38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ո՞վ և ի՞նչ է օկուպացնում արցախա-ադրբեջանական հակամարտությունում

Ո՞վ և ի՞նչ է օկուպացնում արցախա-ադրբեջանական  հակամարտությունում
14.02.2014 | 01:37

Նախիջևանից Բաքու Հեյդար Ալիևի վերադարձի ժամանակներից ի վեր հայկական երկու պետությունները շարունակ բախվում են ապշերոնցիների ագրեսիվ պետքարոզչությանը, որը հիմնված է այն ստահոդ վարկածի վրա, թե իբր «հայերը օկուպացրել են Ադրբեջանի տարածքի 20 %-ը»։ Ի պատասխան այդ ստի` Երևանի ու Ստեփանակերտի ձեռնարկած միջոցները, անկեղծ ասած, չեն բավարարում։ Թեև մի պահ, կարծես, որոշակի բեկում նկատվեց։ Հիշենք` մի քանի տարի առաջ Հայաստանի արտգործնախարարությունը, փոխնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով, հանկարծ սկսեց ավելի համարձակորեն խոսել այն մասին, որ «օկուպացում» տերմինը այնքան էլ հարմար չէ հակամարտության գոտում այս կամ այն տարածքի շուրջ տարածաշրջանում տիրող իրավիճակի բնութագրման համար։ ՈՒ եթե ադրբեջանական կողմը պնդում է «օկուպացում» տերմինը, ապա հարկ է խոսել նաև ադրբեջանցիների օկուպացրած հայկական հողերի մասին։ Իսկ որպես ադրբեջանական երկարաժամկետ օկուպացման օրինակ նշվում էր ԼՂՀ-ի Շահումյանի շրջանը` Գետաշենի ենթաշրջանով։
Անկեղծ ասած, մեր խնդիրն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Սակայն ապշերոնցիների համառ ջանքերը, ովքեր, ավաղ, չեն ուզում հաշվի նստել ճշմարտության հետ, ստիպում են 2014 թվականին էլ վերադառնալ մի թեմայի, որը հայ և օտարազգի հեղինակները բազմիցս լուսաբանել են 1993-2013 թթ. ընթացքում։ Որևէ կողմի «օկուպացիայի» մասին ինչպե՞ս կարող է խոսել պետական մի կազմավորում, որը նույնիսկ ԵԱՀԿ փաստաթղթերով ճանաչվել է պատերազմ հրահրող ագրեսոր երկիր։ Այն, ինչ հիմա արձանագրվում է համաշխարհային ընկերակցության կողմից, հենց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքն է միայն։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այստեղ համոզելու բան չկա էլ. ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի իշխանությունները շատ լավ գիտեն, որ պատերազմը սկսել է հենց Բաքուն։ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտեն նաև, որ պատերազմը տանուլ տված Ադրբեջանը ջանում է միայն ՄԽ ձևաչափով բանակցային գործընթացն օգտագործել` խուսափելու համար ագրեսոր երկրների նկատմամբ միջազգային իրավունքով նախատեսված պատժամիջոցներից։ Իսկ ապշերոնցիների առավելագույն խնդիրն է ՄԽ համանախագահ երկրների միջոցով Արցախն ու Հայաստանը ծնկի բերելը։
Սակայն մենք լիիրավ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններից Անդրկովկասի, ասենք նաև ամբողջ աշխարհի հայության համար այլ արդյունք ակնկալելու։ Այն է` վերջնական փաստաթուղթ, որով վավերացված լինի ոչ միայն և անգամ ոչ այնքան հայոց բազկի հաղթանակը, որքան խորհրդային դրոշի, այնուհետև նաև իր սեփական դրոշի ներքո 1988-91 թթ. (անգամ ավելի վաղ) Ադրբեջանի իրականացրած պետական ահաբեկչության հայատյաց մուսավաթական-ֆաշիստական քաղաքականության պարտությունը։
ՈՒստի սկսենք սկզբից` աշխարհագրությունից։ 1987-89 թթ. ընդհանուր միութենական տվյալներով, այսպես կոչված, Ադրբեջանական ԽՍՀ-ն իրենից ներկայացնում էր մոտ 7 մլն բնակչությամբ մի տարածք (ադրբեջանցիներ` 5,58 մլն, հայեր` 510 հազար)։ Տարածությունը` 86,6 հազար քառակուսի կիլոմետր, բայց դա ներառյալ նախկին ԼՂԻՄ-ը և նախկին Նախիջևանի ԻԽՍՀ-ն։ Երկու ինքնավարություններն էլ քիչ առնչություն ունեն Ադրբեջանական ԽՍՀ-ին, բայց, այդուամենայնիվ։ Դրանք Արցախի ոչ ռուս բոլշևիկներն են կցել նախկինում երբեք գոյություն չունեցած պետական կազմավորմանը։ Ով ինձ չի հավատում, խնդրեմ, համեցեք։ Հավատացեք գոնե մահմեդական քաղգործիչների վկայությանը։ Մեկ անգամ ևս. 2012 թ. դեկտեմբերի 26-ին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիքաթ-Փուրը իրանական «azariha.org» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «պատմության մեջ չի եղել «Ադրբեջան» անվանումով պետություն. այն ստեղծվել է կեղծիքների ճանապարհով»։ Իրանցի խորհրդարանականը մասնավորապես նշել է. «Պատմական փաստաթղթերի համաձայն, Արաքս գետից հյուսիս ընկած տարածքը կոչվել է Արան (ըստ հայ պատմագրության` Առան- խմբ.), իսկ Արաքսից հարավ ընկած տարածքը` Ազարբայջան. այսինքն` թե՛ Արանը, թե Ազարբայջանը Իրանի մաս են կազմել։ Այնուհետև, երբ Արաքս գետի հյուսիսային մասը վերանվանվել է «Ադրբեջան», միակ նպատակը եղել է Արաքս գետից հյուսիս և հարավ ընկած տարածքները կոչել Հյուսիսային և Հարավային Ադրբեջան։ Այդ նկատառումով նույնիսկ ստեղծվել էր դեմոկրատական կուսակցություն, որի նպատակը իրանական Ադրբեջանի առանձնացումն էր»։
Արդյոք որևէ մեկն իրավունք ունե՞ր և՛ Արցախը (Ղարաբաղը), և՛ Նախիջևանը մտցնելու այդ կեղծված պետական կազմավորման մեջ։ Նախ այդ բանն արեցին անգլիական օկուպացիոն զորքերը, ապա, մեկ անգամ ևս ընդգծեմ, ոչ ռուս բոլշևիկները։ Ինձ` որպես հայի, չեն հուզում Մեծ Բրիտանիայի կայսրապետական հավակնությունները, առավել ևս այն նույն 1918-23 թթ. ՌՍԴԲ(բ)Կ անդամների կոմունիստական նկրտումները, ինձ հուզում է այն, որ անգլիացիների ու ոչ ռուս բոլշևիկների շահերը կտրականապես հակասել են հայ ժողովրդի շահերին։ Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու են այժմ բոլշևիկներից կարծես ազատված Ռուսաստանի իշխանությունները, ինչպես նաև Արևմուտքի նրանց գործընկերներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, անտեսում պատմական ճշմարտությունը, որն ուզում է վերականգնել մեր հարևան Իրանը։
Եվ այսպես, բոլոր «թեր և դեմ»-երով հանդերձ, բայց հաշվի առնելով 1991 թ. երկրորդ կեսի անդրկովկասյան աշխարհառազմավարական և քաղաքական իրողությունները, այսպես կոչված, «Ադր. ԽՍՀ» տարածքը որոշելու համար անհրաժեշտ է 86,6 հազ. քառ. կմ-ից հանել նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի (Գետաշենի ենթաշրջանով) տարածքները, այսինքն` այն հողերը, որոնք հայաբնակ են եղել և մտել են անկախ հռչակված ԼՂՀ-Արցախի Հանրապետության կազմի մեջ։ Համաձայն 1989 թ. համամիութենական մարդահամարի, ԼՂԻՄ-ի բնակչությունը կազմել է 189 հազար, այդ թվում` 145,5 հազարը` հայեր, 40,5 հազարը` ադրբեջանցիներ, 2 հազարը` ռուսներ, և 0,8 հազարը` հույներ։ Նրանք ապրել են 4,4 հազար քառ. կմ տարածքում։ Սակայն այդ մարդահամարը հաշվի չի առել Ադրբեջանի տարբեր շրջաններից, այդ թվում` Դաշտային Արցախից ելած 23 հազար հայ փախստականներին, որոնք այդ պահին արդեն ապրում էին ԼՂԻՄ-ում։ Հաշվի չեն առնվել նաև Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի տարածքներն ու բնակչությունը, ինչը հասկանալի է. խորհրդային պետության համար 1989-ին անկախ ԼՂՀ գոյություն չուներ։ Դա ավելի քան 20 հազար բնակչություն էր, իսկ տարածքը 1,5 հազար քառ. կմ-ից պակաս չէր։ Այսպիսով, այսպես կոչված, «Ադր. ԽՍՀ»-ին վերագրվող տարածքից պետք է հանել առնվազն 5 հազար քառ. կմ, և ստացվում է, որ ԼՂՀ-ի դեմ պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանի տարածքը կազմել է միայն 81,6 հազ. քառ. կմ, թեև, ընդգծեմ, Նախիջևանի տարածքն էլ պետք չէ համարել Ադրբեջանի տարածք։
Բայց այդ դեպքում ո՞րն է խնդրի էությունը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Եվ որ պակաս հետաքրքրական չէ, ցանկության դեպքում ադրբեջանցիների խարդախությունն ու կեղծիքը կարող են մերկացնել ոչ միայն, ասենք, հայերը։ Անգամ եթե հիմք ընդունենք, որ Ադրբեջանի տարածքը «հաշվարկվի» 86,6 հազար քառ. կմ-ով, միևնույն է, ոչ մի թվաբանությամբ չի ստացվի, որ իր հակահարձակողական գործողություններով ԼՂՀ-ի պաշտպանության բանակը «գրավել» է ադրբեջանական տարածքի 20 %-ը։ Հայտնի է, որ ԼՂ-ի պաշտպանության բանակը մարտական գործողությունների ընթացքում լիովին գրավել է 5 շրջան (Լաչին, Քելբաջար, Կուբաթլի, Զանգելան և Ջաբրայիլ)։ Աղդամի ու Ֆիզուլու շրջանները մասամբ են գրավված, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուրի մոտ 30 %-ը (ով չի հավատում, թող նայի ՄԽ քարտեզները)։ Իսկ ադրբեջանական տվյալներով, նշված շրջանների տարածքն ու բնակչությունը կազմում են.
Քելբաջար - 1936 քառ. կմ, 50,6 հազ. մարդ,
Լաչին - 1835 քառ. կմ, 59,5 հազ. մարդ,
Կուբաթլի - 802 քառ. կմ, 30,3 հազ. մարդ,
Ջաբրայիլ - 105 քառ. կմ, 51,6 հազ. մարդ,
Զանգելան - 707 քառ. կմ, 33,9 հազ. մարդ,
Աղդամ - 1094 քառ. կմ, 158 հազ. մարդ,
Ֆիզուլի - 1386 քառ. կմ, 100 հազ. մարդ։
Առաջին հինգ շրջանների ընդհանուր տարածքը կազմում է 6330 քառ. կմ։ Աղդամի և Ֆիզուլու շրջանների ընդհանուր տարածքը` 2480 քառ. կմ, բայց դրանից ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվում է Աղդամի շրջանի սոսկ 35 %-ը, Ֆիզուլու շրջանի` 25 %-ը, այսինքն, համապատասխանաբար, 383 և 347 քառ. կմ։ Այսպիսով, գրավյալ տարածքների մասին ադրբեջանական տվյալներում բերված թվերը (8780 քառ. կմ) իրական պատկերի կեղծիք են։ ԼՂՀ-ի հսկողության տակ գտնվող շրջանների ընդհանուր տարածությունը ոչ թե 8780 քառ. կմ է, այլ 7060 քառ. կմ, ինչը կազմում է նախկին «Ադր. ԽՍՀ» տարածքի 8 %-ը, այսինքն, երկուսուկես անգամ պակաս այն 20 %-ից, որ մշտապես պնդում են Բաքվի ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները` դիտավորյալ մոլորության մեջ գցելով միջազգային ընկերակցությանն ու համաշխարհային հասարակական կարծիքը։
Նույն կերպ հերքվում է նաև «ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների» մասին առասպելը։ 1988-89 թթ. Հայաստանից հեռացել է 168 հազար ադրբեջանցի։ Սա` նույն ԽՍՀՄ համամիութենական մարդահամարի պաշտոնական տվյալներով։ Սրանք «հայկական հերյուրանքներ» չեն։ Սումգայիթի հայերի ջարդերից և «Ադր. ԽՍՀ»-ից համարյա 400 հազար հայերի բռնի արտաքսումից 8-10 ամիս հետո Հայաստանից հեռացած այդ 168 հազար հոգին մեծ մասամբ փոխանակել կամ վաճառել էր իրենց տները, մնացածները Հայաստանի կառավարությունից դրամական փոխհատուցում ստացան, մինչդեռ Ադրբեջանից ճողոպրած հայերը մինչ օրս փոխհատուցում չեն ստացել։ 1991-92 թթ. պատերազմական գործողությունների ընթացքում նախկին ԼՂԻՄ-ից հեռացել էին, փաստորեն, բոլոր ադրբեջանցիները` 40,6 հազար մարդ կամ նրա բնակչության 21,5 %-ը (1989 թ. մարդահամարի տվյալներով)։ Նշենք, որ Ադրբեջանը միտումնավոր ուռճացնում է նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակչության թիվը` խոսելով «60 հազար» ադրբեջանցիների կամ «ԼՂԻՄ-ի բնակչության մեկ երրորդի» մասին։
Շահումյանի շրջանի ադրբեջանցի բնակիչներն իրենց տներում են մնացել շրջանի սահմանների հյուսիսային և արևելյան մասերի երկայնքով ընկած բոլոր չորս գյուղերում (հենց այդտեղով էր անցնում ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատի գիծը 1991-92 թթ.)։ Ադրբեջանցի բնակչությունը չի տուժել նաև ԼՂՀ-ի հյուսիսային մասին հարող տարածքներում, ինչպես նաև անմիջականորեն հյուսիսի բնակավայրերում, որտեղից 1988-91 թթ. արտաքսվեց 83 հազար արցախցի հայ։ Ավելին, ԼՂ-ի հյուսիսային մասից վտարված հայերի տներում ու բնակարաններում բնակություն է հաստատել ավելի քան 100 հազար ադրբեջանցի։ Այստեղ տեղավորել են նաև մսխեթցի թուրքերին, իսկ արդեն 2005-2006 թթ. տվյալներով` նույնիսկ Իրաքից և Թուրքիայից գաղթած քրդերին։
Ադրբեջանական տվյալների համաձայն, ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից լրիվ կամ մասամբ գրավված յոթ շրջանների բնակչության թիվը 1989 թ. եղել է 483,9 հազար։ Հաշվի առնելով այն փաստը, որ Աղդամի և Ֆիզուլու շրջանները գրավված են մասամբ, նշված շրջաններից տեղահանված մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 420 հազար, որից 45 հազարը, հենց ադրբեջանական տվյալներով, 1997-ին վերադարձել են իրենց տները։ Այսպիսով, նշված յոթ շրջանների բնակչության ընդհանուր թվից 375 հազարն են միայն տեղահանված անձ կամ փախստական։ Ադրբեջանցի փախստականների և տեղահանված անձանց ընդհանուր քանակը, այսպիսով, ձևավորվում է վերոհիշյալ թվից, որին պետք է ավելացնել Հայաստանից հեռացած փախստականների քանակը (168 հազ. մարդ, որոնք, ինչպես վերը նշվեց, փոխանակել են տները կամ փոխհատուցում են ստացել, ուստի միայն վերապահությամբ կարող են փախստական համարվել) և Լեռնային Ղարաբաղից հեռացած փախստականների քանակը (40,6 հազար)։ Այսպիսով, հակամարտության հետևանքով Ադրբեջանում կա ընդամենը 583 հազար փախստական կամ տեղահանված, որը կազմում է Ադրբեջանի բնակչության 7,9 %-ը։ Ադրբեջանցի մեկ միլիոն փախստականների մասին հայտարարությունները նույնպիսի առասպել են և պետական բարձրագույն մակարդակի քարոզչական կեղծիքի արգասիք, ինչպիսին Ադրբեջանի 20 % օկուպացված տարածքների մասին հայտարարություններն են։
Սակայն բերված հաշվարկներն էլ դեռ ամենը չեն։ Հանրահայտ է, որ Բաքուն, «օկուպացված տարածքներ» ասելով, հասկանում է նաև բուն Արցախը, ավելի ճիշտ, հենց նախկին ԼՂԻՄ-ի տարածքը։ Իսկ այն, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, կազմում էր, ինչպես վերն արդեն նշել եմ, 4,4 հազ. քառ. կմ։ ՈՒրեմն, եթե նույնիսկ այն շրջանների տարածքին, որ ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցել պատերազմի արդյունքում, գումարենք նաև նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, ապա, միևնույն է, այդ տխրահռչակ 20 % օկուպացված հողերը չեն ստացվի, եթե անգամ ԼՂՀ-ի տարածքն էլ մտցվի «հայերի օկուպացրածի» մեջ (դա կկազմի մոտ 13,2 հազ. քառ. կմ), ապա կարելի կլինի խոսել միայն Ադրբեջանի 10,5 % տարածքային կորուստների մասին։
Սուտ, ամեն ինչում սուտ և լկտի սուտ։ Ահա այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են Ադրբեջանի իշխանությունները հայր և որդի Ալիևների կառավարման ամբողջ ընթացքում։ Բայց չէ՞ որ ԼՂՀ-ն «օկուպացված տարածք» չէ։ Եվ եթե Բաքուն կասկածում է, թող դիմի թեկուզ այն նույն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին, որոնք ինքը վկայակոչում է, երբ պահանջում է «ազատել օկուպացված տարածքները»։ Ե՛վ ՄԱԿ-ը, և՛ ԵԱՀԿ-ն պաշտոնապես ընդունել և ընդունում են, որ, այո, կա Արցախ-ԼՂՀ պետական կազմավորում, որը զինված ընդհարում է ունեցել Ադրբեջանի հետ, և այնտեղ կառավարում են տեղի հայերը` իրենց տեղական զինված կազմավորումներով, ոչ թե Հայաստանն ու Հայաստանի զինված ուժերը։ ՄԽ համանախագահ երկրների կողմից այն բանի ընդունումը, որ անհրաժեշտ է կրկնական հանրաքվե անցկացնել Արցախի պետական-իրավական կարգավիճակի որոշման համար, ակնբախ վկայությունն է այն բանի, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան համաձայն են` Արցախը «ադրբեջանական տարածք» չէ, Արցախը ինքնորոշված տարածք է։ Ով չի հավատում, թող ծանոթանա ՄԽ մադրիդյան սկզբունքներին, որոնց շրջանակներում էլ ընթանում են վերջին տարիների բանակցությունները։ ՈՒ քանի այդպես է, ապա չկա ոչ մի, այդ թվում` իրավաբանական, հիմք պահանջելու, որ Արցախ-ԼՂՀ-ի տարածքը մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Այսպիսով, վերջնական եզրահանգումը սա է` Արցախ-ԼՂՀ-ի դեմ իր ագրեսիայի հետևանքով Բաքվի տարածքային կորուստները կազմում են նախկին «Ադր. ԽՍՀ»-ի տարածքի ընդամենը 8 %-ը։
Իսկ եթե հաշվարկենք Արցախ-ԼՂՀ-ի օկուպացված տարածքները, այդ դեպքում կբացվի շատ հատկանշական մի փաստ. Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջև ծավալված մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանական զորքերը 1992 թ. գրավել և մինչև օրս էլ իրենց ձեռքին են պահում ԼՂՀ-ի 1,2 հազ. քառ. կմ տարածքը, ինչը կազմում է նրա տարածության 18-19 %-ը։ Խոսքը ամբողջ Շահումյանի շրջանի (600 քառ. կմ), Գետաշենի ենթաշրջանի, ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունու շրջանների գրավված հատվածների մասին է։ Ահա և ստացվում է, որ Ադրբեջանը 2013 թ. դրությամբ գրավել է Արցախ-ԼՂՀ-ի տարածքի 18-19 տոկոսը։ ՈՒրեմն ո՞վ է, այդ դեպքում, մեր տարածաշրջանում օկուպանտը։
Այսօր դիտավորյալ չեմ խոսում Հայաստանի տարածքների վերահսկողության և, համապատասխանաբար, Հայաստանի կողմից Նախիջևանի (ոչ թե Ադրբեջանի, այլ հենց Նախիջևանի) տարածքների վերահսկողության հետ կապված իրավիճակի մասին։ Փոխարենը աշխարհի բոլոր երկրների բոլոր հայերին կոչ եմ անում օր ու գիշեր անդուլ կերպով մերկացնելու ադրբեջանական պետական քարոզչության ստահոդությունը «20 % օկուպացված տարածքների» և «ավելի քան մեկ միլիոն փախստականների» մասին, միաժամանակ բարձրաձայնելով ճշմարտությունը Արցախ-ԼՂՀ-ի գրեթե 20 % օկուպացված տարածքների առնչությամբ։ Ավելին, աշխարհին շարունակ հիշեցնել է պետք Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիքաթ-Փուրի խոսքերը, այսպես կոչված, «Հյուսիսային Ադրբեջանի» բուն ստեղծման կեղծության մասին։

Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ