Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Հավատում եմ, որ ընտրությունների արդյունքներն արձանագրում են այն իրականությունը, որն առկա է»

«Հավատում եմ, որ ընտրությունների արդյունքներն արձանագրում են այն իրականությունը, որն առկա է»
27.03.2009 | 00:00

«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՄԱԿ-ի առաջնորդ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ
-Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին քայլը:
-Ես ինձ երբեք թույլ չեմ տվել գնահատել առաջին նախագահի որևէ քայլ: Նա ծանրակշիռ պետական գործիչ է, լավ հաշվում է իր քայլերը, այնպես որ, գնահատողները մենք չէ, որ պետք է լինենք: Նա հայտարարեց, որ մասնակցում է Երևանի քաղաքապետական ընտրություններին, և դրանով տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը վերածվեց լուրջ քաղաքական գործընթացի: Ընդ որում, օրենքով նախատեսված է, որ ավագանու ընտրությունը պետք է տեղի ունենա համամասնական ընտրակարգով, ինչը քաղաքական կոմպոնենտ ունեցող ընտրակարգ է, և ՀԱԿ-ն ապահովեց այդ կոմպոնենտը:
-Ընդդիմության շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
-Գնահատականը կտան երևանցիները և ընտրական հանձնաժողովը:
-Իսկ քաղաքական հաշվարկի տեսանկյունի՞ց. գաղտնիք չէ, որ օրինաչափորեն Երևանն ընդդիմադիր հայացքներ «կրող» քաղաք է:
-Քաղաքական հաշվարկի տեսանկյունից հասկանալի է` ընդդիմությունը ներկայացված կլինի Երևանի ավագանիում: Դա նշանակում է` մինիմում 7 տոկոս իրենք կհաղթահարեն, մնացածը տեխնիկայի, համակրանքի, քարոզարշավի հարց է: Անշուշտ, համաձայն եմ, որ Երևանն ավելի շատ ընդդիմադիր կեցվածք ունի, քան հայաստանյան մնացյալ բնակավայրերը:
-Ի դեպ, տեսակետ կա, որ իշխանությունները խիստ անակնկալի են եկել թե՛ Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաշվելու իրողությունից. փաստորեն, հայտնվել են ցուգցվանգի մեջ:
-Ես չեմ կարծում, թե իշխանությունները ցուգցվանգի մեջ են: Եթե այդպես լիներ, նրանք կփոխեին իրենց մարտավարությունը: Ես չեմ տեսնում իշխանական ուժերի մարտավարության փոփոխություն:
-Դուք կարծում եք` նրանք այնքան ճկուն են, որ կարող էին նման փոփոխությունների՞ գնալ:
-Ցուգցվանգի մեջ հայտնվելը նշանակում է նախ և առաջ փոփոխությունների գնալու իրավիճակ, ինքներդ էլ եք տեսնում` նրանք ստիպված որևէ քայլ չեն անում:
-Քիչ առաջ Դուք ասացիք, որ Երևանն ունի ընդդիմադիր կեցվածք։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ. ա) ընդդիմությունը կհաղթի այս ընտրություններում,
բ) արդյոք իշխանությունը «կտա՞» Երևանը:
-Ի՞նչ է նշանակում` «կտա»։ Եթե Երևանի բնակիչների մեծամասնությունն ընտրություն կատարի որևէ քաղաքական ուժի օգտին, ապա այդ քաղաքական ուժն էլ կիրականացնի Երևան քաղաքի ղեկավարումը:
-Մի՞թե:
-Անշուշտ:
-Հավատո՞ւմ եք արդար ընտրությունների կայացմանը Հայաստանում:
-Հավատում եմ, որ ընտրությունների արդյունքներն արձանագրում են այն իրականությունը, որն առկա է: Ես որևէ բան չասացի արդար ընտրությունների մասին:
-2007-ի խորհրդարանական ընտրությունները, որոնց Դուք մասնակցեցիք, և եթե չեմ սխալվում` չնչին քվեներ պակասեցին, ու Դուք չհայտնվեցիք խորհրդարանում, արդա՞ր էին։
-Խորհրդարանական ընտրություններում մենք չհաղթահարեցինք հինգ տոկոսի արգելքը. ես ինչպե՞ս կարող եմ ասել` հաղթահարեցինք, բայց չհայտնվեցինք:
-Իսկ Քոչարյանն ասում էր` կհաղթահարե՜ք... Դառնանք քաղաքապետական ընտրություններին. ինչպիսի՞ն կլինեն դրանք:
-Կապրենք` կտեսնենք։ Կարծում եմ, որ այդ ընտրություններում քաղաքական շատ ուժեր հնարավորություն ունեն հաղթանակ տոնելու:
-Դուք մարտի մեկի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ եք, թերևս լավ գիտեք` ինչ կատարվեց մարտի մեկին. Նման գործընթացների «կրկնություն» (Աստված մի՛ արասցե) հնարավոր համարո՞ւմ եք այս անգամ:
-Ո՜չ: Որովհետև մարտի 1-ը սառը ցնցուղ էր հասարակության համար: Հասարակության բոլոր անդամները, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները սթափվեցին մարտի 1-ից հետո և հասկացան, թե ինչի կարող է հանգեցնել քաղաքացիական կոնֆրոնտացիան: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ` քաղաքական ոչ մի ուժ ցանկություն չունի քաղաքական հակամարտությունը տեղափոխել քաղաքացիական հակամարտության դաշտ. այն հղի է անկանխատեսելի հետևանքներով:
-«Ա Պո՞լշա». իսկ կեղծիքնե՞րը, չէ՞ որ այդ դեպքում էլ իշխանությունը կարող է տոտալ կեղծիքների գնալ:
-Իշխանությունը միշտ էլ իր ձեռքում այդ «ռեսուրսն» ունի, բայց և իշխանությունը պետք է կարողանա ապացուցել, որ ինքը կարող է դիմանալ այդ գայթակղությանն ու չկեղծել ընտրությունները:
-Մինչ հիմա ապացուցե՞լ է:
-Փորձեր արել է. չեմ կարող ասել` ինչ արդյունավետությամբ:
-Տեսակետներ կային, որ ՄԱԿ-ը նույնպես կմասնակցի այս ընտրություններին։ Չմասնակցեցիք, ինչո՞ւ:
-Խորհրդարանական ընտրություններից հետո մենք «թայմ-աուտ» ենք վերցրել և պահում ենք այն:
-Մինչև ե՞րբ:
-Մինչև եկող տարի:
-Կանաչ լույս եք վառում Գագիկ Բեգլարյանի առջև. ասում են` նրա հետ լավ ընկերներ եք:
-Շատ լավ ընկերներ:
-Ի՞նչ ասել է` ընկեր:
-Ասել է` մարդկային նորմալ, ջերմ փոխհարաբերություններ: Եվ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս ընթացքում մեր գործունեության մեջ չի լինելու որևէ հակաքարոզչություն Գագիկ Բեգլարյանի կամ հանրապետական ցուցակի դեմ:
-Ինչպե՞ս եք գնահատում նրա շանսերը:
-Բավականին բարձր, իսկ ընտրությունների արդյունքներով կկարողանանք առավել կոնկրետ հետևություններ անել, թե ով ինչպես աշխատեց, ինչ աջակցություն ունեցավ, ինչպես շահեց երևանցիների համակրանքը. պետք է հետևել ընթացքին, դեռ շուտ է եզրակացություններ անելը. Ահարոնի հացը չկտրենք:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2914

Մեկնաբանություններ