ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իզուր չէ էգ արծիվն արու ընտրելիս ճյուղ նետում

Իզուր չէ էգ արծիվն արու ընտրելիս ճյուղ նետում
17.10.2023 | 14:11

Գիտե՞ք ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ապագա ձագերի համար։

Նա ահա այսպիսի մի հետաքրքիր բան է անում: Ծառից կամ թփից մի ճյուղ է պոկում, առնում կտուցի մեջ, բարձրանում շատ բարձր մի տեղ ու այդ բարձունքից սկսում կտուցի մեջ առած ճյուղը պտտել: Էգ արծվի շուրջ սկսում են պտտվել արուները: Այդ ժամանակ նա ճյուղը նետում է ցած, իսկ ինքը նայում է:
Եվ ահա արծիվներից մեկն օդում բռնում է նետված ճյուղը՝ չթողնելով, որ այն ներքև ընկնի, ապա այն բերում ու շատ հանգիստ տալիս է էգին՝ կտուցից կտուց փոխանցելով: Էգ արծիվը վերցնում է ճյուղն ու կրկին նետում է ցած: Արուն կրկին որսում է այն ու բերում, էգը նորից է շպրտում ճյուղը… Եվ այդպես կրկնվում է բազում անգամներ: Եթե որոշակի ժամանակի ընթացքում ու բավականին անգամներ ճյուղը նետելուց հետո արու արծիվն ամեն անգամ բռնում է այն ու հետ բերում, ապա էգ արծիվը նրան է ընտրում, ու նրանք զուգավորվում են: Թե ինչու է նա այդպես անում, դուք հետո կհասկանաք:

Ապա արու և էգ արծիվները բարձրանում են բարձր ժայռի գագաթին ու այնտեղ կոշտ ճյուղերից բույն են հյուսում, և հայրն ու մայրն իրենց սեփական մարմնից կտուցով փետուրներ ու բմբուլ են պոկում ու դրանցով պատում բնի ներսը, փակում բոլոր անցքերն ու այն դարձնում փափուկ ու տաք:
Ահա այդպիսի տաք ու փափուկ բնի մեջ էլ էգ արծիվը դնում է ձվերը, ապա երկուսով սպասում են դրանց լույս աշխարհ գալուն: Երբ նրանք ծնվում են այնքան փոքր, անզոր ու մերկ, առանց փետուրների, ծնողները նրանց ծածկում են իրենց մարմնով, քանի դեռ ձագուկները չեն ամրացել:
Իրենց թևերով պաշտպանում են անձրևից, այրող արևից, նրանց ջուր են տալիս, սնունդ, և թռչնակները մեծանում են: Աճում են նրանց փետուրները, ամրանում են թևերն ու պոչը: Եվ ահա նրանք ամբողջովին փետրապատ են, թեպետ դեռ փոքր են: Այդ ժամանակ մայրն ու հայրը տեսնում են, որ արդեն ժամանակն է…
Հայր արծիվը նստում է բնի ծայրին ու սկսում թևերով ուժգին խփել նրան: Խփում է բնին, ուժգին ցնցում այն: Ինչու՞ է այդպես վարվում: Նա դա անում է, որպեսզի հանի բոլոր փետուրներն ու բմբուլները, որ մնա միայն կոշտ ճյուղերից պատրաստված բնի հենքը: Իսկ ձագերը նստում են այդ ցնցվող բնի մեջ: Նրանց համար դա անհարմար է, այն կոպիտ է, ու ձագերը չեն հասկանում, թե ինչ է պատահել. չէ՞ որ մայրիկն ու հայրիկն առաջ այնքան քնքուշ ու հոգատար էին:
Մայրն այդ ընթացքում ինչ-որ տեղ է թռչում, ձուկ է որսում ու մի քիչ հեռու նստում այնպես, որ ձագերն իրեն տեսնեն: Հետո սկսում է ձագերի աչքի առջև դանդաղ ուտել:
Ձագերը նստում են բնում, ճչում, ծղրտում, չեն հասկանում, թե ինչ պատահեց. ախր առաջ ամեն ինչ այլ կերպ էր: Մայրիկն ու հայրիկն իրենց կերակրում էին, խմեցնում, իսկ հիմա ամեն ինչ կորած է. փետուրներն ու բմբուլները չկան՝ հերիք չէ, դեռ ծնողներն էլ ձուկ են ուտում ու իրենց չեն էլ տալիս:

Ի՞նչ անել: ՈՒտել են ուզում: Պետք է ինչ-որ կերպ բնից դուրս գալ: Եվ այդ ժամանակ թռչնակները սկսում են շարժումներ անել, որոնք մինչ այդ երբեք չէին արել: Նրանք հիմա էլ դա չէին անի, եթե ծնողները շարունակեին նախկինի պես նրանց դայակություն անել: Ձագերը սկսում են դուրս սողալ բնից: Ահա նրանցից մեկն անփութորեն իրեն դուրս է նետում բնից: Դեռ ոչինչ չի կարողանում անել, ոչինչ չգիտի: Բույնը հյուսված է ժայռի գագաթին, մի անմատչելի տեղ, որպեսզի գիշատիչները չկարողանային հասնել այնտեղ:
Թռչնակն ընկնում է այնտեղից ու թռչում անդունդը: Եվ այստեղ հայր արծիվը, գլուխը կորցրած, նետվում է ցած ու բռնում իր ձագին՝ չթողնելով, որ նա ջարդուխուրդ լինի: Իսկ հետո մեջքի վրա դրած՝ նրան բարձրացնում է դեպի անհարմար բույնը, ժայռի վրա, և ամեն ինչ նորից է սկսվում: Հիշում եք, չէ՞, ինչպես էր հայր արծիվն էգ արծվի նետած ճյուղը բռնում: Ճիշտ այդպես էլ հիմա ձագուկներն ընկնում են, իսկ հայրը բռնում է նրանց:
Արծիվների մոտ ոչ մի ձագ չի կործանվում՝ անդունդն ընկնելով:
Եվ ահա բազում անգամներ ընկնել-բարձրանալուց հետո, կրկին ընկնելիս ձագուկ արծիվը սկսում է անել մի շարժում, որը նախկինում երբեք չի արել. բացում է իր կողային թևերը, ընկնելով օդի հոսանքի մեջ, ու այդ կերպ սկսում թռչել:
Այդպես արծիվները իրենց ձագերին թռչել են սովորեցնում: Եվ հենց որ թռչնակն սկսում է ինքնուրույն թռչել, ծնողները նրան վերցնում են իրենց հետ ու ցույց տալիս, թե որտեղից են ձուկը որսում: Նրանք արդեն կերն իրենց կտուցով չեն հրամցնում ձագերին:

Սա երեխաներին հոգեպես և ֆիզիկապես դաստիարակելու լավ օրինակ է: Այն ցույց է տալիս, թե որքան կարևոր է տաք բնում նրանց երկար չպահելը: Որքան կարևոր է նրանց իրենց բերած ձկով երկար չկերակրելը, երբ իրենք արդեն ինքնուրույն էլ կարող են այն որսալ:
Սակայն մենք մեծ հոգատարությամբ պետք է մեր ձագերին թռչել սովորեցնենք՝ նվիրելով դրան մեր ողջ ուժերը, իմաստնությունն ու հմտությունները: Եվ իզուր չէ էգ արծիվն արու ընտրելիս ճյուղ նետում: Նա չի ուզում, որ իր երեխաները ջարդուխուրդ լինեն:
Միշտ էլ այդպես է լինում, երբ առանց ստուգելու հայր ես ընտրում ձագերիդ համար, նրանց կորցնելու վտանգ միշտ էլ կա: Իսկ արծիվներն այդ շռայլությունն իրենց թույլ տալ չեն կարող: Առանց այդ էլ նրանք 1-3 ձագից ավելի չեն ունենում։

Անձի Ինքնակատարելագործում ՖԲ էջից

Դիտվել է՝ 4858

Մեկնաբանություններ