38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ոմանց պարը կամրջին է բռնում

Ոմանց պարը  կամրջին է բռնում
27.06.2014 | 01:21

Ներքաղաքական զարգացումներում ամենաէականը ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի կրկնակի երևութացումն էր` իր «հետևանքներով» հանդերձ (նա ասաց` ոչ թե քառյակի, այլ ինձ հետ գործ ունեք, ես նահանջողներից չեմ), որքան ԱԺ արտահերթ նստաշրջանը:
Բայց նախ` Քոչարյանի «երևման» մասին. այս անգամ «նոու-հաուն» ամենևին էլ նրա արտաբերած մտքերը չէին, որոնք բացարձակ էներգետիկա չունեին, չնայած այն հանգամանքին, որ հիմնականում վերաբերում էին էներգետիկ ոլորտին, այն է` Որոտանի հէկին, և ասված էին հատուկ Հայաստանում գտնվող Ս. Լավրովի «ականջի» համար: Նորույթը Քոչարյանի պահվածքն էր. առաջին անգամ նա հստակ, արտահերթ նիստում պլան «ա»-ի տապալումից հետո, պլան «բ»-ն գործի դնելով` տողատակով ասաց` խաղի մեջ եմ մտնում:
Խաղից դուրս նրա «տողատակը» վավերացրեց ոչ անհայտ Ստեփան Մարգարյանը: «Հա, մտնում է, ու մենք իր քաղհպատակներն ենք այսուհետ», այն է` ջավախեցի պատգամավորը չբացառեց ԲՀԿ-ի (ՀԱԿ-ի էլ, «Ժառանգության» էլ, ՀՅԴ-ի էլ) համագործակցությունը Քոչարյանի հետ:
Դո՛ւ ասացիր: Մենք մի «դար» է՝ ասում էինք:
Եվ այնուհանդերձ, նկատենք, որ պլան «բ»-ն խաղարկվեց խիստ հապշտապ, առանց մեծ հաշվարկի, ինչն ակնհայտ էր թե՛ Քոչարյանի խոսքում հիմնավորումների բացակայությունից, թե՛ առավելապես լղոզվածությունից: Բայց նախ` սխալ հաշվարկից: Նրանք, ովքեր արտահերթի օրերին ԱԺ դահլիճում հետևում էին նիստի ընթացքին, շատ արագ հասկացան, որ «սարքվում» է խորհրդարանական ճգնաժամ, ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի բացակայության պայմաններում, անկյուն է քշվում` ապացուցելու, որ խմբակցությունում չկա այնքան պատգամավոր, որ կարողանան քվորում ապահովել, տապալվեց քսանչորսժամյա ռեժիմը, ընդ որում՝ այդ ամենը` առանց Քոչարյանի պատգամավորների (որոնց գիտենք՝ ով են ՀՀԿ-ում) հետ չի քաշելու, բա որ քաշե՜ր...
«Դե «քաշելը» դու հիմի տես», ասվեց արտահերթի երրորդ օրը, երբ արդեն իսկ Սերժ Սարգսյանը վերադարձել էր Վրաստանից` յուր մեծամասնությանը հավաքել Ծաղկաձորում` ճաշ-հանդիպման` հասկանալի հետևանքներով հանդերձ: Ծաղկաձորին հաջորդող օրը Գալուստ Գրիգորիչ չէր ամբիոնում նստած, այլ Թուր Կեծակի. նա «կացնային» հարվածներով առ ոչինչ էր անում քառյակի բոլոր քսանրոպեանոց ընդմիջումները, պահանջները` քառատում, «կոնվեյերի» վրա էր դնում բոլոր օրենքները, արտահերթը արտահերթի վրա անցկացնելով, «ընդունել» տալով, «ձորը գցելով» հակառակորդ «ֆիրմայի» բավականին մանրակրկիտ մշակված պլան «ա»-ն:
Մի խոսքով, խորհրդարանական ճգնաժամ, ՀՀԿ-ական մեծ ֆիասկո տեղի չունեցան Լավրովի այցի, Հայաստանի` Եվրասիական անդամակցության ձգձգման, Ադրբեջանի հետ աշխարհի, բայց առաջին հերթին Ռուսաստանին «խաղեր» տալու ֆոնին:
Ավելին, Ռուսաստանից լուր եկավ, որ ոչ մի մաքսային կետ էլ չի դրվելու Ղարաբաղի ու Հայաստանի միջև: Ասել է՝ ամռան այս տապին ներքաղաքական վիճակը, բացի Աֆրիկյանների տան մոտ տեղի ունեցողից, այլ գործոններով չի ապակայունացվելու` աշնանն ընդառաջ, երբ արդեն Քոչարյանն ավելի ակտիվորեն էր ներգրավվելու գործընթացների մեջ, որպես արբիտր, որովհետև ամառվա և արտահերթի ԱԺ հողը շատ բարեբեր էր լինելու դրա համար:
Չեղան:
Քոչարյանն ինքը, հողի փոխարեն, ստիպված «բարեբեր» եղավ` հարցազրույցի տեսքով:
Որն էլ, ճիշտն ասած, շատ շուտ մոռացանք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ