Ինչու՞ է հայ ժողովուրդը, ավելի կոնկրետ` ՀՀ քաղաքացիները, հանդուրժողաբար մոտենում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, Արցախում և դրանց շուրջ: Ասում ենք` հանդուրժողաբար, որպեսզի չասենք` հավանություն են տալիս:
Սոցիոլոգները կարող են ուսումնասիրել ու բարդ-բարդ պատասխաններ տալ: Իրականությունը շատ ավելի պրիմիտիվ է:
Հայաստանի հասարակությունը վաղուց արդեն սպառողական հասարակություն է, որին «լավ ապրելուց», «կայֆեր անելուց» բացի, այլ բան չի հետաքրքրում:
Կարճ ասած` Հայաստանի հասարակությունը փափագում է մի վիճակ, երբ ինքը պետությանը ոչինչ պարտք չի, «երկու կապեկ» հարկը տալիս է, տակի մնացածով էլ պետք է տարին մեկ-երկու անգամ գնա Բաթում, Դուբայ, Անթալիա, Եգիպտոս, Հունաստան, ունենա ավտո, վարկով տուն, շաբաթ օրերը շոփինգ անի ու մի կտոր հաց ուտի:
Եթե այս ամենը կա ու «Վայլդբերիսն» էլ փակ չէ, ուրեմն` «փաթթած Ղարաբաղն էլ, անկլավներն էլ, միջանցքն էլ, տո եթե կուզեք` սաղ Հայաստանը»:
ՈՒշադրություն դարձրեք` սա մտածողություն է, որը բնորոշ է բոլոր սպառողական հասարակություններին` ԱՄՆ-ից մինչև եվրոպական ցանկացած երկիր, Վրաստան ու նաև Հայաստան:
Թվում էր` Իսրայելի անվտանգային յուրահատկություններն ու պետական ինստիտուտների հանդեպ բարձր վստահությունն այդ երկիրը կդարձնեին բացառություն: Բայց ՀԱՄԱՍ-ի ակցիան ցույց տվեց, որ Իսրայելն էլ չի խուսափել պոստմոդեռնի ախտից:
Հարց կառաջանա` իսկ ի՞նչն է վատ, չէ՞ որ առողջ ու հարուստ լինելն ավելի լավ է, քան հիվանդ ու աղքատ:
Անշուշտ:
Բայց մարդկության հազարամյա պատմությունը վկայում է, որ դրված խնդիրն անլուծելի է. Բնությունից է տրված` առյուծը պետք է որս անի, իսկ եղնիկը` խոտ ուտի:
Հակառակը չկա: Չի ստացվում, որ առյուծը հրաժարվի գոյապայքարից ու կենդանի մնա: Ավելին` առյուծի՝ վեգետարիան դառնալով բռնությունը չի նվազելու:
Գալով մեզ` որևէ սպառողական հասարակություն, հրաժարվելով կամ խուսափելով բռնությունից (իրականում` վախենալով մահվանից), ամենևին էլ խաղաղություն չի հաստատում, այլ ընդամենը մոտեցնում է սեփական մահը:
Եվ ուրեմն` Արցախում կատարվածի, Հայաստանում կատարվելիքի պատասխանները մեր մեջ պետք է փնտրենք: Նաև` ելքի հնարավորությունը պետք է փնտրենք մեր փոխվելու կարողության մեջ:
Հռիփսիմե ԱՌԱՔԵԼՅԱՆ