Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Եթե երկրաշարժը չկարողացավ հիմնովին ավերել Գյումրին, ապա դա արեցին իշխանությունները»

«Եթե երկրաշարժը չկարողացավ հիմնովին ավերել Գյումրին, ապա դա արեցին իշխանությունները»
07.12.2012 | 17:01

«Շուրջ 24 տարի է անցել Սպիտակի երկրաշարժից, բայց առայսօր գրեթե ոչինչ չի փոխվել այնտեղ: Գյումրին ոչ միայն աղետի պատճառով է ավերվել, այլև այն վերաբերմունքի, որը երկրաշարժից մինչ օրս կա քաղաքի և բնակիչների հանդեպ: Գյումրեցիների նկատմամբ իշխանավորների կողմից նման ստորացուցիչ վերաբերմունքը անչափ վիրավորական է»,-այսպիսի տխուր նախաբանով սկսեց իր ասուլիսը «Շիրակ» ՀԿ-ի նախագահ Վահան ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:

Յուրահատուկ պատկեր ունեցող Գյումրի քաղաքը կորցրել է իր ուրույն դիմագիծը: Ամեն ինչ ավերվել է: Պարոն Թումասյանի խոսքով, եթե երկրաշարժը չկարողացավ հիմնովին կործանել Գյումրին, ապա այս տարիների ընթացքում իշանությունները միասին` թե՛ տեղային, թե՛ մարզային, թե՛ հանրապետական, պակասը լրացրին` ավերելով և թալանելով Գյումրի քաղաքը:
Մոտավորապես 3500 ընտանիք այսօր վագոններում է ապրում: Թեև դա պաշտոնական տվյալ չէ (քանի որ մինչ օրս պաշտոնապես ոչ ոք չի հետաքրքրվել ավտոտնակներում ապրողների կյանքով ու թվով` քանի՞սն են, ինչպե՞ս են ապրում, ի՞նչ խնդիրներ ունեն և այլն):
«Այս հաշվարկը մեր կազմակերպությունն է արել, բայց համապատասխանում է իրականությանը, ամեն ինչ ստույգ է»,-ասաց բանախոսը:
Հազարավոր մարդիկ ոչ միայն իրենց ընտանիքն ու հարազատներին կորցրին, այլև բնակարանները: «Եթե սա պետության խնդիրը չէ, ապա ո՞ւմ խնդիրն է,- հարցնում է ՀԿ-ի նախագահը և ինքն էլ պատասխանում,- փաստացի մարդիկ ապրելու տեղ չունեն, բնակարանները կորցրել են, չէ՞ որ փոխհատուցում պետք է ստանան: Ավտոտնակներում ապրող մարդիկ մեկուսացված են համայնքից, նրանք ատելությամբ են լցված համայնքի և պետության հանդեպ: Ինչ ասես, որ չի կատարվում այդ «տնակ» կոչվածներում: Սարսափելի է, բայց փաստ. այդ վագոններում նույնիսկ թրաֆիքինգի դեպքեր են գրանցվել, անչափահասների նկատմամբ կատարվել են սեռական ոտնձգություններ»,- տեղեկացրեց պարոն Թումասյանը, նշելով, որ իրենց ուսումնասիրություններից պարզվել է, որ այդ տնակներում տղամարդ գրեթե չկա, միայն կանայք ու երեխաներ են (տղամարդիկ ինչ-ինչ պատճառներով բացակայում են երկրից):
Կարճ ասած` մարդիկ բոլոր առումներով են իրենց դժբախտ զգում: Իսկ թե ավտոտնակային «բնակարանները» երբ կվերանան Գյումրիից, ոչ ոքի հայտնի չէ:
Ինչպես տեղեկացանք, գրեթե բոլոր տնակներում ապրող երեխաները հիվանդ են, տառապում են ինչ-որ հիվանդությամբ: «Այդ ժեշտե տները գոնե պետք է ջեռուցվե՞ն, թե՞ չէ, բայց մարդիկ չունեն դրա հնարավորությունը: Գոնե պետությունն այդ հարցը լուծի: Սա մեր պետության խնդիրն է, ոչ թե ուրիշի»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե եղե՞լ են մարդիկ, որոնք մի քանի անգամ բնակարան են ստացել և վաճառել, պարոն Թումասյանն ասաց. «Նման բան չի եղել և չէր էլ կարող լինել: Եթե ստացել են, իշխանություններն են ստացել, եթե վաճառել են իշխանություններն են վաճառել: Հասարակ քաղաքացին նման բան չէր կարող անել: Ո՞վ նրան դա թույլ կտար: Չեք պատկերացնի` բնակարան ստանալու համար ինչքան փաստաթղթեր են պահանջում. 24 փաստաթուղթ, որոնց մեջ մի աննշան վրիպումը պատճառ է հանդիսանում, որ մերժեն նրանց»:
Վ. Թումասյանի կարծիքով, պետք չէ նաև այս տխուր օրը` դեկտեմբերի 7-ը, շուքով նշել, որովհետև, ինչպես նա է փաստում, «Գյումրի քաղաքը շատ ծանր է տանում այս օրը` կրկին վերապրելով իր ցավը»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ