38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մեծ կայսրությունը, ինչպես մեծ կարկանդակը, ավելի հեշտ է ուտել եզրերից»

«Մեծ կայսրությունը, ինչպես մեծ կարկանդակը, ավելի հեշտ է ուտել եզրերից»
18.01.2013 | 00:42

Մոսկվայից նորից ահարկու ձայն լսվեց. «Հավաքում ենք հողերը»։ Այս անգամ, կարծես, ավելի ռազմաշունչ։ Եվ նախկին խորհրդային տարածությունում սկսվել է մի նյարդային ու բավական քաոսային իրարանցում` թե՛ կրեմլյան այրերին նեղացնելն է վախեցնում, թե՛ չէր խանգարի անձնական շահեր հետապնդել։ Եվ այդ իրարանցումն ինձ հիշեցրեց մի հին ու շատ ուսանելի առակ. «Ջրի պռնկով, ոսկորը բերանն առած, մի շուն էր վազում։ Հանկարծ իր արտացոլանքում տեսնում է «մի ուրիշ շուն»` էլի ոսկորը բերանին։ Ընդ որում, կարծես, ավելի մեծ ու համով։ Առանց երկար մտածելու, շունը բերանի ոսկորը գցում է ջուրն ու նետվում հրապուրիչ խայծի հետևից»։

Չէի ցանկանա նորանկախ պետությունները համեմատել թրջված ու հիասթափված շան հետ, առավել ևս նրանց նվաճումը` ձեռք բերված անկախությունը, ատամներում սեղմված ոսկորի, բայց, այդուամենայնիվ, հիմա, երբ ռուսական նոր կայսրության կամ, եթե ավելի է դուր գալիս, Միության շրջանակներում «հողերը հավաքելու» գործընթացը շատերին սկսել է թվալ թե՛ ճակատագրական, թե՛ անխուսափելի, առանձնապես կարևոր է թվում պարզել, թե որոնք են իրողությունները և որոնք` պատրանքները։
Եթե Պուտինի նախընտրական աճպարարությունը` «Եվրասիական միությունը», որը ձևված էր, ինչպես շատ փորձագետներ էին ընդգծում, առաջին հերթին ներքին օգտագործման համար, լեթարգիական քնի փուլ է մտել, ապա «ինտեգրման մյուս սուրը»` Մաքսային միությունը, սկսել է ինքնամոռաց ավերածություններ գործել աջ ու ձախ։ Հասկանալի է, որ մարդկության պատմության մեջ կայսրությունները միշտ էլ ստեղծվել են արյամբ ու պատերազմներով, իսկ Կրեմլի համար այդ հին կանոնները, թերևս, կիրառելի են նաև այս նոր տեխնածին աշխարհում։ Հիմա, ինչպես արդեն ասել ենք, հերթը, նախ և առաջ, ՈՒկրաինայինն է, և անգամ ամանորյան տոները չխանգարեցին դրան։ 2013-ի բառացիորեն հենց առաջին օրը Ռուսաստանի արտգործնախարարության տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գորբանը «Ինտերֆաքսի հետ» հարցազրույցում ուրախացրեց «արյունակից եղբայրներին» և վերջնագրային տոնով հայտարարեց, թե ՈՒկրաինան ռուսական գազի ոչ մի զեղչ չի ստանա, եթե չմտնի Մաքսային միության մեջ։ Ռուս դիվանագետը հայտարարեց. «ՈՒկրաինան ուզում է պահպանել միանգամից երկու վեկտոր` և՛ անդամակցել Եվրամիությանը, որտեղ նրան առանձնապես չեն էլ սպասում, և՛ մասնակցել Մաքսային միությանը, բայց միայն այն չափանիշներով, որ իրեն են ձեռնտու։ Բայց այդպես չի լինում։ Չի կարելի մի քիչ հղի լինել»։ Բացի դրանից, այդ բարձրաստիճան պաշտոնյան, ո՛չ առանց ՌԴ վերևների օրհնության, նորից դժգոհեց այն բանից, որ Կիևը չի ուզում Մոսկվայի և Եվրամիության հետ համատեղ ստեղծել ուկրաինական խողովակաշարերի շահագործման կոնսորցիում։ Հավանաբար այս նպատակը ոչ պակաս, գուցե և ավելի, հրատապ է, քան տխրահռչակ միասնությունը։ «Բայց ինչի՞ կհանգեցնի դա։ Ամեն ինչ կավարտվի նրանով, որ ՈՒկրաինայի տարածքում գտնվող մետաղի այդ կույտը, որը մի ժամանակ խողովակաշար է եղել, ուղղակի կժանգոտի, և այն կարելի կլինի հանձնել որպես ջարդոն»,- խելք սովորեցրեց հոգատար հարևանը։
Վաղուց հասկանալի է, որ միամտություն կլիներ այլ բան սպասելը, սակայն Կիևում լրջորեն նեղացան ու շտապեցին բավական սուր պատասխանել։ ՈՒկրաինայի արտգործնախարարությունն ընդգծեց, որ «չի կարող անուշադրության մատնել ծայրաստիճան ոչ դիվանագիտական և վիրավորական» հարցազրույցը, որ հարկավոր է «այդ նրբին թեման մեկնաբանել ավելի զուսպ և գործընկերների հանդեպ հարգանքով», և որ պետք է նոր մոտեցումներ գտնել, «ոչ թե հիստերիայի մեջ ընկնել»։ Այնպես որ, դատելով ըստ ամենայնի, ՈՒկրաինայի հետ Ռուսաստանի ավանդաբար դժվարին «եղբայրական» հարաբերություններն այս նոր տարում էլ հերթական փորձությանը կենթարկվեն։ Թեև սովորական դարձած «գազային պատերազմներ» այս ձմռանը չեղան, սակայն ռուսական իշխանությունները հաստատակամորեն հասկանալ են տվել, որ Կիևին կկանգնեցնեն դժվարին ընտրության առջև` կա՛մ եվրոպական ինտեգրում, կա՛մ էժան գազ։ Նկատենք, որ Վիկտոր Յանուկովիչն ավելի վաղ հայտարարել էր, թե ՈՒկրաինան «աստիճանաբար կմիանա Մաքսային միության կանոններին», իսկ հունվարին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի Կիև կատարելիք այցի ժամանակ կքննարկվեն Մաքսային միության հետ ՈՒկրաինայի` «Առանց անդամության» համագործակցության ձևաչափի հարցերը։ Բայց, միաժամանակ, ուկրաինացի պաշտոնյաները վստահեցնում են, որ երկրի արտքաղաքական կուրսը «հստակորեն սահմանված է նախագահի կողմից` հաշվի առնելով քաղաքացիների մեծամասնության կարծիքը», և դա «հսկողական ընթացք է եվրաինտեգրման ճանապարհով` Ռուսաստանի հետ գործընկերային իրավահավասար հարաբերությունների միաժամանակյա զարգացմամբ»։ Այնպես որ, Կիևում խորհուրդ չեն տալիս «շամպայն բացել» աշխարհաքաղաքական այլընտրանքի կողմնակիցների համար։ Առավել ևս, որ արդեն փետրվարի վերջին տեղի է ունենալու «ՈՒկրաինա-Եվրամիություն» գագաթնաժողովը, և հավանական է` պայմանավորվածություններ ձեռք բերվեն Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին։ Բացի այդ, Պեկինը ժամանակին հասցրեց ՈՒկրաինային տրամադրել հսկայական փողեր («հակառուսական», ինչպես դրանք շտապեցին անվանել ռուսական լրատվամիջոցները)` 3,656 մլրդ ամերիկյան դոլար ընդհանուր գումարով վարկ` գազն ուկրաինական ածխով փոխարինելու ծրագրի ֆինանսավորման համար, իսկ դրանից առաջ ՉԺՀ-ի արտահանման-ներմուծման բանկն ՈՒկրաինայի ագրարային հատվածին 3 մլրդ դոլար էր տրամադրել։ Փոխարենն ՈՒկրաինան պարտավորվում է Չինաստանին մատակարարել տարեկան 2-2,5 մլն տոննա եգիպտացորեն։ Պեկինի ինչի՞ն էր պետք դա։ Հարցը, իհարկե, չափազանց կարևոր ու հետաքրքիր է, ինչպես ամբողջությամբ վերցրած Չինաստանի կողմից նախկին ԽՍՀՄ-ի երկրների վարկավորումն ակներևաբար ակտիվացնելու հարցը։ ՈՒ էլի մի հանգամանք, որը, հավանաբար, Յանուկովիչի վարչախմբին կստիպի հարյուր անգամ մտածել Կրեմլի կամքով շարժվելուց առաջ. խոսքը քաղաքացիական պատերազմի և երկրի տրոհման իրական վտանգի մասին է։ Իսկ դա, համաձայնեք, ավելի ահավոր բան է, քան ցանկացած «կոշտ արձագանք», ինչով վախեցնում է Մոսկվան։
Ասենք, շատերի կողմից իբրև համադարման ներկայացվող Մաքսային միությունում էլ ամեն ինչ հարթ չէ, և ամեն ինչ չէ, որ տանում է դեպի «պայծառ ապագան»։ Ղազախստանում մի շարք հասարակական գործիչներ համառորեն ձգտում են, որ հանրաքվե անցկացվի «Ղազախստանն ու Մաքսային միությունը` լինե՞լ, թե՞ չլինել» թեմայով։ Բացի այդ, ղազախ փորձագետները գրում են. «Երևում է, հայրենական գործարարների երկյուղները Մաքսային միության խնդիրների առնչությամբ սկսում են իրականանալ։ Ղազախստանին խոստացված 173-միլիոնանոց ընդհանուր շուկան դարձյալ մատչելի է այնքանով` որքանով, և Ռուսաստանի ու Բելառուսի հետ առևտրային ձեռքբերումները դեռևս ակնկալված ներդաշնակությունը չունեն»։ Բացի դրանից, այդ միության շրջանակները զգալիորեն բարդացնում են Աստանայի փոխհարաբերությունները ինչպես մերձավոր հարևանների, այնպես էլ թյուրքական կազմավորումների գծով գործընկերների հետ։ Իսկ ընդհանուր առմամբ այստեղ երկյուղում են, որ Ղազախստանին սպառնում է «Մաքսային միության հումքային կցորդ» դառնալու վտանգը։ Հիմա արդեն շատերը երկրում կարծում են, թե Մաքսային միության ներսում առավել մեծ շահ ստանում են Ռուսաստանն ու Բելառուսը, իսկ արտադրանքը, որ այդ երկրները վաճառում են Ղազախստանին, հաճախ պատրաստված է լինում ղազախստանյան հումքից։ Այնպես որ, հիմա, երևի, պատահաբար չի «ցեղի առաջնորդ» Նուրսուլթան Նազարբաևը համարում, որ դեպի ընդհանուր տնտեսական տարածություն պետք է ընթանալ աստիճանաբար։ Ինչ վերաբերում է «ավելի զիջող» Բելառուսին, ապա նա Ռուսաստանի բարեհոգի վերաբերմունքից հետո առայժմ, կարծես, մի փոքր «սուս է արել»։ Սակայն, ծանոթ լինելով «հավասարակշռելու սիրահար» Լուկաշենկոյի բնավորությանը, շատ կասկածելի է, թե դա երկար կտևի։ Այսպես, եթե էներգետիկայի հարցում ամեն ինչ, ասես, հարթվել է, ապա հովանավորչությունը ոչ միայն հիմնարար, այլև ծայրաստիճան ցավագին հարց է մնում։ Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի է, որ Մոսկվան, իր արտադրանքի շահերից ելնելով, խոչընդոտներ է հարուցում ռուսաստանյան շուկա բելառուսական գյուղմթերքների թափանցման ճանապարհին։ Եվ այդ «փորձաքարը» լիովին շրջանցել չի հաջողվում։ ՈՒ էլի մի աղմկոտ պատմություն։ Վերջերս ՌԴ Կենտրոնական բանկը ռուսական բանկերին հանձնարարեց ավելի մեծ ուշադրություն նվիրել այն ապրանքների դիմաց վճարման գործառնություններին, որոնք Բելառուսի ու Ղազախստանի տարածքներից տարվում են արտասահման։ Փաստաթղթում Կենտրոնական բանկը թափանցիկորեն ակնարկում է նման «ներմուծման» զգալի մասի ձևականությունը, այսինքն, այդ կերպ քողարկում են կապիտալի դուրսբերումը Ռուսաստանից, «խուսափում հարկերից, կատարում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացում»։ Եվ խոսքը ոչ միայն «բելառուսական սխեմաների» մասին է, որոնք գնահատվում են մի քանի տասնյակ միլիարդ դոլար, այլև Ղազախստանից նման դեպքերի հաճախակի դառնալու մասին։ Այնպես որ, չի կարելի բացառել, որ թեև Մոսկվան կձգտի «Գազպրոմի» և այլ լծակների միջոցով բոլորին «քարշ տալ» Կրեմլի այդ նախագծի մեջ, սակայն այդ ամենը կավարտվի «Հետ դեպի ապագան. Մաքսային միությունը կեզրափակի ԱՊՀ երկրների ամուսնալուծությունը» կանխատեսման իրականացմամբ, որի հեղինակը ռուսական «Նեզավիսիմայա գազետան» է։
Իսկ որպես ամփոփում հիշեցնենք ևս մեկ, խիստ կարևոր հանգամանք։ Ժամանակին Բենջամին Ֆրանկլինը նկատել է. «Մեծ կայսրությունը, ինչպես մեծ կարկանդակը, ավելի հեշտ է ուտել եզրերից»։ Հավանաբար, լավ հասկանալով ինքնապահպանման այս բանաձևը, բոլոր կայսրությունները` հռոմեականից մինչև խորհրդային, ոչ միայն առանձնակի ուշադրություն էին նվիրում իրենց ծայրամասերին, այլև հասկանում էին, որ կայսրությունը ոչ միայն մեծ առանձնաշնորհ է, այլև մեծ պատասխանատվություն։ Սակայն մեր իրապաշտական դարում տնտեսական շահն ի չիք է դարձնում մյուս բոլոր դրդապատճառները։ Կրեմլի քաղաքականության մեջ հստակորեն և աներկմտորեն երևում է «գլխավոր գիծը». «ՈՒզում ենք վերականգնել կայսրությունը, բայց պատասխանատվություն կրել նրա ծայրամասերի համար, առավել ևս` տնտեսական, ո՛չ ցանկություն կա, ո՛չ միջոցներ»։ Իհարկե, Ռուսաստանի ղեկավարությունը դեռ այն զգացողությունն ունի, որ իրենք ամեն ինչ կարող են, որ ուժն ամեն ինչ է որոշում, բայց ոչ միշտ է, որ նրանք ակնկալվող արդյունքներն են ստանում։ Ինտեգրացիան սուբսիդավորելու ցանկություն այնքան էլ չկա, իսկ Կրեմլի մյուս տնտեսական «համոզմունքները» միշտ չեն արդյունավետ։ Ակնհայտ է նաև մեկ այլ բան։ Մաքսային միությունը կազմավորվել է կամային եղանակով, սեղմ, «հարվածային» ժամկետներում։ Այսպես, Եվրոպային ավելի քան 30 տարի պետք եղավ միասնական մաքսային տարածություն ստեղծելու համար։ Առանձնապես հարկ է նշել, որ Եվրամիության, Մաքսային և Արժութային միության անդամ պետությունները ոչ մի կերպ չեն կորցրել իրենց ինքնիշխանությունը, ինչը Մոսկվայի համար ծայրաստիճան դժվար է թույլ տալ` և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով։ Բացի այդ, Մաքսային միությունն ստեղծվել է «հին ու ավանդական» եղանակով, ինչպես ասում են` վերևից, առանց հասարակությունների շրջանում այդ նախաձեռնության նախնական ու հանգամանալի քննարկման։ Եվ հիմա, միանգամայն օրինաչափորեն, հասարակությունները հարց են տալիս. «Ի՞նչ երաշխիքներ կան, որ հենց նման ինտեգրացումն է հարստանալու և բարգավաճելու ամենաուղիղ ճանապարհը»։ Չէ՞ որ ինչ-որ նման բան նախկինում արդեն եղել է այդ տարածքում, ու հազիվ թե դա կարելի լինի անթերի տնտեսական մոդել համարել։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ