38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կասպից ծովում դեռ երկար «արյան հոտ կփչի»

Կասպից ծովում դեռ երկար  «արյան հոտ կփչի»
07.05.2013 | 00:25

Օրերս լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում, մասնավորապես դրա ռուսական հատվածի կենտրոնական և հարավային մասերում։ Զորախաղերին մասնակցել են կասպյան նավատորմի մոտ հազար զինծառայող, 30 ռազմանավ, դեսանտային կատեր, օժանդակ նավեր, այդ թվում` դրոշակակիր «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռակիր նավերը։ Նկատենք` անցած տարվա վերջին ջրարկված «Դաղստանը» զինված է ամենաարդիական զինահամալիրով և ընդունակ է միաժամանակ ոչնչացնելու վերջրյա, ստորջրյա և օդային թիրախներ։

Թերևս ամենակարևորը «Կալիբր» անվանումը կրող նոր հրթիռային համալիրն է, որն ընդունակ է միաժամանակ խոցելու մի քանի նպատակակետ, արձակելով մի քանի տիպի հրթիռներ։ Հեռահարությունը նավերի վրա արձակելիս մինչև 300 կմ է, իսկ առափնյա օբյեկտների վրա` մինչև 1500 կմ։ Ավելին, հրթիռները, փաստորեն, թռիչքի ընթացքում անխոցելի են։ Զորավարժությունների ընթացքում կատարվել է ավելի քան երեսուն մարտական առաջադրանք` հրետանային հարվածներ հնարավոր հակառակորդի առափնյա տարածքին ու ռազմանավերին, անցում պայմանական ականադաշտով, մարտ հակառակորդի վերջրյա ռազմանավերի հետ` ավիացիայի հակազդեցության պայմաններում, ինչպես նաև ծովային դեսանտի ափհանում։ Հատկանշական է, որ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը բևեռված էր հենց ափհանվող զորամասերի հարցերին, «թշնամական» ափերին հրթիռային ու հրետանային հարվածներ հասցնելու, պայմանական հակառակորդի նավախմբերի ոչնչացման վրա։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ Կասպից ծովը փորձադաշտ է դարձել նաև, այսպես կոչված, «անտեսանելի» ռազմանավերի համար, որոնք ռուսական նավատորմի համար արտադրվել են «սթելս» տեխնոլոգիայով։ Դրանց փորձարկումը տեղի կունենա հենց Կասպից ծովի ջրատարածքում։ Դրա համար նախատեսված փորձադաշտերում կստեղծվի հատուկ գոտի, ուր բոլոր նավերի մուտքը կարգելվի։ Այդ շրջանը կպահպանեն ռուսական մինչև երկու տասնյակ ռազմանավեր, և արդեն այս տարի նավաշինարարները ռուսական կասպյան նավատորմի ծովայիններին կհանձնեն հինգ մարտական վերջրյա և օժանդակ նավատորմի երկու նավ։
Առաջին հայացքից այդ զորախաղերը սոսկ պլանային էին (հիշեցնենք, ռուսական նախորդ զորախաղերը տեղի էին ունեցել հենց վերջերս` 2012-ի սեպտեմբերին)։ Սակայն, ինչպես հաղորդում են ռուսական բլոգերները, Իզբերբաշում (Դաղստան)` Ադրբեջանի սահմանի մոտ, մշտական մարտավիճակի է բերվել մի առանձին առափնյա հրթիռային դիվիզիոն, որը զինված է «Բալ-Է» առափնյա համալիրի հակառազմանավային հրթիռներով, որոնց հեռահարությունը 130 կմ է։ Իսկ Աստրախանից Մախաչկալայի ու Կասպիյսկի շրջան են տեղափոխվել կասպյան նավատորմի բոլոր հրթիռակիր կատերները` այստեղ միասնական ռազմանավախումբ ստեղծելու համար։ Իսկ դա արդեն, կարծես, ավելի քան լուրջ է։ Իհարկե, առայժմ որևէ ռազմական գործողության մասին խոսք չկա, բայց արդեն բոլոր հիմքերն առկա են համարելու, որ Մոսկվան, տարածաշրջանում ազդեցության խոշոր կենտրոնների ծավալած պայքարի և Կասպից ծովի ավազանի ընդհանուր ռազմականացման պայմաններում, այնուամենայնիվ, որոշել է ցույց տալ, թե «ով է այստեղ տանտերը»։ Եվ, ուրեմն, ներկա զորավարժությունները, առաջին հերթին, պետք է համարել ուժի ընդգծված ցուցադրում, որը կոչված է հեռու և մոտ երկրներին հիշեցնելու այդ ծովում Ռուսաստանի գերիշխող դերի մասին։ Հատկանշական է, որ Ռուսաստանի այս խոշոր զորավարժություններն անցան այն լուրերին զուգընթաց, թե մարտի վերջին Կասպից ծովում Իրանի ռազմածովային նավատորմում հայտնվել է առաջին էսկադրոնային ականակիրը։ Իրանական «Ջամարան-2» ռազմանավը հանդիսավորությամբ ջրարկվեց «Բանդար Էնզելի» նավահանգստում։ ՈՒշագրավ է նաև այն, որ Կասպից ծովում նույնիսկ Ռուսաստանն այդպիսի գերժամանակակից ականակիր չունի։ Իրանական 1420 տոննա ջրատարողությամբ ականակիրը զինված է հակառազմանավային հրթիռներով, «երկիր-օդ», «երկիր-երկիր» կայանքներով, տորպեդներով, երկու հրանոթով, գնդացիրներով ու ռադարներով։ Դրա ընթացային արագությունը 30 հանգույց է։ Նախագահ Ահմադինեժադը հայտարարել է. «Կասպից ծովում մեր ռազմանավի ներկայությունը, որի նպատակը տարածաշրջանի պետությունների միջև բարեկամության ամրապնդումն է, կօգնի ահաբեկչության, թմրամիջոցների տարանցման դեմ մղվող պայքարին»։ Թվում է, թե դա միանգամայն շարքային իրադարձություն է, սակայն Բաքվում անմիջապես աղմուկ բարձրացրին և հայտարարեցին, որ 19-րդ դարի սկզբին ստորագրված Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերով Իրանին արգելված է նավատորմ ունենալ Կասպից ծովում (իսկ որ այդ նույն պայմանագրերը Ռուսաստանին բացառիկ իրավունք են ընձեռում գերիշխելու Կասպից ծովում, Բաքվում նախընտրում են լռության մատնել)։ Այստեղ ավելորդ չէ հիշել, որ վերջին տարիներին Իրանում բավականին բարձր մակարդակի քաղաքական գործիչներ շարունակ կասկածի տակ են առնում այդ պայմանագրերի իրավազորությունը և անգամ խոսում են դրանք չեղարկելու մասին։ Ճշմարտությունն առաջին հերթին Ադրբեջանի մասին է ասվում, բայց, այդուամենայնիվ, իհարկե, մտածելու բան կա։ Մինչդեռ Իրանն այսօրվա դրությամբ Կասպից ծովում ունի հզոր ռազմածովային ուժեր, որոնք գերազանցում են մերձկասպյան ցանկացած երկրի հնարավորությունները, բացառությամբ Ռուսաստանի։ Դրանց կազմում կան մոտ երեսուն կատեր և օժանդակ նավ, ներառյալ մոտ 300 տոննա ջրատարողությամբ երկու հրթիռակիր կատեր, որոնք զինված են մինչև 120 կմ հեռահարությամբ հակառազմանավային հրթիռներով։ Իրանական ռազմածովային ուժերի մեծացումը, վերլուծաբանների կարծիքով, առաջին հերթին նպատակ ունի կանխելու այն սպառնալիքը, որ պատերազմի դեպքում կարող է բխել Ադրբեջանից։
Սպառազինությունների մրցավազքում և մկանների ցուցադրման գործում հետ չեն մնում նաև տարածաշրջանի մյուս երկրները։ Այսպես, Թուրքմենստանն անցած տարի աշնանը իր պատմության մեջ առաջին անգամ ռազմածովային զորախաղեր անցկացրեց։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կասպյան նավատորմի ռազմանավերի մեծ մասը բաժին ընկավ Ռուսաստանին և Ադրբեջանին։ Թուրքմենական ռազմածովային ուժերը երկար ժամանակ ամենաթույլն էին Կասպից ծովում, ուստի վերջերս տեղի ունեցած «Խազար-2012» զորավարժությունները կոչված էին ցույց տալու, որ նրանց հնարավորությունները մեծացել են։ Բացի ռազմածովային ուժերից, դրանց մասնակցում էին, փաստորեն, մնացած բոլոր զորատեսակները` հրետանին, ավիացիան, հետևազորը, հակաօդային պաշտպանության ուժերը, սահմանապահ ծառայության ծովային զորամասերը, ինչպես նաև ազգային անվտանգության նախարարության, պաշտպանության և ներքին զորքերի տարբեր ստորաբաժանումներ։ Զորավարժությունների սցենարը, որը պայմանական հակառակորդի կողմից Թուրքմենստանի սահմանների խախտման սյուժե էր հիշեցնում, խիստ հատկանշական էր։ Ինչպես հայտնի է, Աշգաբադն արդեն երկար ժամանակ լարված հարաբերությունների մեջ է Բաքվի հետ` կապված Կասպից ծովի կենտրոնական մասի նավթի ու գազի հանքավայրերի պատկանելության հետ, և ծովային սահմանն այստեղ մինչ այժմ որոշված չէ։ Զորախաղերի հենց նախօրեին ադրբեջանական սահմանապահները կալանել էին թուրքմենական մի գիտահետազոտական նավ, որը փորձել էր սեյսմիկ հետազոտություններ անցկացնել «Քյափազ» հանքավայրում։ Այն ժամանակ բարձրացած դիվանագիտական աղմուկի հետևանքները հիմա էլ զգացվում են, իսկ զորախաղերը, երևում է, նպաստեցին, որ հարևանների կողմից այլևս ոտնձգություններ չլինեն։ Նշենք, որ Բաքուն հավակնում է նաև «Սարդար Ջանգալ» հանքավայրին, որի պաշարները գնահատվում են առնվազն 2 մլրդ տակառ նավթ և որը Թեհրանն իրենն է համարում։ Մի երկու տարի առաջ Իրանի ռազմանավերը առիթ ունեցան «Սարդար Ջանգալից» քշելու ադրբեջանական մի երկրաբանական նավ, իսկ 2013-ի հունվարի սկզբին Իրանի նավթարդյունաբերության նախարար Քասեմին Ադրբեջանին հասկացրեց, որ հանքավայրն Իրանի սեփականությունն է, և երկրի կառավարությունն արդեն մոտ 30 մլն դոլար է ներդրել դրա շահագործման համար։
Բայց դե, Ադրբեջանը միտք չունի Կասպից ծովում կողմնակի հայեցողի դիրք բռնել և, ինչպես միշտ, կոկորդիլոսի արցունքներ է թափում, թե երկիրը բավականաչափ ռազմական հզորություն չունի Կասպից ծովից սպառնացող վտանգներին դիմակայելու համար։ «Ադրբեջանը կարձագանքի իր հնարավորությյան չափով, սակայն նա ընդունակ չէ լուրջ հակահարված տալու ռազմական միջոցներով»,- հայտարարում է Բաքուն։ Նրանք պնդում են, թե իրենց նավթի ու գազի ենթակառուցվածքին վտանգ է սպառնում` և՛ Իրանի կողմից, և՛ Ռուսաստանի, ու անմիջապես դիմում են շանտաժի. «Տարածաշրջանում նույնիսկ չնչին բախում առաջանալու դեպքում Կասպից ծովում մեր բոլոր աշխատանքները կդադարեցվեն»։ Համապատասխանաբար, «բարի քեռիներն» ուրախությամբ օգնության են շտապում։ ԱՄՆ-ն արդեն Ադրբեջանին օժանդակել է հատուկ նշանակության ռազմածովային ուժերի ստեղծման գործում, և վերջինիս առափնյա պահպանության ուժերն արդեն զինված են ամերիկյան արտադրության մարտական ու դեսանտային կատերներով։ Փորձագետներն ասում են, թե շատ նկատելի դեր կարող են խաղալ նաև տեղորոշման կայանները, որ ԱՄՆ-ը հիմնում է Ադրբեջանի տարածքում։ Բայց ունեցածը Բաքվին բացահայտորեն քիչ է թվում։ Այսպես, միջազգային լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելն Ադրբեջանում կառուցում է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։ Դրանք նախատեսված են Թուրքմենստանի և Իրանի հետ վիճելի նավթահանքերի շրջանում, ինչպես նաև ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով հսկողություն իրականացնելու համար։ Սակայն երկրի կառավարությունը պայմանագիր է կնքել նաև Իսրայելի հետ` 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ հարվածային անօդաչու սարքերի և հակառազմանավային հրթիռների մատակարարման շուրջ։ Դրանք սպասարկում են ինչպես տեղի, այնպես էլ իսրայելցի մասնագետները։ Ադրբեջանում ստեղծվում են նաև ծովային հատուկ նշանակության ուժեր, որոնք համալրված են լինելու գերփոքր սուզանավերով։ Չի կարելի բացառել նաև ծովի ադրբեջանական հատվածում թուրքական ռազմանավերի հնարավոր տեղաբաշխումը։ Այս կապակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ երբ 2001-ին Բաքուն ու Թեհրանը քիչ էր մնում պատերազմ սկսեին Կասպից ծովում վիճելի նավթահանքերի պատճառով, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևն օգնության խնդրանքով դիմեց Թուրքիային։ Նույն օրն իսկ ծովի ադրբեջանական հատվածի երկնքում հայտնվեցին թուրքական F-16 կործանիչները, և իբր դրանից հետո իրանական ռազմանավերը վերադարձան Իրանի տարածքային ջրեր։
Թեև Ղազախստանը Կասպից ծովը շարունակ «բարեկամության ծով» է անվանում, նա ևս, համենայն դեպս, նախընտրում է «վառոդը չոր պահել»։ Աստանան արդեն սպառազինության մեջ ունի ամերիկյան ուղղաթիռներ, չորս դեսանտային կատեր, «Defender» տիպի երեք 42-ֆուտանոց կատեր, ինչպես նաև 150 տոննա ջրատարողությամբ երեք հարավկորեական պահականավ։ Բացի այդ, անցած տարի Ղազախստանը ջրարկեց սեփական արտադրության առաջին հրթիռահրետանային ռազմանավը, իսկ այս տարի ծրագրում է կասպյան նավատորմը համալրել ևս երկու այդպիսի նավով, բայց ավելի հզոր սպառազինությամբ։ Այնպես որ, մերձկասպյան բոլոր պետություններն ակտիվորեն զինվում են, միմյանց հանդեպ անվստահությունը մեծանում է և, դատելով ըստ ամենայնի, այդ ծովում դեռ երկար «արյան հոտ կփչի»։ Իսկ աշխարհաքաղաքական շարժառիթները, Կասպից ծովի իրավական կարգավիճակի անորոշությունը, փոխադրական և էներգետիկ հաղորդուղիների շինարարության հարցում տերությունների դիմակայությունը, ինչպես նաև իրանական ճգնաժամի «դամոկլյան սուրը» միայն սաստկացնում են այդ հոտը։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ