Թուրք-ադրբեջանական «պետական, քաղաքական միտքը» քայլ առ քայլ կյանքի է կոչում հայ ազգին հիմնովին և վերջնականապես կործանելու ծրագիրը և այն ավարտին հասցնելու համար գործի է դրել իր տրամադրության տակ եղած ողջ «զինանոցը»:
Զարհուրելին ու նվաստացուցիչն այն է, որ այդ «զինանոցի» ամենաարժեքավոր զենքը կրում է «ՀՀ կառավարման համակարգ» անունը, որի ձեռք բերման համար նրանք համբերատար ու հետևողական աշխատել էին 25 երկար ու ձիգ տարիներ, և հիմա խելամտորեն շահագործում են այն: Այդ «զենքի» բացառիկությունն այն է, որ հայ ազգին մահացու հարվածներ է հասցվում իր իսկ հիմնած պետականության ձեռքով, և ոչ ոք չի կարող մեղադրել Թուրքիային կամ Ադրբեջանին՝ Հայաստանի և հայության հանդեպ տոտալ էքսպանսիա իրականացնելու մեջ:
Հասկանալու համար, որ «ՀՀ կառավարման ներկա համակարգը» թուրք-ադրբեջանական վերջին տարիների հաղթանակների կերտման առանցքային դերակատարն է, բավական է մեջբերել նրա 5-ամյա գործունեության մի քանի «ձեռքբերումներ».
1. Այդ համակարգը, «նախկինները ստոր թալանչիներ էին» անվան տակ պառակտեց հայ ազգին, վարկաբեկեց մեր 25-ամյա ողջ պատմությունն ու այդ շրջանի բոլոր կարևոր դերակատարներին, պարալիզացրեց ազգային-պետական անխտիր բոլոր ինստիտուտները, որոնցից «կանգուն է մնացել» միայն Հայ Առաքելական Եկեղեցին:
2. Այդ համակարգը, «նախկինները վաղուց հանձնել էին» անվան տակ «բարով-խերով» լուծեց Արցախի հարցը՝ հաշվարկված և սրբապղծորեն «մատաղացու գառ» դարձնելով ազգային գենոֆոնդի մի ստվար ու անգին հատվածի:
3. Այդ համակարգը, ստորացուցիչ «չմիջամտելու քաղաքականության» անվան տակ հրաժարվեց Հայաստանի անձնագիր կրող անձանց համար «մատը մատին տալուց» և իր հանցավոր անգործությամբ խթանեց
100 000-ից ավելի արցախահայերի տեղահանությունը: Նրա «գործուն չմիջամտության» արդյունքում «ռազմական հանցագործությունների հեղինակներ» պիտակավորմամբ ադրբեջանական բանտերում արդեն իսկ գտնվող հայ ռազմագերիների շարքերը համալրվեցին Արցախի ռազմաքաղաքական էլիտայի կարկառուն դեմքերով :
4. Այդ համակարգը, «միջազգային ժողովրդավար ընտանիքի օրինակելի անդամի » անվան տակ, առանց աչք թարթելու, նույն պիտակավորմամբ Ադրբեջանին կհանձնի նաև արցախյան պատերազմի անմիջական մասնակից Հայաստանյան դեմքերին՝ ընդհուպ երկրի նախագահներ :
5. Այդ համակարգը, «կադաստրի վկայական ստանալու» անվան տակ բավարարում է Ադրբեջանի բոլոր տարածքային պահանջները, այդ թվում հանձնելով նաև այսպես կոչված անկլավները՝ զարմացած աշխարհի ականջը անդադար սղոցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դիֆիրամբներով: Նրա հորինած «խաղաղության դարաշրջանը» ենթադրում է նաև 1990-92 թթ. Հայաստանը լքած տասնյակ կամ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձն իրենց բնակավայրեր:
6. Այդ համակարգը, «բանակում իրականացվող համապարփակ բարեփոխումների» անվան տակ քայլ առ քայլ թուլացնում է հայկական բանակը՝ վերջնանպատակ ունենալով կազմալուծել այն:
7. Այդ համակարգը, «արդարության և ժողովրդավարության բաստիոն» անվան տակ իր ռեսուրսների առյուծի բաժինը ուղղում է ոստիկանական համակարգի արդիականացմանն ու հզորացմանը՝ որպես իր իշխանավարման իրավունքի պահպանման գլխավոր երաշխավորի:
8. Այդ համակարգը , «Ռուսաստանը մեզ մենակ է թողել» անվան տակ 5 տարի շարունակ քափ ու քրտինք կտրած իրականացնում է հակառուսական քարոզչություն՝ խթանելու
տարածաշրջանում ռուսական ազդեցության չեզոքացմանը:
9. Այդ համակարգը, «ՀՀ միջազգային իրավասությունների ընդլայնման» անվան տակ վավերացնում է «Հռոմի ստատուտը», որը ոչ այլ ինչ է, քան բացահայտ մարտահրավեր աշխարհի 2 գերտերություններց մեկին և 3 միլիոն ռուսահայությանը «հրդեհի ճարակի» մատնելու կայծ:
10. Այդ համակարգը, «անկախության և ինքնիշխանության համար պայքար»-ի անվան տակ «ժողովրդավարական Արևմուտքի» ոտքերի տակ է փռում երկիրը՝ վերածելու այն հակառուսական պլացդարմի, վարկյան անգամ չտագնապելով նրա 2-րդ ՈՒկրաինայի կամ Երևանը
2-րդ Դամասկոսի վերածվելու հեռանկարից:
Բավարարվենք այսքանով, քանզի այդ համակարգի հակապետական և ապազգային «քաջագործությունների» ամբողջական ցանկը շարադրելու դեպքում կստանանք ծավալուն հատորներ:
Արդ, որքան էլ պարադոքսալ հնչի, ներկա հանգրվանում հայ ազգի գոյապահպանության ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է «ՀՀ կառավարման ներկա համակարգը» և օրվա անհապաղ հրամայականն է ժամ առաջ այն վնասազերծելն ու նորով փոխարինելը: Ինչը նախ և առաջ կնշանակի ոչնչացնել հայ ազգին կործանելու թուրք-ադրբեջանական ծրագրի սպասարկմանն ուղղորդված զինանոցի ամենաարժեքավոր «զենքը»:
Խնդիրն ինքնին բարդ է իհարկե, որովհետև «զենքը» գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի նման հզոր ռեսուրսներ տնօրինող երկրների ձեռքում, որոնց էլ իրենց հերթին հովանավորում են գեոպոլիտիկ երկու կենտրոն՝ դրանից բխող ողջ հետևանքներով հանդերձ: Բարդ խնդիր է, բայց առանց դրա լուծման մանկամտություն է մտածել տարածաշրջանում ռազմական բալանսի վերականգնման, լարվածության թուլացման և իրական խաղաղության հաստատման մասին:
Բարդ է իհարկե, բայց համազգային ներուժի համախմբման պարագայում լուծումն իրեն ուշացնել չի տա:
Բարդ է իհարկե, բայց այն պարտադիր պե՛տք է լուծվի, քանզի անխուսափելի կործանումից փրկվելու այլ ճանապարհ չկա:
Բարդ է, բայց հնարավոր է:
Դեռևս հնարավոր է:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ