Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ինձ բախտ է վիճակվել լինելու այդ երջանիկներից մեկը

Ինձ բախտ է վիճակվել լինելու այդ երջանիկներից մեկը
30.05.2024 | 14:34

Հայ լինելու ու Հայաստանում, հատկապես Մասիսի դիմաց ծնվելու հավանականոոթյունն անսահման փոքր է։

ՈՒ ինձ բախտ է վիճակվել լինել այդ երջանիկներից մեկը։

(Հայի բախտ)

Մի գրագետ ու ջանասեր ամերիկահայ գրում է.

- Ես որքան գիտեմ մարդիկ երկրից հեռանում են հիմնականում նյութական պատճառներով, որպեսզի դրամ վաստակեն, հետո անվտանգային պատճառներով՝ երեխաներին բանակ չուղարկելու համար, հետո նոր բարոյա-գաղափարաբանական պատճառներով, որպեսզի գունավոր շորտիկով նստեն հանգիստ սուրճ խմեն:

Իմ պատասխանը.

- Կասեմ, որ գնալու պատճառների ճշգրիտ նկարագրություն է։

Հիմա ասեմ իմ պատճառաբանությունը, որպես մնացողներից մեկի:

Մոտավորապես 13 տարեկան էի, երբ մի ուկրաինացի նկարչի հյուրընկալել էինք մեր գյուղի տանը, ով եկել էր Հայաստան մի նպատակով՝ իր բախտը փորձել Մասիսի պատկերը կտավին հանձնելով։

Այդ օրերին ես կարդացել էի հավանականությունների տեսության մասին ու անընդհատ թղթի վրա հաշվում էի պարզ իրադարձությունների կատարվելու հավանականությունը։

Նկարիչը վաղ առավոտյան (ժամը 5- ի կողմերը) տանից դուրս էր գալիս, երբ բոլորս քնած էինք, ու իր մոլբերտով գնում էր դաշտում մի ծառի մոտ, որն առաջին օրը հայրս էր ցույց տվել։ Տուն էր գալիս արևամուտից հետո։ Շոգ ամառ էր։

Առաջին հանգստյան օրը հայրս ասաց.

- Մեր հյուրն է, բայց երեք օր է դաշտում մենակ ենք թողել։ Արի գնանք տեսնենք։

Հորս ավագ որդին էի, չորսից մեկը։ Քայլել սովորելուց հետո ինքն ինձ ամեն տեղ վերցնում էր հետը։

Գնացինք, գտանք հիացած, բայց շատ անտրամադիր վիճակում։ Ասաց, որ Արարատը նկարել հնարավոր չէ, որովհետև ամեն առավոտ երևում է նոր կերպարով, ու օրվա մեջ մի քանի անգամ փոխում է երանգները։ Հետո սկսեց նկարագրել շրջապատի գեղեցկությունը, ձեռքը հերթով պարզելով դեպի դաշտերը, երկնքի տարբեր կողմերը, կարմիր սարերը:

Հետո շնորհակալություն հայտնեց իրեն բերած լավաշ ու պանրի համար ու խնդրեց, որ գնանք։

Ասաց` միևնույն է չեմ կարողանալու, բայց ես շուտ հանձնվողներից չեմ։

Հետդարձի ճանապարհին հայրս խոստովանեց, որ 40 տարի այս ամենն իր աչքի առաջ է, բայց առաջին անգամ է զգում դրա գեղեցկությունը։

Իսկ ես արդեն մտքումս հաշվում էի, թե որքան փոքր է հայ լինելու ու Հայաստանում (հատկապես Մասիսի դիմաց) ծնվելու հավանականությունը։ Պարզ է, որ չէր ստացվում։ Բայց արդեն զգում էի, որ դա անսահման փոքր թիվ է, ու ինձ բախտ է վիճակվել լինելու այդ երջանիկներից մեկը։

Այդ զգացողությունն ինձ ուղեկցում է ողջ կյանքում …

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4615

Մեկնաբանություններ