38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեռավ ինտրիգը, կեցցե՛ ինտրիգը

Մեռավ ինտրիգը,  կեցցե՛ ինտրիգը
30.04.2013 | 02:23

Ընտրական եռաֆազ ցիկլն իր ֆինիշին է մոտենում` գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն իսպառ կորցրած: Միակ ինտրիգը, որ կարող է «տեսարան» ապահովել, մնացել է մայիսի 9-ի հանրահավաքը, որ կարող է սնուցող «երակ» դառնալ հետընտրական զարգացումների համար: Մոդերատորները կփորձեն պահել լարվածությունը, մի քիչ էլ այս ընտրությունները հարամելու, ազդեցություն ձեռք բերելու համար, ինչը նույնքան անհեռանկար է, որքան նախագահականի հետընտրական զարգացումներն էին: Եթե ոչ ավելին: Շա՜տ ավելին։
Ինքնին հասկանալի է նաև, որ մեծ աշխարհը, առաջ-հետ տարբերակով շնորհավորելով Սերժ Սարգսյանին, թույլ տալով, որ Րաֆֆին և «մոդերատորները» մասամբ հարամեն նախագահական ընտրությունների «հմայքը», ձեռնամուխ է եղել տարածաշրջանի «ձևման»` ազդեցության համար պայքարի նոր փուլին:
Մեր դեպքում արդեն և այս փուլում խաղաքարտը ոչ այնքան Մաքսային միության և ԵՄ ասոցացման համաձայնագրերն են, որոնց «հասնելուն» դեռ շատ կա, այլ հարցերի հարցը` Ղարաբաղը, որի շուրջ միշտ էլ կարելի է ինտրիգ, լարում հասունացնել` «առևտուր» անելու, համապատասխան «արժեթղթեր» ձեռք բերելու համար:
Այսպիսով, Սիրիայում ԱՄՆ-ի` քիմիական զենք «գտնելուց», Իրանում` հունիսի տասներկուսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից «հինգ րոպե առաջ», միմյանց նրբորեն «գզող» աշխարհաքաղաքական կենտրոնները` Մոսկվան և Վաշինգտոնը, կրկին խաղասեղանին են նետում իրենց «տեսլականները» Ղարաբաղի հարցով: Կրկին` զրո հեռանկարով:
Մեր հայրենակից, թիֆլիսցի Լավրովն ասում է` կրկին հարցը մեր տիրույթում է. չի բացառվում առաջիկայում Սարգսյան-Ալիև հանդիպում: Պետդեպն օվկիանոսի էն կողմից, թե` «тише, друг мой, Лавров». այն է` հարցը ռազմական լուծում չունի: Իբր, Սերյոգա, մենք «ռույլին» քնած չենք: «Ինչպե՞ս կարող էիք քնել», թրքորեն քծնում է պետդեպին Մամեդյարովը. մենք պատրաստ ենք մեծ համաձայնագիր կնքելու Ղարաբաղի հաշվով, մռլտում է Մամեդյարովը: Շա՜տ մեծ, երևի: Իհարկե, Լավրովը նրան չի ասում` դու ձենդ կտրի, այ տղա, հիմա քեզ կասեմ` մեծ համաձայնագիր… Իսկ կասի, որովհետև Ռուսաստանը դեռ չի մարսել Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ ալիևյան կլանի խաղերը և հաստատ նրա քթից կբերի աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Չնայած ոնց որ թե արդեն բերում է, և որոշ փորձագետներ Ադրբեջանում սկիզբ առած, այսպես կոչված, սոցիալական բողոքի հետագծում ռուսական ձեռագիր, այնուամենայնիվ, տեսնում են:
Խնդիրն այս անգամ բարդանում է այնքանով, որ ՀԱՊԿ-ը հակաօդային, այլ կերպ ասած` ավիացիոն ուժեր է ստեղծում: Մեր իշխանությունները պնդում են, որ Ստեփանակերտի օդանավակայանի և նրա «շրջակայքի» հետ այդ «ավիացիան» ոչ մի կապ չի ունենալու: Բայց դե, ճանաչելով Ռուսիո «սապոգը», հասկանալի է, որ Ռուսաստանն առանց մեր «գործուն» մասնակցության ՀԱՊԿ-ի նման ստոր և բաժանում, իմա` ստորաբաժանում չի կարող ստեղծել, և, որքան էլ նրան հետաքրքիր լինի Կենտրոնական Ասիայում, Բելառուսում ՀՕՊ համակարգեր «տեղակայելու» հույժ կարևոր խնդիրը. վառոդի տակառը պայթելու «ակնկալիքներ» ունի հենց մեր տարածաշրջանում, ուր ամեն Աստծո բացվող օր հնչում է Իսրայելի ձայնը` «խփիլ տեմ» Իրանին: ԱՄՆ-ն էլ օրումեջ նրան հարցնում է` ասում ես, կխփես, էլի՞, իմ թանկագին «նապարնիկ»:
Այնպես որ, ղարաբաղյան հարցը բոլորի համար կրկին կարևոր է` հենց միայն «առևտրի» բաղկացուցիչ լինելու առումով, ու մեզ համար Ծառուկյանից, իր բոսի` ՀԱԿ-ի կողմից սպասարկվող անտերունչ վերադարձից առավել, նոր օրակարգ է ձևավորվում, որից պետք է կարողանալ ոչ միայն սահուն, այլև «շահույթով» դուրս գալ:
Ի զորո՞ւ ենք: Երբե՛ք: Զի քաղաքական ուժերն այս ամենի գիտակցումը չունեն: Նրանց իրենց «պստլո» ինտրիգները «դզում են» առավել, քան մնացած ամեն բան միասին վերցրած:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ