ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Հանձնաժողովը կարող էր և լիովին աշխատել առանց փաստահավաք առաքելության»

«Հանձնաժողովը կարող էր և լիովին աշխատել առանց փաստահավաք առաքելության»
10.10.2008 | 00:00

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԵԾԵԼՈՒ, ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՉԻ ԵՂԵԼ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ արդարադատության նախարար ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
-Պարոն Դանիելյան, հետևո՞ւմ եք մարտի մեկի հանձնաժողովի աշխատանքներին:
-Հետևում եմ. հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ է ներկայացնում նաև արդարադատության նախարարությանը, թեկուզև` քրեակատարողական հիմնարկներում անձանց պահելու պայմանների հետ կապված:
-Խնդրո առնչությամբ ընդդիմության կատարած ուսումնասիրության արդյունքներին նո՞ւյնպես ծանոթ եք:
-Ծանոթ եմ:
-Ե՞վ:
-Անկեղծ ասած, ցավում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք հենց առաջին օրվանից կասկածի տակ դրեցին մարտի մեկի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի իրավաչափությունը, այժմ իրենք են հայտնվել այդպիսի իրավիճակում:
-Այսի՞նքն:
-Նրանք պնդում էին, որ իրենց ձեռքի տակ կան ավելի հավաստի տվյալներ, ունեն ապացույցներ և համոզված էին, որ ամեն բան խեղաթյուրվում է, բայց անցնող ժամանակահատվածում կարողացան ընդամենը մեկ բան ապացուցել. իրենք անում են ճիշտ այն, ինչի մեջ մեղադրում էին բոլոր այն կառույցներին, այդ թվում և` մարտի մեկի հանձնաժողովին, որոնք զբաղվում էին այդ խնդրով: Այսինքն` ընդդիմությունը մեկը մյուսի հետևից ներկայացնում է ակնհայտ անհիմն, կեղծված ապացույցներ:
-Փաստորեն, ոչ միայն արդարադատության նախարար եք, այլև մարտի մեկի հանձնաժողովի «փաստաբան»:
-Հանձնաժողովն ամբողջությամբ չեմ պաշտպանում, որովհետև այնտեղ տեսնում եմ մարդկանց, ովքեր շատ շուտ են ընկնում այս կամ այն կարգի ապացույցների ազդեցության տակ և անում անպատասխանատու հայտարարություններ:
-Զորօրինա՞կ:
-«Զորօրինակ» ես պարտավոր չեմ անուններ տալ:
-Բարի: Իսկ ոչի՞նչ, որ մարտի մեկի հանձնաժողովի հավաքած փաստերի նկատմամբ վստահությունը նույն իշխանությունների մոտ այնքան փոքր էր, որ նրանք ընդառաջեցին ԵԽ հորդորին և ստեղծեցին փաստահավաք առաքելություն` պարիտետային սկզբունքով:
-Լավ, քանի որ անուններ պահանջեցիք, ես, այնուամենայնիվ, տամ որոշ անուններ: Համենայնդեպս, ես համադրում եմ իրադարձությունների զարգացումն ու վերջերս Գուրգեն Արսենյանի արած հայտարարությունները և տեսնում, որ նրա եզրակացությունների մեջ կա դեպքերից առաջ ընկնելու, շտապելու ոչ հիմնավորված մոտեցում, որը, ինչ խոսք, անհանգստացնող է: Ասել է` եթե ցուցադրվում է ժապավեն, որի իսկությունը դեռ չի պարզվել, չի պարզվել՝ ընդհանրապես այդ ժապավենը մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ, հանձնաժողովի անդամը հայտարարում է. «Բա մեզ ի՞նչ կինո էին ցուցադրում», որն էլ նշանակում է` իբր մինչ այդ իրեն ճիշտ ինֆորմացիա չի տրվել, իսկ այդ ժապավենն իսկապես շատ ճիշտ ինֆորմացիա է:
Փաստահավաք խմբի մասով. եթե ստեղծվում է նման կառույց, դա չի նշանակում, որ այն միանշանակ ճիշտ է: Վերջին հաշվով, քաղաքական երկխոսությունը հենց այդ է ենթադրում. ասել է` երբեմն, երբ դու վստահաբար չես կիսում դիմացինիդ դիրքորոշումը, բայց փորձում ես որոշակի փոխհամաձայնության գալ այլ քաղաքական ուժի հետ, գնում ես փոխզիջման: Իսկ փոխզիջման գնալը չի նշանակում լիովին համամիտ լինել դիմացինի հետ: Այսինքն` հանձնաժողովը կարող էր և լիովին աշխատել առանց փաստահավաք առաքելության, որովհետև դրա կարիքն առանձնապես չկար:
-Հուզիչ է մունդիրի պատիվը պահելու Ձեր մոտեցումը:
-Խորհուրդ կտայի չհուզվել: Ես բացարձակապես մունդիրի պատիվ չեմ պահում: Երբ ցանկացած լրագրող լսում է իր ականջներին ոչ հաճո և կամ իր մոտեցումներին ոչ համահունչ որևէ միտք, անմիջապես եզրակացնում է` դիմացինն օբյեկտիվ չէ. չէ՞ որ ինքներդ ևս կարող եք սուբյեկտիվ լինել:
-Չեմ ժխտում: Նույն խնդրի հետ կապված՝ որպես մասնագետ, խնդրեմ՝ պատասխանեք հարցին՝ ի վերջո, առավոտյան ո՞ր ժամին է սկսվել «տեղազննություն» օպերացիան: Հազար տեսակ ժամ նշվեց. Աղվան Հովսեփյանը մի ժամ է նշում, մյուսը` մեկ այլ... երբ ժամը յոթից շուտ նման որևէ «ձեռնարկ» նշանակում էր օրենքի կոպիտ խախտում:
-Ո՛չ: Ո՛չ: Օրենքի խախտում չի եղել: Ավելորդ քննարկումներ ընթացան, այդ թվում և մարտի մեկի հանձնաժողովում` օպերացիայի ժամի սկսման հետ կապված: Երբ ընդամենը պետք էր լինել քիչ թե շատ պրոֆեսիոնալ և ասել, որ դա որևէ նշանակություն չունի: Իսկ քանի որ Դուք այդ հանձնաժողովի քննարկումների ազդեցության տակ եք, պնդում եք, որ եղել է օրենքի խախտում: Դուք պետք է ոչ թե հանձնաժողովի անդամների և պրոֆեսիոնալների դիտարկումները հիմք ընդունեք, այլ քրեադատավարական օրենսգիրքը, որի դեպքում կտեսնեիք, որ կարելի է կատարել քննչական, դատավարական գործողություն նաև գիշերային ժամերին: Այսինքն` օրենքի խախտում ամենևին էլ չի եղել:
-Այդ դեպքում ինչո՞ւ հանձնաժողովում պարոն Թամամյանն ասաց, որ օրենքը հնարավորություն չի տալիս յոթից շուտ գործողություններ սկսել, ու իրենք սկսել են յոթից տասնհինգ պակաս. փաստորեն, իրավական աշխարհի «կորիֆեյը» չգիտի, թե ինչ է ասում քրեադատավարական օրենսգիրքը: Աֆյանն էլ:
-Իրենց խնդիրն է:
-Պարոն Դանիելյան, որպես ոլորտի մասնագետ՝ Դուք հավատո՞ւմ եք, որ հրաման տվողները եղել են Աֆյանն ու Թամամյանը:
-Իհարկե` հավատում եմ: Բայց նախ ճշտենք՝ ինչի՞ հրամանը` տեղազննությա՞ն:
-Չէ՛, ժողովրդին ծեծելու, կրակելու:
-Ժողովրդին ծեծելու, կրակելու հրաման չի եղել և չէր կարող նման հրաման լինել:
-Ժողովուրդն ինքնաբերաբա՞ր է ծեծվել, կրակվել:
-Ինքնաբերաբա՞ր: Այո՛: Որովհետև օրենքը նախատեսում է իրավիճակներ` ծայրահեղ անհրաժեշտության, անհրաժեշտ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության: Եվ եթե այս իրավիճակները գալիս են, հատուկ հրամանի չեն սպասում:
-Բայց չէ՞ որ գլխից վիրավորները շատ են եղել: Դիպուկահարների ձեռք է նկատվում:
-Դա ընդամենը Ձեր ենթադրությունն է:
-Հավատո՞ւմ եք Ձեր ասածին:
-Միանշանակ, որովհետև դիպուկահարներով գլխին կրակելուց անդին հերյուրանք մտածելն ուղղակի հնարավոր չէ:
-Իսկ խոճկորների վերսիա՞ն. հավատո՞ւմ եք դրան:
-Իսկ Դուք, ի՞նչ է, հավատո՞ւմ եք, որ որևէ բանական վնասվածքի արդյունքում մարդու ծնոտը մաքուր վիճակում հայտնվի փողոցում: Դա կարող են անել մարդիկ, ովքեր երբևիցե դիահերձման չեն մասնակցել և այս կամ այն անկյունում նստած՝ մտածում են շոկային վիճակ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր ոլորտի առնչությամբ տարրական գիտելիքներ չունեն:
-Եվ վերջապես, համաներման հետ կապված, Դուք երբևէ հանդես չե՞ք եկել նման առաջարկով:
-Բացարձակապես:
-Հումանիստ չեք:
-Ո՛չ, դա իմ խնդիրը չէ:
-Իսկ որպես մա՞րդ:
-Գիտե՞ք` դա իմ խնդիրը չէ. ես նախ և առաջ պաշտոնատար անձ եմ, իսկ պաշտոնատար անձը նման պատասխանատու որոշումներ կայացնելու համար պետք է ունենա բավարար տեղեկատվություն և հիմքեր. նման տեղեկատվություն և հիմքեր ես չունեմ:
-Հազա՜ր ափսոս:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4620

Մեկնաբանություններ