ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ձայնս թութակին կտայի

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ձայնս թութակին կտայի
24.01.2013 | 13:57

Եթե մեր ներկայիս նախագահական կոչված ընտրություններում առաջադրված լիներ, ասենք, գույնզգույն թութակի թեկնածությունը, ապա վստահաբար այդ գույնզգույն թութակն ավելի շատ ձայն կհավաքեր, քան բոլոր մյուս թեկնածուները՝ միասին վերցրած: Եվ դա տեղի կունենար ոչ այն պատճառով, որ հասարակ ժողովուրդն իր առօրյա կենսական խնդիրների լուծման հույսը կկապեր թութակի իշխանության գալու հետ, այլ, որ ժողովուրդը մյուս թեկնածուների հանդեպ իր խորին անտարբերությունը ցույց տալու ավելի լավ միջոց չէր գտնի, քան թութակին ընտրելը:
Դուք միայն պատկերացրեք գույնզգույն թութակի ամենօրյա վաթսունրոպեանոց ելույթները հեռուստաէկրանից. նա հիասքանչ է, նա էկզոտիկ է, նա ինքնատիպ է: Նրան սովորեցրել են ծամծմված մտքերն այնպես արտաբերել, որ լսողը չձանձրանա, նա կարող է ճշմարտությունները բոլորի երեսին ասել այնպես, որ ծափահարել կարելի է:
Օրինակ, եթե սովորական թեկնածուն լուրջ դեմքով բացատրեր, որ Գարեգին Նժդեհն ասել է, թե «ուժն է ծնում իրավունք», մարդ կհասկանար, որ նա մտադիր է նախագահ դառնալով իր և իր նմանների իրավունքները զոռով հաստատել: Բայց ի՞նչ վատ բան կտեսնեիք, եթե թութակը կռավեր. «Հասկացեք, ոռ ուժն է ծնում իռավու՜նք»:
Թութակին կսովորեցնեին կռավել ժողովրդի անունից, միմիայն ժողովրդի անունից և կրկին ժողովրդի անունից: Կասեր բաներ, որ ժամանակին ժողովուրդն ինքն է ասել: Օրինակ` «ցորենը շուտով մասուրի չափ է դառնալու, քանի որ Մհերը քարանձավից դուրս է գալու»: Թութակին հաստատ կընտրեին: Ոչ այն պատճառով, որ ցորենը, իրոք, մասուրի չափ է դառնալու, այլ, որ թութակը ժողովրդի դարավոր երազանքներից խոսեց:
Թութակը շատ մեծ հաջողություն կունենար, եթե միայն առաջադրվեր: Եվ եթե ես որոշեի, որ ընտրությունների եմ մասնակցելու, անպայման ձայնս թութակին կտայի:

Դիտվել է՝ 5612

Մեկնաբանություններ