Նախաբան չեմ գրելու, ոչ էլ վերջաբան: Զուգահեռներ չեմ պատրաստվում անել, ոչ էլ համեմատություններ: Շարելու եմ հայտնի փաստերը ու, գուցե, չկարողանամ դիմադրել միայն եզրակացության գայթակղությանը: Իսկ գուցե դիմադրեմ այս անգամ: Ի վերջո, ընթերցողն ինքը պիտի մտածի: Եթե ընթերցողը չի մտածում, նրան ոչ փաստ է պետք, ոչ եզրակացություն, նրան փող է պետք ապրելու, և նա իրեն դրել է անապատում Մովսեսի հետ թափառող հրեայի տեղ, ում կերակրում էին մանանայով: Երկրորդ նման դեպք ես չեմ հիշում: Եթե գիտեք, դուք հավելեք:
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ինչպես և հայտարարել էր փետրվարի 1-ին մամլո ասուլիսում, դիմել է ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ ՌԴ վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար մեղմացնելու առաջարկով, որ նշանակում է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել: Խոսքը հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած վիզային ռեժիմի և օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետն 90 օր սահմանելու մասին է: «Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի կողմից ապօրինի ներգաղթի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Սակայն դրանում հաշվի չեն առնվել Երևանի և Մոսկվայի համատեղ ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարևոր նրբերանգներ»,- գրել է Արթուր Բաղդասարյանը՝ ըստ մամուլի: «Ռազմավարական գործընկերների, մասնավորապես` Հայաստանի հետ Ռուսաստանն իրեն լիբերալ մոտեցում կարող է թույլ տալ, ինչպես դա իր սահմանների ներսում արել է Եվրամիությունը: Երկու երկրներին անհրաժեշտ է լուծել մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման հարցը»,- նշել է ԱԽ քարտուղարը և հիշեցրել, որ Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների նկատմամբ գտնվելու ժամկետի սահմանափակում չի կիրառվում և չի կիրառվի:
Փետրվարի 5-ին Երևանում Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտնի դարձավ հարցի վերաբերյալ բանակցություններ սկսելու ռուսաստանյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին: Հայաստանն առաջարկում է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել` Անվտանգության խորհրդի, ԱԳՆ-ի և միգրացիոն մարմինների մասնակցությամբ` փոխընդունելի լուծումներ գտնելու համար:
«Երևանին անհրաժեշտ է, որպեսզի Մոսկվան առնվազն մեկ տարով երկարացնի Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների մեկանգամյա գտնվելու ժամկետը: Փորձը ցույց է տալիս, որ նրանք Ռուսաստանում գտնվում են երեք ամսից ավելի»,- ասել է Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: «Բացառված չէ, որ մենք փորձում ենք Մոսկվայի հետ հասնել ներգաղթյալների երկարաժամկետ կեցության վերաբերյալ երկկողմ պայմանագրի ստորագրման, որ գործում է Բելառուսի և Ռուսաստանի միջև»,- ավելացրել է նա:
Հայտնի է, որ ամանորյա տոներից հետո հայրենիք վերադարձած բազմաթիվ հայեր, մեծ մասամբ Վարդենիսից, չեն կարողանում հասնել Ռուսաստան աշխատելու: Նրանք մնացել են ռուս-վրացական սահմանին: Սահմանապահները հայտարարում են, որ նրանց մուտքը թույլ կտան ապրիլի 26-ից հետո: Շատերը հայրենիք վերադառնալու գումար չունեն:
Ռուսաստանին տարեկան նվազագույնը 300 հազար միգրանտ է պետք՝ այն աշխատանքների համար, որ ռուսները չեն կատարում տարբեր պատճառներով:
Այսքանը մեջբերումներ էին հայկական մամուլից, հիմա մեկ ընդարձակ մեջբերում «Голос России» ռադիոկայանի կայքից, որ պետական քաղաքականության քարոզչության խոսափողն է:
«Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել է իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին՝ խնդրելով փոփոխություններ կատարել ռուսական միգրացիոն օրենսդրության մեջ: Դիմումի նպատակն է թեթևացնել հայ աշխատանքային միգրանտների վիճակը Ռուսաստանում՝ նկատի ունենալով Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը»,- հաղորդել է «Новости-Армения»-ն: Կարո՞ղ են հայ միգրանտները արտոնություններ ստանալ Ռուսաստանի տարածքում` «Голос России»-ին պատմեց ՌԴ ԳԱԱ գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը:
-Խոսքն այն կարգի մասին է, որ Ռուսաստանում գործում է հունվարի 1-ից և սահմանում է առավելագույնը 90-օրյա միանվագ ներկայություն ռուսական տարածքում այլ պետությունների քաղաքացիների համար, որ եկել են աշխատելու: 90 օր հետո այդ քաղաքացիները պետք է 180 օրով լքեն Ռուսաստանը, որից հետո նորից կարող են գալ 90 օրով: Ամենայն հավանականությամբ, կարգը կվերաբերի համարյա 2 միլիոն հայերի, որ մշտապես գալիս-գնում են: Ինչո՞ւ է Երևանը կարծում, որ Ռուսաստանը պետք է ընդառաջ գնա:
-Դա շատ կարևոր հարց է ոչ մեծ երկրի տնտեսության համար, որտեղ ընտանեկան բյուջեի նշանակալից մասը կազմում են արտագնա աշխատանքի մեկնածների դրամական փոխանցումները: Իհարկե, հայկական միգրացիայի գերակշիռ մասն ուղղված է Ռուսաստան: Այդպիսով մարդիկ ապահովում են իրենց ընտանիքներին: Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի և նրանց ելքի ու մուտքի վերաբերյալ դաշնային օրենքի փոփոխությունները բոլորովին վերջերս են ուժի մեջ մտել: Որևէ բացառություն օրենքը չի նախատեսում: Ես կարծում եմ, որ հարցը պետք է քննարկեն ոչ միայն Հայաստանի, այլև Մաքսային միության մյուս երկրների ներկայացուցիչները, ովքեր հույս ունեն իրենց միգրանտների առկայությունը Ռուսաստանում ավելի լիբերալ դարձնել: Ի դեպ, մեկ բացառություն կա՝ Տաջիկստանը: Վերջերս վավերացվեց համաձայնագիրը, որով Տաջիկստանի քաղաքացիները կարող են գտնվել Ռուսաստանի տարածքում, եթե կնքել են աշխատանքային պայմանագիր մինչև 3 տարի ժամկետով (կարևոր փոփոխություն): Սա միակ բացառությունն է, համաձայնագիրը վավերացվել է 2013-ի փետրվարին: Հավանաբար նկատի ունենալով այս բացառությունը՝ Հայաստանի անվտանգության խորհուրդը խնդրել է քննարկել նման հնարավորություն Մաքսային միոթյանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» շրջանակներում: Բայց շատ վաղ է խոսել, թե ինչպես են նրանք տեսնում այս կարգի գործառնությունը Մաքսային միության փաթեթի փաստաթղթերի շրջանակում: Հավանաբար դա կընդունվի ավելի ուշ՝ այն ժամանակ, երբ կստորագրվեն Եվրասիական միությանը վերաբերող փաստաթղթերը:
-Ինչո՞ւ հենց Անվտանգության խորհուրդն է այս հարցով դիմում: Ինչո՞ւ հարցը չի լուծվում Դաշնային միգրացիոն ծառայության մակարդակով:
-Տեղին է համեմատությունը, եթե նավթագազային արտահանման խնդիրները Ռուսաստանում լուծվում են Անվտանգության խորհրդի մակարդակով, Հայաստանում ընտանեկան բյուջեի եկամուտների գերակշռող մասը քաղաքացիները ստանում են Ռուսաստանի և այլ երկրների գաղթօջախներից: Այդ պատճառով էլ Հայաստանից միգրացիայի բոլոր հարցերը, համենայն դեպս, վերջին ժամանակներում բավականաչափ արագ տեղափոխվում են Անվտանգության խորհրդի մակարդակ: Զարմանալի ոչինչ չկա:
-Հնարավո՞ր է Հայաստանի համար հատուկ պայմանների ստեղծումը Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների նման, կամ ինչպես արվում է Եվրամիությունում:
-Կարծում եմ՝ հնարավոր է: Ռուսաստանը գերհզոր միգրացիոն ճնշում չի զգում: Եթե նայենք երկու վիճակագրություն՝ Ռուսաստանից դրամական փոխանցումները և աշխատանքային միգրանտների թիվը, Հայաստանը առաջատար դիրքերում չէ, հինգերորդ-վեցերորդ տեղում է: Մենք չենք տեսնում ավելորդ ճնշում տնտեսության վրա, որ կարող է սոցիալական զայրույթի բռնկում հարուցել: Հայաստանի համար այդ զիջումը խելամիտ կլիներ:
-Հայաստանը զգուշացնում է Ռուսաստանին. եթե Մոսկվան ընդառաջ չգնա առաջարկին, չփորձի քննարկել միգրացիոն քաղաքականության մեղմացման հնարավոր տարբերակներ, երկու պետությունների հարաբերություններում կարող է լարում առաջանալ: Որքանո՞վ է դա ռեալ:
-Ես կարծում եմ՝ դա պետք է բացատրել բանակցային դիվանագիտության բանաձևով: Նույնը լսում էինք, երբ հայտարարում էին, որ Հայաստանը դժգոհ է գազի սակագնից, երբ հարցը դեռ լուծված չէր: Այն ժամանակ էլ հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանը կվերանայի Ռուսաստանի հետ երկկողմանի համաձայնագրերի որոշ կետեր: Ես լուրջ չէի ընդունի այդ հայտարարությունները: Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական զարգացման ու մոդեռնացման, անվտանգության երաշխավորն է, ուրեմն պետք է և հանձն առնի նմանօրինակ տնտեսական զեղչերն ու զիջումները»:
Ո՞նց էր: Չեմ հարցնում նրանց, ովքեր միայն հասկացան, որ զեղչեր ու զիջումներ կլինեն: Հարցնում եմ նրանց, ովքեր կմտածեն՝ իսկ ի՞նչ գնով: Նաև նրանց, ովքեր կհարցնեն, իսկ ինչո՞ւ: Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անում է Ռուսաստանին համոզելու, որ հայերին երկրից երեք ամիս հետո չվտարեն, բայց ոչինչ չի անում հայերին Հայաստանում աշխատանք տալու համար: Գուցե վախենում է, որ երեք ամիսը մեկ կվերադառնան Ռուսաստանից ու, բավականաչափ փող չվաստակած, Հայաստանում էլ գոնե երեք ամսով աշխատանք չգտնելով, բո՞ւնտ կանեն, և դա է գլխավոր փաստարկը: Որովհետև այդ բունտը ուղղված է լինելու նաև Ռուսաստանի դեմ: Չգիտես ինչու: Իսկ գուցե և այն պատճառով, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը ինքնուրույն էկոնոմիկա չունենա՝ մեկ, մշտապես անվտանգության խնդիր ունենա՝ երկու: Իսկ Հայաստանում արդեն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013-ին 2012-ի համեմատ կրճատվել են հացի, ձվի, հավի մսի, շաքարավազի, կարագի, էլեկտրաէներգիայի, բենզինի և ռազմավարական նշանակության այլ ապրանքների սպառման ծավալները: Հացի սպառումը կրճատվել է 3700 տոննայով, ձվի սպառումը՝ 22 միլիոն հատով, էլեկտրաէներգիայի արտադրությունը անկում է գրանցել 326 հազար կՎտ/ժ-ով՝ 4 տոկոսով, 2013-ին Հայաստանը լքել է 42 հազար ՀՀ քաղաքացի: Աշխարհի «ամենաէժան» գազից էլ սպառողներն են հրաժարվում՝ վերադառնալով պապենական աթարին ու փայտին: «Բալը թանկ է»: ՈՒ արդեն միայն «վարձավճարված» լրագրողներին, նույնքան «վարձու» ՀԿ-ներին, այլ շարքային սպառողին է հետաքրքրում հարցը՝ ի՞նչ է տալիս Հայաստանին Մաքսային միությունը: Եթե ուշադիր կարդացիք հարցազրույցը, հայ աշխատանքային միգրանտների իր տարածքում գտնվելու պայմանների հարցին Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել, երբ կստորագրվեն Եվրասիական միությանը վերաբերող փաստաթղթերը, այսինքն՝ 2014-ի վերջին՝ հայտարարված է, որ Եվրասիական միությունը գործելու է 2015-ի հունվարի մեկից: Իսկ մինչ այդ՝ «Երեք ամիսը լրացրած հայ միգրանտները երկրից կարտաքսվեն, թե ոչ» հարցը դամոկլյան սրի պես կկախվի Հայաստանի Հանրապետության կառավարության ու խորհրդարանի վրա, որտեղ պետք է քննարկվեն ՄՄ-ին և Եվրասիական միությանն անդամակցության արձանագրություններն ու համաձայնագրերը: Եթե ոմանք դա կանվանեն ռազմավարական համագործակցություն, թող անվանեն: Իրականում դա հետևանք է այլընտրանքի մերժման և պարզապես շանտաժ՝ հույժ քաղաքական փաթեթավորմամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Անկանխատեսելի են գործերն Արարչի. իսկ եթե հանկարծ Իրանի նախագահ Հասան Ռուհանին վերցնի ու պաշտոնական (պետական, աշխատանքային) այցով գա հարևան Հայաստա՞ն: Նախագահի պաշտոնում նրա նախորդ քայլերն էլ անսպասելի ու աննախադեպ էին: Ի՞նչ ենք ասելու: Վիզան Մոսկվայի՞ց ստացեք: