38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սովորեք ձայնը աղմուկից տարբերել

Սովորեք ձայնը աղմուկից տարբերել
29.03.2013 | 01:10

ՈՒսանողական տարիներին, երբ կարդում էի Երվանդ Օտյանի «Փանջունին...», գիտեի, որ երգիծավեպ է, սատիրավեպ, իսկ ծիծաղս չէր գալիս: Չէր գալիս, ու` վերջ: Զարմանք կար, նույնիսկ զայրույթ, բայց ծիծաղս չէր գալիս: Ծապլվարը, իհարկե, հնարովի էր, հանգամանքները, որոնցում հերոսները հայտնվում ու դուրս էին գալիս, ավելի շատ տխրություն ու ցավ էին բերում: Ինձ բոլորովին չէր թվում, որ Երվանդ Օտյանը Հակոբ Պարոնյանի հետնորդն է: Բնականաբար մտքովս չէր անցնի, որ հետո Ծապլվարի համարյա բոլոր հերոսներին ուրիշ անուններով անձամբ կճանաչեմ, որ Ծապլվար պայմանական տեղանունը փողոց առ փողոց Երևան կդառնա, ու ընդհանրապես ժամանակը այդքան կկրկնի ինքն իրեն: ՈՒ նորից ծիծաղս չի գա: Բոլորովին չի գա: Զայրույթ` այո, տխրություն` այո, ավելի շատ` ձանձրույթ: Ավելի ստույգ` ցավ:

Երբ կարդում էի Պարույր Հայրիկյանի ինքնամատուցման հերթական հավաստագիրը, թվում էր` Երվանդ Օտյանը վերադարձել է ու գրում է Փանջունու մերօրյա արկածները: Ամբողջ մեկ ամիս, օգտվելով նախագահի թեկնածուի իր հնարավորություններից, Պարույր Հայրիկյանը հիանալի նվագեց հանրության նյարդերի վրա իր մենահամերգը (թեպետ այդպես էլ չհասկացվեց առաջադրման նպատակը), որի վերջին ակորդներն ընդհանրապես քաղաքական անշլագի տակ անցան` հետաձգում եմ ընտրությունները, ոչ, չեմ հետաձգում` հանցագործները իրենց ցանկացածին չպիտի հասնեն, այնուամենայնիվ, հետաձգում եմ` վատ եմ, ես չեմ հետաձգում` թևս է հետաձգում, գիշերը չեմ քնել, դուք պատկերացնո՞ւմ եք, չեմ հետաձգում, հետաձգում եմ: Փետրվարի 1-11-ը Պարույր Հայրիկյանի օրերն էին: Ինչպես ինքը պիտի հայտարարեր` «գնդակահարվելուց հետո», երբ ամեն ինչ գնաց իր ընթացքով ու այդ ընթացքի մեջ ինքն արդեն չկար, մնացին «գնդակահարության»` իբրև ոճրագործության բացահայտման պատմությունը և մեկ էլ իր պատմությունը` իբրև «գնդակահարվածի»: Հասարակությունը զարմացավ, զայրացավ, զվարճացավ ու... մոռացավ նրան: Պատմական անարդարություն: Ինչպես կարելի է, չէ՞ որ նա պայծառատես է, չէ՞ որ նա Հայաստանի Հանրապետության հայրն է, ՀՀ սահմանադրության մայրն է, ու ընդհանրապես մենք բոլորս` իբրև ՀՀ քաղաքացիներ, ոտքով-գլխով պարտական ենք իրեն, բայց մեզ պահում ենք անպատկառ, վայրահաչում ենք աջ ու ահյակ մեր համատիեզերական բարերարի վրա: Հողը թեթև լինի վրադ, Երվանդ Օտյան, իսկապես հանճարեղ երգիծաբան էիր, բայց ես ինչպե՞ս հասկանայի քեզ 80-ական թվականներին: Անցյալ դարի: ՈՒ ինչ պիտի գրեմ հիմա, գրում եմ իսկապես խորին ափսոսանքով ու խորին ցավով. պատմությունն ավարտվել է, իսկ պատմության հերոսը շարունակում է ապրել, նա վաղուց արդեն հերոս չէ, բայց ոչ մի կերպ չի կարողանում գիտակցել, հասկանալ, հավատալ, որ իր պատմությունը, իր ժամանակի, իր պայքարի, իր ամեն ինչի պատմությունն ավարտվել է, ու իրեն մնացել է հանգիստ առնել իր վաստակած դափնիների վրա, իր համար ապրել վերջապես, ազգի ցավերը մոռանալ, ցած դնել կիսաողբերգական-կիսաօրհասական, բայց ընդամենը ծիծաղելի իր պատկերացումների դրոշակը ու չպարտադրել մարդկանց: Ընդամենը հանգիստ թողնել, ուրիշ ոչինչ: Որովհետև հերոսից հակահերոսի է վերածվում, որովհետև դառնում է բազմակի օգտագործման հնարք, փամփուշտ` առանց պարկուճի: Ինչո՞ւ է մարդը գնում ինքնաոչնչացման: Կրկնում եմ` գրում եմ խորին ցավով: Որովհետև վաղուց այլևս քաղաքական գործիչ չկա, կա մարդ, որ շարունակում է ապրել Ծապլվարում, որը երբեք չի եղել: Բայց որքա՞ն է տրամաբանական անձնական կյանքի պատմությունն անընդհատ հասարակության պարանոցին փաթաթել, որքա՞ն է տրամաբանական անընդհատ հասարակությանը պարտադրվել ապրիորի, ժամանականց ու անբովանդակ գաղափարներով, ծրագրերով, մտադրությունների հավաստագրերով: Ակնհայտ է, չէ՞, որ սահմանադրության բարեփոխումների հանձնաժողով, եթե ստեղծվի ընդհանրապես (իսկ դա առանձին քննարկման թեմա է, որովհետև դեռ պիտի պատճառաբանվի, թե ինչո՞ւ Հայաստանը պետք է կիսանախագահական կառավարման համակարգից անցնի խորհրդարանականին, գործող համակա՞րգն է արատավոր, թե՞ անձինք են աղավաղում ու այլասերում համակարգը, ու քանի կան այդ անձինք, որևէ համակարգ աղճատված ու այլակերպված է լինելու, թեփից ազատվելու ամենաարդյունավետ ճանապարհը գիլիոտի՞նն է), Պարույր Հայրիկյանն այն մարդն է, որ ի սկզբանե այդ հանձնաժողովի գործունեությունը դատապարտելու է ձախողման, եթե նախագահի:

Միայն իր անձով: Իր ժամանականց, իրականությանն անհամարժեք ընկալումներով ու ապագայի նույնքան անհամարժեք պատկերացումներով: Պարույր Հայրիկյանն ընդհանրապես քաղաքական որևէ գործընթացի հակացուցված է: Պատմական հիմնավորումը Երվանդ Օտյանն է տվել, պատճառներն ինքն է պարբերաբար բացատրում, իսկ հետևանքները պիտի հանդուրժենք մենք:
Չէի գրելու Պարույր Հայրիկյանի մասին, նրա հերթական հանճարամտության, եթե պարույրհայրիկյանությունը որակ դարձած չլիներ: Տխուր որակ: Ախտորոշում, որ հնչում է իբրև դատավճիռ: Իսկ հասարակության որոշակի մաս ծափ է տալիս: Համարյա ինքնամոռաց: Մոռացած, որ այդ «Գլոբուս» թատրոնում էր բեմը կյանք: Այն էլ` Շեքսպիրի ժամանակներում: Այն էլ` արվեստի ողջ պայմանականությունն ընդունելով հանդերձ: ՈՒ չի կարելի, հնարավոր է, բայց չի կարելի քաղաքականությունը դարձնել անորակ, էժանագին ներկայացում, թեկուզ տոմսերը սպառվում են, երբեմն էլ անշլագ է: Քաղաքականությունը ինքնախաբեություն, ուրիշներին սեփական շահերին ծառայեցնելու արվեստ չէ, քաղաքականությունն ընդամենը մեխանիզմ է, որը գործում է որոշակի օրինաչափություններով ու որոշակի նպատակներով: Չի կարելի, հնարավոր է, բայց չի կարելի այդքան արժեզրկել այն գաղափարները, հանուն որոնց ասպարեզ ես եկել ու քեզ հռչակել առաջնորդ: Ասելիք պիտի ունենաս: Չունես` հեռացիր: Դատարկաբանությունը երբեք չի փոխարինել ասելիքին: Որոշակի ժամանակի մեջ է միայն սպառում ունեցել: Բայց` կարճ: Հնարավոր է, բայց չի կարելի ոչնչացնել արժեքները: Ոչ այն պատճառով, որ բումերանգը վերադառնում է: Դատարկությունը այն բարեբեր հողն է, որտեղ արմատակալում են ընդամենը չարիքը և գորշությունը: Դատարկությունը այն բարեբեր հողն է, որ տարակարգ ստահակների իրավունք է տալիս խոսել ազգի ու ժողովրդի անունից: Ոչ միայն անպատիժ խոսել, այլև արժանանալ ազգի ու ժողովրդի ծափերին` սա է մերօրյա ողբերգությունը, որի մեջ մեղավոր ենք բոլորս: Երբ ծիծաղդ արդեն ոչ մի դեպքում չի գալիս, նույնիսկ ակնհայտ զավեշտի ու բոլոր օրենքներով բեմադրված կատակերգության պարագայում: Դատարկությունը այն բարեբեր հողն է, երբ դեմքն ու դիմագիծը կորցնում է անհատը: Ես երբեք չեմ հավատացել ժողովրդի ընդհանրական հանճարին: Նախ` հանճարը խորապես անհատական է ու առանձնահատուկ, որպեսզի ընդհանրական լինի: Հետո` հանճարեղ լինել չի նշանակում ճիշտ լինել: Չեմ հավատացել նաև ընդհանրական կամքին, որովհետև ընդհանրական կամք չի լինում, լինում է մեկի կամ մի քանիսի խմբակային որոշում, որն ընդունում են մյուսները: Ժողովուրդը չի կարող միակամ ամբողջականություն լինել: Բացառություն են արտաքին վտանգի իրավիճակները, բայց այդ ժամանակ այլևս գործում է պատերազմական ժամանակների օրենքը: Ընդհանրական միտք, կարծիք, տեսակետ, գաղափար ձևավորում են սակավաթիվ մարդիկ, որ պատիվ ունեն կոչվել այդ ժողովրդի մտավորականները, որ բնավ էլ չեն աշխատում իբրև միտք, կարծիք, տեսակետ, գաղափար ձևավորող, այլ գրում են, նկարում են, քանդակում են, երգում են` արժեք են ստեղծում ու իրենց ստեղծագործությամբ ընկալում են տալիս, իդեալ ու հեռանկար: Այդպես եղել է միշտ: Քաղաքականությունն ու իշխանությունը մշտապես նրանց կարիքն ունեն` ընկալելի դառնալու համար, ընդունելի, հասկանալի: Կայանալու համար: Որովհետև ցանկացած իշխանություն նախ պետք է ժողովուրդ ունենա` քաղաքացի, այլապես ինքը ոչ մեկին պետք չի լինի. եթե չկա խնդիր, չկա նաև խնդիրը լուծողի կարիք: Որևէ ժողովրդի 5-10 տոկոսն է միայն նրա գաղափարական արժեքները ստեղծում` առանց մասնագիտական կաշկանդումի: Խելամիտ իշխանությունը նպաստում է նրանց, անխելահաս իշխանությունը խանգարում կամ փորձում գնել: Քաղաքականության մեջ մենք տանուլ ենք տալիս, երբ տուրք ենք տալիս դատարկաբանությանը, օրընթաց շահին, երբ հակահերոսներին օրվա հերոս ենք դարձնում, երբ բովանդակազրկում ենք արժեքները: ՈՒ նույնիսկ չենք էլ նկատում: Ընդունում ենք իբրև անխուսափելիություն: Դժգոհում ենք մեր բախտից, մեղադրում ճակատագրին, տարվա ու օրվա եղանակին, իշխանությանը, հարևանին, ում պատահի, բայց ոչ մեզ, որ դադարել ենք մտածել: Եվ քաղաքականության իրական բովանդակությունը փոխարինում ենք միջանձնային հարաբերություն-հաշիվներով, անձի տիեզերական շահով, որ պետության շահի համեմատ մանրիկ է, բայց դառնում է գերակա, իսկ հետո մեր այլասերած «քաղաքականության» զոհն ենք դառնում բոլորով:
Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական հաշվարկները վերջ տվեցին 2007-2008 թթ. ընդդիմադիր շարժմանը: Երկար ժամանակ թվում էր, որ նրանից հետո այլևս դժվար է մտածողության, հավատի, հույսի, հեռանկարի ավելի մեծ ավերածություն գործել: Լևոնին ժողովուրդը հավատաց, Լևոնը հեռացավ ժողովրդից: Լևոնը մենակ թողեց ժողովրդին: Եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարեց, որ ինքը չկա, կա ժողովուրդը, չի հաղթել ինքը, հաղթել է ժողովուրդը, պայքարը իրենը չէ, ժողովրդինն է, պատասխան պիտի տան ոչ իրեն, այլ ժողովրդին: ՈՒ գործնականում շատ ավելի մենակ թողեց ժողովրդին, քան Լևոն Տեր-Պետրոսյանը: Որովհետև նա գոնե քաղաքական ձևակերպումներ էր տալիս իր պահանջներին, գոնե քաղաքական օրակարգ էր ասպարեզ բերում: Սխալվում էր, բայց գիտեր «այո» ու «ոչ» ասել: Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ, որ հրապարակավ զբաղվի ոչինչ չասելով: Նրա զարգացրած քաղաքական նամակագրության ժանրը ծաղր է, որ այսօր հավակնում է փոխարինել քաղաքականությանը: Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրելի չէր` նրանից հետո պայքարելու ցանկություն մնում էր, Րաֆֆի Հովհաննիսյանից հետո մնալու է մի մեծ ծիծաղ, որ սահմանակցում է դատարկությանը: Ցավալի է: Չի կարող առաջնորդ համարվել մարդը, որը չգիտի ինչ անել: Ոչ այն պատճառով, որ իրեն թույլ չեն տալիս, այլ այն պատճառով, որ ինքը չի կողմնորոշվել: Իսկ չի կողմնորոշվել, որովհետև գերի է ապրիորի պատկերացումների, որոնք իրականության հետ աղերսներ չունեն: Ոչ այն պատճառով, որ իրականությունը վատն է կամ սխալ է, այլ ուղղակի իրականություն է: Հայաստանի Հանրապետությանը պետք է քաղաքական նոր էլիտա, որը Լուսնից չի իջնելու, որ կարողանալու է արժեքներ դավանելով` արժեքներ հաստատել ու վերջապես ավարտել մեծ հիասթափության ու մեծ դատարկության շրջանը: Ընդհանրական հանճարի կամ ընդհանրական կամքի այդ դրսևորումը առաջին կանոն պիտի ունենա սերը, երկրորդ կանոն` միմյանց մեջ թշնամիներ չհաստատելը, ազգն աղքատի ու օլիգարխի չբաժանելը, այլ աղքատի ու օլիգարխի մեջ ազգային գիտակցություն ձևավորելը: Երրորդ կանոն` ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի, ու պետությունը պիտի երաշխավորի նրանց ապրելու, աշխատելու հնարավորությունը: Այդ էլիտան Լուսնից չի իջնելու, բայց այսօր թվում է Լուսնից ավելի հեռու, որովհետև քանի դեռ աղմկում են օրվա փանջունիները, Հայաստանն ընդամենը Ծապլվար է մնում, ու մենք ավելիի արժանի չենք, եթե աղմուկը ձայնից չենք տարբերակում: Եթե գերադասում ենք ընթացքը, ոչ թե արդյունքը: Եթե գիտենք Շեքսպիրի տեղը, բայց թույլ ենք տալիս, որ մեզ զբաղեցնեն վոդևիլներով: Նույնիսկ եթե բեմում բարձրաստիճան դերասաններ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Քանի՞սը նկատեցին, թե «Հայրիկյանն այսօ՞ր ինչ կասի» ռեմարկը սահուն փոխարինվեց «Րաֆֆին այսօ՞ր ինչ կասի» ռեմարկով: Քանի՞սը նկատեցին իրական քաղաքականության փոխարինումը ոչմիբանով: Քանի՞սը նկատեցին, որ իրական պրոբլեմները բարեհաջող շրջանցվեցին: Քանի՞սը կզարմանան, որ ապրիլի 9-ից հետո կազմավորվի հերթական ընթացիկ կառավարությունը ԱՊՀ ու համաշխարհային վիճակագրական տվյալներով լավագույնը մոլորակում, իսկ մարդը կշարունակի մենակ մնալ իր պրոբլեմների հետ նույնքան, որքան առաջ էր: Քանի՞սը իրավունք կունենան խոսելու հավատի, վստահության ու ապահովության մասին: ՈՒ ինչո՞ւ է Թատրոնի օրը նշվում միայն մարտի 27-ին:

Դիտվել է՝ 2756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ