38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Օբաման հաշտեցնում է հրեաներին ու թուրքերին, ուրեմն շուտով պատերազմ կլինի»

«Օբաման հաշտեցնում է  հրեաներին ու թուրքերին,  ուրեմն շուտով պատերազմ կլինի»
29.03.2013 | 00:48

Այս վերնագիրը ես չեմ հնարել. հեղինակը իսրայելցի քաղաքագետ է, որը բավականին հաճախ է հանդես գալիս ռուսաստանյան ԶԼՄ-ներում: Եթե հրեա փորձագետն է իրեն թույլ տալիս հակահրեական-հակաթուրքական հայտարարություն անել, ուրեմն երևույթը, իրոք, ագրեսիվ լիցք ունի:
Այդ հաշտեցումը, ռուս մասնագետների կարծիքով, ԱՄՆ-ի նախագահի մերձավորարևելյան շրջայցի թերևս ամենաերևացող արդյունքն էր: 2009 թվականից սկսած, երբ իսրայելական հատուկ ծառայության զինյալները Գազայի ափին դիմահար գնդակահարեցին օգնության նավառաքելությամբ ժամանած ինը անզեն թուրքի, երկու երկրների հարաբերությունները սառեցվեցին: Թուրքերը և առաջին հերթին Էրդողանը ցասումնալից դատապարտեցին մեր ժամանակների ժանտախտը` սիոնիզմը, այնուհետև այն համեմատեցին ֆաշիզմի հետ և այլն: Եվ ահա Օբաման ինքն իր այցի ժամանակ զանգահարեց Էրդողանին ու լսափողը տվեց Իսրայելի վարչապետ Նեթանյահուին: Վերջինս ներողություն խնդրեց թուրք ղեկավարից միջադեպի համար, խոստացավ փոխհատուցել սպանվածների ընտանիքներին և այլն: Մի խոսքով, սրտակտուր, բայց պրագմատիկ զեղումներից հետո հրեաներն ու թուրքերը բարիշեցին:
Եթե ռուսներն են կարծում, որ իրենց երկիրը չի շահի այդ համերաշխումից, ապա հայերս շատ ավելի հիմքեր ունենք անհանգստանալու: Բայց դա հատուկ թեմա է: Բնական է, որ ամերիկա-իսրայելական շահերի շրջանակի մեջ Թուրքիայի վերադարձով կուժեղանա ճնշումը առաջին հերթին Սիրիայի, այնուհետև Իրանի վրա, ինչը չի կարող չշոշափել այդ երկու պետությունների հետ Ռուսաստանի ունեցած շահագրգիռ հարաբերությունները:
Ամենայն հավանականությամբ, պատահական չէր նաև այդ օրերին Քրդական բանվորական կուսակցության «բանտաբնակ» առաջնորդ Օջալանի հայտարարությունը զինաթափվելու և խաղաղ բանակցություններ սկսելու մասին: Եթե շատ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, հրեաներին են համարում ներքայքայիչ «հինգերորդ շարասյուն», ապա, փաստորեն, Իսրայելի ձեռքին այդպիսիք են համարվում Թուրքիայի քրդերը: Ամեն անգամ, երբ սրվում են թուրք-իսրայելական հարաբերությունները, «ակամայից» ակտիվանում են նաև քուրդ ահաբեկիչների գործողությունները:
Թուրք-իսրայելական նոր «բարեկամության» պայմաններում իսրայելցիները կարող են հուսալ թուրքական տարածքի օգտագործման վրա` Իրանի դեմ ռազմաօդային ուժերի կիրառման դեպքում: Եվ այս առնչությամբ ռուսական լրատվամիջոցները վերհիշեցին վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպերը, երբ Բաքվում ըմբոստություններ բռնկեցին բանակում բացահայտված անարդարությունների և դրանց նկատմամբ ալիևյան իշխանությունների անողոք գործողությունների կապակցությամբ: Ինքնին հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում Անդրկովկասի «ամենահարուստ», բայց և «ամենաոչժողովրդավարական» պետությունում մարդու իրավունքների ինչ-որ բիրտ խախտումներին ու դրանց դատարկ դատապարտումներին. ռուսները, կոպիտ ասած, թքած ունեն այդ պարագայի վրա: Խնդիրը շատ ավելի խոր է: Ըստ էության, այդ իրադարձությունները դիտվում են որպես Արևմուտքի (ԱՄՆ-ի) կողմից Հարավկովկասյան տարածաշրջանում նոր «գունավոր» կամ «գարնանային» հեղափոխության փորձարկում: Ճշգրտվում է, որ տվյալ դեպքում թիրախը բնավ էլ Ադրբեջանը չէ, այլ նրա մերձավոր հարևանը` Իրանը: Իսրայելի ռազմավարական գործընկեր Ադրբեջանը սոսկ գործիք կծառայի Իրանի դեմ պատերազմական գործողություններ ծավալելու դեպքում: Քաջատեղյակ դիտորդները Բաքվում տեղի ունեցած իրադարձություններում պարզորոշ տեսնում են ամերիկացիների «ձեռքը». ադրբեջանական «ֆեյսբուքյան հեղափոխության» վրա մոտ 2 միլիոն դոլար էին ծախսել ԱՄՆ-ի ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) և նրա ղեկավար Ալեքս Գրիգորևսկը, որը հայտնի է որպես գունավոր հեղափոխությունների խոշոր մասնագետ-«արտահանող»: Արդյունավետորեն աշխատելով ՈՒկրաինայում և Վրաստանում` փորձառու քաղաքական այրը իր թաթն է դնում Ադրբեջանի վրա:
Նպատակը մեկն է` ապակայունացնել ու թուլացնել Ադրբեջանը` այն Իրանի դեմ ռազմական հակամարտության շեմին նատօյական հենակետ դարձնելու համար: «Բնական է, որ արևմտյան կոալիցիայի կողմից Իրանի դեմ ագրեսիա ձեռնարկելու դեպքում,- գրում է ռուս միջազգայնագետ Ա. Մարտինովը,- ադրբեջանական տարածքը հենակետ կդառնա ՆԱՏՕ-ի, Իսրայելի համար: Համենայն դեպս, այդ մասին անթաքույց ու բարձրաձայն են խոսում արևմտյան ԶԼՄ-ները»:
Ադրբեջանն արդեն տվել է իր համաձայնությունը, որ Աֆղանստանից կոալիցիայի ռազմաբեռների մի մասը տեղափոխվի նրա տարածքով: Կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է ոչ այնքան այդ բեռները Աֆղանստանից դուրս բերելուն, որքան դրանք Իրանի սահմանին հասցնելուն: Այստեղ համոզմունք է հայտնվում, որ հազիվ թե Բաքվին հաջողվի խուսափել արևմտա-իսրայելական որոգայթից: Իրավիճակի զարգացմանն առնչվող ևս մի ընդհանուր դիտարկում, որը շոշափում է նաև Հայաստանի շահերը: Ընդգծվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Իրանի հարևան մյուս երկրների աննախանձելի դերը այդ պետության դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում, հատկապես, եթե կիրառվի միջուկային զենք: Ռադիացիան և միլիոնների արտագաղթը, գրում է ռուսական թերթերից մեկը, չարիք կարող են դառնալ այդ երկրների համար: ՈՒ հազիվ թե նրանց համար էական լինի` հակամարտությունը տարածաշրջանայի՞ն կմնա, թե՞ կվերածվի համաշխարհայինի:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ