ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գարնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական գարունը

Գարնանային գիշերահավասար. սկսվում է աստղագիտական գարունը
20.03.2013 | 18:19

Այսօր` մարտի 20-ին, Գրինվիչի ժամանակով 11:02, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցավ հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը գտնվում էր Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ: Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան): Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև` 21-ին և այժմ` 20-ին: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և մոտ 26000 տարում մեկ լրիվ պտույտ է կատարում: Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման, հաշվարկը: Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի: Հիշեցնենք, որ մեր մոտ ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի, օրվա հաշվարկն էլ կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Այսպես, ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է, և այս տարի կնշվի մարտի 31-ին:

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ