2024 թ. օգոստոսի 1-ին կլրանա 4 տարին, ինչ Իջևանի գինու-կոնյակի գործարանի տերերը սկսեցին քանդել Աղստև գետի հունը, իբր դեպի գործարանի գետափնյա պատը փոքրիկ առվակ ուղղելու և էսթետիկ տեսք ստանալու համար։
Համենայն դեպս, ինձ այդպես ասացին իմ անհանգստանալուն ի պատասխան։
Բոլորին հայտնի է, որ բարձրացրել ենք տագնապ։
Ավերվել է Աղստև գետի հունը մոտ 800 գծ/մ, մոտ 2 հա մակերեսով։
Գետի հունը խորացվել է 1-ից մինչև 2,5 մ, ինչի հետևանքով այգին մնացել է առանց ոռոգման ջրի։ Չորացել են հազարավոր ծառեր և թփեր։
Դենդրոպարկի հազվագյուտ կոլեկցիայից վերացել են 250 տեսակ հազվագյուտ ծառեր և թփեր, ընդհանուր հաշվով՝ 1500 հատ։
Չորացել է նաև 24.000 տնկի։
Դիմել ենք ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին, Քննչական կոմիտեի նախագահին, ՄԻՊ-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչությանը, ՇՄ նախարարին, Աժ համապատասխան հանձնաժողովի նախագահին, Տավուշի մարզպետին, Իջևանի քաղաքապետին։
Հարուցված է քրեական գործ, որը դոփում է տեղում երեք տարուց ավելի։
Մեղադրյալ չկա։ Չկա ու չկա:
Իսկ ՀՀ նախագահն ու վարչապետը ընդհանրապես չեն պատասխանել։
Մոտ երկու տասնյակ հոդվածով անտեսվել և ոտնահարվել է Սահմանադրությունը։
Իմ բազմաթիվ նամակները, զգուշացումները, բանավոր և գրավոր բողոքները մնացին անհետևանք։
Ավելին, այգու մի մասը, որի տարածքը կազմում էր 5,7 հա, մեզնից խլվեց և վարձակալությամբ տրվեց Իջևանի գինու-կոնյակի գործարանին, երևի որպես պարգևատրություն՝ գետի հունը լավ ավերելու համար։
Ինձ և երեք աշխատողների հեռացրին աշխատանքից՝ հաստիքների կրճատման պատրվակ-հիմնավորումով։
2023թ. աշնանը Իջևանի գինու-կոնյակի գործարանի տերերը երեք տարի անց կառուցեցին լրացուցիչ ջրառ, որին ես ասացի, որ նույնիսկ երկու սեզոն չի դիմանա։
Հենց առաջին գարնանը այն ավերվեց և ավելի բարդացրեց այգու վիճակը։
Բազմաթիվ անգամ զգուշացրել եմ, որ գետի հունին առհասարակ չի կարելի ձեռք տալ, չի կարելի շինարարություն անել։
Որ դա բերելու է աղետի։
Ոչ ոք դա չլսեց։ Արդյունքը առկա է։
Լուսանկարները խոսում են այդ մասին։
Նյութը նախատեսված է վերը նշված բոլոր մարմինների համար։
Չորացած ծառերը և թփերը հաշվառված չեն։ Վնասը հաշվված չէ առ այսօր։
Չորացած ծառերից և թփերից տարածվում են հիվանդություններ և վնասատուներ։
Այգին կարող է վերանալ իսպառ։
Ավելացնեմ, որ այգին ստեղծվել է մեր ընտանիքի ֆինանսական միջոցներով, որ պետական ոչ մի կոպեկ ու լումա ներդրված չէ տասնյակ հազարավոր տնկիների ձեռք բերման համար՝ 63 տարվա մեջ։
Ընդհակառակը, տնկիներ ենք աճեցրել և նվիրել պետությանը։
Մեխակ Սայադյան