Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մեր միջի չինական պատը

Մեր միջի չինական պատը
27.07.2012 | 04:08

Իսկ դուք զգացե՞լ եք` ինչպես է ժամանակն անցնում: Դեռ մեր թվարկությունից առաջ ժամանակը չափելու համար մի բուռ ավազ էին վերցնում ու անոթից անոթ փոխանցում` հետևելով ընթացքին: Մեր նախնիները գիտեին, թե մի բուռ ավազը որքան ժամանակում է անոթից անոթ լցվում: Բայց մեր նախնիները, երբ լիքն ու դատարկ անոթների տեղերը փոխում էին, հաստատ հետ չէին բերում իրենց ապրած ժամանակը: Ավազը վերադառնում էր, կյանքը` ոչ:

Ինչո՞ւ հիշեցի: Ժամացույցը մնացել է նույնը. որքան էլ սլաքները հետուառաջես, ոչ մի ժամացույց ժամանակը չի վերադարձնելու:
2012-ի ամառը դանդաղ շտապելով` մոտենում է ավարտին. մնաց միայն կեսարների ամիս օգոստոսը, որ, ինչպես Օսիպ Մանդելշտամն էր ասում, ժպտալ գիտի:
Քաղաքականության մասին չեմ գրելու: Գրելու եմ տաբուների մասին, որ երբեմն նաև սկզբունք են կոչվում, բայց շատ ավելին են, քան սկզբունքը: Գրելու եմ վերջակետելու ժամանակի մասին, ուժի մասին ու սիրո:
Կյանքը ծանր աշխատանք է: Իսկ ամեն աշխատանք անելու համար պիտի սովորես: Երբեմն ուսումն այնքան երկար է տևում, որ գիտելիքներդ արդեն պետք չեն գալիս: Ճակատագիր է կոչվում: Երբեմն ուսանելու կարիք էլ չկա: Մարգարե ես կոչվում: Իսկ երբ հանդիպում են ճակատագիրն ու մարգարեն, ժամանակը դառնում է պատմական: Բայց մնում է այնքան, ինչքան տրված է` մեր կյանքի ժամանակը: Եվ դա է բարձրագույն արժեքը, որ հնարավոր չէ ո՛չ գնել, ո՛չ վաճառել, ո՛չ հետուառաջել: Բայց այդ մասին սովորաբար չենք մտածում: Կյանքը մեզ թվում է հավերժություն, որ չի կարող ավարտվել: Համենայն դեպս` մեզ համար: Եվ գուցե դա ճիշտ է, որովհետև հնարավոր չէ ապրել` ամեն վայրկյան հիշելով մահվան մասին:
Պարզապես մեզ հենման կետ է պետք:
Հենման կետի տեղի, դերի, ժամանակի ընտրությունն այն ճակատագրական դիլեման է, որ տաբուներ չունեցող մարդուն կարող է դարձնել մարդասպան, որովհետև եթե չես կարողանում անհրաժեշտ պահին դնել վերջակետը, նետածդ բումերանգը հետադարձով հարվածում է քեզ: ՈՒ դու այլևս կորցնում ես ընտրության հնարավորությունը. դու անում ես քայլեր, որոնք այլընտրանք չունեն: Բայց` քո կարծիքով, իսկ իրականում դու գնում ես մի ճանապարհով, որ տանում է ոչ մի տեղ: Երբեմն` ոչ միայն քեզ, այլև նրանց, ովքեր կանգնած են քո կողքին: Իրենց ցանկությամբ կամ քո: Եվ դու արդեն չես սիրում քեզ:
Հայրենիքը սիրելը ևս ծանր աշխատանք է: Որովհետև հայրենիք ունենալը նաև պարտականություն է, որ ամեն անգամ 5-10 հազար դրամով հնարավոր չէ վաճառել, որովհետև բումերանգը կարող է վերադառնալ պատերազմի տեսքով, որովհետև տիեզերական համակեցության օրենքում պարտադիր լինում են աստեղային ժամեր: Որովհետև Արքիմեդի ժամանակներից ճակատամարտերն ու պատերազմները շահում են նրանք, ովքեր հենման կետը գտնում են իրենց հայրենիքում:
Ծովից ծով հայրենիք իրենց պատմության մեջ գոնե մեկ անգամ ունեցել են բոլոր ժողովուրդները: Բոլոր ժողովուրդների կյանքում եղել է գոնե մեկ արքա, ում նվաճումներն իր երկրի սահմանները այդ պահին գոյություն ունեցող աշխարհի սահմանների հետ են հատել, ու նրանք կոչվել են աշխարհակալներ: Բայց աշխարհակալներն էլ պարտադիր տանուլ են տվել մի ճակատամարտ` ժամանակի հետ: Նրանք վախճանվել կամ սպանվել են, ու նրանց կյանքի ժամանակի հետ ավարտվել է նրանց երկրի ծովից ծով լինելու ժամանակը: ՈՒ դա արդար է: Տիեզերական համակեցության օրենքով արդար է: Որովհետև տիեզերքում ամեն ինչ բաշխված է համահավասար ու ընդմիշտ` երջանկությունն էլ, դժբախտությունն էլ, սկիզբն էլ, ավարտն էլ, պատերազմն էլ, խաղաղությունն էլ, ու միշտ ինչ-որ մեկը երջանիկ է, ինչ-որ մեկը` դժբախտ, ինչ-որ բան սկսվում է, ինչ-որ բան` ավարտվում, ինչ-որ տեղ խաղաղություն է, ինչ-որ տեղ` պատերազմ: Կառավարվող այդ քաոսի արքան ժամանակն է, որ իր ավազահատիկներով չափում է բոլորի ու ամեն մեկի բաժինը:

Դա էլ ժամանակի քաղաքականությունն է: Որովհետև ժամանակը գործում է մարդկանցով: Ովքեր ունեն և ովքեր չունեն տաբուներ:
Տաբուներ չունեցողներն ապրում են հեշտ ու թեթև: Նրանց համար չկան այնպիսի պայմանականություններ, ինչպիսիք են արդարությունը, ճշմարտությունը, ազնվությունը, սկզբունքը: Նրանց համար կան նպատակին հասնելու միջոցների միջև խտրականություն չդնելու հիմնավորումներ, նրանք խելացի են, ճարտար ու ճարպիկ: Եվ նրանք անհրաժեշտություն են, որպեսզի կյանքում ոչ միայն իմանաս ինչ անել, այլև ինչ չանել: Գայլը անտառում արթուն է պահում զգոնությունը: Տաբուներ չունեցողներն իրենց շուրջբոլորը տարածում են այնպիսի ամայություն ու պարապ, որ զնգոցը հեռվից է լսվում: Եվ դա հրաշալի է, որովհետև համատարած արդարության, ճշմարտության ու ազնվության ափերին կյանքը արագ կկորցներ այն զսպանակը, որ մղում է առաջ: Նրանք փշի պես խրվում են ամենացավոտ տեղը ու... ստիպում են կատարելագործվել:
Տաբուներ ունեցողների հետ է լույսը, որ նրանց գոյությունն իրենց համար դարձնում է անտանելի, ուրիշների համար` անհրաժեշտ: Նրանք հաճախ են պարտվում, նրանք կառչում են իրենց սկզբունքներից և երբեմն էլ իրենց տաբուների թիկունքում թաքցնում են իրենց անկարողությունը: Անվճռականությունը: Նրանք երբեք չեն համատեղվում իրենց նմանների հետ, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ինքնին պայթուցիկ է: Տաբուներ ունեցողները միշտ ճանապարհ են բացում ու մնում են ճանապարհին, որովհետև նրանք չափազանց ազնիվ են իրենց նպատակին հասնելու համար: Նրանք նաև շատ անտարբեր են ժամանակի նկատմամբ, որովհետև ժամանակը նրանց համար կարևոր չէ, կարևորը ժամանակի մեջ իրենց սկզբունքներին հավատարիմ մնալն է: Նրանք դառնում են մարտիրոսներ ու զինվորներ, երբեմն միայն` զորավարներ:
Երբ ժողովուրդն իր մեծամասնության մեջ կազմվում է տաբուներ չունեցողներից, նրա ընթացիկ հաջողությունները դառնում են խնդրահարույց անգամ իր համար:
Երբ ժողովուրդն իր մեծամասնության մեջ կազմվում է տաբուներ ունեցողներից, նրա հաջողությունները դառնում են հազվադեպ, բայց երկարատև օգտագործման:
Եվ քանի որ բնության մեջ անգամ ջուրը մի վիճակով չի ապրում, տաբուներ ունեցողների ու չունեցողների միջև սահմաններն այնքան թափանցիկ են, որ նրանց անգամ չինական պատով հնարավոր չէ բաժանել: Եթե, իհարկե, այդ չինական պատը մեր մեջ չի խրված ու մեզ չի մեկուսացնում մնացած աշխարհից:
Ի՞նչ ենք ուզում հայերս:
Հիմար հարց` ամեն հայ իր երկրի նախագահն է, հարևան պետությունում էլ` նախագահի թեկնածու: Ամեն հայ զորավար է, բայց չի ուզում զինվոր լինել: Ամեն հայ Աստծո հետ անձնական կապեր ունի, բայց նրան չի հավատում հաճախ: Ամեն հայ սիրում է հայրենիքը, բայց չի ուզում խոստովանել: Ինքն իրեն: Մյուսներին` որքան ասես:
Մեր ամենամեծ խնդիրը` վերածվել ենք սպառողի: Հայաստանի առաջին բաժանումից առաջ ու հետո: 387 թվականից, երբ «Արևելա» ու «Արևմտա» դարձանք, ու չորրորդ դարից ինքնապահպանման հարց ենք լուծում: ՈՒ լուծել ենք հիմնականում, որ կանք: Սպառող էինք դարձել, որ երկիրը կիսեցինք: Սպառող էինք դարձել, որ երկիրը կորցրինք: Սպառող, որ տարածվեցինք բոլոր միջօրեականներում: Եվ սպառողի սինդրոմն այնքան լավ տեղավորվեց մեր մեջ, որ հոգեբանություն ու բնավորություն դարձավ: ՈՒ հայրենիքին էլ սկսեցինք վերաբերվել իբրև խիստ կիրառական նշանակության առարկայի, որ ստեղծված է մեր առավելագույն հարմարությունն ապահովելու համար: Դարերի մեջ այնքան խորացանք այդ վերաբերմունքի մեջ, որ հայրենիքն էլ մեզ սկսեց խիստ կիրառական վերաբերվել: ՈՒ մենք սկսեցինք իսկապես սպառվել: Ներքուստ, որովհետև արտաքուստ ամեն ինչ տեղը տեղին է, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև անգամ ամենահզոր կայսրությունները փլուզվել են, երբ քաղաքացին երազում տեսել է ոչ թե իր հայրենիքի խելահեղ գեղեցիկ երկինքը, այլ անծանոթ աշխարհի, ու արթնանալով` գնացել է անծանոթի հետևից:
Հայաստանի քաղաքական կուսակցություններն իրենց հիմնարար որոշումներն ընդունելիս շատ հաճախ են նայում երկրի սահմաններից դուրս: Ոչ բոլորը: Բայց և ոչ բոլորն են կարևորվում երկրի կյանքում: Մենք մեղադրում ենք նրանց, մտքում, կամ բարձրաձայն, կարևոր չէ, մենք ակնկալում ենք, որ նրանք մի օր 387 թվականից եկող «Արևելա»-«Արևմտա»-ից ազատվեն ու վերադառնան երկիր: Նրանք շատ են ցանկանում, բայց չեն շտապում: Ինչո՞ւ: Որովհետև մենք մեզ ու միմյանց չենք վստահում: Մենք մեզ չենք վստահում, որովհետև շատ ավելի հեշտ ու ձեռնտու է սպառողի կեցվածքով բողոքելն ու նվալը աշխարհից, ճակատագրից, հարևանից, քան սեփական քայլն անելը: Մենք իրար չենք վստահում, որովհետև երբ ինքդ քեզ չես վստահում, որևէ մեկին անհիմն է վստահելը: Մենք դարձել ենք պինգ-պոնգ խաղացող ժողովուրդ, որի միայն առաջին ռեակցիան է գործում` հետ նետել պինգ-պոնգի գնդակը, ու թեթևացած շունչ քաշել: Վերադարձող գնդակի համար մենք արդեն հոգնած ենք:
Հայաստանի քաղաքական կուսակցություններն իրենց հիմնարար որոշումներն ընդունելիս նայելու են երկրի սահմաններից դուրս, որովհետև այդպիսին ենք մենք բոլորս, իսկ կուսակցություններն ընդամենը մեր այն մասն են, որ ուզում է ավելի լավ ապրել, քան ապրում էր առաջ: Գաղափարապես: Ֆինանսապես: Անհատապես: Իր կյանքը, որ տիեզերական համակեցության մեջ բաշխված է հենց այս ժամանակին: Գուցե իսկապես էլ ժամանակն անշարժ է, ու շարժվողը միայն մենք ենք: Սպառողի մեր ծույլ հոգեբանությամբ մենք սպասում ենք պատրաստի որոշումների, պատրաստի ծրագրերի ու պատրաստ ենք ապրելու` պինգ-պոնգի վերադարձող գնդակը կորցնելով ու մեղադրելով գնդակին, սեղանին, եղանակին, բայց ոչ մեր աջը, որ հապաղում է հարվածել: Եվ մեր պետությունը չի դառնալու անկախ ոչ հարաբերական, ոչ համեմատական, ոչ երբևէ, քանի դեռ սպառողի մեր գենը չի նահանջել ստեղծողի մեր գենի առաջ: Մենք մեղադրում ենք, մենք սպասում ենք, մենք կորցնում ենք ժամանակը: ՈՒ մեր միջի չինական պատն ավելի է ամրանում ու երկարում` մեկուսացնելով մեզ: Այսքանը: Տաբուների մասին: Ժամանակի: Սիրո: Եվ` երրորդ արարի, որ գրելու ենք բոլորս, որովհետև քաղաքական ամառն իր հիմնական պատկերի մեջ ներկայացնում է մեր պատկերը, պարզապես մենք ուժ չունենք նայելու այն հայելուն, ուր երևում է մեր իսկական դեմքը` առանց արդուզարդի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Երրորդ արարը գրելու ենք բոլորս ու յուրաքանչյուրս, եթե համարում ենք, որ միասին ժողովուրդ ենք, որովհետև քանի դեռ մենք սպասում ու երազում ենք, մեր որոշումները կայացնելու են ուրիշները ու մեզ պարտադրելու են իրենց շահերի սպասարկումը: Եվ ամենադառը` պարտադրելու են մեր միջոցով, մեր այն մասի, որ գնում է նվազագույն դիմադրության ճանապարհով և իրեն համարում է առավելագույն պատասխանատու: Կրկնում եմ` քաղաքականության մասին չեմ գրում, գրում եմ տաբուների, ժամանակի ու սիրո մասին, հասկացությունների հաջորդականությունը որոշեք ինքներդ: Եվ սովորեք պինգ-պոնգ խաղալ երկար ժամանակի մեջ:

Դիտվել է՝ 7060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ