Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՔՊ-ում Փաշինյանի հրաժարականի գործընթաց կսկսվի՞․ որն է Անդրանիկ Քոչարյանի դերը

ՔՊ-ում Փաշինյանի հրաժարականի գործընթաց կսկսվի՞․ որն է Անդրանիկ Քոչարյանի դերը
02.10.2024 | 14:34



Անցած շաբաթվա ավարտին հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ Արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք էին նախաձեռնել։

Մամուլը, լուրը հայտնվելուն պես, գրել էր, որ ՔՊ-ականների ստորագրահավաքի հիմքում՝ որպես պատճառ, դրված է այն, որ Գրիգոր Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս թեզը հաստատել էր նաև ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ըստ հոդվածի՝ Աղազարյանը պատճառների մասին շատ չի խոսել, միայն նշել է, որ դրանցից մեկն էլ այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։

Այս հիմնավորման պարագայում ՔՊ-ի ներսում հետաքրքիր գործընթացների սկիզբ կարող է դրվել։ Գրիգոր Մինասյանի՝ Միքայել Մինասյանի եղբայրը լինելը հայտնի փաստ էր, և դա ՔՊ-ականները գիտեին, երբ նա նշանակվում էր այդ պաշտոնին։ Ու եթե այդքանից հետո դա դարձել է պաշտոնանկության պատճառ, ապա չի կարելի բացառել, որ ՔՊ-ում մի օր էլ Միքայել Մինասյանի հետ կապ ունենալու համար Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացի սկիզբը կդրվի։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը տարիներ առաջ խոստովանել է, որ ֆինանսավորել է Փաշինյանի ընտանեկան թերթը։ «Ու ես ուզում եմ ձեզ ամոթով խոստովանել, ընտանիքս հանգիստ թողնելու համար, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերը մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային «վազվռատ»»,- հայտարարել էր Մինասյանը:

Խոսքը, ի դեպ, փոքր թվի մասին չէր։ Մինասյանի մտերիմին՝ Արման Սահակյանին պատկանող ընկերությունը գնում էր թերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի իրավունքի, որն ամսական մոտավոր կազմում էր 25 մլն դրամ։

Ու հիմա, երբ Փաշինյանը տեղի է տվել ու հեռացրել է Գրիգոր Մինասյանին, դա դուռ է բացում նաև ի՛ր հեռացման հարցը բարձրացնելու համար։ Ընդ որում, եթե նախարարի դեպքում խոսքն ազգակցական կապի մասին էր, ապա Փաշինյանի պարագայում խոսքը կուլիսային պայմանավորվածության և շորթման մասին է, որն առավել քան լուրջ է։

Կարևոր է նաև հասկանալ, որ առաջին անգամ էր, որ որևէ պաշտոնյայի հրաժարականի համար ՔՊ-ում ինչ-որ մեկը կարողանում է 30 պատգամավորի համաձայնություն ստանալ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ինչ-որ մեկը խարդավանքների, պալատական հեղաշրջման փորձերի մասնագետ Անդրանիկ Քոչարյանն է, ով անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին փորձել էր Վազգեն Սարգսյանի սպանության հանգամանքը օգտագործելով բարելավել իր դիրքերը իշխանական բուրգում, ապա կարելի է գրեթե վստահ ասել, որ Փաշինյանի համար շատ վտանգավոր դուռ է բացվել։

Վստահաբար, Անդրանիկ Քոչարյանի դիրքերը ՔՊ-ի ներսում ամրացան այս պաշտոնանկությունից հետո, եթե սրան գումարենք նաև այն, որ Քոչարյանի գործուն ջանքերով իշխանական բուրգից հեռացվեց Դավիթ Տոնոյանը ու հաշվի առնենք իր վաղեմի կապերը ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հետ, ապա կարելի է սպասել, որ ոչ հեռու ապագայում այդ 30 պատգամավորները կարող են սկսել համախմբվել Փաշինյանի հեռացման շուրջ։

Այդ պարագայում ընդդիմությունից սարսափող Փաշինյանը մի օր կարող է արթնանալ ու տեսնել, որ մահճակալով հանդերձ հայտնվել է կառավարական դաչաների պարսիպներից դուրս, եթե, իհարկե, Անդրանիկ Քոչարյանը բարեսիրտ գտնվի այդ օրը։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 4057

Մեկնաբանություններ