Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սպասվելիք արդյունքները

Սպասվելիք արդյունքները
08.05.2009 | 00:00

ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐ` ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՊԱՏՎԵՐՈՎ
Ցանկացած խոշոր ընտրություններից առաջ, լինի դա զարգացած ժողովրդավարական երկրներում, թե Հայաստանում, հնարավոր է մոտավորապես պատկերացնել ընտրությունների արդյունքները` հաշվի առնելով երկրում առկա տրամադրությունները, քաղաքական կուսակցությունների մարդկային, նյութական ռեսուրսները, ինչպես նաև նախորդ տարիներին կատարած աշխատանքների որակն ու ծավալը:
Որևէ լուրջ հարցում կատարելու դեպքում պատասխանների հիմքում ընկած են լինում հենց այս շարժառիթները: Բայց քանի որ Հայաստանում որևէ լուրջ հարցում չի անցկացվում և դրանք մեծ մասամբ սահմանափակվում են պարզ պատվերի շրջանակներում, մենք նույնպես շրջանցենք այս թեման ու փորձենք կանխատեսել ապագա իրականությունը ոչ թե պարզ թվերով, այլ տրամաբանությամբ:
Մթնոլորտի առումով այն, ինչ ունենք քարոզարշավի սկզբում, և այն, ինչ ունենալու ենք վերջում, որևէ ընդհանրություն չեն ունենալու: Լարվածությունը գնալով մեծանալու է և չի բացառվում, որ այսօրվա բարեկիրթ մթնոլորտը վերածվի փոխադարձ կշտամբանքի, նեղացածության և փոխադարձ մեղադրանքների փուլի: Ընդ որում, լարվածություն լինելու է ոչ միայն իշխանություն-ընդդիմություն սահմանակետում, այլև ներկա և նախկին կոալիցիոն չորս կուսակցությունների միջև նույնպես:
Եվ բոլոր այն խոսակցությունները, թե սա քաղաքական ընտրություն չէ, այլ «սոցիալական», կորցնելու են իրենց հրատապությունն արդեն մայիսի կեսերին: Կարելի է կանխագուշակել, որ մեղադրանքների հիմնական թիրախները լինելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Մայիսի կեսերին պարզ է դառնալու, որ հենց այս կուսակցություններն են ստանալու երևանցիների ձայները:
Այն ուժը, որն ընտրարշավի ընթացքում կկարողանա ճիշտ գնահատել մթնոլորտի փոփոխության վեկտորը, կարող է պոկվել իր հիմնական մրցակիցներից: Ընդ որում, ստեղծված իրավիճակը, հետևաբար նաև ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն լինելու է մի քանի անգամ: Առաջին եռյակի վերջնական դասավորությունը մեծ մասամբ պայմանավորված է լինելու հենց այս իրավիճակներով: Մեծ հաշվով, արդեն պարզ է, որ քաղաքական այս երեք ուժերն ունեն մոտավորապես նույն հնարավորություններն ընտրություններում հաղթելու, և կախված նրանց նոր հանգամանքներում արագ կողմնորոշվելու հնարավորությունից՝ կարող են կանխորոշել ընտրությունների ելքը: Հանրապետականն ունի գործող քաղաքապետ, հսկայական վարչական ռեսուրս, գործող տեղական կառույցներ: Սա լուրջ նախապայման է հաջողության համար: ՀԱԿ-ը կարողացել է նախագահական ընտրություններից հետո պահել ընտրազանգվածային լարվածությունը, ձևավորել տեղական կառույցներ, մոբիլիզացնել մարդկային մեծ ռեսուրս: Ակնհայտ է, որ մայրաքաղաքում շատ ձայներ հավաքելու համար սա ամուր հիմք է:
ԲՀԿ-ն անդամների թվով Հայաստանի ամենախոշոր կուսակցությունն է, ունի հանրության մեջ մեծ հեղինակություն վայելող առաջնորդ, ունի տեղական կառույցներ: Սրա հետ մեկտեղ, «Բարգավաճ Հայաստանն» ունի մեկ առավելություն, որը նրան հաղթելու մեծ հնարավորություններ է տալիս: ԲՀԿ-ին հաջողվեց վերջին մեկ տարվա ընթացքում իր շուրջը համախմբել բոլոր այն սոցիալական շերտերին, որոնք օբյեկտիվորեն տուժել են կա՛մ ճգնաժամի պատճառով, կա՛մ ոչ հաշվենկատ տնտեսական քաղաքականության: Մասնավորապես, Գ. Ծառուկյանը հստակ հանդես է գալիս ՀԴՄ-ների ժամանակավոր կասեցման օգտին: Սրան դեմ է ՀՀԿ-ն, իսկ ՀԱԿ-ը խնդրին չի անդրադառնում: Պարզ է, որ այն հազարավոր ընտրողները, ովքեր տուժել են ՀԴՄ-ների պարտադիր ներդրումից, իրենց ձայնը տալու են ԲՀԿ-ին: Սրան ավելացնենք նաև, որ վերջերս Վ. Պուտինը հանձնարարեց իր կառավարությանը Ռուսաստանում անել այն, ինչը մեկ տարի շարունակ Հայաստանում ասում է Գ. Ծառուկյանը: Ընդհանրապես, բոլոր հաշվարկներն անելիս, պետք է հաշվի առնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում օբյեկտիվ պատճառներով ձևավորվել է նոր բողոքական զանգված: Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր նախկինում ներգրավված չէին քաղաքական պրոցեսներում, այսօր, կորցնելով իրենց աշխատանքը, ապրուստի հնարավորությունները, սեփական բիզնեսն իրականացնելիս հանդիպելով անհարկի խոչընդոտների, պահանջում են իրական փոփոխություններ: Պարզ ասած, նրանք համախմբվում են և ձգտում համագործակցել քաղաքական ուժերի հետ: Այս պահին նրանց մեծամասնությունը ԲՀԿ-ի շուրջն է, այն պարզ պատճառով, որ միայն ԲՀԿ-ն արձագանքեց նրանց «ցավին»:
Այսպիսով, մինչև բուն ընտրությունները դեռ երկար ժամանակ կա, և առաջատարների եռյակը, մեծ հաշվով, ունի հավասար հնարավորություններ վերջին պահին պոկվելու համար: Ո՞ւմ առավելագույնս կհաջողվի լինել փոփոխվող տրամադրություններին համահունչ, և ո՞ւմ կհաջողվի առավելագույնս համախմբել իր հին և նոր ձևավորվող, համակիր ընտրազանգվածներին, նա էլ կհաղթի ընտրություններում: Իսկ սոցիոլոգիայի մասով` հետաքրքիր փուլ է սկսվում Հայաստանում: Նախկին կեղծ անուններն ու գրասենյակներն իրենց սպառել են ու վարկաբեկել վերջնականապես: Այս իմաստով լայն հնարավորություններ են բացվում լուրջ սոցիոլոգիական կազմակերպություններ հիմնելու համար:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2574

Մեկնաբանություններ