Պատվերն իջեցված է:
Հայաստանյան գործակալական ցանցը բուռն ալեկոծության մեջ է:
«Մեզ Արծվաշենը հարկավոր չէ»,- մոտավորապես այսպիսի օրակարգ է մշակվում և հրամցվում հայազգի բնակչությանը:
Որպես Արծվաշենի «անպետքության» հիմնավորում, մեծամասամբ, նշվում է արդի Արծվաշենի «դատարկ և անմխիթար» լինելու, ինչպես նաև լոգիստիկայի բացակայության հանգամանքը:
«Դեմ ենք Արծվաշենին», քանզի «Տիգրանաշենով (Քյարքիով) գնալու ենք Սյունիք: Բա ուրիշ ինչպե՞ս Սյունիք գնանք»:
Լսում եմ «ցանցականներին» և հասկանում, թե ինչու ենք Մուշ, Վան, Կարս, Իգդիր, Ադանա կորցրել: Ախր, դրանք լոգիստիկայի տեսանկյունից «անպետք» տարածքներ են: Օրինակ, ինչու՞ է պետք Ադանան, եթե կարելի է Անթալիայի նավահանգստից օգտվել, կամ՝ ու՞մ է պետք «փակուղային» Իգդիրը, երբ առկա է լոգիստիկ Անկարան:
Իսկ ինչ վերաբերում է այսրոպեական Արծվաշենի «դատարկ և անմխիթար» լինելուն, ապա ի՞նչ եք կարծում՝ արդյոք ադրբեջանցիները ձեզ պետք է լի և բոլ տարա՞ծք տային, կամ՝ արդյոք դուք պատրաստվում եք Սոֆուլու/Բարխուդարլուն միայն շենացնելուց հետո՞ հանձնել:
Այնուամենայնիվ, շտապեմ տեղեկացնել:
Ընկեր «ցանցականներ», չափից շատ ալեկոծվել պետք չէ, քանզի Հայաստանին ոչինչ տալ չեն պատրաստվում:
Ինչ պետք է վերցնելու են, սակայն ոչինչ չեն տալու:
Ավելին՝ քանի դեռ դուք կաք, Հայաստանն էլ են վերցնելու, քանզի, մեծ հաշվով, այն համաշխարհային լոգիստիկայի տեսանկյունից «անպետք է», ինչպես նաև, մեծամասամբ՝ «դատարկ և անմխիթար»:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)
Հ.Գ. Արծվաշենն ազատագրվելու է, սակայն լրիվ այլ ժամանակահատվածում և միանգամայն այլ ձևաչափով: