բանի, որ Իրանը կարող է ռիսկի չդիմել միջամտելու Անդրկովկասի գործերին, եթե անգամ այնտեղ իրավիճակը հանկարծակի ծայրահեղորեն «շիկանա»։
Եվ այսպես, Ռուսաստանին «շեղեցին» ՈՒկրաինայով և ԱՄՆ-ի հեգեմոնիային դիմակայելու գլոբալ ծրագրերով։ Իրանին` Իրաքով, Գազայի հատվածով ու քրդերով։ Վերջ, Անդրկովկասի ճանապարհը բաց է ամերիկյան սադրիչների ու հրահրիչների առջև։ Արտաքուստ գոնե` այո։ Արդյոք սրանից հետևո՞ւմ է, թե ամերիկացիները կփորձեն «մայդանել» (ընդ որում գրեթե միաժամանակ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը)` մենք առայժմ ձեռնպահ կմնանք կանխատեսելուց։ Համենայն դեպս, մայիսին ամերիկյան պաշտոնատար անձինք միանգամայն թափանցիկ կերպով ակնարկներ արեցին Բաքվի վերաբերյալ, իսկ հիմա Սաակաշվիլու կուսակցությունը (Միասնական ազգային շարժում) բացահայտորեն սպառնում է Բիձինա Իվանիշվիլուն ու նրա կողմնակիցներին, թեև նրանք էլ առանձնապես հեռու չեն գնացել ԱՄՆ-ից ու Արևմտյան Եվրոպայից։
Կարծես լռում են Հայաստանի եվրաազատականները։ Սակայն բացահայտ «մայդանամետ» գրվածքները, որ խզբզված են ի պաշտպանություն կիևցի ազգայնականների, վկայում են այն մասին, որ մեր ամերիկամետներն էլ ձեռքները ծալած չեն նստում։ Ընդ որում, իրենց առանձնապես հաշիվ չեն տալիս, որ զբաղված են իրենց ամերիկացի «բարեկամների» մի ինչ-որ հույժ հակահայկական, և անգամ կարելի է կոնկրետացնել, հակաարցախյան նախագծով։ Բայց այստեղ մի «բայց» կա։ Երբ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հուլիսի 18-ին մամուլի ասուլիս տվեց Երևանում, ներկա գտնվող տիկնայք և պարոնայք, չգիտես ինչու, հիմնական շեշտը դնում էին գազի մատակարարման հարցերի և Հայաստանի «տարանցման հեռանկարների» վրա։ Պարոն Ռեիսիի խղճին թողնենք այդ հարցի առթիվ նրա որոշ հայտարարությունները։ Բայց զարմանք արտահայտենք, որ Հայաստանում չի գտնվել մեկ մարդ, որը նշեր իրանցի դիվանագետի հայտարարությունների գլխավոր ասելիքը։ Ահա այն. Իրանը հանդես է գալիս հակամարտության գոտում «ցանկացած օտարերկրյա զորախմբի» տեղաբաշխման դեմ, թեկուզ և խաղաղարարության առաքելությամբ։ «Այլ զորքեր» ասելով, ինչպես ճշտեց խորհրդաժողովի հյուրը, նկատի է առնվում ցանկացած ոչ հայկական և ոչ ադրբեջանական զորախումբ։
Այսինքն, մեր տարածաշրջանային գործընկերներից գոնե մեկը հաստատ կմիջամտի, եթե արտատարածաշրջանային որևէ երկիր փորձի Անդրկովկասի «մայդանացմամբ» մտցնել տարածաշրջան։ Այդուամենայնիվ, դա չի կարող հանգստացնել։ Միևնույն է, Հայաստանի և Արցախի խնդիրն է կանխել ցանկացած թափանցում, ում կողմից էլ որ այն բխի։ Եվ հուսալ, որ մենք չենք մնա առանց մեր ավանդական գործընկերների աջակցության։ Սակայն չենք կարող չնշել, որ Ռուսաստանի և Իրանի սահմանների երկայնքով ցանկացած պատերազմ ձեռնտու է միայն ԱՄՆ-ին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ