Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայաստանը նվազելու տեղ չունի. գոյության պայքար է մղում

Հայաստանը նվազելու տեղ չունի. գոյության պայքար է մղում
17.04.2023 | 23:54

Ուկրաինայում մղվող պատերազմի ավարտական արդյունքները կպայմանավորեն նոր աշխարհակարգի կառուցվածքը: Կհաջողվի՞ արդյոք Ռուսաստանին ԱՄՆ-ի գերակայությունը համաշխարհային արենայում նվազեցնել և նոր աշխարհակարգը իրականում դարձնել բազմաբևեռ, որին ձգտում է նաև Չինաստանը: ՈՒկրաինայում ռուսները բախվում են հավաքական Արևմուտքի հետ, որի տնտեսական և ռազմական պոտենցիալը բազմակիորեն գերազանցում է: Շատերը կարծում են, որ հաղթանակի ռուսները չեն հասնի, և Պուտինը ստիպված կլինի հեռանալ: Մոսկվայում պնդում են, որ չհաղթելու տարբերակ չունեն: Քարոզչական նարատիվներից հեռանալով, պրոարևմտյան և պրոռուսական կարծրատիպ թեզերը վանելով՝ ճիշտ կլինի կանխատեսումներ անել՝ ելնելով պատմության դասերից: Ճիշտ կանխատեսման հիմքը անցյալի օբյեկտիվ և անկողմնակալ լուսաբանումն է:

Եվ այսպես, ինչ հավանական ելքեր կարելի է տեսնել: Առավել գիտական է ուկրաինական պատերազմը հետազոտել փլուզված ռուսական կայսրության տարածքում 1918-20 թթ. մոլեգնած քաղաքացիական պատերազմի համեմատությամբ: Այն ժամանակ մի բևեռում Արևմուտքի կողմից մերժված և չճանաչված բոլշևիկյան իշխանությունն էր, մյուս կողմում՝ սպիտակգվարդիական կառավարությունները, որոնց ողջ տնտեսական և ռազմական կարողությունները տրամադրում էին արևմտյան պետությունները: Տեղի ունեցավ անհավանականը՝ համաշխարհային պատերազմում արյունաքամ եղած երկրում բոլշևիկները հաղթանակ տարան և վերականգնեցին կայսրությունը՝ արդեն որպես ԽՍՀՄ: Այժմյան պատերազմը ինչ-որ իմաստով շատ նման է մեկ դար առաջ ծավալված քաղաքացիական պատերազմին: Նորից մի բևեռում Արևմուտքն է, որը զինում և ֆինանսավորում է ուկրաինական կողմին: Կրկին հիմնահարցը ռուսական կայսրության նախկին տարածքում ազդեցության գոտիների համար պայքարն է: Երկու սլավոն ազգերի եղբայրասպան պատերազմը շատ նման է 1918-20 թթ. պատերազմին: Ես այստեղ ոչ ռուսական, ոչ էլ ուկրաինական ազգային շահ չեմ տեսնում: Տեսնում եմ ծուղակ, որտեղ մաշվում և մսխվում են այն ռեսուրսները, որոնք պետք են Կրեմլին համաշխարհային ուժային բևեռի կարգավիճակը Ռուսաստանին վերադարձնելու համար: Ուկրաինան այն երկիրն է, որին պոկելով Ռուսաստանից՝ Վաշինգտոնը կարող է փոշիացնել այդ ձգտումները: Եվրոպական Միության համար պատերազմը նույնպես կարողությունների վատնում է: Թանկ էներգակիրների հետևանքով Եվրոպայում կրճատվում են արտադրական կարողությունները, ուժեղանում է կախվածությունը ԱՄՆ ից: Պատահական չէին Պեկինում Մակրոնի բանակցությունները Սի Ծինպինի հետ: ԵՄ կառավարության ղեկավար մեծարգո տիկինը ուղեկցում էր, բայց չերևաց բանակցություններում: Բրյուսելում ուշացումով աշխատում են ելքեր գտնել, որովհետև, ինչպես հարյուր տարի առաջ, այժմ էլ ռուսական ցամաքային բանակը շարունակում կանգուն մնալ: Ռուսաստանի ռեսուրսները և ռազմավարական խորությունը կրկին ապացուցում են երկարատև բախման պայմաններում դիմադրողականության բարձր մակարդակը:

Երևանում պետք է դասեր քաղեն Կիևի սխալներից: Տարբերությունն այն է, որ Կիևում գործած սխալը կարող է կորուստների տանել, բայց երկիրը չի կործանվի, որովհետև մեծ է և նվազելու տեղ ունի: Հայաստանը նվազելու տեղ չունի. գոյության պայքար է մղում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2365

Մեկնաբանություններ