38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Այլընտրանքներ` խորքային ու մակերեսային

Այլընտրանքներ`  խորքային ու մակերեսային
06.05.2014 | 00:59

Մեկ շաբաթ առաջ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անկանխատեսելի ու անակնկալ ոչինչ ընտրության մեջ չկար: Անկանխատեսելին ու անակնկալն ընտրության գործընթաց բերեց Հրանտ Բագրատյանը: Նրա քայլը լիովին տեղավորվում է իր քաղաքական կարիերան կառուցելու ռազմավարության մեջ, բայց խառնեց մյուսների հաշվարկները: Ինքնառաջադրումով Հրանտ Բագրատյանը ստեղծեց ընտրության այլընտրանք խորհրդարանական ոչիշխանական ուժերի համար. միայն իշխանական թեկնածուի պարագայում նրանք կարող էին վերաբերմունք արտահայտել քվեարկությանը չմասնակցելով, ընդդիմադիր թեկնածուի առկայությամբ այդ դիրքորոշումն առնվազն նշանակեց, որ ոչիշխանականները, եթե դեմ են իշխանական, կողմ չեն ընդդիմադիր թեկնածուին: ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», իր ընդդիմություն լինելը մեկ օր առաջ հայտարարած ՕԵԿ-ը չմասնակցեցին քվեարկությանը: Մասամբ: Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը ձայն տվեցին Հրանտ Բագրատյանին: Ծանր վիճակում հայտնվեց ԲՀԿ-ն, Գալուստ Սահակյանն իր հավաքած ձայներով, գուցե ակամա, ապացուցեց, որ ԲՀԿ-ն որոշումներն ընդունում է Մելիք-Ադամյանում: Հակառակը հաստատող կամ պնդող ԲՀԿ-ականների հայտարարությունները զրոյացան իրենց համերաշխ քվեարկությամբ: Ճիշտ է, հետո հայտարարեցին, որ առնվազն 10-12 պատգամավոր ձայն է տվել Հրանտ Բագրատյանին ¥ազատ քվեարկության պարագայում էլ այլընտրանքային ուժի համար խոսուն թիվ է` 36-ից 10-12-ը¤, բայց դա չափազանցություն էր, որին իրենք էլ չէին հավատում, այլապես կպահանջեին քվեաթերթիկների վերահաշվարկ: Քաղաքական դեմքի կորուստն այնքան չնչին կորուստ է, որ հազիվ թե արժի ուշադրություն դարձնել քաղաքական դաշտի համընդհանուր դիմազրկության համապատկերում: ԲՀԿ-ին սպասում է նոր փորձություն` կառավարության ծրագրի հաստատումը: Հազիվ թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 100-ից պակաս ձայներ հավաքի. ԲՀԿ-ն չի կարող կողմ չքվեարկել` կրելով կառավարության 1/19 մասի պատասխանատվությունը` ի դեմս սպորտի և երիտասարդության հարցերի նոր նախարարի, վտանգելով ֆինանսական շահերը, հայտնվելով պոտենցիալ հարկատուների ցանկում: Եթե ոչ փորձառու Հովիկ Աբրահամյանը, կգտնվեն անհասկացող մարդիկ, որ հարցնեն, ինչո՞ւ ՀՀ թիվ 1 օլիգարխը տարիներ շարունակ ՀՀ թիվ 1 հարկատուն չէ, ոչ էլ եռյակում է: Հեռանկարում ռուսական վահանն էլ կարող է այլևս չկաշկանդել Գագիկ Ծառուկյանի հարկեր վճարելու ազնիվ մղումը:
Հրանտ Բագրատյանը, բնականաբար, ԱԺ նախագահ դառնալու ռեալ շանս չուներ, ոչ էլ ակնկալիք: Նա միայնակ ապացուցեց, որ ոչ մի հրաշալի քառյակ գոյություն չի ունեցել, որ իրենց ոչիշխանական քաղաքական ուժեր անվանողները կատարում էին քաղաքական պատվեր, որը չէին կարող չկատարել, և իրենց միավորողն այդքանն էր միայն: Նրանք նորից օրակարգ կունենան` ըստ արտաքին պատվերի: Սա` մեկ: Երկրորդ` ԲՀԿ-ն քաղաքականության մեջ առաջնորդվել ու առաջնորդվում է ոչ թե քաղաքական շահերով, այլ անձերի: Անձերը կարող են փոխվել, բայց գլխավորը կմնա իշխանամերձ դիրքը: Երրորդ` ՀՀԿ-ն մենակ էլ հաղթում է, որովհետև ՀՀԿ-ի դեմ իրականում չկա որևէ քաղաքական ուժ: Հրանտ Բագրատյանի ապացույցները ոչ մեկին էլ պետք չէին, վաղուց հայտնի էին, գուցե ոչ այսքան ակնհայտ: Իսկ հիմա կգա խաղաղ աշխատանքի ժամանակը. Գալուստ Սահակյանի ղեկավարությամբ` Ազգային ժողովում, Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ` կառավարությունում, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ` երկրում: Խաղաղությունը կարող է խախտել միայն արտաքին քաղաքական գործոնը:
Անցած շաբաթվա քաղաքական քննարկումների լեյտմոտիվը ո՛չ կառավարությունն էր, որ պորտֆել առ պորտֆել հավաքվեց` ապացուցելով, որ առանց քաղաքական փոփոխության համակարգային փոփոխություն չի լինի, ո՛չ ԱԺ նախագահի ընտրությունը, երբ քվեարկությունն ախտորոշիչ եղավ, ո՛չ էլ ապրիլի 29-ին Մինսկում կայացած Մաքսային միության գագաթնաժողովը` Պուտին-Նազարբաև-Լուկաշենկո ձևաչափով, որտեղ քննարկվում էր և Հայաստանի ճանապարհային քարտեզը: Չգիտես` դեպի Մաքսային միություն: Չգիտես` Եվրասիական: Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց Մինսկի գագաթնաժողովին: Չէի՞ն հրավիրել: Ձևական առումով` կարող էին չհրավիրել, Հայաստանը միության անդամ չէ: Իրավական առումով հասկանալի չէ՞` ինչպես էին քննարկում Հայաստանին վերաբերող հարց առանց Հայաստանի մասնակցության: Արդյո՞ք դա պրակտիկա է Մաքսային միությունում: Թեպետ, դատելով գագաթնաժողովի մասին ժլատ տեղեկությունից` Հայաստանի հարցը օրակարգում արձանագրված, բայց կարևորված չէր, Մինսկում Պուտին-Լուկաշենկո մենամարտում Հայաստանը պարտադիր չէ, որ ներկա լիներ:

Մենամարտը վաղուց է սկսվել, երկար էլ կշարունակվի: Բելառուսի նախագահի հայտարարությունները հարցականի տակ են դնում Մաքսային ու Եվրասիական միության հեռանկարները: Նա ցանկանում է Ռուսաստանից գնած նավթը անձամբ տնօրինել և հետագա գործարքների համար մաքսատուրք չվճարել, քանի դեռ համաձայնություն չի կորզել Պուտինից, մտադիր չէ ոչինչ ստորագրել: Բատկան հայտարարեց, որ միություն պետք է ստեղծել, երբ հարցերը լուծված լինեն: Եթե Մոսկվան ասում է, որ հարցերը կլուծվեն 10 տարի հետո, 10 տարի հետո էլ կստեղծվի Եվրասիական միությունը: Ի՞նչ պիտի անի Հայաստանն այդ ընթացքում: Ոչինչ, 10 տարին կարող է ավարտվել մայիսի վերջին, երբ պատրաստ կլինի պայմանագիրը: Իսկ գուցե` ոչ: Պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց մնալ ձևական փաստաթուղթ, քաղաքական հայտարարություն` առանց տնտեսական բովանդակության: Միակ խնդիրը, որ մնում է, նույնպես ձևական է` ստորագրե՞լ Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիր, թե՞ սպասել Եվրասիական միության ձևավորմանը:
Անցյալ ամռանը քաղաքական ուժերը բողոքում էին, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չի հրապարակվում, ու հնարավոր չէ կարծիք կազմել: Այս գարնանը ոչ ոք չի բողոքում, որ Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրն անհայտ է, ստեպ-ստեպ ինչ-որ թվեր են հրապարակվում` այսքան կետերից այսքանի շուրջ համաձայնություն կա, աշխատանքը շարունակվում է և այլն, և այլն: Բայց ի՞նչ կետեր են, ի՞նչ բովանդակությամբ, ի՞նչ հետևանքով: Միայն կոմունիստները Մայիսի 1-ին աշխատավորների համերաշխության կարգախոսների հետ «Կեցցե՛ Մաքսային միությունը» պաստառներով փողոց դուրս եկան: Նրանց համար աշխարհում մեկ էտալոն կա` ԽՍՀՄ-ը, մնացածների համար հարցը այլ է` հե՞տ դեպի ԽՍՀՄ, թե՞ առաջ դեպի ԽՍՀՄ: Հարցն ընդհանրական է, որ նույնիսկ մասնավոր պատասխան չի ստանում: Կարծես Մաքսային ու Եվրասիական միությունները մասոնական կազմակերպություններ են, որ պետք է գաղտնիքի մշուշում մնան` ներգործության ուժը չկորցնելու համար: Եթե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններին Հայաստանը իբրև կողմ էր մասնակցում, այս բանակցություններում Հայաստանը կո՞ղմ է, թե՞ կատարող: Որտե՞ղ են ընդունվում որոշումները: Ինչպես մասոնների դեպքում: Ճանապարհային քարտեզը չի՞ կորցրել ճանապարհը դեպի Հայաստան: Ապահով Հայաստան: Որին բոլորը համաձայն են ներքուստ, բայց հավուր պատշաճի տեղ-տեղ առարկում են: Բավականին բուռն: Մայիսի սկզբին ոչիշխանական քաղաքական ուժերին ինքնարտահայտման փայլուն հնարավորություն ընձեռեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց այն, ինչ քանիցս ասվել է, հայտնի է ու բացահայտ, և այն քաղաքական գործիչները, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, պետք է իմանան, որ ապագա տասնամյակում դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է: Հայտարարությանն ամենաբուռն առարկեց ԲՀԿ-ն: Այնտեղ հանկարծ հասկացան, որ ՀՀԿ-ն իրեն հռչակում է ՍՄԿԿ, և դա քաղաքական նոնսենս է: Հարց է` կուսակցությունը բազմակուսակցական համակարգի կողմնակի՞ց է, թե՞ ինքն է ուզում լինել նոր ՍՄԿԿ-ն: Եթե Շարմազանովը հայտարարեր, որ հիմնական ճանապարհն անցնում է ԲՀԿ գրասենյակով, կլիներ քաղաքական խարակիրի՞, թե՞ պայծառատեսություն: Ինչո՞ւ ԲՀԿ-ն ցավագին ընդունեց իրականության ու հեռանկարի բնութագիրը` այլընտրանք առաջացավ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է անդամակցել ՀՀԿ-ի՞ն, ու ԲՀԿ-ն հետայսու քաղաքական հեռանկարի որոնումնե՞ր պիտի սկսի: Թե՞ ԲՀԿ-ն փորձեց սեպը սեպով հանել, հիշելով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է` ԱԺ նախագահի իր ընտրության սկանդալային քվեարկությունը կարող է մոռացության մատնել մեկ այլ սկանդալով` ՀՀԿ-ի շուրջ: Ինչո՞ւ է Էդուարդ Շարմազանովն արել հենց այդ հայտարարությունը ու հենց հիմա: Նա ուզում էր հիշեցնել, որ իրականում բոլորի ուղիներն անցնում են ՀՀԿ գրասենյակով, բայց նրանք ուզում են անտեսանելի մնալ: Որ Հայաստանում քաղաքականությունը երկու ընթացք ունի` հրապարակային, որտեղ ամեն ինչ մնում է հայտարարված մտադրությունների ու ծրագրերի շրջանակում, և իրական, որը մնում է փակ սենյակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մակարդակով, որտեղ հրապարակային գործող անձինք այլ կերպարանք ու գործառույթներ ունեն: Պայմանավորվածությունների ու գործառույթների խախտման դեպքում պայմանավորվածությունները կարող են չեղարկվել կամ հայտնիանալ: Զգուշացո՞ւմ, թե՞ ուժի ցուցադրություն էր հայտարարության պահի ընտրությունը, որ լիովին տեղավորվում է ՀՀ երկրորդ նախագահի հավակնությունների հաճախացած հայտարարություններին հակադարձելու անհրաժեշտության շրջանակներում: Առավել ևս, որ նոր կառավարության անդամների նշանակումները որակվում են վերադարձ հնին, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք պաշտոնավարած նախարարներին: Ընդհանրապես Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետ գնահատվում է իբրև Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացում այնքան, որ նոր վարչապետը ուղիղ նախագահության է գնում և երաշխիքներ է տալիս գործող նախագահին, որ իր նախագահ լինելու պարագայում ամեն ինչ լավ կլինի, եթե իրեն չխանգարի: Իսկ գուցե Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը ընդամենը հերթական պատժիչ գործողությունն էր, ինչպես նրան ԱԺ նախագահ նշանակելը` հեռացնելով իշխանության գործադիր լծակներից և ռեալ ներգործությունից: Եվ տնտեսական ու քաղաքական այս վիճակում նոր վարչապետը որքան կարող է հաջողություն ունենալ, նույնքան` ձախողվել: Այդ դեպքում նույնիսկ Ռուսաստանը չի օգնի ու չի խանգարի: Ավելի ճիշտ, ցանկություն չի ունենա: Հովիկ Աբրահամյանի վարչապետական բառապաշարում ամենահաճախ հնչողը դարձել է «ժամանակ» բառը, նա որևէ որոշում ընդունելու ու իրավիճակ փոխելու համար անընդհատ ժամանակին է ապավինում: Գուցե զգալով, որ հենց ժամանակը կարող է իրեն չբավականացնել կյանքի կոչելու հրապարակային ու իրական ծրագրերը: Բոլոր դեպքերում, 2014-ի մայիս Հայաստանը մտավ օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարների փոփոխությամբ: Ճիշտ է, նրանք նույն կուսակցությունն են ներկայացնում, երկրում քաղաքական կուրսի փոփոխություն չի հետևի, դա հենց այն է, ինչ ասում է ՀՀԿ մամլո խոսնակը` ներկայի ու ապագայի կտրվածքով: Առարկողներ կա՞ն, թող գործեն: Ի վերջո, որևէ մեկը կարո՞ղ է նշել խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում 10 արմատական դրույթ, որ, բացի անունից, նրանց այլ տարբերություններ է վերապահում: Ի՞նչ տարբերություն, թե կուսակցությունները ինչպես են կոչվում, եթե բոլորն էլ գործում են նույն մեթոդներով ու նույն ուղղությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե Եվրամիությունը Հայաստանի առաջ բացի սահմանները և սահմանի առանց վիզայի երթուդարձի ռեժիմ: Հնարամիտ հայերը մեկեն կնետվեն եվրոպական աշխատաշուկա: Լեզվական խնդիրը անհաղթահարելի խոչընդոտ չէ: Թվով հայերն այնքան չեն, որ ԵՄ-ի համար խնդրահարույց լինեն, քրիստոնյա են, հեղափոխական նկրտումներ չունեն, ուստի վտանգավոր չեն: Հայաստանի համար ԵՄ երկրների աշխատաշուկան անհամեմատ բազմազան հնարավորություններ կբացի` առավել բարձր աշխատավարձով ու տրանսֆերտներով: Ռուսաստանը կկորցնի ամենակարևորը` քաղաքական ներգործության, ավելի ճիշտ, իր տարածքում բնակվող 2,5 միլիոն հայերի պարագայով, շանտաժի լծակը Հայաստանի վրա: Բայց Եվրամիությունը ծանրաշարժ կառույց է` նման քայլերի արագ իրականացման համար: Ի՞նչ կապ ուներ հետգրությունը բուն հրապարակման հետ: Ոչ մի: Կամ ուղղակի: Դատեք ինքներդ: Այլընտրանքները նաև խորքային են, և միշտ չէ, որ ամեն ինչ մակերեսին է, ինչպես ԲՀԿ-ի դեպքում:

Դիտվել է՝ 1655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ