38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Պուտինի այցը Չինաստան ռուս իշխանի յուրօրինակ ուղևորություն էր Ոսկե հորդա՝ իշխանության հրամանագիր ստանալու»

«Պուտինի այցը Չինաստան ռուս իշխանի յուրօրինակ ուղևորություն  էր Ոսկե հորդա՝  իշխանության հրամանագիր ստանալու»
03.06.2014 | 11:49

Եվ այսպես, Ռուսաստանի նախագահի երկօրյա այցը Չինաստան կայացավ։ Ռուսական մամուլն այն նշանավորեց իբրև «պատմական», վերհիշեց հարաբերությունների բարդ տարիներին մոռացված՝ անցած դարի 50-ականների «Մոսկվա-Պեկին» երգը, խոսեց «չինական ճեղքման», ինչպես նաև այն մասին, որ պուտինյան «պատասխանն Արևմուտքին» իրեն սպասել չտվեց (մեկնաբանությունները սոցցանցերում է՛լ ավելի հիացական ու գունեղ էին)։ Ռուսական ընդդիմադիր մամուլի բեկորներն իրենց հերթին ասում են, որ Պուտինը «Ռուսաստանը ծախել է Երկնակայսրությանը», որ այցը ցույց տվեց ռուսական իշխանության խուճապը, և որ «Պուտինի այցը Չինաստան ռուս իշխանի յուրօրինակ ուղևորություն էր Ոսկե հորդա՝ իշխանության հրամանագիր ստանալու»։ Արևմտյան փորձագետներն այդ այցը դիտարկում են ուկրաինական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ Կրեմլի հարաբերությունների սրման ֆոնի վրա, ըստ էության համարում են, որ «սիրախաղ անել` չի նշանակում ամուսնանալ», և ամենից հաճախ հարց են տալիս. «Մոսկվայի ու Պեկինի մերձեցումը երկա՞ր ժամանակով է, արդյոք», իսկ վերջին հաշվով ամփոփում են. «Չինաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանը միշտ դատապարտված է լինելու միայն կրտսեր գործընկեր և հումքի մատակարար»։
Սակայն, թվում է, ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է և, ինչպես միշտ, թաքնված է մանրամասներում։ Ի դեպ, նկատեմ, որ չինական մամուլը շատ ավելի զուսպ էր գնահատականներում ու եթե անգամ խոսում էր ինչ-որ նոր իրողությունների մասին, ու նաև այն մասին, որ «աշխարհաքաղաքական իրադրությունը Մոսկվային ու Պեկինին դրդում է որոնել համագործակցության նոր ոլորտներ», ապա բացառապես ռուսական մեկնաբանությունների ու փորձագիտական գնահատականների համադրությամբ։ Մի հետաքրքիր մանրամասն. Շանհայի հեռուստատեսությունը Ռուսաստանի նախագահի այցը լուսաբանում էր առավելապես իբրև շարքային իրադարձություն։ Ի դեպ, վաղուց ծրագրված այցը Պեկին չէր, թեև ավելի վաղ միշտ խոսվում էր հենց մայրաքաղաքի մասին, և, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր Ռուսաստանում, չուներ պետական դիվանագիտական կարգ. այն պաշտոնական էր և տեղի էր ունենում Ասիայում փոխգործակցությանն ու վստահության միջոցառումներին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում։ Այսինքն, ամենևին բարձր չէր գագաթնաժողովի մյուս 15 մասնակիցների համեմատ։ Ճիշտ է, պետք է նկատել, որ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան սկսվել էր ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ չին-ռուսական ռազմածովային համատեղ զորավարժությունների բացումով, որոնք նման էին 2012 և 2013 թվականներին անցկացվածներին, և որոնց մասին «Ժենմին ժիբաոն» գրում է. «Անցած չին-ռուսական զորավարժությունների համեմատ, «Ծովային փոխգործակցություն-2014»-ը չի առանձնանում զորքերի ամենամեծ թվակազմով, սակայն այս անգամ վառ առանձնահատկությունը նոր տիպի մեծաթիվ սպառազինություններն են, հատկապես չինական կողմից»։ Եվ այս զորախաղերը, թերևս, դարձան Մոսկվայի կողմից տարփողված քաղաքական, առավել ևս ռազմական «բևեռի» միակ դրսևորումը։
Չին քաղգործիչները, կարծես, դեռևս ձգտում են իրենց դրսևորել բացառապես իրատեսորեն, առանց շտապելու, Կրեմլն ուսումնասիրելով Արևմուտքի հետ անցկացվող խորհրդաժողովում։ Այսինքն, այն չափով, ինչ չափով Պուտինը, հավանաբար, կուզենար քաղաքական աջակցություն ստանալ, Չինաստանը, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէր ցուցաբերելու։ Չէ՞ որ չի կարելի ՈՒկրաինայում ծայր առած ճգնաժամով մտահոգության, ուրիշ պետությունների ներքին գործերին միջամտելուն դիմակայելու անհրաժեշտության մասին Սիի հերթական լղոզված հայտարարությունները և ՈՒկրաինայի բոլոր տարածաշրջանների երկխոսության անհրաժեշտության մասին նրա կոչերը լրջորեն համարել Կրեմլի գործողություններին ցուցաբերվող լուրջ աջակցություն։ Իհարկե, այստեղ ավելի կարևոր է նշել թե՛ Պեկինի զգուշավորությունը, թե՛ անբարեհաճությունն այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում ՈՒկրաինայում, քանի որ թեև Չինաստանում ամենևին չեն սիրում ամեն տեսակ հեղաշրջումներ և իշխանափոխություններ, անջատողականություն նա ևս չի ուզում։ Եվ գլխավորը, Չինաստանը ՈՒկրաինայում շահեր ունի, որոնք արդեն բավական լրջորեն տուժեցին տեղի ունեցածի հետևանքով։ Եվ այստեղ ուշադրություն դարձնենք, մեր կարծիքով, ևս մեկ կարևոր մանրամասնի։
Այցի շրջանակներում ստորագրված 47 փաստաթղթերի պաշտոնական ցանկում չկա որևէ համաձայնագիր, որը վերաբերեր Ղրիմում Կերչի նեղուցի վրա կամրջի շինարարության համատեղ նախագծին։ Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները լայնորեն հաղորդագրություններ էին հրապարակում այն մասին, թե Չինաստանը, իբր, մասնակցելու է նախագծի ֆինանսավորմանն ու իրագործմանը, և ազդարարում էին, որ այդ հուշագիրը կստորագրվի այցի ընթացքում։ Եվ այդ փաստը ուկրաինացի փորձագետներին իրավունք է տալիս ասելու, որ «Կերչի կամրջի շինարարությանը մասնակցել-չմասնակցելը Ղրիմի զավթման նկատմամբ Երկնակայսրության իրական վերաբերմունքի ինդիկատորն է»։ Հարկ է, առհասարակ, նկատել, որ թեև Պեկինը, ամենայն հավանականությամբ, որոշ ըմբռնումով է վերաբերվում Պուտինի ցանկությանը՝ ցույց տալու սեփական ժողովրդին, որ ինքը նոր հզոր դաշինք ունի Արևելքում, իսկ գլխավորը՝ նրա մտադրությանը՝ հանգստացնելու մերձավոր շրջապատին արևմտյան պատժամիջոցների հարցում, սխալ կլիներ ձեռք բերված պայմանավորվածությունները համարել ինչ-որ ռազմավարական հակաարևմտյան դաշինքի անկյունաքար։ Անգամ գազի վերաբերյալ բազմաչարչար և վերջապես ստորագրված պայմանագիրը միայն Ռուսաստանում է դիտվում որպես ոչ առևտրական գործարք։ Եվ այստեղ դժվար է չհամաձայնել ԱՄՆ-ի պետդեպի ղեկավար Ջոն Քերրիի հետ, որ այդ պայմանագիրը պայմանավորված չէ ուկրաինական ճգնաժամով։ «Նրանք դրա վրա աշխատելու են 10 տարի։ Դա ընթացիկ իրադարձություններին տրված անսպասելի պատասխան չէ»,- ընդգծել է Քերրին։ Թեև «դարի գործարքի» դրական, բացասական կողմերի ու հեռանկարների մասին մենք ավելի մանրամասնորեն կպատմենք մոտ ժամանակներս, այստեղ ուշադրության առնենք մի քանի հանգամանք. նախ, պայմանագիրն ստորագրվեց Շանհայի ժամանակով առավոտյան ժամը չորսին միայն. չինացիներին նման աշխատակարգը ամենևին բնորոշ չէ և վկայում է բանակցությունների առանձնակի բարդության մասին։ Իսկ գլխավորը՝ պայմանագիրը կնքվել է դոլարով։ Այսինքն, պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ դաշտ էր ֆանտազյորների համար, որոնք երազում էին ռուբլով կամ յուանով հաշվարկների մասին, ասենք «շուտով ԱՄՆ-ի ու դոլարի վերջը կգա» մարգարեությանն էլ, երևի, վերջ տրվի։ Ստացվում է, որ ռուսներին ոչինչ չի մնում, եթե ոչ 30 տարի աղոթել դոլարի աճի համար, այլապես նման իրավիճակում դոլարի անկում ցանկանալ՝ կնշանակի սեփական գերեզմանափոսը փորել։
Իհարկե, Պուտինի ուղևորությունը որոշակի վարկանիշային արդյունք կարող է ունենալ։ Ասենք «պայմանավորվածությունների ֆանտաստիկ փաթեթն» ինքը, առաջին հայացքից, տպավորիչ է։ Հանդիպման արդյունքների հիման վրա որոշում ընդունվեց ստեղծել ներդրումային համագործակցության երկկողմ հանձնաժողով։ Ներդրումների զգալի մասը գնում է տրանսպորտային նախագծերին, այդ թվում՝ Ամուր գետի երկաթուղային կամուրջը, որի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին և կավարտվի մինչև 2016 թ.։ Կամրջի արժեքը գնահատված է ավելի քան 500 մլն դոլար, և ներդրումների մեծ մասն իրենց վրա կվերցնեն ՉԺՀ-ի բանկերը։ Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրերն ստորագրեցին «Ռուսական երկաթուղիներն» ու «Չինական երկաթուղիները»։ Պայմանագրի կենտրոնում Ռուսաստանի և Չինաստանի միջև սահմանային երկաթուղային անցումների ու սահմանամերձ երկաթուղային ենթակառուցվածքի զարգացումն է։ Ծրագրվում է նաև կոնտեյներային փոխադրումների պայմանների բարելավում և պահեստների ընդլայնում։ Սակայն գլխավոր խնդրի՝ երկաթուղու միջգծային լայնության՝ չինական և ռուսական ստանդարտների անհամապատասխանության, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսից մինչև Եվրոպա Չինաստանի բեռնահոսքի նախագծերում Անդրսիբիրյան մայրուղու հնարավորությունների օգտագործման հարցի շուրջ, դատելով ըստ ամենայնի, առայժմ քննարկումներ չեն եղել։ Հայտնի է դարձել, որ չինացի ներդրողները կարող են միջոցներ հատկացնել Մոսկվայի մետրոյի շինարարությանը և ավելի քան երկու միլիարդ դոլար տրամադրել Նոր Մոսկվայում առանձին ճյուղի ստեղծման համար։ Ռուսաստանի ավիաշինական կորպորացիան և չինական մի ընկերություն համաձայնության են եկել հեռանկարային հեռագնա մարդատար ինքնաթիռի ստեղծման ծրագրի իրականացման շուրջ։ Հայտարարվել է լայնիրան ինքնաթիռների համատեղ ստեղծման մտադրության մասին, և ծրագիրը «պետք է դառնա ավիաշինության ասպարեզում միջազգային համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկը»։ Այստեղ հարկ է նշել, որ չինացիները «Աերոբուսի» հետ արդեն ինքնաթիռներ արտադրում են, ընդ որում, ոչ միշտ պահպանելով արտոնակարգը։ Սակայն ռուս փորձագետներն այդ առիթով առանձնակի երանություն չեն ապրում և նկատում են, որ այդ գործարքը բավական «արագահաս» է, որ «այնուամենայնիվ կա երկու հսկա՝ «Բոինգը» ու «Աերոբուսը», ու նրանց հետ առայժմ ոչ ոք ի վիճակի չէ մրցակցելու հեռու մայրուղիներում»։ Մյուս հանգամանքը բարձր տեխնոլոգիաներն են և տիեզերքի յուրացումը։ Չինաստանը մեծ առաջընթաց է ապրել տիեզերքի յուրացման գործում, խնդիր է առաջադրում Լուսնի վրա ունենալ մշտական կայան, և իհարկե, այստեղ ռուսական փորձը կարող է անգնահատելի լինել։ Առավել ևս, որ այդ հարցը մինչև վերջին ժամանակներս քննելի չէր Մոսկվայի ու Պեկինի հարաբերություններում։ Բայց միաժամանակ Մոսկվայում փորձագետները հիշում են ՉԺՀ-ին սկաֆանդրերի վաճառքի հետ կապված աղմկոտ սկանդալն ու կրած վնասը, երբ 2-3 սկաֆանդր գնելուց և իրենց տիեզերական ծրագրում պատճենելուց հետո չինացիները հրաժարվեցին հետագա գնումներից։ Ռուսաստանը նաև հույս ունի, որ չինացիների ձեռքով ու փողերով կզարգանա Հեռավոր Արևելքը, որը Պուտինի կողմից հռչակվել է «առաջանցիկ զարգացման տարածք»։ Չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՌԴ նախագահը հայտարարել է, որ «Հեռավոր Արևելքի արագ զարգացումը ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Չինաստանին», և այստեղ, իհարկե, Չինաստանին հասցեագրված հրավեր է երևում։ Իսկ ընդհանուր առմամբ նոր պայմանագրերի գումարն ավելի քան 60 միլիարդ դոլար է։ Դրանք գազի պայմանագրեր են, նավթի պայմանագրեր, պաշտպանական պայմանագրեր։ Նկատենք, խնդիր է առաջադրված արդեն 2015 թ. ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։ Ինքը` Վլադիմիր Պուտինն այցից առաջ հետևյալն է ասել ռուս-չինական գործընկերության նոր փուլի մասին. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այն լավագույնն է դարձել մեր ամբողջ բազմադարյա պատմության մեջ»։
Չինաստանը, իհարկե, դեմ չէ առևտրին, սակայն «տներով ընկերություն անելուն» ինչ-որ մեկի դեմ, հատկապես ինչ-որ «հոգևոր ընդհանրությամբ», հաստատ պատրաստ չէ։ Այնպես որ, բոլորը պետք է հասկանան, որ Չինաստանը մի առանձնահատուկ ինքնուրույն քաղաքակրթություն է, իր արժեհամակարգով, էապես տարբերվում է քրիստոնեական և մյուս քաղաքակրթություններից, ունի ինքնատիպ պատմական փորձ։ ՈՒ նրա հետ, կարծես, կա գոյակցության միայն մեկ հնարավորություն` գործակցել կոռեկտ, բայց զուգահեռ հարթություններում, քանի որ Չինաստանի հետ ինտեգրվելը կարող է հանգեցնել կուլ գնալուն։ Այնպես որ, Պուտինի չինական ուղևորությունն ավելի շատ հոխորտանքի է նման Արևմուտքի հանդեպ։ Եվ այն, հարկ է նկատել, Չինաստանը ներողամտորեն պաշտպանեց։ Ամենայն հավանականությամբ, այցն առկա ռազմաքաղաքական իրողությունների վրա չի ազդի, իսկ ներկա ժամանակահատվածում երկարաժամկետ պլաններ կազմելը խիստ խնդրահարույց է։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ