Բավարա՞ր ժամանակ է 6 տարին ինքնագնահատականի և ընդհանրական գնահատականներում սթափ, անկողմնակալ, իրատես լինելու համար: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում՝ փաստորեն ոչ: Անվիճելի է՝ Ռոբերտ Քոչարյանն ունի դիրքի հիանալի զգացողություն. նա միշտ ապահովել է իր ամենաշահեկան դիրքը և կարողացել է օգուտ կորզել անհույս իրավիճակներից էլ: «Մի շարք օրակարգային հարցերի» նրա պատասխանների ընտրությունն ապացուցում է, որ թե նախագահության, թե ոչնախագահության տարիներին դիրքի զգացողությունը մնացել է անվրեպ: Հերթական հարցազրույցն էլ հստակ բաժանվում է երկու մասի՝ օրենսդրական-քաղաքական և քաղաքական-անձնական: Նույնքան հստակ է ձեռագրի տարբերությունը՝ օրենսդրական-քաղաքական սկիզբը, որ վերաբերում է գործող նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությանը, անակնկնալ ի հայտ է բերում սահմանադրական իրավունքի մասնագետ Ռոբերտ Քոչարյանին, քաղաքական-անձնական ավարտին նա մենակ է՝ ինքն ու ինքը՝ առանց խորհրդականների:
Ռոբերտ Քոչարյանը դեմ է Սահմանադրության փոփոխությանը՝ մանրամասնելով, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը, չկա արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին անհամապատասխանությամբ, չկա փոփոխությունների սպասում հասարակության մեջ: Եվ՝ բարեփոխման նախաձեռնությունը պայմանավորում է իշխանության վերարտադրվելու ցանկությամբ, սահմանելով՝ «Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության և առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավերժացնելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է»: Քաղգրագիտության այս դասընթացն անվիճելիությամբ հանդերձ՝ հարուցում է անխուսափելի հարց՝ իսկ ի՞նչ և ո՞վ էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին 1998-2008 թթ. Հայաստանում ապահովել Սահմանադրության գործառնությունը: Իրականում սա մեկ հարց չէ, եթե ներառի Սահմանադրության հրապարակային խախտման դեպքերը՝ սկսելով, թեկուզ, այն փաստից, որ 1997-ին նշանակվելով վարչապետ՝ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ խորհրդարան չներկայացրեց իր կառավարության ծրագիրը և փաստորեն մինչև հայտնի դեպքերը՝ գործեց իբրև չհաստատված վարչապետ: Նա ճիշտ է, երբ ասում է. «Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել», բայց իր հայրենագիտական փորձի ու հայրենասիրական ստաժի պարագայում անհրաժեշտ է պատասխանել բոլորովին այլ հարցի՝ ի՞նչ անել, որ Հայաստանում Սահմանադրությունը գործի: Հիմնավորելով 2005-ին Սահմանադրության փոփոխության իրավացիությունը և պաշտպանելով գործող Սահմանադրության կենսականությունը՝ Ռոբերտ Քոչարյանը տողատակում ասո՞ւմ է, որ ինքը կարող է և պատրաստ է կատարման երաշխավոր լինել: Եթե՝ այո, ինչպե՞ս մեր հիշողությունից ջնջենք նրա կառավարման տասը տարիները, եթե ոչ՝ նա պիտի ընդգրկվի Սահմանադրության փոփոխության հանձնաժողովում ու ապահովի գործող կառավարման համակարգի արմատական փոփոխության չանցնելը՝ ինչին դեմ է և գործող նախագահը՝ իր խոսքով: Թեպետ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ կասկածի տակ է դնում նրա դեմ լինելը՝ համարելով, որ Սերժ Սարգսյանը ապահովում է իր իշխանության մեջ մնալու տարբերակ:
Հարցազրույցի քաղաքական-անձնական ավարտին Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է իր համար երեք կարևոր հարցերի՝ վերահաստատում է, որ տնտեսության ծավալը թե՛ համադրելի թվերով, թե՛ դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում և այդպիսի արդյունքներով ընդունված չէ հպարտանալ, անկեղծորեն հաջողություններ է մաղթում ծանր ժառանգություն ստացած վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու ափսոսում է, որ գործող նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց: Այսինքն՝ ՀՀ քաղաքական օրակարգից նրան հետաքրքրում են միայն այդ հարցերը: Վերջ: Իսկ հետո նա կխոսի (երբ անհրաժեշտ համարի) կարմիր գծերի, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկների ու տուգանքների անհամաչափության, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքի մասին: Այսինքն՝ Հայաստանում «անկեղծ մտահոգության» ուրիշ ոչ մի հարց չկա: Բայց այդ պարագայում գործող նախագահին ու գործած վարչապետին միայն շնորհակալություն է պետք հայտնել: Խորին շնորհակալություն, անկեղծ ու տևական:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Այո, Ռոբերտ Քոչարյանն ունի դիրքի սքանչելի զգացողություն, բայց նա չի ունեցել ու չունի ժամանակի զգացողություն: ՈՒ բացի այդ՝ երկրի զգացողություն: