38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ժնև-2» չի եղել, եղել է Մոնտրյո

«Ժնև-2» չի եղել,  եղել է Մոնտրյո
11.02.2014 | 01:27

Եվ այսպես, Սիրիային նվիրված տխրահռչակ «Ժնև-2» խորհրդաժողովն արդեն հետևում է մնացել։ Ճիշտ է, դա, այնուամենայնիվ, դժվար է անվանել լիարժեք միջազգային խորհրդաժողով, և այն էլ` Ժնևում։ Բանն այն է, որ, ըստ էության, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարները լրիվ ձևաչափով այդպես էլ չմասնակցեցին Սիրիայի հարցով հանդիպումների բոլոր նիստերին։ Ամեն մեկը ինչ-որ «հատուկ», հույժ ռուսական կամ հույժ ամերիկյան պատճառներով։ Բայց չէ՞ որ հենց Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էին հանդես եկել որպես «Ժնև-2»-ի գումարման նախաձեռնողներ։ Հետո էլ պարզվեց, որ նիստերը տեղի են ունենում ոչ թե Ժնևում, այլ ոչ մեծ, թեև միջազգային ճանաչում ունեցող առողջարանային վայրում` Մոնտրյոյում։ Ի՞նչ էր այս ամենը նշանակում։ Մեր կարծիքով` միայն մեկ բան. «դաշտի տերերը»` շվեյցարացիները, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հիանալի գիտակցում էին, որ այս անգամ ոչ մի արդյունք չի լինելու։
Դեռ մինչ Մոնտրյոյի հանդիպումները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև (բայց քողարկված ձևով) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Արևմուտքին և, այսպես կոչված, սիրիական ընդդիմությանը հստակորեն հասկանալ էին տվել, որ առանց Իրանի մասնակցության խորհրդաժողովը հաջողություն չի ունենա։ Մինչդեռ ԱՄՆ-ի ուժեղ ճնշմամբ Պան Գի Մունը, որը մինչև հունվարի 24-ը Թեհրանին պաշտոնական հրավեր էր ուղարկել մասնակցելու «Ժնև-2»-ին, մի երկու օր հետո... հետ վերցրեց իր հրավերը։ Հետաքրքիր է այն, որ իրավիճակին տենդագին արձագանքեցին։ Ճիշտ է, բոլոր արձագանքողներից միայն... Իսրայելը շարունակեց «խաղալ սիրիական ուղղությամբ»։ Մասնավորապես, Թել-Ավիվն արդեն բացահայտորեն սկսեց աշխարհին ցույց տալ, որ վիրավորված սիրիացի ընդդիմադիրներն ու օտարերկրյա վարձկանները բուժվում և վերականգնվում են Իսրայելի հիվանդանոցներում։ Կարիք կա՞, արդյոք, ավելի ծանրակշիռ ապացույցներ ներկայացնելու, որ սկզբից ևեթ Իսրայելն էլ էր գործել ընդդեմ Սիրիայի ու սիրիական ժողովրդի, այդ թվում` Սիրիայի քրիստոնյաների։ Իսկ ահա ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան սկսել էին «մշակել»... Ռուսաստանին` իբր, պատրաստ են «օգնություն» ցուցաբերելու Սոչիի օլիմպիադայի անվտանգության ապահովման գործում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրներին, ինչպես հաղորդեցին լրատվամիջոցները, կոռեկտ կերպով, բայց կոշտ շնորհակալություն էր հայտնել և, գոնե սաուդցիներին նա հաստատ հայտարարել էր, որ Մոսկվայում լավ են հիշում, որ հենց սաուդյան փողերով էր բազմապատկվում միջազգային ահաբեկչության ցանցը Կովկասում։ Իսկ ահա Թուրքիան, ինչպես և սպասվում էր, նախ մի երկու քայլ ձեռնարկեց ընդդեմ Իրանի, բայց հետո նորից սկսեց շողոքորթել Թեհրանին։
Եվ դրա համար կային պատճառներ։ Չէ՞ որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Հազային նշել էր, որ առանց իր երկրի մասնակցության խորհրդաժողովի մասնակիցները «զրկվեցին կարևոր աջակցությունից»։ Նա նաև կասկած էր հայտնել, թե «Ժնև-2» գործընթացն ի վիճակի է կարգավորելու հակամարտությունը։ Այդ կապակցությամբ Իրանի ԱԳՆ-ն մի շարք հայտարարություններ արեց Սիրիայի ապագայի առնչությամբ, դիվանագիտական շրջանառության մեջ դնելով ընկալման մի նոր հենք։ Նրա հաղորդման համաձայն, «Իրանի իշխանությունները համոզված են, որ Սիրիայի կապակցությամբ տարածաշրջանային և միջազգային ցանկացած գործողության առաջնայնությունը պետք է գնահատվի ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից»։ Թեհրանը հայտարարեց, որ «ներկա իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ստեղծել ազգային հաշտության կոմիտե` մասնակցությամբ հակամարտող բոլոր խմբերի, Սիրիայի կառավարության և սիրիական ժողովրդի այն բոլոր ներկայացուցիչների, որոնք երկրի ներսում ունեն սոցիալական բազա»։ Այսինքն, Իրանը նախազգուշացրեց, որ մտադիր է սիրիական հարցի կարգավորման փակագծերից հանել սիրիական ընդդիմության այն ուժերին, որոնք «այդ երկրում սոցիալական աջակցություն չունեն»։ Իսկ որոշելու համար, թե, այնուամենայնիվ, որ ուժերն այդպիսի աջակցություն ունեն, Իրանի նախագահ Հասան Ռուհանին առաջարկեց Սիրիայում ընտրություններ անցկացնել, ինչը առանց երկրում կրակի դադարեցման, փաստորեն, անհնար է անել։ Այսպիսով, Թեհրանը, փաստորեն, օրակարգ առաջարկեց արդեն «Ժնև-3»-ի համար։
Եվ թուրքերի քչփորանքը հստակորեն ցույց էր տալիս, որ Անկարան այդ պարագայում Արևմուտքի ու Իսրայելի հանձնարարությամբ ջանում է Իրանին համոզել, որ «համաշխարհային հանրությունը» սիրիական հարցում Թեհրանի օգնությանը կդիմի ապագայում` ուղղակի հարկավոր է «հանձնել» կոնկրետ և անձամբ Բաշար Ասադին։ Դատելով ըստ ամենայնի, իրենց քչփորումների արդյունքում թուրքերն իրենք «կուլ տվեցին Իրանի խայծը»։ Համենայն դեպս, մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե «Թեհրանը զոմբիացնում է Անկարային»։ Բայց քանի որ թուրքերի ջանքերն էլ էին փակուղի տանում և, ավելին, Իրանին հնարավորություն էին տալիս անգամ ընդլայնելու Սիրիայում իր նշանակության ընդգրկումը, Մոնտրյոյի հանդիպումներից ու բանակցություններից հետո սկսում է ուրվագծվել Սիրիայի խնդրի կարգավորման նոր պատկեր։ Վերհիշենք Մոհամմադ Հազայիի խոսքերը. ազգային հաշտության կոմիտեում պետք է լինեն սիրիական ժողովրդի այն բոլոր ներկայացուցիչները, ովքեր սոցիալական բազա ունեն երկրի ներսում։ Սա նշանակում է բառացիորեն հետևյալը. կրոններից` քրիստոնյաները (ուրեմն և հայերը), ալավիները, շիաները, սուննիները, դրուզները և այլք, ազգերից` քրդերը։ Այս կապակցությամբ արևմտյան փորձագետները հիշատակել են Թաիֆի համաձայնագրերը Լիբանանի հարցի կարգավորման վերաբերյալ, որտեղ 1975-90 թթ. արյունահեղ քաղաքացիական պատերազմ էր ընթանում, որոնցով կրոնական տարբեր խմբերին դիրքեր էին վերապահվում երկրի գործադիր և օրենսդիր իշխանության մեջ։ ՈՒստի ուժերի իրական դասավորության առումով, որը ձևավորվում է Մոնտրյոյից ենթադրական «Ժնև-3»-ի անցման փուլում, կազմավորվում է հենց թաիֆյան կոմբինացիան։ Ինչպես գրում են Բրուքինգի ինստիտուտի (Վաշինգտոն) ավագ գիտաշխատող Քեմալ Քիրիշջին և նրա գործընկեր Ռոբ Քինը, Անկարան այնքան էլ գրագետ չի հաշվարկել միջուկային գործի առնչությամբ Իրանի և վեց առաջատար տերությունների միջև համաձայնության ձեռքբերումից հետո ստեղծվելիք իրավիճակը և չի կարևորել տարածաշրջանում առաջատարներից մեկը Իրանի դառնալու հանգամանքը։ Նրանք նախազգուշացնում են, որ «եթե Իրանը կարգավորի հարաբերությունները Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ, ապա Մերձավոր Արևելքում Թուրքիայի լիդերական նկրտումներին ու վարկին լուրջ մարտահրավեր կնետվի»։ Ավելին, ինչպես գրում է արդեն թուրքական «Զաման» թերթը, «Թուրքիան երես առ երես բախվելով Իրանի ու Ռուսաստանի հետ, սիրիական հարցում հայտնվելով բարիկադների հակառակ կողմում, կարող է տանուլ տալ ապագան, ընկնելով կրկնակի կախման մեջ. մի կողմից, անվտանգության ասպարեզում` Արևմուտքից, մյուս կողմից, էներգետիկ ոլորտում` Ռուսաստանից և Իրանից»։ Ընդ որում, «Զամանը» պնդում է, թե չի կարելի բացառել, որ «Ասադն ու նրա թիկունքին կանգնած Իրանը շուտով կդիտվեն արդեն որպես տարածաշրջանային կայունության երաշխավորներ»։
Հետևաբար, Սիրիայի վերաբերյալ բանակցություններում հիմնական գործող անձինք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը։ Փոքր-ինչ մեկուսի, «ստվերում», իհարկե, Չինաստանն ու Եվրամիությունը։ Իսրայելի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի անհանգստության պատճառներն ակնհայտ են. Սիրիայում ավելի քան հարյուր հազար մարդու զոհվելուն նրանց մասնակցության «հետքերը» ավելի քան շատ են։ Թել-Ավիվին, Անկարային և Էր-Ռիադին առայժմ չի հաջողվում «խցկվել» այն ձևաչափի մեջ, որտեղ վերոնշյալ հիմնական գործող անձինք թերահավատությամբ տեսնում են, թե ինչպես է «հոգին տալիս» մտացածին «սիրիական ընդդիմությունը»։ Բացի այդ, Արևմուտքի խնամարկյալները իրենք էլ են գլուխները կորցրել. չէ՞ որ, ինչպես հայտնի է, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի» զգալի մասը համաձայնագիր է կնքել Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հետ, և հիմա նույնպես մասնակցում է վարձկանների ու «մյուս ընդդիմության» դեմ մղվող մարտերին։ Բայց զավեշտն ու տարօրինակն այն է, որ Մոնտրյոյում «ընդդիմությունը» ներկայացնում էին միայն նրանք, ովքեր «չեն հասկացել», որ պատերազմը Սիրիայում տանուլ է տրված, իսկ Արևմուտքը տենդագին առիթներ է փնտրում ազատվելու «ընդդիմադիրներից»։
Զավեշտալի է նաև այն, որ Արևմուտքի և Պարսից ծոցի արաբական միապետությունների փողերով սնվող և Թուրքիայում բազավորված «սիրիական ընդդիմությունը» կտրականապես հրաժարվեց Մոնտրյոյում ընդունելուց Սիրիայի ներկայացուցիչների առաջարկած հայտարարության նախագիծը, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին և հիմնված է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի վրա։ Այդ անմիտ որոշումն արդեն խայտառակ ու ցնցող են անվանել ոչ միայն պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչները, այլև Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների արտգործնախարարությունները։ Արևմուտքը, ճիշտ է, «լռում է»։ Տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին ընդգծել է, որ «կոալիցիայի» դիրքորոշումը, ըստ երևույթին, նշանակում է, որ հենց նա էլ քաղաքական ղեկավարն է այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսիք են «Իրաքի ու Լևանտի իսլամական պետությունը», «Ջեբհաթ Ան-Նուսրան» և «Իսլամական ճակատը»։ «Մենք գիտեինք, որ այն պատվիրակությունը, որ նստած է մեր առջև, չի ներկայացնում ո՛չ սիրիացիներին, ո՛չ անգամ հենց ընդդիմությանը։ Բայց մենք համաձայնեցինք բանակցել նրա հետ, որովհետև եթե մենք հրաժարվեինք, ապա որոշ կողմեր կհամարեին, թե մենք կեղծիք ենք սարքում նրանց գլխին»,- ասել է նա։ Մոնտրյոյում Սիրիայի պատվիրակության անդամ գեղեցկուհի Լյունա Աշ-Շիբլը ընդգծել է, որ նա, ով մերժում է ՄԱԿ-ի ԱԽ հակաահաբեկչական բանաձևերի վրա հիմնված հայտարարությունը, հենց ինքն է ահաբեկիչ։ Մի հետաքրքիր նրբերանգ. պատասխանելով Իրանի մասնակցությամբ Բեռնում տեղի ունեցող բանակցությունների մասին լրագրողների հարցին, նա ասել է, որ նման բանակցություններ տեղի են ունենում։ Սակայն սիրիական պաշտոնական պատվիրակությունը գտնվում է Մոնտրյոյում և այլ վայրերում չկա Սիրիան ներկայացնող որևէ այլ պատվիրակություն։ Անհասկանալի է մնում, այդ դեպքում ո՞վ է Դամասկոսի անունից Իրանի հետ բանակցություններ վարում Բեռնում։ Դա համարենք արևելյան դիվանագիտության գաղտնիքներից մեկը։
Պարզ էր նաև, որ Սիրիայի իշխանությունները, հավանաբար, սպասում էին, որ ապակողմնորոշված «ընդդիմությունը» անմիտ վարքագիծ կդրսևորի, և ակնթարթային պատասխան էին պատրաստել։ Սիրիայի ԱԳՆ-ն հունվարի 31-ին, Մոնտրյոյի հանդիպման ավարտից հետո, երկու միանման ուղերձ հղեց ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և Սաուդյան Արաբիայի Թագավորության կողմից նրանց ցուցաբերվող աջակցության առնչությամբ։ Դրանցում նշվում է, որ Ժնևի խորհրդաժողովը ձախողելու նպատակով տենդորեն ջանալով ձախողել Սիրիայի հարցի քաղաքական կարգավորման գործը և պնդելով բռնությունն ու ահաբեկչությունը շարունակելու վրա, Սաուդյան Արաբիան հանդես եկավ այնպիսի ավազակային կազմավորումների միջև ռազմական ընդհարումների դադարեցման նախաձեռնությամբ, ինչպիսիք են «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը», «Իսլամական ճակատը», «Մոջահեդների բանակը», «Ջեբհադ Ան-Նուսրան», «Սիրիայի հեղափոխականների ճակատը» և ուրիշներ։ Սաուդյան Արաբիան նաև ձգտում է նյութական, ռազմական և ապրանքային աջակցություն ցուցաբերել այդ խմբավորումներին, նպատակ ունենալով նրանց միավորելու սիրիական պետության դեմ։ Այդ նպատակի իրագործման համակարգումը սաուդյան իշխանությունները հանձնարարել են կրոնական գործիչ Աբդուլլա բեն Սուլեյման ալ Մուհեյսնիին, որը մեկն է նրանցից, ում ենթարկվում են ջիհադականները, և որի վճիռները համարվում են անբեկանելի, կատարման համար` պարտադիր։ Նա լիազորված է գործադրել ու «ազգի նախաձեռնություն» կոչվող սաուդյան գաղափարը, որն ազդարարում է, որ ուլեմների (մահմեդական աստվածաբանների), այդ թվում` «ազգի իմաստուն» Այման Ազ-Զավահիրայի կողմից Սիրիայի իրադրության գնահատումից հետո անհրաժեշտ է թշնամական խմբավորումների միջև անհապաղ դադարեցնել կրակը Սիրիայի ամբողջ տարածքում։ Նախաձեռնությունը տակֆիրիստական կազմակերպություններից պահանջում է համաձայնել հակամարտությունների դադարեցմանը։
Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ սաուդյան իշխանությունների այդ նախաձեռնությունը, որը հիմնված է համաշխարհային մակարդակով «Ալ-Քաիդայի» վճիռների ու կոչերի վրա, արդեն ստացել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հավանությունը։ Բայց դրան համաձայնություն է տվել նաև «Ջեբհաթ ան-Նուսրայի» առաջնորդ Աբու Մուհամմադ Ջոուլյանին, որը հանդես է եկել հատուկ ուղերձով։ «Իսլամական ճակատն» ու «Մոջահեդների բանակը» հունվարի 29-ին հրապարակել են համատեղ հայտարարություն, հաստատելով, որ հավանություն են տալիս «ազգի նախաձեռնությանը»։ «Ալ-Քաիդայի» հետ կապված մի շարք ահաբեկչական կազմավորումների միավորման այդպիսի նախաձեռնությունների առաջադրումը սաուդյան իշխանությունների կողմից հավաստում է, որ եթե առաջ Սաուդյան Արաբիան գաղտնի էր աջակցություն ցուցաբերում ահաբեկիչներին, ապա հիմա այդ աջակցությունը դարձել է բացահայտ։ Դա ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի, մասնավորապես 2001 թ. N1373 բանաձևի աղաղակող, աննախադեպ խախտում է (այդ բանաձևն ազդարարում է, որ անթույլատրելի է որևէ աջակցություն ցուցաբերելը, գաղտնի լինի, թե բացահայտ, ահաբեկչական կազմակերպություններին կամ ահաբեկչական գործունեությանը մասնակից անձանց)։ Հենվելով վերոնշյալի վրա, Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի ԱԽ` ահաբեկչության դեմ պայքարի հետ առնչություն ունեցող կազմակերպություններին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել դրա դեմն առնելու համար, ինչպես նաև «Իսլամական ճակատ» և «Մոջահեդների բանակ» կազմակերպությունները մտցնել «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ, ինչպես այդ բանն արվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրայի» պարագայում։ Արտգործնախարարությունը հավելել է, որ Սիրիան պահանջում է կատարել ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևերը, որոնք միջազգային համագործակցության են կոչում ահաբեկչության բոլոր ձևերի դեմ մղվող պայքարում։

Բացի այդ, անհրաժեշտ է Սաուդյան Արաբիայի թագավորությանը պարտավորեցնել վերջ տալու ամեն տեսակի ¥գաղտնի, թե բացահայտ¤ աջակցությանը ավազակային այն կազմավորումներին, որոնք երկրի բոլոր շրջաններում վտանգի են ենթարկում սիրիացիների կյանքը։ Նշվում է, որ «Ալ-Քաիդայի» հետ կապված տարանուն կազմակերպությունները, որոշ պետությունների, առաջին հերթին հենց սաուդցիների աջակցությամբ բռնություններ են գործադրում Սիրիայում։ Վերջապես, Սիրիայի արտգործնախարարությունն ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը կարող է ձախողել «Ժնև-2»-ի քաղաքական ջանքերը և նպաստել այդ վտանգավոր երևույթի տարածմանը այլ երկրներում, մասնավորապես այն, որոնք գրոհայիններին պատսպարում և օգնություն են ցուցաբերում նրանց վարժեցման, սպառազինման և Սիրիայի տարածք թափանցելու գործում։ Նույն օրը պարզվեց, որ քնած չէ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Մոսկվան անմիջապես գործի դրեց իր հաղթաքարտը, հայտարարելով, որ սիրիական քիմիական զենքը Լաթաքիայի նավահանգիստ փոխադրող միջազգային պարեկախումբը դեռ հունվարի 27-ին ինչ-որ մեկի հրամանով ենթարկվել է արևմտամետ գրոհայինների գնդակոծությանը։ Սակայն հարձակումը հետ է մղվել, և հարձակվողները դաժանագույնս ոչնչացվել են։ «Հիմքեր կան ենթադրելու, որ այդ հանցագործությունը քիմիական զինաթափման գործը ձախողելու արմատական ընդդիմության փորձերի բաղկացուցիչ մասն է»,- հայտարարեց ՌԴ ԱԳՆ անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ ՈՒլյանովը։ Նա նաև ավելացրեց, որ գրոհայինները շարունակ սպառնալիքներ են տեղում ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության ¥ՔԶԱԿ¤ միջազգային անձնակազմի, ինչպես նաև Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործողությանը մասնակցող տեղական մասնագետների հասցեին, իսկ երկու սիրիացի փորձագետ արդեն սպանվել է։ «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի Սիրիայի տարածքում աշխատող միջազգային անձնակազմին, ապա, որքան մեզ հայտնի է, նրա հասցեին միշտ սպառնալիքներ են հնչում գրոհայինների կողմից,- ասել է ՈՒլյանովը։- Առավել վտանգավոր գոտում են գտնվում նաև այդ գործողությանը մասնակցող տեղացի մասնագետները։ Վերջերս սիրիացի երկու մասնագետ է դարանից սպանվել»։ Եվ Սիրիայի ու Ռուսաստանի հենց այս քայլերից հետո էր, որ Արևմուտքի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, թե, իբր, ավարտվել է «Ժնև-2»-ի միայն առաջին ռաունդը։ Հայտարարվել է, որ «Ժնև-2»-ի երկրորդ ռաունդը կսկսվի փետրվարի 10-ին։ Սակայն ինչքան էլ տևի բանակցությունների երկրորդ փուլը, ինչի՞ կարող է հանգեցնել։ Օրերս Իրանը հստակորեն արձանագրեց. «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի առաջին ռաունդը։ Հայտարարվել է, որ «Ժնև-2»-ի երկրորդ ռաունդը կսկսվի փետրվարի 10-ին։ Սակայն ինչքան էլ տևի բանակցությունների երկրորդ փուլը, ինչի՞ կարող է հանգեցնել։ Օրերս Իրանը հստակորեն արձանագրեց, որ «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի առաջին ռաունդն ավարտվեց առանց Սիրիայի ապագայի մասին հարցին պատասխան տալու։ Սակայն չէ՞ որ հենց Սիրիայի ապագան է օրակարգը։ Եվ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ Մոսկվան բանակցային գործընթացում տեղ չի տեսնում այնպիսի կառույցների համար, ինչպիսիք են «Ջաբհաթ ան-Նուսրան», «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդայի» մյուս մարմնավորումները։ Սիրիայի օրինական կառավարության հետ քաղաքական պայմանավորվածությունները հնարավոր են խելամիտ ընդդիմության հետ և ոչ թե ահաբեկիչների։ Այս դիրքերից է Իրանը պատրաստ աջակցելու պատերազմի դադարեցմանը Սիրիայում, և այն, որ նա չի մասնակցում «Ժնև-2»-ին, այստեղ ոչինչ չի փոխում, քանի որ իրանցիները Ժնևի բանակցությունների անհաջողությունը կանխատեսել էին։ Մոնտրյոյի հանդիպումների մասին շատ հետաքրքիր է արտահայտվել ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ահմադ Բահշաեշ Արդեստանին. «Ժնև-2» խորհրդաժողովն ահաբեկչության օրինականացման շոու է, ոչ ավելին»։ Իսկ Իրանի խորհրդարանի խորհրդի (շուրայի) նախագահ Ալի Լարիջանին Սիրիայի սոցիալական հարցերի նախարար Քինդա աշ-Շամաթի հետ հանդիպման ժամանակ հավաստել է, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորումը պետք է հիմնվի սիրիացիների երկխոսության վրա, և զգուշացրել է Սիրիայի ներքին գործերին օտարերկրյա միջամտությունից, քանի որ դա միտված է ճգնաժամի ձգձգմանը։ Նա նշել է, որ Իրանն այսուհետ ևս կաջակցի Սիրիային, որպեսզի այնտեղ վերականգնվեն կայունությունն ու անվտանգությունը։ Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմը, խոսելով «ընդդիմության» մասին, նշել է, որ «Ժնև-2»-ում նրան բացահայտորեն կառավարում էր հենց ԱՄՆ-ը, և ընդգծել է. «Բայց արդեն դիմակները պատռված են, ու մենք տեսնում ենք, թե ինչ է նա ուզում։ Նա ուզում է սրել երկրի իրադրությունը, նավթադոլարներ է լցնում վարձկանների գրպանը, իրեն դրսևորում է բարբարոսաբար, քողարկվում հեղափոխության նպատակների շղարշի ներքո»։
Այսպիսով, 2014-ի փետրվարի կեսերի դրությամբ աշխարհը հետևյալ տեսքն է ստացել. նախ, «սիրիական ընդդիմությունը» մերկացվել է։ Եվ ահաբեկիչների գործողությունների մասին Սիրիայի ու Ռուսաստանի տարածած տեղեկություններով` սաստկացած մերկացումներն Արևմուտքին և նրա դաշնակիցներին հարկադրում են վերստին խորամանկել՝ ժամանակ շահելու նկատառումով։ ՈՒստի և մեղադրանքներ են հնչում Դամասկոսի հասցեին, իբր՝ դե, քանի որ քիմզենքը չեղավ, ապա Սիրիան «բացահայտորեն կենսաբանական զենք է մշակում»։ ՈՒ ծայր են առնում «արևմտյան» փորձագետների և այլ երկրների արևմտամետ ծախու մամուլի կանխատեսումները, թե, իբր, եթե «Ժնև-2»-ի շրջանակներում կարգավորման ամերիկյան ծրագիրը (իսկ դա, առաջին հերթին, Բաշար Ասադի պաշտոնաթողությունն է) ձախողվի, ապա դա «հղի է Սիրիայի մասնատմամբ»։ Երկրորդ, ամրապնդվում է, թեկուզև ոչ բացահայտորեն, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի գծով նրանց դաշնակիցների դաշինքը։ Ընդ որում, այդ երկրները ծրագրում են լիիրավ մասնակցել Սիրիայի և ամբողջ ալավիական համայնքի (ինչպես նաև մյուս համայնքների) և անձամբ Բաշար Ասադի քաղաքական կյանքին։ Շատ հետաքրքրական մի դիտողություն. Մյունխենում իրանական անգլալեզու «Press-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնք աջակցություն են ցուցաբերում Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, կդառնան հենց այդ խմբավորումների զոհերը։ Երրորդ, ինչպես գցում-բռնում ես, Մոնտրյոյում կայացած «Ժնև-2»-ի առաջին ռաունդը դարձավ նախագահ Բաշար Ասադի ևս մեկ, թեկուզ փոքր, դիվանագիտական հաղթանակը։ Եվ այսօր կարելի է հաստատապես ասել. ուրեմն՝ նաև Սիրիայի բոլոր ժողովուրդների ու կրոնական համայնքների ճնշող մեծամասնության հաղթանակը։
Փետրվարի 6-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հարկադրված էր խոստովանելու, որ չնայած Արևմուտքի բոլոր ջանքերին, նախագահ Ասադն այսօրվա դրությամբ ամրապնդել է իր դիրքերը երկրում։ Սպասում ենք «մարլեզոնյան բալետի» շարունակությանը՝ Արևմուտքի, Թուրքիայի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի կատարմամբ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ