ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՄԵՆՔ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ ՈՒԺԵՂ ԱՆՀԱՏՆԵՐ ԵՆՔ, ԻՍԿ ԵՐԲ ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ, ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ»

«ՄԵՆՔ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ ՈՒԺԵՂ ԱՆՀԱՏՆԵՐ ԵՆՔ, ԻՍԿ ԵՐԲ ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ, ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ»
03.12.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ է:
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐՈՑԵՍՈՒՄ ԻՄ ՄԵՋ ԽՈՍՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂԸ»
-Պարոն Շահվերդյան, օրեր առաջ Սունդուկյանի անվան թատրոնում խորհրդավոր հոբելյան էր. խաղում էիք Լևոն Շանթի «Հին աստվածները» դրամայի 100-րդ ներկայացումը` պրեմիերայից 11 տարի անց: Երբ բեմադրել եք «Հին աստվածները», եղել եք Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իսկ հոբելյանական 100-րդ ներկայացմանը բոլորովին այլ կարգավիճակում էիք: Ինչպիսի՞ն են զգացողություններն այս առումով:
-Ներկայացման առումով որևէ տարբերություն չկա: Ընդհանրապես, երբ աշխատում եմ այս կամ այն ներկայացման վրա, լինի թատրոնում, ինստիտուտում, թե այլ պարագաներում, չեմ հիշում, որ գեղարվեստական ղեկավար եմ: Փորձերի ժամանակ, աշխատանքային պրոցեսում իմ մեջ խոսում է ստեղծագործողը, ստեղծողը: Երբ որևէ պիեսի վրա աշխատում եմ, չեմ պատճենահանում այն, ինչ գրված է: Այդ գրվածի հիման վրա ստեղծում եմ, հորինում: Ընդհանրապես, մեր մասնագիտությունը դա է ենթադրում: Դա կարևոր բաներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Անշուշտ, ամեն բան արվում է նյութի շրջանակներում` ելնելով ասելիքից: Այնպես որ, ես աշխատել եմ նախ և առաջ որպես բեմադրիչ: Անշուշտ, գեղարվեստական ղեկավար լինելը լրացուցիչ բարենպաստ պայմաններ է ապահովում, և դա բնական է: Հատկապես «Հին աստվածների» դեպքում այս հանգամանքը շատ էական էր: Երկար ժամանակ` սկսած 60-ականներից, Շանթն արգելված հեղինակ էր: Հետագայում հրատարակվեց գիրքը, բայց բեմադրելը չէին ողջունում: Վանաձորում փորձեցի ներկայացնել Շանթի «Ինկած բերդի իշխանուհին», բայց ինձ մեղմորեն հասկացրին, որ աննպատակահարմար է: «Հին աստվածները» Սունդուկյանի թատրոնում բեմադրելու ծրագիրը հաստատվեց 1998-ին, իրագործվեց 1999-ին: Մենք խմբով եղանք այն ժամանակվա մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի մոտ` քննարկելու թատրոնի հետ կապված խնդիրները: Թատրոնը նոր էր վերաբացվել լուծարումից հետո: Ցանկություն կար հայ դասական մի պիես բեմադրելու, արդեն բեմադրել էի Սունդուկյանի «Կտակը»: (Իմ կենսագրության մեջ շատ են դեպքերը, երբ բեմադրում եմ բոլորովին չբեմադրված կամ շատ քիչ բեմադրված պիեսներ:) Նախարարին հայտնեցի ցանկությունս` բեմադրելու «Հին աստվածները»: Կային ֆինանսական դժվարություններ, բայց, ի պատիվ Ռոլանդ Շառոյանի, ասեմ, որ նա անմիջապես ոգևորվեց իմ առաջարկով և խոստացավ հաստատել ծրագիրը: Ներկայացումը ֆինանսավորվեց, սկսեցինք փորձերը` շենքային ոչ բարենպաստ պայմաններում: Բայց շատ օգնեց նախ Շանթը` իր պիեսով, ապա դերասանների նվիրումը: Այդ տարիներին մի անբացատրելի ներդաշնակություն կար դերասանախմբի մեջ: Իհարկե, փորձերի ընթացքում գեղարվեստական ղեկավար լինելն ինձ չի օգնել, բայց փորձերից դուրս, մնացած հարցերը լուծելիս-կարգավորելիս, օգնել է շատ: Ներկայացում անելը միայն դերասանների հետ աշխատելը չէ, այլ մի ամբողջ ստեղծագործական արտադրություն է, որտեղ ներգրավված է ողջ թատրոնը` իր բեմադրաարտադրական կազմով: Ինչպես նկատեցիք, պրեմիերայից անցել է տասնմեկ տարի: Անցյալ տարի ես առաջարկեցի նշել ներկայացման տասնամյակը, ներկայացում, որը միշտ անցել է լեփ-լեցուն դահլիճում, հանդիսատեսի ոգևորության պայմաններում: Ոչ մի ուրիշ ներկայացում այնքան չի նպաստել այսօրվա երիտասարդ հանդիսատեսի գեղագիտական դաստիարակությանը, որքան սա: Տասնամյակը, իհարկե, չնշվեց, բայց ես սկզբունքորեն հետամուտ եղա, որ նշվի 100-րդ ներկայացումը, մի բան, որ ընդունված է թատրոններում: Առաջարկությունն ընդունվեց, հոբելյանը նշվեց: Եվ ես, առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհավորել ու երախտագիտությունս հայտնել այն բոլոր դերասաններին, ստեղծագործական խմբի անդամներին, ովքեր մասնակցել են «Հին աստվածների» կայացմանը և այն հասցրել մինչև հոբելյանական` 100-րդ ներկայացում:
-Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել եք Շեքսպիրի «Լիր արքան», ըստ իս` մարդկային ամենաիրական, ամենակյանքային ողբերգությունը: Եթե ինքնասպանությամբ հանգուցալուծվող սերը, ինչպիսին Ռոմեոյի ու Ջուլիետի դեպքում է, բոլոր հակառակորդների հետ արյունարբու հաշվեհարդարը, ինչպիսին Մակբեթի դեպքում է, սպանության պատճառ դարձող խանդը, ինչպիսին Օթելլոյի դեպքում է, կամ զավեշտալի հանգուցալուծումը, ինչպիսին Վենետիկի վաճառականի դեպքում է, կյանքի առօրեական իրավիճակներում ոչ օրինաչափ երևույթներ են, ապա Լիրի ողբերգությանը յուրաքանչյուրս հանդիպում է շատ հաճախ` զգալով այն կամ անձամբ մեր մաշկի վրա, կամ յուրայինների, մերձավորների օրինակով: Թերևս, Ձեզ համար ոչ անսպասելի մի հարց. Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարների և Լիր արքայի ճակատագրերի միջև որոշակի զուգահեռներ չե՞ք տեսնում:
-Շատ տեղին է հարցը: Մինչև վերջին երկու տարին Շեքսպիրի ցանկացած պիեսի բեմադրության մասին մտածել էի, բացի «Լիր արքայից»: Ինչո՞ւ: Որովհետև չունեի իմ «Լիր արքան», իմ կոնցեպցիան, իմ վերաբերմունքը: Ինձ համար դա ուղղակի պատմություն էր, սարսափելի մի պատմություն, որի վերաբերյալ ես ասելիք չունեի: Բայց ճակատագիրն այնպես դասավորվեց, որ այդ պիեսն ինձ համար շատ ակտուալ դարձավ: Եվ, իհարկե, Ձեր նշած զուգահեռները ես տեսնում եմ, և ոչ միայն Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարների, այլև առհասարակ գեղարվեստական ղեկավարների և Լիրի ճակատագրերի միջև: Երբ ես աշխատում եմ դերասանների հետ, նրանք ինձ համար դառնում են ամենասիրելի մարդիկ: Աշխատանքի ընթացքում ինձ համար նրանք դառնում են անփոխարինելի, ես սկսում եմ ապրել նրանց ճակատագրով: Այդ մասին գիտեն բոլոր դերասանները, որոնց հետ աշխատել և աշխատում եմ: Հետևաբար, յուրաքանչյուրի կողմից մի անցանկալի արարք հետք է թողնում հոգումդ և դառնում դրամայի (եթե ոչ ողբերգության) պատճառ: Այնպես որ, ես Ձեր հարցը խորապես հասկանում եմ, ընկալում ենթատեքստը և առանց անուններ տալու` խոստովանում, որ Դուք իրավացի եք:
«ԵՐԱՆԻ ԿԱՐԵԼԻ Է ՏԱԼ ԱՅՆ ԴԵՊՔԵՐԻՆ, ԵՐԲ ԲՈԼՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂՈՒՄ ԵՆ»
-Ո՞րն է էական տարբերությունը մայրաքաղաքի և փոքրիկ քաղաքի իրավիճակների, մթնոլորտի, հանդիսատեսի հետ փոխշփումների միջև:
-Երբ ես 25 տարի առաջ գնացի աշխատելու Վանաձորի թատրոնում, թատրոնի վիճակը շատ ծանր էր: Դա կարծես թե ճակատագիր է ինձ համար. նույն վիճակն էր նաև Սունդուկյանում, նույնիսկ` ավելի վատ: Երբ ես սկսեցի աշխատել Սունդուկյանում, թատրոն` որպես այդպիսին, չկար: Կային միայն շենքը և մի քանի պահակ: Մենք աստիճանաբար խումբ ձևավորեցինք` բաղկացած նախկին և նոր մարդկանցից: Վերադառնալով Վանաձորի թատրոնին` ասեմ, որ այն քայլ առ քայլ ոտքի կանգնեց, կայացավ, ձեռք բերեց միջազգային ճանաչում: Այդ տարիներին Վանաձորը շատ հետաքրքիր քաղաք էր` իր հանդիսատեսով, բնակչությամբ: Հիմա հանդիսատեսի մեջ զարմանալի ոգևորություն է առաջացրել «Լիր արքայի» բեմադրությունը: Եթե նախկինում դժվարությամբ էին թատրոն բերում հանդիսատեսին, ապա հիմա նա ինքն է գալիս: Պարզապես դժբախտությունն այն է, որ քաղաքի բնակչությունն է շատ պակասել: Փոքր քաղաքի թատրոնում աշխատելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, որովհետև փոքր քաղաքի թատրոններում չկա մայրաքաղաքային թատրոնին բնորոշ այն իրավիճակը, երբ փորձի ժամանակ բացակայում է դերասանների մի զգալի մասը: Հիմա ուղղակի երանի կարելի է տալ այն դեպքերին, երբ բոլոր դերակատարները փորձի ժամանակ տեղում են: Իսկ ինչո՞ւ է փորձից բացակայում դերասանը: Որովհետև ուրիշ տեղում փող է վաստակում: Այդ առումով Վանաձորի վիճակը բարվոք է: Այնտեղ չկան փող վաստակելու կողմնակի հնարավորություններ, և չափազանց ցածր աշխատավարձ ստացող դերասանները բարեխղճորեն ներկայանում են փորձերի: Ընդ որում, բացակայողներից շատերն իմ նախկին ուսանողներն են: Նրանք մեղավոր հայացքներով աչքերիս են նայում ու հարցնում, թե ինչպես ապրեն թատրոնի 38000 դրամով, ինչպե՞ս հրաժարվեն այն առաջարկություններից, որոնք թեև իրենց սրտով չեն, բայց իրենք ստիպված են համակերպվելու: Ես վախենում եմ, որ եթե այսպես շարունակվի, թատրոններն իրենք իրենց կփակեն: Որովհետև թատրոնը դրված է այնպիսի վիճակի մեջ, որ այդ ելքն անխուսափելի է: Զարգանալու համար որևէ նպաստավոր պարագա չունի թատրոնը: Ես չեմ խոսում ստեղծագործական, մշակութային հարցերի մասին: Դրանք ընդհանրապես մոռացված են: Ինչո՞ւ են մոռացված: Որովհետև ծրագիր չկա: Թատրոնը չի կարող առաջ գնալ, զարգանալ, ապրել առանց ծրագրի: Թատրոնն արագ կամ դանդաղ տեմպերով կարող է զարգանալ, եթե ունենա ծրագիր: Առաջ ես գիտեի, թե դերասանի հետ աշխատելիս դեպի ուր պիտի տանեմ նրան, ինչպես պիտի նա կայանա: Կար այն նախանշված ճանապարհը, որով քայլում էր դերասանը: Իսկ հիմա մարդիկ հավաքվում, ինչ-որ բան են խաղում, ապա ցրվում: Այդպիսի թատրոններ շատ կան աշխարհում, հատկապես Եվրոպայում: Խաղաթատրոնի այդ տեսակը թատրոնը տանում է դեպի կործանում: Թատրոնն ընդամենը դառնում է մի շենք, որտեղ մարդիկ հավաքվում են, մի օր շոու են ներկայացնում, մի օր` համերգ, մի օր` պիես, մի օր` կրկես, մի օր` մնջախաղ… Այս առումով ես ավելի հանգիստ եմ այն թատրոնների ճակատագրի համար, որոնք գտնվում են փոքր քաղաքներում:
«ՈՐՔԱՆ ԷԼ ԾԱՆՐ ԼԻՆԵՆ ԱՅՍՏԵՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՈՒՐԻՇ ՏԵՂՈՒՄ ԱՊՐԵԼ»
-Խոսեցիք թատրոնի` ծրագիր չունենալու մասին, իսկ մեր կյանքի ո՞ր բնագավառն ունի առաջընթացի կանոնիկ ծրագիր, որին ապավինած` կարող ենք հասնել շոշափելի ձեռքբերումների:
-Ցավոք, չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, որովհետև ամբողջ կյանքս մի փոքր կղզիացած եմ ապրել ու ապրում: Ես ունեմ իմ կղզին, իմ աշխարհը. դա թատրոնն է: Թատրոնում ավելի շատ եմ ապրում, քան իմ տանը: Եվ ճակատագիրը բարեհաճ է գտնվել, որովհետև ընտանիքս երբեք չի հակադրվել այդ իրողությանը, իր վրա է վերցրել տան հետ կապված հոգսերի ողջ բեռը: Ես այդ առումով ազատ եմ ապրել: Թատրոնն ինձ համար այնպիսի հաճելի և անհրաժեշտ հոգս է եղել, որ ուրիշ ոչինչ այլևս չի հետաքրքրել: Այնպես որ, այլ բնագավառների մասին դժվարանում եմ խոսել: Բայց որ թատրոնը չի կարող անծրագիր լինել, անվիճելի է:
-Կյանքի մի բնագավառ կա, որն անխուսափելիորեն առնչվում է բոլորիս` սոցիալական վիճակը: Ի՞նչ տպավորություն են թողել Ձեզ վրա նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու և 32500-ի հասցնելու հանգամանքն ու դրա շուրջ չդադարող թմբկահարումները:
-Ամոթալի տպավորություն է թողել, իհարկե: Ես ամաչում եմ: Չի կարելի այդ մասին խոսել: Գոնե լռենք:
-Ի՞նչ կարծիքի եք մեր հասարակության այն հատվածի մասին, որի վերաբերմունքն այսօրինակ երևույթներին ոչ թե արտահայտվում է ամոթի զգացումով, այլ երկիրը լքելու վճռով:
-Դա շատ ցավոտ հարց է: Սարսափելի է այդ մասին մտածել: Ես երկու զավակ ունեմ, որոնցից մեկը` դուստրս, Միացյալ Նահանգներում է. մեկնել է ամուսնու և ընտանիքի հետ: Ես տարին մեկ-երկու անգամ պարտադիր գնում եմ Ամերիկա, ունեմ «Գրին քարտ» (շահել է կինս, ես էլ, ինքնըստինքյան, ձեռք եմ բերել համապատասխան արտոնություններ), բայց որքան էլ ծանր լինեն այստեղ պայմանները, ես չեմ կարող ուրիշ տեղում ապրել: Իմ աղջիկը երազում է երբևէ վերադառնալու մասին, և ես չեմ դադարում դրան հավատալուց: Բայց պայմաններն այնպիսին են, որ նրա վերադարձը գործնականում անհնար է: Ես, փաստորեն, հավատում եմ անիրական մի բանի, բայց և մտածում` Աստված մի արասցե, եթե դադարեմ հավատալուց, որ աղջիկս մի օր վերադառնալու է Հայաստան: Ես, իհարկե, իդեալիստական, հորինված մի բանի եմ հավատում, բայց այդ հորինվածքն ինձ ուժ է տալիս: Իմ ընկերներից շատերն են ապրում այնտեղ, և երբ ես առնչվում եմ նրանց հետ, տեսնում եմ, որ բոլորն էլ ուզում են վերադառնալ, բայց հասկանում են, որ չեն կարող: Մենք նաև այդպես ենք կործանվում. շատ ուժեղ անհատականություն պիտի լինես, որ դիմակայես: Եթե երբևէ ես գնամ ու մտածեմ, որ այլևս չեմ վերադառնալու, հավատացած եղեք, որ հաջորդ օրը կիմացվի իմ մահվան լուրը:
-Մի բան, որ պատահեց կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի հետ:
-Մենք շատ մեծ բաներից ենք խոսում, բայց սա է ազգի ամենակարևոր խնդիրը: Ես չգիտեմ, թե ինչ ճանապարհով այն պիտի լուծվի, բայց պարտադիր է, որ լուծվի: Իմ ուսանողները տարիներով հավատացել են այն ամենին, ինչ ես ասել եմ, հավատալով` ոգևորվել և այդ ոգևորությամբ եկել թատրոն: Անցել է երկու-երեք տարի, և ես այսօր նրանց չեմ ճանաչում: Տեսնում եմ, թե ինչպես է մարդու մեջ կաթիլ առ կաթիլ ոչնչանում արվեստագետը, արտիստը, ստեղծագործողը: Դա ինձ ցավ է պատճառում, դա իմ տառապանքն է: Ցանկանում եմ, որ իմ այդ տառապանքը կիսեն ինձ հետ նրանք, ովքեր որոշում են այս երկրի բախտը: Մինչդեռ նրանք հեռու են մեզնից:
-Ըստ Ձեզ` երկրի բախտը ղեկավարնե՞րն են որոշում, թե՞ ժողովուրդը:
-ՈՒզում եմ հավատալ, որ ժողովուրդը: Բայց տեսնում եմ, որ այդպես չէ:
-Ինչո՞ւ: Դա ժողովրդի մեր տեսակո՞վ է պայմանավորված, մե՞նք ենք թույլ տալիս, որ մեր փոխարեն ուրիշները որոշեն երկրի բախտը:
-Նաև` այո: Շատ համարձակ բան եմ ասում, բայց այդպես է: Դարձյալ թատրոնների օրինակով ասեմ. մենք առանձին-առանձին ուժեղ անհատներ ենք, իսկ երբ միանում ենք, հասկանալի չէ, թե ինչ ենք դառնում: Մի անգամ միացանք, և ինչ-որ մեծ բան տեղի ունեցավ: Հետո նորից ցրվեցինք աշխարհով մեկ:
-Ո՞ր ազդակների դրդմամբ ենք մենք միանում: Արդյո՞ք միայն մեծ վտանգի պահերին:
-Ոչ միայն վտանգի պահերին: Իմ կյանքում, օրինակ, եղել են շատ դեպքեր, երբ մենք 10-20 հոգով միացել, մեկ մարդ ենք դարձել` ներկայացում բեմադրելու նպատակով: Եվ մեզ դա հաջողվել է, ստացվել է: Բայց հետո կրկին ցրվել ենք, և նույն այդ մարդիկ այնպիսի վճռական քայլեր են կատարել իմ դեմ, որ ես մնացել եմ մենակ: Բայց և ասեմ, որ նման բաներից հաճախ ուժ ես առնում: Պարզապես տառապանքն է ավելանում, իսկ իմ տեսակն այնպիսին է, որ տառապանքն ինձ միշտ հարստացնում է: Ընդհանրապես ես աշխարհի հանդեպ ողբերգական ընկալում ունեմ: Պոետիկ ողբերգական: Չեմ հիշում, որ երբևէ անհոգ ապրած լինեմ: Չեմ էլ ուզում այդպիսի բան: Երևի դա իմ բնույթն է` ժառանգած ծնողներիցս:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2700

Մեկնաբանություններ