Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Նոր գերեզմաններն ու հոգածությունից դուրս մնացած Հոռոմայրի Սուրբ Նշան վանքային համալիրը

Նոր գերեզմաններն ու հոգածությունից դուրս մնացած Հոռոմայրի Սուրբ Նշան վանքային համալիրը
10.09.2012 | 14:57

Լուրեր են շրջանառվում, որ Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի տարածքում գտնվող եզակի տապանաքարերի մի մասը ժամանակի ընթացքում հողի տակ է անցել, փոխարենը հայտնվել են նոր գերեզմաններ, և չվերահսկելու դեպքում տարածքը կարող է դառնալ գերեզմանատեղի:

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը տեղեկացրեց, որ Հոռոմայրի Սբ. Նշան վանական համալիրի վերին հուշարձանախմբի տարածքում Ադամյանների տոհմական գերեզմաններն են, այնտեղ առայսօր նրանց ժառանգներն են հուղարկավորվում: «Ադամյանների գերդաստանն այնքան մեծ չէ, որ գերեզմանատեղի վերածվելու վտանգ լինի: Կարելի է նրանց խնդրել, որ նոր գերեզմանները հների նման տապանաքարեր ունենան, և ցանկապատեր կամ կանգուն տապանաքարեր չլինեն»,- ասաց Օձունի հոգևոր հովիվը` ընդգծելով, որ ուշադրության և վերանորոգման կարիք ունի ոչ թե գերեզմանոցը, այլ եկեղեցին:
Նշենք, որ «Օձունի վերածնունդ» ծրագիրը նախատեսում է պատմամշակութային հուշարձանների վերանորոգում: Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը կարծես թե տեղ չի գտել այս ցանկում:
Համալիրի վերին և ներքին հուշարձանախումբը անմխիթար վիճակում է, շատ շինություններ փլուզման եզրին են: Տեր Վրթանեսի խոսքով` լավ կլիներ, որ Հոռոմայրի Սուրբ Նշանը նույնպես վերականգնվեր:
Վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանն իր հերթին հավելեց, որ նման պատմական տարածքը երբեք չի ուսումնասիրվել, երբեք հնագիտական և պեղման աշխատանքներ չեն կատարվել: Նրա խոսքով` ամեն ինչ արվել է մակերեսորեն: Մինչդեռ այն լուրջ գիտական, պատմական և պատմամշակութային արժեք է ներկայացնում մեր անցյալի և ներկայի համար:
Հոռոմայրի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոններից էր (հիշատակվում է VII դարից): Գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արևելք: Վանքը կազմված է շինությունների երկու խմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա: Առաջին խմբի գլխավոր Ս. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին 1187-ին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, բազալտե սրբատաշ քարից: Միակ` հյուսիսային մուտքի ճակատակալ քարին Հիսուսի շքեղ բարձրաքանդակն է, իսկ դռան կողքերին` Միքայել և Գաբրիել հրեշտակապետերն ամբողջ հասակով: Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290-ին: Ս.Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201-ին կառուցվել է փոքրիկ մատուռ: Համալիրի հյուսիսում, քառակուսի հատակագծով, ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301 թ.), որից քիչ հեռու պահպանվել են Ս. Առաքյալ մատուռի (1216 թ.) ավերակները: Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` 13-րդ դ. խաչքարերով ու տապանաքարերով: Սարահարթի կառույցների խմբում են երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (1206 թ.) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ