38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տեր-Պետրոսյանի «մանկության երազանքը Վովա Գասպարյանի հետ աղոթելը չէր», այլ Գագիկ Ծառուկյանի փողերից օգտվելը

Տեր-Պետրոսյանի «մանկության երազանքը  Վովա Գասպարյանի հետ աղոթելը չէր», այլ Գագիկ Ծառուկյանի փողերից օգտվելը
23.04.2013 | 01:47

2013 թ. քաղաքական կարևորագույն իրադարձությունների շարքին պետք է դասել «Լևոն Տեր-Պետրոսյանի 3-րդ գալուստը»: Հայաստանի անկախության պատմության մեջ դժվար է հիշատակել մեկ այլ անձի, ով համակարգված և նպատակասլաց կերպով փորձում է իր տեղն ու դերն ունենալ քաղաքական գործընթացներում` չունենալով ոչ հստակ գաղափարախոսություն, ոչ էլ հստակ գործունեության ծրագիր: Միևնույն ժամանակ, անկախ Հայաստանի պատմության մեջ չկա ավելի տապալված և արժեզրկված գործիչ, որքան Տեր-Պետրոսյանն է: Ժամանակին առաջին նախագահը տապալեց և արժեզրկեց պետական իշխանությունը` հիմք դնելով իշխանության նկատմամբ հասարակական անվստահությանը, որը շարունակվում է նաև մեր օրերում: Մինչդեռ 1994-ին ձեռք բերված ռազմական հաղթանակը կարող էր լրջագույն հիմք հանդիսանալ ազգային վերածննդի համար` բարձրացնելով ոչ միայն Տեր-Պետրոսյանի վարկանիշը որպես ՀՀ նախագահի, որպես ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի, այլև պետական իշխանության հեղինակությունը:
Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Տեր-Պետրոսյանը հենվեց նոր ստեղծվող օլիգարխների դասակարգի վրա և կազմակերպեց առաջին ընտրախախտումները: 1995 թ. սահմանադրական հանրաքվեն, խորհրդարանական և 1996 թ. նախագահական ընտրություններն ընթացան այնպիսի աղաղակող խախտումների պայմաններում, որ հասարակությունը վերջնականապես հիասթափվեց իշխանությունից: Հետևանքը եղան համատարած քաղաքական և սոցիալ-տնտեսական ապատիան և արտագաղթը: Տեր-Պետրոսյանն այդ տարիներին ցուցադրեց տապալման և արժեզրկման ևս 2 կարևոր «մաստեր-կլաս»: ՀՅԴ գործունեության կասեցումը Հայաստանում պատճառ հանդիսացավ սփյուռքի հետ կապերի խզման, քանզի ՀՀՇ ղեկավար Տեր-Պետրոսյանը, «թացը չորի հետ խառնելով», ռեպրեսիվ ճանապարհով ազատվեց իր քաղաքական ընդդիմախոսներից և ազդակներ հղեց սփյուռքին, որ նրանց ֆինանսական և բարոյական աջակցությունը ոչ մի արժեք չունի Հայաստանի իշխանության համար:
Հաջորդ «մաստեր-կլասն» ամենավտանգավորն էր: Տեր-Պետրոսյանն առաջինն էր, ով հասարակական քննարկման թեմա դարձրեց տարածքների զիջման գաղափարն ու պարտվողական մոտեցումները: Կորցնելով հասարակական վստահությունը` առաջին նախագահը փորձում էր իշխանությունը պահել ազատագրված տարածքների զիջման գնով` հույս ունենալով, որ միջազգային հանրությունը կգնահատի նրա «կառուցողական» վարքագիծն ու կաջակցի ՀՀՇ-ին` պահպանելու իշխանությունը: Բարեբախտաբար, 1997-1998 թվականներին Հայաստանում գտնվեցին «հայտնի ուժեր», որոնք թույլ չտվեցին հակառակորդին հանձնել ազատագրված տարածքներն ու Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական տալ: Սակայն զիջումներն ու պարտվողական տրամադրություններն այդպես էլ մնացին և ժամանակ առ ժամանակ բորբոքվում են Տեր-Պետրոսյանին հարող ներքին և արտաքին շրջանակների կողմից: Մեր օրերում էլ «լևոնական» մարգինալները համարում են, որ ճիշտը տարածքների հանձնումն է և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, թեկուզ և խոսքն Արցախում բնակվող հայերի անվտանգության և հայ զինվորի արյունով ազատագրված տարածքների մասին է:
ՈՒշագրավ է, որ հրաժարականից հետո Տեր-Պետրոսյանն այդպես էլ չցանկացավ հեռանալ քաղաքականությունից և 10 տարի սպասեց հարմար պահի: 2007-2008 թվականների իրադարձությունները ևս տապալման և արժեզրկման դաշտից են: Առաջադրվելով նախագահի թեկնածու` Տեր-Պետրոսյանն ու նրա խումբը որդեգրել էին սոցիալական հեղափոխության, օլիգարխների դեմ պայքարի և քրեածին իշխանությունից ազատվելու մարտավարական գաղափարախոսությունը: 2008-ին հեղափոխությունը չհաջողվեց, իսկ Տեր-Պետրոսյանի ձևավորած ՀԱԿ կուսակցությունների դաշինքն էլ բանակցությունների գնաց իշխանության հետ և տապալվեց: Արդյունքում ՀԱԿ-ը վերածվեց թիվ մեկ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի կուսակցության կցորդի և միայն օլիգարխիկ ֆինանսական միջոցների ներդրման, ինչպես նաև իշխանության բարի կամքով կարողացավ սողոսկել խորհրդարան և ունենալ խմբակցություն: Ի դեպ, ՀԱԿ խմբակցությունն էլ դատապարտված էր կործանման, քանզի Տեր-Պետրոսյանը նախընտրեց խմբակցության պատասխանատու նշանակել ոչ թե կենսունակ Նիկոլ Փաշինյանին կամ Հրանտ Բագրատյանին, այլ իր գլխավոր ֆավորիտ Լևոն Զուրաբյանին:
Ինչևէ, ՀԱԿ խմբակցությունից բացի, Տեր-Պետրոսյանը տապալեց նաև ՀԱԿ կուսակցությունների դաշինքն ու հին և բարի ՀՀՇ-ն: Սեփական կարծիք ունեցող, սկզբունքներ ունեցող մարդիկ Տեր-Պետրոսյանին պետք չեն, ուստի և պետք էր նրանցից ազատվել` ճանապարհ բացելով «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխությանը, այսինքն` ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Ստացվում է, որ 1988-ի շարժման արժեքների վերջնանպատակը օլիգարխների հետ համագործակցությունն էր, օլիգարխիկ դասակարգի պահպանումն ու բարգավաճումը: Ստացվում է, որ Տեր-Պետրոսյանի «մանկության երազանքը Վովա Գասպարյանի հետ աղոթելը չէր», այլ Գագիկ Ծառուկյանի փողերից օգտվելն ու օլիգարխների աջակցությամբ իշխանության գալը: Սպասենք հերթական տապալմանը։


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ