38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչպես ժողովրդավարական Ֆրանսիան դավաճանեց Կիլիկիայի հայերին` սիրիահայերի նախնիներին

Ինչպես ժողովրդավարական Ֆրանսիան դավաճանեց Կիլիկիայի հայերին` սիրիահայերի նախնիներին
20.05.2014 | 00:55

«Իրատես de facto»-ն և ես անձամբ քանիցս անդրադարձել ենք սիրիահայերի ցեղասպանության թեմային։ Արդեն հետևում է մնացել ապրիլի 24-ը, հետևում է մնացել նաև Հալեպի և Հոմսի հայկական թաղամասերի ազատագրումը սիրիական բանակի կողմից, թուրքերից ու մյուս վարձկաններից մաքրվել են մեր հայկական Քեսաբի արվարձանները։ Միաժամանակ, թերթի վերջին համարներում ես պատմել եմ այն մասին, որ Աստանայում կայացած Եվրասիական մեդիա-ֆորումում, Սիրիայում տիրող իրադրության քննարկման ընթացքում, այնուամենայնիվ, հաջողվեց խոսակցություն ծավալել թե՛ Սիրիայում կատարված ցեղասպանության, թե՛ առհասարակ հայերի ցեղասպանության մասին։ Համոզված եմ, անհրաժեշտ է միշտ հիշել ու, առավել ևս, հիշեցնել մեր արևմտյան գործընկերներին, թե իրենց պետությունները ինչ բացասական դեր են խաղացել ոչ միայն այսօրվա Սիրիայում, այլև Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայերի ճակատագրում։

Մեր հասարակության մեջ արևմտյան հիմնադրամների փողերով մեծանում է մարդկանց մի ամբողջ սերունդ` ազգային արժեքների կրման ցածր մակարդակով, որոնց «սովորեցնում» են հանդես գալ միայն այս ոգով` «ռուսները թուրքերից վատն են», «Ռուսաստանը հայերի ցեղասպանության մեջ պակաս մեղավոր չէ» և այսպես շարունակ։ Ես ցարական Ռուսաստանի փաստաբանը չեմ, առավել ևս, նախկին ԽՍՀՄ-ի, որի իրավահաջորդը համաշխարհային մակարդակով ճանաչված է Ռուսաստանի Դաշնությունը։ Բայց ինչպե՞ս չասես։ Ժամանակակից Ռուսաստանը, թեկուզ կիսատ-պռատ, Պետդումայի մակարդակով ճանաչել և դատապարտել է 1915-23 թթ. Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ո՞ւր է ամերիկյան Կոնգրեսի գոնե ստորին` ներկայացուցիչների պալատի որոշումը Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման առնչությամբ։ Ավաղ, Հայաստանի արևմտամետ քաղաքացիները համեստորեն լռում են այս թեմայով։

Այսօր ցանկալի կլիներ, որ մեր հասարակությունը ազատորեն խոսեր «հայերի մեկ այլ արևմտյան բարեկամի»` Ֆրանսիայի դերի մասին։ Առավել ևս, որ օրերս այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում էր։ ՈՒ մեկ անգամ ևս ապացուցեց` չէ՜, Ֆրանսիան դարձյալ «նրբին դեր» է կատարում` դարձյալ Հայոց ցեղասպանության հարցում։ Որովհետև ցեղասպանությունը համարվում է շարունակվող, քանի դեռ այն իրականացնողները հրապարակայնորեն պարսավանքի չեն ենթարկվել ու չեն դատապարտվել, չեն հաղթահարվել ցեղասպանության մյուս բոլոր հետևանքները։ Չէ՞ որ զուր չեն ասում` պատերազմներն ավարտվում են այն ժամանակ, երբ գտնվում է այդ պատերազմի վերջին անհայտ զինվորի գերեզմանը, երբ նրա մասունքները հանգիստ են գտել, և նրա հոգին խաղաղվել է։ Ճիշտ այդպես է նաև ցեղասպանության զոհերի պարագայում. քանի դեռ հանցագործները ծնկաչոք չեն ապաշխարել, քանի դեռ բոլոր զոհերը չեն ճանաչվել, ցեղասպանությունը շարունակվում է։ Բացի այդ, ցեղասպանության զոհ հայերը նաև Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր են։ Այլ կերպ ասած` Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի հայերի, ինչպես նաև նրանց սերունդների համար Առաջին համաշխարհայինը մինչ օրս էլ ավարտված չէ։

Ինչո՞ւ է այսօր պետք, առանց դիվանագիտություն խաղալու, հիշել Ֆրանսիայի խիստ բացասական դերը արևմտահայության և կիլիկիահայության պատմության մեջ։ Ոչ միայն այն պատճառով, որ նախագահներ Սարկոզին և Օլանդը հերթական անգամ կոպտորեն խաբեցին նաև Ֆրանսիայի հայ համայնքին` ավարտին չհասցնելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործը։ Ի վերջո, զուտ ներֆրանսիական քաղաքական կոնյունկտուրայով թելադրված այդ կեղտոտ հնարքներով Սարկոզին և Օլանդը հիմար դրության մեջ դրեցին և՛ Հայաստանին (բնականաբար` նաև Արցախին), և՛ ամբողջ աշխարհահայությանը։ Կգտնվեն մարդիկ, որ կասեն. «Դե, Ֆրանսիային կարելի է»։ Իսկ ես այդ կարծիքին չեմ։ Մի՞թե Ֆրանսիան չէ, որ Հայաստանի բոլոր երեք նախագահներին շնորհել է իր արժեքավորագույն Պատվո լեգեոնի շքանշանը։ Ինչի՞ համար։ Որ լռեն ու «քի՞չ խոսեն»։ Այս անգամ էլ Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները Երևանում բարձր պարգևներ փոխանակեցին։ Է, ինչի՞ համար։ Որ ի՞նչ։

Դառնանք Սիրիային ու սիրիահայերին։ Երևի մեկ անգամ էլ է պետք Հայաստանի հասարակությանը հիշեցնել, թե ինչպես և ինչու է Սիրիայում բնակվող հայրենակիցների համայնքը ստացել «Մայր համայնք» պատվատիտղոսը։ Դեռ առաջին աշխարհամարտի տարիներին Կիլիկիայի հայերից կազմավորվեց հայկական լեգեոն (Արևելյան լեգեոնի կազմում), որը պետք է կռվեր Օսմանյան Թուրքիայի դեմ և, պատերազմի հաղթական ավարտից հետո դառնար ապագա Կիլիկյան Ինքնավար Հանրապետության բանակի միջուկը։ 1916 թ. հոկտեմբերի 27-ին Լոնդոնում, եռակողմ համաձայնագրի հիման վրա, որոշվեց ֆրանսիական բանակի կազմում ստեղծել հայկական և արաբական լեգեոններ` սիրիա-պաղեստինյան ճակատում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Աղբյուրները այդ նախագծի նախաձեռնող են համարում ոչ անհայտ Պողոս Նուբար փաշային, որը հայկական հարցի լուծման տարբեր կազմակերպությունների ակտիվ անդամ էր, հայկական ազգային պատվիրակության ղեկավարը։ Սակայն Նուբար փաշան, ինչպես նաև հետագայում առաջին հայկական հանրապետության գործիչները, միանգամայն անհաս էր քաղաքական հարցերում։ Եվ ապացույցը մեր այսօրվա վիճակն է, մեր մի փշուր Հայաստանը, ինչպես և այն, որ մինչ օրս հայկական հարցը լուծում չի ստացել։ Բայց ահա Կիլիկիայում հայկական լեգեոնի ստեղծման նախաձեռնության համար շնորհակալություն, բարի հիշատակ Նուբար փաշային։

Ֆրանսիայի կառավարությունը, պայմանագրի համաձայն, պարտավորվում էր փոխարենը Կիլիկիային տալ ինքնավարության և անկախ Կիլիկյան հայկական պետության ստեղծման իրավունք, որտեղ, հայերի հետ մեկտեղ, իրավահավասար պետք է ապրեին ասորիներ, հույներ, տարբեր դավանանքի արաբներ և ուրիշներ։ 1916 թ. նոյեմբերի 15-ին ուժի մեջ է մտնում հայ կամավորականների ընդունման հրամանը, և զինվորների առաջին խոշոր խմբերը սկսում են հավաքվել հավաքակայաններում ու նախատեսված կայազորներում։ Կամավորականների ցուցակագրումը կատարվում էր ոչ միայն Եվրոպայում, այլև ԱՄՆ-ում (Նյու Յորք, Վաշինգտոն, ՈՒոթերթաուն) ու Եգիպտոսում (Կահիրե, Ալեքսանդրիա)։ Եգիպտոսում և Կիպրոսում արդեն 1916 թ. նոյեմբերի վերջին կազմավորվել էին առաջին երեք գումարտակները (1918-ի հոկտեմբերին Բեյրութում ստեղծվեց չորրորդ գումարտակը)։ Այդ ժամանակ հայկական լեգեոնը բաղկացած էր հինգ հազար զինվորից և գործում էր մերձավորարևելյան ռազմաճակատի տարբեր տեղամասերում և ուղղություններում։ 1917 թ. հոկտեմբերի 28-ին Սինայ լեռան մոտ գտնվող լեգեոնի ստորաբաժանումները Գազաբեեր Շեբա ուղղությունում մասնակցեցին գերմանա-թուրքական զորքերի դիրքերի վրա կատարված հակահարձակմանը (որից հետո հակառակորդը ստիպված էր նահանջել և, կրելով մեծ կորուստներ, հեռացավ մի շարք տարածքներից)։ Հակահարձակման ընթացքում լեգեոնի մարտիկները գերեցին գերմանացի և թուրք սպաների։ 1917 թ. հոկտեմբերի 31-ին արաբական և հայկական լեգեոնների գումարտակները մտան Բեեր Շեբա քաղաք։ Նոյեմբերի 17-ին լեգեոնի մարտիկները սկսեցին շարժվել դեպի Երուսաղեմ` քաղաքը գրավելու նպատակով։ Դեկտեմբերի 9-ին հայկական լեգեոնի ստորաբաժանումները թուրքական խմբավորմանը դուրս շպրտեցին Երուսաղեմից, և այդ կապակցությամբ առավել աչքի ընկած լեգեոնականները պարգևատրվեցին, իսկ հայկական թաղամասի հայկական եկեղեցում ժամերգություն տեղի ունեցավ` ի հիշատակ զոհված մարտիկների։

1918 թ. սեպտեմբերի 18-ին Արարա (Ռաֆաթ-Արարա) բարձունքի մոտ տեղի ունեցավ այն, ինչը վճռեց պաղեստինյան ճակատի գործողության ելքը։ Հայկական լեգեոնի գումարտակը կարողացավ, առանց հրետանային նախապատրաստության, նվազագույն կորուստներով կոտրել թուրքական բանակի զորամասերի համառ դիմադրությունը և գրավել բարձունքը` ռազմաճակատի այդ կարևոր ռազմավարական հատվածում անգլո-ֆրանսիական զորքերի համար ապահովելով հակահարձակման նպաստավոր հնարավորություն։ Հայ լեգեոնականների համարձակությունն ու հերոսությունը բարձր գնահատվեցին երկու բանակների հրամանատարության կողմից. լեգեոնականներից շատերը պարգևատրվեցին ֆրանսիական ու բրիտանական պարգևներով։ Ճակատամարտի վայրում կառուցվեց հուշարձան` ի հիշատակ զոհված հայ զինվորների։ 1918 թ. նոյեմբերի վերջին հայկական լեգեոնի գումարտակները, ճեղքելով թուրքական բանակի պաշտպանությունը, մտան Կիլիկիա և լիովին ազատագրեցին այն։

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից և Մուդրոսի 1918 թ. զինադադարի կնքումից հետո, հայկական լեգեոնը (մոտ 6 հազար զինվոր) հույս ուներ, թե ահա, մոտ է Հայկական Կիլիկիայի վերականգնման պահը։ Սակայն, թուրքերի հետ Ֆրանսիայի դավադիր պայմանավորվածությունից հետո լեգեոնականներին դուրս մղեցին Սիրիա։ Շուտով հարկադրված էին նրանց հետևել նաև 1915-18 թթ. ցեղասպանությունից հետո ողջ մնացած բոլոր կիլիկիահայերը։ Այսպես սկսեց ձևավորվել Սիրիայի ներկա հայ համայնքը։

Ինչպես գրում է Ռ. Սահակյանն իր «Ֆրանս-թուրքական հարաբերություններն ու Կիլիկիան 1919-20 թթ.» գրքում, «1920 թ. սկզբին Կիլիկիայի ամբողջ բնակչությունը, այսինքն Ադանայի վիլայեթի և Մարաշի սանջակի բնակչությունը` միասին, կազմում էր 500 հազար մարդ, որոնցից 150-160 հազարը հայեր էին, 120 հազարը` արաբ-անսարիներ, 100 հազարը` թուրքեր։ Մնացած 120-140 հազարը քրդեր էին, չերքեզներ, հույներ, ասորիներ, քրիստոնյա սիրիացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է կրոնական պատկանելության տեսակետից Կիլիկիայի բնակչության կազմին, ապա մահմեդականների թիվը հասնում էր 270-280 հազարի, քրիստոնյաներինը` 220 հազարի։ Մինչդեռ, սուլթանյան պաշտոնական վիճակագրության համաձայն, մինչև Առաջին աշխարհամարտը` հայերի զանգվածային տեղահանությունից ու եղեռնից առաջ, քրիստոնյաների թիվը գերազանցում էր մահմեդականների թվին»։ Քրիստոնյաների մեջ էլ գերակշիռ մեծամասնությունը հայ էր։

Հուսամ, որ ընթերցողն արդեն հասկացավ, թե ինչ է արժեցել Ֆրանսիայի դավաճանությունը` դավաճանությունը հայերի և Կիլիկիո մյուս քրիստոնյաների հանդեպ։ Բայց դրանով Ֆրանսիան վերջ չտվեց հայերի ու մյուս քրիստոնյաների հանդեպ իր դավաճանությանը։ 1938 թ. սեպտեմբերի 7-ին, և նորից հայերի թիկունքում, Ֆրանսիան հերթական անգամ գաղտնի պայմանավորվածություն ձեռք բերեց Թուրքիայի հետ` այս անգամ Սիրիա-Լիբանան (Հաթայ) ֆրանսիական ենթամանդատային Ալեքսանդրետի սանջակի տարածքի առնչությամբ։ Ֆրանսիացիները պարզապես չդիմադրեցին Թուրքիայի կողմից այդ տարածքի բռնանվաճմանը։ ՈՒ նորից հայերն ու մյուս քրիստոնյաները փախուստի դիմեցին թուրքական դահիճների ձեռքից` Սիրիա և Լիբանան, բնականաբար։

ՈՒ եթե 1914-39 թթ. իրադարձությունները համեմատելու լինենք 2011-14 թթ. իրադրության հետ, ապա անզեն աչքով էլ երևում է, որ Սիրիայի ալավիների ու քրիստոնյաների գլխին նորից զանգվածային բռնությունների ու ցեղասպանության սպառնալիք է կախված։ Սա ոչ միայն Սիրիայի ներքին իրադրության վահաբացման փորձ է, այլև Ֆրանսիայի ու Թուրքիայի հերթական «մասնակցություն» ծեծուջարդի, թալանի ու սպանությունների կազմակերպմանը` Արևմուտքին անհնազանդ բնակչության նկատմամբ, այդ թվում` մեր արյունակից հայերի։ Իսկ հիմա ընթերցողներն իրենք թող որոշեն` արդյոք հայերի բարեկա՞մն է Ֆրանսիան։ Առավել ևս, որ պարոն Օլանդը Բաքվում երդումով խոստացավ ատոմակայան կառուցել Ադրբեջանի համար։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 7949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ