38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանը մնում է Իրանի միակ հուսալի գործընկերը Հարավային Կովկասում

Հայաստանը մնում է  Իրանի միակ հուսալի  գործընկերը Հարավային Կովկասում
09.04.2013 | 00:27

Ներկայումս Մեծ Մերձավոր Արևելքում դիվանագիտական հակամարտություն է տեղի ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև` Իրանի շրջափակում ձևավորելու խնդրի առնչությամբ, որը, ԱՄՆ-ի հղացմամբ, պետք է կրի տրանսպորտային, տնտեսական և գործառական բնույթ։ Այս խնդիրների կապակցությամբ տարածաշրջան է այցելել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռ. Գեյթսը, որը եղել է Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Էմիրություններում, Աֆղանստանում և այդ երկրների ղեկավարների հետ միանգամայն առարկայորեն քննարկել է Իրանի շրջափակման հարցը։ Դրան զուգընթաց, Իրանը փորձում է արագացնել հարևան երկրների հետ ունեցած վիճելի հարցերի լուծումը և դրանով իսկ կանխել այդ շրջափակման ձևավորումը։ Օրինակ, Իրանը համաձայնագրեր է կնքել Քուվեյթի, Քաթարի և Բահրեյնի հետ` այդ պետությունների տարածքները երրորդ երկրների կողմից հարձակման համար չօգտագործվելու վերաբերյալ։ Իրանը ձգտում է արագորեն լուծել Կասպից ծովի խնդիրը` մերձկասպյան պետությունների հետ համաձայնության գալով չլուծված խնդիրների շուրջ։ Կենտրոնական Ասիայում Իրանն աշխատում է Թուրքմենստանին ու Ղազախստանին շահագրգռել հարաբերությունների զարգացմամբ, նոր հաղորդուղիների կառուցմամբ։ Հայաստանի հետ Իրանը համաձայնության է հասել առևտրում մաքսադրույքների բացառման կանոնների ընդունման շուրջ։ Բացի այդ, Իրանը Հայաստանի հետ հատուկ պայմանագիր ունի միմյանց շրջափակմանը մասնակցություն թույլ չտալու վերաբերյալ։ Այդ գործընթացների պայմաններում հարկ է նշել, որ Իրանը մտահոգված է շրջափակման ձևավորմանը Ռուսաստանի միանալու հնարավորության առթիվ։
Վերջին ժամանակներս Իրանը խիստ մտահոգված է Թուրքիայի և Ռուսաստանի հակաամերիկյան «խաղերով», երկյուղում է տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումից, ինչպես նաև ղարաբաղյան հարցում իրավիճակի հնարավոր փոփոխությունից, ներառյալ, այսպես կոչված, խաղաղարարների մուտքը հակամարտության գոտի։ Իրանը երկար ժամանակ զսպվածություն էր հանդես բերում Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների խորացման հարցում, ինչը, իբր, կարող էր խախտել առկա հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններում։ Կասկած չկա, որ Իրանի քաղաքականության մեջ փորձարարական շրջանն անցել է, և Թեհրանում այն հետևությանն են հանգել, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ կառուցել ավելի սերտ հարաբերություններ և այդ հիմքի վրա որոշ կարևոր քաղաքական և աշխարհատնտեսական հեռանկարներ հյուսել Վրաստանի առնչությամբ։ Հայաստանը Իրանին աջակցել է ոչ միայն իր կենսապահովման հարցում այդ երկրի կարևորության պատճառով, այլև երկարաժամկետ աշխարհաքաղաքական խնդիրների կապակցությամբ, և դա Իրանի կողմից գնահատվել է պատշաճորեն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի իրանական քաղաքականությանը, ապա այստեղ հարաբերությունների մեղմացման լուրջ քայլեր չեն նկատվում, Իրանի աշխարհաքաղաքական մեկուսացման քաղաքականությունը շարունակվում է և, բնականաբար, Իրանը ձգտում է հաղթահարել առկա վիճակը։
Այս կապակցությամբ ուշագրավ է այն հանգամանքը, որ վերջին երկու տարում իրանական դիվանագետները Երևանում և Բաքվում ջանում են Հայաստանի ու Ադրբեջանի քաղգործիչներին ու փորձագետներին առաջարկել ղարաբաղյան հարցի կարգավորմանը Իրանի մասնակցության միտքը։ Ընդ որում, մեր դեպքում հիմնականում բերվում է հետևյալ փաստարկը. խնդրի կարգավորման գործում հանգուցալուծման մոտենալու պարագայում Իրանը, առանց բանակցություններին մասնակցելու, չի կարողանա հանդես գալ Հայաստանի շահերի պաշտպանությամբ։ Իրոք, այդ գործընթացին Իրանի մասնակցությունը ծայրաստիճան ցանկալի կլիներ Հայաստանի համար, հաշվի առնելով այն, որ Թուրքիան, ԱՄՆ-ի և Ռուսաստանի որոշակի համաձայնությամբ, փաստորեն, դարձել է ղարաբաղյան հարցի քննարկման մասնակից ու իրավակարգորեն պատասխանատու դերակատար։ Ժամանակի ընթացքում Հայաստանն ավելի շատ շահագրգռված կլինի այդ հարցի լուծմանը Իրանի մասնակցությամբ, քանի որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացումն արդեն անհնար է կանխել նույնիսկ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ ջանքերով։ Իրանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտությունում «ստատուս քվոյի» պահպանմամբ, և կցանկանար գոնե նվազագույն երաշխիքներ ստանալ, որ Հայաստանի քաղաքականությունը կարող է որոշ չափով համաձայնեցվել Դաշտային Ղարաբաղի հողերի նկատմամբ վերահսկողության պահպանման գործում Իրանի դիրքորոշման հետ։ Այդ տարածքները ծայրաստիճան կարևոր են Իրանի համար և դիտարկվում են որպես ռազմավարական նշանակություն ունեցող` Կովկաս-կասպյան ուղղությունում, քանի որ բաժանարար շերտ են ապահովում Իրանի հյուսիսարևմտյան նահանգների թուրքախոս բնակչության և Ադրբեջանի միջև։ Իրանը կարծում է, որ ինքը քիչ չի նպաստել տրանսպորտային հաղորդակցության, վառելիքի, հումքի ու պարենամթերքի ապահովման գործում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և իրավունք ունի խոսելու գործընկերոջ դիրքերից։ Ղարաբաղյան հարցի կարգավորմանը Իրանի մասնակցության վերաբերյալ առաջարկությունն արդեն ներկայացված է ՀՀ արտգործնախարարությանը, և պետք է ենթադրել, որ այն չի կարող լրիվ մերժվել։ Միաժամանակ հարց է ծագում. Իրանի այդ ձգտումները որքանո՞վ են ուղղված Ռուսաստանի շահերի դեմ։ Այս կապակցությամբ հարկ է մեջբերել իրանական դիվանագետների խոսքերն այն մասին, որ իրավիճակը Հարավային Կովկասում փոխվել է, տեղի է ունենում ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումների որոշակի համաձայնեցում, և Ռուսաստանը սկզբունքորեն համաձայն է Դաշտային Ղարաբաղի հողերը Ադրբեջանին վերադարձնելուն։ Սակայն առայժմ անհասկանալի է, թե Ռուսաստանն ինչ կերպ է պատկերացնում խաղաղարար ուժերի մուտքը ղարաբաղյան հակամարտության գոտի, ինչը Իրանի համար առավել մեծ սպառնալիք կարող է լինել, առավել ևս, եթե դրանք վերահսկվեն Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը Թեհրանի համար, անտարակույս, թշնամական պետություն է, և հիմա Իրանի այդ դիրքորոշումը նոր բովանդակություն է ստանում, հաշվի առնելով նաև թուրքական հավակնությունները։ Եվ այստեղ մեծ կարևորություն ունի Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների հարցը։
Ներկայումս Իրանի ղեկավարությունը ձգտում է նոր քաղաքականություն վարել Ռուսաստանի առնչությամբ, որը ենթադրում է երկրի այն խնդիրների լուծման այլընտրանքային հնարավորությունների ստեղծում, որոնք առաջ լուծվում էին Ռուսաստանի մասնակցությամբ կամ աջակցությամբ։ Դա վերաբերում է թե՛ քաղաքացիական-տնտեսական ոլորտներին, թե՛ ռազմական արդյունաբերության ոլորտին։ Եվ այստեղ Իրանը մեծ հաջողությունների է հասել ինքնապահովման իմաստով, ինչը նվազեցնում է Իրանի կախումը Ռուսաստանից։ Միաժամանակ, իրանական դիվանագետները ջանքեր են գործադրում տարածաշրջանային քաղաքականության մեջ ¥նախ և առաջ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում¤ Իրանի նոր դիրքերի ձեռքբերման ուղղությամբ, ինչը կարող էր ճնշման գործոն դառնալ Ռուսաստանի հետ երկխոսությունում։ Թեև Իրանը միշտ ձգտել է հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, սակայն չի կարելի ասել, թե այս հարցում Թեհրանը լուրջ հաջողություններ ունի արձանագրած. Հարավային Կովկասի հարցերում Ռուսաստանը, սահմանափակելով Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, շտապեց իր բարեհաճությունը դրսևորել Թուրքիայի նկատմամբ, հենց որ սա «մատով մոտ կանչեց» Մոսկվային։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, բայց Իրանին քիչ բան է հայտնի ի հաստատումն դրա, ուստի Թեհրանը միշտ խանդով է վերաբերվել թուրք-ռուսական հարաբերությունների զարգացմանը, համարելով, որ Ռուսաստանի և Իրանի միջև պետք է լինեն շատ ավելի սերտ հարաբերություններ, որոնք հիմք կդառնային մի քիչ մոռացության մատնված «Հյուսիս-Հարավ» դոկտրինի կառուցման համար։
Իրանական քաղգործիչներն ու փորձագետները միշտ հետաքրքրություն են ցուցաբերել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների և այնտեղ տիրող իրադրության նկատմամբ` ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ Եվրոպայի ու Եվրամիության երկրների հետ տարանցիկ հաղորդակցության կազմակերպման կապակցությամբ։ Ժամանակին իրանցիները չկարողացան որևէ արդյունքի հասնել Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ տարվող աշխատանքում, փաստորեն ապարդյուն եղան Քվեմո Քարթլիի մահմեդական ¥շիադավան բնակչության¤ շրջանում «աջակից բազա» ստեղծելու փորձերը։ Իրանցիների առաջարկություններն ու նախաձեռնությունները բավական սառն էին ընդունում ամերիկացիների ու իսրայելցիների հետ սերտորեն գործակցող վրացի գործիչները։ Ներկայումս մի տեսակ տարօրինակ և ոչ այնքան հասկանալի բան է տեղի ունենում Վրաստանի ու Իրանի փոխհարաբերություններում, անգամ արծարծվում է Միխեիլ Սաակաշվիլու Թեհրան կատարելիք այցի հարցը, որը նպաստավոր ակնկալիքներ կարող է խոստանալ տնտեսության և տրանսպորտի ոլորտում։ Կասկած չկա, որ Իրանի նկատմամբ վրաց հասարակության հետաքրքրության մեծացման հարցում կարող են դեր խաղալ նաև նրա հակառուսական տրամադրությունները։ Վրաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնում կանոնավորապես հանդիպումներ են տեղի ունենում վրացի պատգամավորների, քաղգործիչների ¥նաև ընդդիմադիր¤, փորձագետների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այդ, փաստորեն, քաղաքական ակումբում ակտիվորեն քննարկվում են վրաց-իրանական և վրաց-ռուսական հարաբերությունների թեմաները։
Իրանի աշխարհատնտեսական ակտիվության առումով քննարկվում են իրանական գազը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Վրաստան մղելու հարցերը։ Չի կարելի բացառել, որ Իրանը ցանկանա իրականացնել մի նախագիծ Հյուսիսային Կովկասի իսլամական ազգությունների հետ Վրաստանի շփումներին մասնակցության նպատակով։ Առայժմ դրա ապացույցներ, իհարկե, չկան, բայց իրանցիների կողմից կան շատ հասկանալի ազդանշաններ` Հյուսիսային Կովկասում իրենց քաղաքականության ակտիվացման ուղղությամբ, իսկ հյուսիսկովկասյան ուղղությամբ Վրաստանի հետ Իրանի համագործակցության թեման օրախնդիր է և տրամաբանորեն սպասելի։ Այսպիսով, Թբիլիսիում սկսում են հասկանալ, որ առանց Իրանի հետ հարաբերությունների լայն զարգացման, հազիվ թե հնարավոր լինի Վրաստանին տարանցման-սպասարկման երկրի բնույթ հաղորդել։ ԱՄՆ-ը, իհարկե, հիացած չէ Վրաստանի այդ ծրագրերով, բայց ամերիկացիներն իրենց նկատառումներն ունեն։ Նախ, ԱՄՆ-ը, երևի, արդեն այնքան էլ շահագրգիռ չէ Վրաստանով, որը որոշ պատճառներով կորցրել է տարանցման երկրի ու տարածաշրջանային գործընկերոջ նշանակությունը։ Երկրորդ, ամերիկացիները համոզված են, որ կկարողանան վերահսկել Վրաստանով անցնող և Իրանը Եվրոպային կապող հաղորդուղիները։ Երրորդ, Իրանի հետ Վրաստանի համագործակցությունը թույլ կտա նվազեցնել Վրաստանին ԱՄՆ-ի ներկա օգնության անհրաժեշտությունը, ինչպես նաև ապագայում ինչ-որ չափով մեծացնել Վրաստանի անկախությունը Ռուսաստանից և Թուրքիայից, ինչը կնպաստի նաև հետագայում ԱՄՆ-ի հնարավոր նախագծերի ավելի ճկուն իրագործմանը։
Դրա հետ մեկտեղ, Հայաստանը մնում է Իրանի միակ հուսալի գործընկերը Հարավային Կովկասում, և մյուս քաղաքական քայլերը կատարվում են, ելնելով Հայաստանի հետ հարաբերություններից։ Սիրիայի իրադարձությունները ի հայտ բերեցին Իրանի և Հայաստանի շահերի նույնությունը, ինչպես նաև կանխորոշեցին երկու պետությունների քաղաքական գերակայությունների զուգորդվածությունը, և ոչ միայն Մերձավոր Արևելքում։ Տարածաշրջանում Թուրքիայի և նրա «հակաամերիկյան» քայլերի նկատմամբ անվստահության պայմաններում Հայաստանի դերն ավելի ու ավելի նշանակալի է դառնում Իրանի համար։ Հատկանշական է այն փաստը, որ եթե առաջ իրանցիները Հայաստանում օգտվում էին ռուսամետ փորձագետների ծառայություններից, ապա հիմա նրանք աշխատում են մերձենալ նաև այլ կողմնորոշման փորձագետների հետ, ովքեր ընդունակ լինեն առարկայական նախագծեր առաջարկելու իրանցիներին, թեև այդ խնդիրը դժվարլուծելի է այնպիսի փորձագետների շրջանակի նեղ լինելու պատճառով, որոնք ընդունակ լինեն առաջարկելու, առավել ևս մշակելու իրանցիների համար առարկայական նախագծեր։ Իրանցիները երկար ժամանակ օգտվել են ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքի հայ փորձագետների ծառայություններից, հատկապես Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի խնդիրներով, և ներկայումս նրանք պատրաստ են ֆինանսավորելու հայ երիտասարդ փորձագետների որակավորման բարձրացումը։ Հայաստանը իրանցիների կողմից դիտարկվում է իբրև մի վայր, որտեղ կենտրոնանում են քաղաքական խնդիրներին առնչվող տեղեկություններ ու առաջարկություններ, Իրանի համար նման մյուս երկիրն էլ Լիբանանն է։ Օրինակ, հայերի օգնությամբ Իրանը ֆինանսավորել է Երևանում աշխարհի կարևորագույն իրանագիտական հետազոտությունների կենտրոններից մեկի զարգացումը, որը միանգամայն անկախ է աշխարհի մյուս բոլոր համանման կենտրոններից, որոնք գործում են հրեական հսկողությամբ։ Այս հանգամանքը շատ կարևոր է Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում հայ փորձագետների դերը գնահատելու համար։ Ներկայումս իրանական դիվանագետները, գործարարները, լրագրողները, թարգմանիչները, բոլոր նրանք, ովքեր շփվում են ռուսական ընկերությունների, ինստիտուտների, ստեղծագործական միությունների հետ, հանձնարարություն են ստացել կարծիքներ հավաքելու Իրանի շրջափակմանը Ռուսաստանի մասնակցության առնչությամբ։ Լայն աշխատանքներ են տարվում Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանում իրանամետ լոբբիստական գործունեության մեջ ներգրավելու ուղղությամբ։
Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցության զարգացմանը համընթաց, հայկական ցանցային կառուցվածքները մեծ ինքնուրույնություն են ձեռք բերում և ավելի մեծ չափով են աշխատում հանդես գալ որպես շատ հետաքրքիր գործընկերներ քաղաքական նախագծերի մշակման և իրականացման գործում։ Հատկանշական է նաև այն, որ հայկական ցանցային կառուցվածքները այդ հարաբերությունների ձևաչափում նախապատվություն չեն տալիս Ռուսաստանի շահերին` Իրանի համեմատ, այլ ավելի շուտ ձգտում են կառուցել հավասարահեռ հարաբերություններ։ Հնարավոր է, որ այդ համագործակցության հաջորդ փուլը դառնա հայկական ցանցային կառուցվածքների մասնակցությունը Իրանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների զարգացմանը։


Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ