ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կուզեմ՝ այսօր ջուր կտամ, կուզեմ՝ չեմ տա»

«Կուզեմ՝ այսօր ջուր կտամ, կուզեմ՝ չեմ տա»
02.04.2013 | 17:31

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ, գնահատելով գյուղատնտեսական տարին, մտահոգվեց, որ կարտոֆիլի ցեցի պատճառով շուրջ 50 տոկոսով կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Ինչպես նաև` 30 տոկոսով բադրիջանի, տաքդեղի և հատկապես լոլիկի ցանքատարածությունները, ինչը զգալիորեն կազդի ոչ միայն լոլիկի արտադրության, այլև վերամշակման ճյուղի վրա:
Հ. Բերբերյանի խոսքով, ցանքատարածությունների կրճատումը պայմանավորված է նաև արտագաղթով, բանջարեղենի արտահանման կրճատմամբ, ինչպես նաև`տեղի չինովնիկների թերացումների փաստով: Այդուհանդերձ, ըստ Բերբերյանի, կառավարությունը խոստացել է ցեցի դեմ պայքարն սկսել ապրիլ ամսից:
Բանախոսի տեղեկացմամբ, մորմազգիների ցեցը լուրջ խնդիր է: Այն արդեն տարածում է գտել Արարատյան հարթավայրի 50-ից ավելի գյուղերում: Ինչ վերաբերում է հացազգիներին, վերջինս նշեց, որ այդ առումով վիճակը կայուն է, ցորենի արտադրության աճի միտում կա:
Նա կառավարության ծրագրերից հաջողված համարեց պարարտանյութի, վառելիքի վերաբերյալ ծրագրերը:
Անդրադառնալով նախարարության ներկայացրած այն տվյալներին, թե անասնագլխաքանակի աճ կա՝ Հրաչ Բերբերյանը հերքեց, ասելով, որ եթե անասնագլխի աճ լիներ, մենք շուկայում, մսի գնի առումով, դա կնկատեինք, մինչդեռ ոչինչ չի փոխվել:
«Գների անկում չի նկատվում, ինչը հակադրվում է գլխաքանակի ավելացմանը: Պակասել է դեպի Իրան ոչխարի արտահանումը, և, բնականաբար, կայունացել է ոչխարի վաճառքի շուկան, երկու տարի է՝ նույն գինը պահպանվում է: Տավարաբուծության մեջ անկում ենք նկատում, որի գների բարձրացումը կտեսնենք մայիս ամսին: Որովհետև ունեցել ենք անասնակերի պակաս ու գլխաքանակի անկում: Հենց կանաչ խոտը դուրս գա, մորթը կդադարի, և շեշտակի մսի գնի բարձրացում կունենանք»,- կանխատեսեց նա:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ -ի նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադարձավ նաև ՋՕԸ-երին (ջուր օգտագործող ընկերություններ)`դրանց ստեղծումը որակելով «խեղկատակություն»:
«Մի քանի տարի առաջ 1 մլն դոլար գրանտի միջոցներով ստեղծվեցինն ՋՕԸ-երը: Գյուղացիները ՋՕԸ-երի ղեկավար չեն ընտրում: Բայց, ըստ կանոնադրության, նախագահները ընտրովի են, մինչդեռ իրականում նշանակվում են մարզպետների կողմից»,-ասաց նա:
Հ. Բերբերյանի ձևակերպմամբ, ներկայումս կառավարությունը 44 ջուր օգտագործող կազմակերպություններին` ՋՕԸ-երին, 4,5 դրամով է մեկ խմ ոռոգման ջուրը վաճառում, վերջիններս էլ 1 խմ-ն միջինում 11 դրամով վաճառում են հողօգտագործողներին:
Նա խելամիտ է համարում ջրօգտագործման ցանցը փոխանցել գյուղապետարաններին, որոնք կարող են 1 խմ 4,5 դրամով գնած ջուրը վաճառել հողօգտագործողին: «Եթե անգամ 3 դրամ ևս ավելացնեն ծախսերը փոխհատուցելու համար, ապա ոռոգման ջրի սակագինն ավելի ցածր կլինի, քան ներկայիս գործող գները: Իսկ այսօր ՋՕԸ-երին նվիրել են ներտնտեսային ցանցը, նա էլ ասում է` կուզեմ այսօր ջուր կտամ, կուզեմ չեմ տա»,-մտահոգվեց պարոն Բերբերյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ