(Նախոորդ մասը)
Հետաքրքիր է նաև, որ «ռազմական հողի վրա» Հայաստանի և Իրանի նկատելի մերձեցումը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ «Ապշերոնյան խանությունը» հարաբերություններն էր պարզում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ, թեև Փոմփեոն, ըստ էության, ինչ-որ տեղ հակահայկական հայտարարություն էր արել։
Փոմփեոյի ասածի իմաստը պարզունակ է. հայեր, ԱՄՆ-ը ձեզ չի օգնի, բայց դուք դիմացեք, կռվեք, թեև «ԱՄՆ-ը տեսնում է, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին»։ Կարող ենք կրկնել. բավական է, որ ԱՄՆ-ը (ինչպես և Իսրայելը) Անկարայի հետ սկսի խոսել Թուրքիայի արտաքին պարտքի մարման մասին, թուրքերն իսկույն «ավելի համեստ» կդառնան։ Բայց անգամ Փոմփեոյի նման հայտարարությանը Բաքվի ԱԳՆ-ն պատասխանեց ջղային մեկնաբանությամբ, թե իբր պետդեպարտամենտի ղեկավարի խոսքը «չի համապատասխանում տվյալ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններին, չի համապատասխանում ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի կարգավիճակին»։ Մենք հստակ տեսնում ենք, որ աչքով անտեսանելի ինչ-որ պատճառով Բաքուն ակնհայտորեն նյարդայնանում է։ Մեր կարծիքով, պատճառներից մեկը կարող է լինել Թուրքիայի կողմից մեր տարածաշրջան բերված ահաբեկիչների մասին տվյալները Հայաստանի կողմից իրանական և ռուսական հատուկ ծառայություններին փոխանցելը։
Բաքուն վախենալու բան ունի։ Իզուր չէ, որ Իրանի հյուսիս-արևմուտքի (իսկ դա հենց «կովկասյան թաթարների», Արցախի և Հայաստանի հետ Իրանի սահմանների տեղամասն է) ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Աբբաս Ազիմին հոկտեմբերի 16-ին Թավրիզում հայտարարել է, որ «ԻԻՀ զինվորականներն ուշադիր հետևում են իրենց հյուսիսարևմտյան սահմանների մոտակայքում ընթացող իրադարձությունների զարգացմանը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են փոխհրաձգությունը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի պատճառով։ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են և ուշադիր հետևում են սահմանների մոտ կատարվող բոլոր տեղաշարժերին, որովհետև մինչև այժմ երկու թշնամի կողմերի միջև պատերազմի թուլացման նշաններ չկան։ ԻԻՀ բանակը, ԻՀՊԿ-ն և սահմանապահ ծառայությունը պատրաստ են վճռական պատասխան տալու երկրի սահմանների նվազագույն իսկ սպառնալիքներին»։ Այնպես որ, Լևոն Այվազյանի և իրանցի գնդապետ Բահման Սադեհինի բանակցություններն իսկը ժամանակին են կայացել։
Պատերազմն ունի իր տրամաբանությունը և իր կյանքը։ Վերջապես, մենք տեսնում ենք պատերազմի այդ տրամաբանության թելադրանքի դրսևորումները նաև արցախյան կողմի գործողություններում։ Արցախի ՊՆ-ն հոկտեմբերի 17-ին շատ անհրաժեշտ ցուցակ է հրապարակել, որում թվարկվում են ռազմական օրինական թիրախները Գյանջա քաղաքում։ Այն մեր պատմական Գանձակն է, որը թշնամին դարձրել է ռազմաբազա մեր դեմ։ Թիրախներն են.
1) ՊՆ ռազմաօդային բազան, ուղղաթիռային էսկադրիլիան,
2) ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային դիվիզիան,
3) ներքին զորքերի հատուկ նշանակության բրիգադը,
4) ՊՆ մարտական կառավարման կենտրոնը,
5) ՊՆ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակը,
6) ՊՆ կենտրոնական ենթակայության վառելաքսանյութերի բազան,
7) պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարանը, ավիացիայի և հրետանու նորոգման գործարանները։ Լիովին ավերված են Ստեփանակերտի և Շուշիի, Արցախի այլ բնակավայրերի, այժմ՝ արդեն Հայաստանի որոշ սահմանամերձ գյուղերի ենթակառուցվածքները, և ի պատասխան՝ Գյանջայի բացառապես ռազմական թիրախների սոսկ մատնանշումը... Մենք արդյո՞ք չափազանց ջանասիրությամբ չենք փորձում ցույց տալ, որ հայերս լի ենք թշնամու նկատմամբ մարդասիրական կարեկցությամբ։ Թուրքերը հասկացել և հասկանում են միայն ուժի և դաժանության լեզուն։ Հավանաբար, լևոնականների (բացահայտ ու թաքնված) համար 90-ականների դասերն օգտավետ չեն եղել. նրանք մնացել են, պատկերավոր ասած, «լյուքսեմբուրգցի» և այդպես էլ չեն դարձել հայեր, որոնք հիշում են, որ թուրքը թշնամի է։
Նույն հոկտեմբերի 17-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Ղասեմ Ջալալին «Ինտերֆաքս» գործակալության հետ հարցազրույցում հիշեցրել է պաշտոնական Թեհրանի որոշ խաղաղ նախաձեռնությունների մասին, ասել, մասնավորապես, որ Իրանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին, որովհետև պատերազմը կարող է վնասներ հասցնել ոչ միայն այդ երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի ժողովուրդներին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, պահպանելով չեզոք դիրքորոշում տվյալ հարցով, ակտիվորեն աշխատում է մեր երկու հարևանների պատասխանատու դեմքերի հետ։ Մենք անհրաժեշտ ջանքեր ենք գործադրել, կողմերին զսպվածության կոչեր արել։ Երկրորդ. մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք կհանգեցնեն փոխզիջման, մասնավորապես նախագահ Պուտինի միջնորդությամբ ՌԴ-ի այն նախաձեռնությունը, երբ Մոսկվայում հանդիպեցին ու բանակցություններ վարեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները»,- ասել է նա։ Երրորդ պահը, ըստ նրա, այն է, որ Իրանը ողջունում է նաև այլ նախաձեռնություններ, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել խաղաղության։ «Զանազան տարբերակներ կան. ոմանք ասում են, որ տեղին կլիներ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի՝ որպես երաշխավոր երկրների, միջնորդության ձևաչափը, Աստանայի ձևաչափի մոդելով։ Կամ այլ մոդելներ, ասենք, ինչ-որ համատեղում Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև և այլ առաջարկություններ, որոնք նույնպես ենթակա են ուսումնասիրման ու քննարկման։ Կարծում եմ, որ այդ առաջարկությունները պետք է արդյունավետ լինեն, որպեսզի վերջնահաշվում հանգեցնեն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- նշել է նա։ Դեսպան Ջալալիի ասածից հետևում է, որ Իրանը դեռ հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի «կովկասյան թաթարների» կողմից այդ պատերազմում ակտիվ մասնակցությունից։ ՈՒստի իրանցի դիվանագետն առայժմ կոշտ կերպով չի ասում, որ «օսմանցիները» տեղ չունեն Այսրկովկասում։ Բայց ուշադրություն դարձնենք. և Այսրկովկասում «Աստանայի ձևաչափի» հնարավոր կիրառման մասին հիշատակելիս, և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսելիս դեսպան Ջալալին անպայման հասկացնում է, որ ոչ ոք առանց Իրանի իրավունք չունի ոչինչ առաջ քաշելու որպես խաղաղ նախաձեռնություն։ Ինչը միանգամայն տրամաբանական է. ԱՄՆ-ը և Ֆրանսիան, օրինակ, պատերազմող կողմերից ոչ մեկի հետ սահման չունեն, իսկ Իրանը սահմանակից է երեքին էլ։ Պարզ է, որ թուրքերին ու Արևմուտքին ձեռնտու չեն Իրանի առաջարկությունները։
Համաշխարհային գրեթե բոլոր ԶԼՄ-ները հաղորդեցին, որ 2020 թ. հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանի ՀՕՊ-ի բոլոր ուժերն սկսեցին իրենց ամենամյա զորավարժությունները, որոնք ստացել են «Պետության երկնքի պաշտպաններ» անվանումը։ Զորավարժանքի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբբաս Ֆարաջփուրը հայտարարել է, որ այս տարվա զորաշարժերի խնդիրն է երկրի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը իրանական հրթիռների, ռադարների և հետախուզության համակարգերի, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի, կապի և դիտման միջոցների օգնությամբ։ «Վարժանքների առաջին փուլն ընդգրկում է պաշտպանության համակարգերի ընդլայնումն ու ծավալումը, ներառյալ հրթիռային և ռադարային համակարգերը, շեշտը դնելով օպերատիվ ուժերի արագաշարժության և արագ արձագանքման վրա,- հավելել է նա։- Վարժանքներում օգտագործվելու են նաև իրանական արտադրության միջոցներ»։
Իրանը բավականաչափ արտաքին թշնամիներ ունի, որոնք կցանկանային վնաս հասցնել մեր հարևանների պաշտպանությանն ու անվտանգությանը։ Բայց մեզ թվում է, որ այժմ Իրանում ցանկացած զորավարժության շեշտադրումն անում են՝ ելնելով այն բանից, որ Արցախի հետ Իրանի սահմանի երկնքում ընթանում է պատերազմ, որը սանձազերծել են «կովկասյան թաթարները»։ Արդեն 44-օրյա պատերազմի ընթացքում պանթուրքիստները մի քանի անգամ խախտել են Իրանի օդային սահմանները, իսկ Իրանն անողոքաբար խոցել է թշնամու ԱԹՍ-ները և նույնիսկ մեկ ռազմական ինքնաթիռ։ Փաստորեն, իրանցիները դաս են քաղում մեր պատերազմից։ Նշենք, որ ռուսական որոշ ԶԼՄ-ներում փորձագետները բացահայտորեն ենթադրել են, որ Իրանի ՀՕՊ-ի ուժերի զորավարժություններում հստակ նկատելի է Արցախյան պատերազմի «արձագանքը»։
Սակայն մենք ուզում ենք ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հասարակության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզոդան հատկապես նշել է այն «տագնապեցնող լուսանկարները, որոնք համացանցում հրապարակել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող զինված հակամարտության ֆոնին»։ Խոսքը տեսանյութերում հայտնված փաստերի՝ հայ գերիների գլխատման ու գնդակահարման, ինչպես նաև քաղաքացիական թիրախների վրա կատարված հարվածների մասին է, որոնց հետևանքով զոհվում են անմեղ մարդիկ։ Այդ կապակցությամբ Խաթիբզոդան կոշտ ձևով հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի նման չարագործությունները, որոնք հատուկ են ահաբեկիչներին»։ Իրանի ԱԳՆ-ն հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել պահպանելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Դա ամենաիսկական ահազանգ է համաշխարհային հանրությանը։ Եվ առաջին հերթին՝ իսլամական աշխարհին։ Եթե խորապես վերլուծենք Խաթիբզոդայի հայտարարության իմաստը, ապա նա թուրքերին ու «կովկասյան թաթարներին» մեղադրում է, որ նրանք.
1) օգտագործում են ահաբեկիչներին, 2) կամ իրենց պահում են ինչպես ահաբեկիչներ։ Հայտարարությունն ուղղված է նաև Անկարային ու Բաքվին։ Միաժամանակ ազդանշան է Ռուսաստանին, որ Իրանը պատրաստ է մասնակցելու հնարավոր հակաահաբեկչական գործողությանը Այսրկովկասում։ Դա նաև ազդանշան է Հայաստանին և Արցախին, որ Թեհրանում ի գիտություն են ընդունել Երևանի և Ստեփանակերտի նախազգուշացումները և պատրաստ են, ասենք, համատեղ հակաահաբեկչական գործողության Արաքս գետի հյուսիսում։ Իրանի ԱԳՆ-ի հոկտեմբերի 19-ի հայտարարությունից հետո մուսուլմանական աշխարհում թուրքերի և «կովկասյան թաթարների» հեղինակությունն աղետալիորեն կընկնի։
Հոկտեմբերի 21-ին աշխարհն իմացավ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հերթական սկանդալի մասին։ Ռուսական «Գազարդի» և թուրքական երկու ընկերությունների բանակցությունները գազային այն պայմանագրերի մասին, որոնք ավարտվում են հաջորդ տարի, ընդհատվել են։ Թուրքական MIT հատուկ ծառայությունը հետաքննում է իբր Մոսկվա գաղտնի տեղեկույթի արտահոսքը։ Ընդ որում, թուրքական ԶԼՄ-ները չեն բերում հետաքննության մանրամասները, սակայն, ինչպես հաղորդում է ICIS գործակալությունը, ըստ գործին տեղյակ աղբյուրների, մեկ ամիս առաջ MIT-ը կասկածյալներին հարցաքննել է Սև ծովում հայտնաբերված գազի հանքավայրի, ներմուծվող գազի գների և մատակարարումների տվյալների մասին։ Վերջերս «Գազարդը» բանակցում էր թուրքական «BOTAS» պետական և «Bosphorus Gaz» մասնավոր ընկերությունների հետ տարեկան 7,75 մլրդ խմ գազ մատակարարելու երկարաժամկետ պայմանագրերի ճակատագրի մասին։
ICIS-ը շատ տեղեկացված կառույց է։ Այն քիմիական շուկայում համաշխարհային շատ խոշոր վերլուծական ընկերություն է և համեմատաբար վերջերս MRS ընկերության հետ ձեռնամուխ է եղել ԱՊՀ շուկայում ամենշաբաթյա գնային ամփոփումների։ ICIS-ի աղբյուրները նշել են, որ բանակցություններն առանց այն էլ բարդացած են նրանով, որ Թուրքիան ու Ռուսաստանը Սիրիայի, Լիբիայի և Արցախի հակամարտություններում պաշտպանում են տարբեր կողմերին։ Զրուցակիցներից մեկը ճշտել է, որ հետաքննությունը ցույց կտա՝ տեղեկույթի փոխանցումը եղել է տեղեկույթի փոխանակում կոնկրետ մարդկանց միջև՞, թե՞ նրանում ներգրավված են ընկերություններն իրենք։ «Մոտ օրերս հետաքրքիր կլինի տեսնել, թե թուրքական ERMA կարգավորիչը հետ կկանչի՞ «Bosphorus Gaz»-ի արտոնագիրը»,- ասել է մի ուրիշ զրուցակից։ Նա ենթադրում է, որ դրանով սպառնալիքի տակ կհայտնվի «Գազարդի» կողմից 2,5 մլրդ խմ գազ մատակարարելու միանգամից երկու երկարաժամկետ պայմանագիր։ Մեկն ավարտվում է հաջորդ տարի, մյուսը՝ 2043-ին։ Առաջին աղբյուրն այդ ընթացքում ICIS գործակալությանն ասել է, որ մեղադրանքը պաշտպանելու համար դեռ բավարար ապացույցներ չկան։ «Վերջին տարիներին բանտերում շատ մարդիկ են հայտնվել առանց բավարար ապացույցների։ Մենք ի՞նչ իմանանք, թե այդ գործը («Գազարդի») դրանցից մեկը չէ»,- ասել է նա։
Թուրքական «Daily Sabah» թերթը հայտնում է, որ մեկ ամիս առաջ ձերբակալել են «Bosphorus Gaz»-ի (BG) գործադիր տնօրենի տեղակալուհի Էմել Օզթուրքին և մասնավոր առևտրական ձեռնարկության 5 աշխատակցի։ Թերթի տվյալներով, գաղտնի տեղեկույթ փոխանցելու մասին հայտնի էր դարձել դեռ ապրիլին։ Իբր Էմել Օզթուրքն անմիջական շփում է ունեցել օտարերկրյա ընկերության երեք ներկայացուցիչների հետ և նույնիսկ ռոմանտիկ կապի մեջ եղել օտար պետության դեսպանության հետախուզության սպայի հետ, որին նույնպես փոխանցել է տեղեկույթը։ Իբր BG-ի 5 աշխատակից տեղեկություններ են հավաքել Թուրքիային գազի մատակարարումների, նրանց գների մասին և ամեն ամիս դրանք հայտնել օտարերկրյա ընկերությանը։ Հարկ է իմանալ, որ մինչև 2018 թվականը «Bosphorus Gaz»-ը եղել է «Գազարդի» վերահսկողության տակ, որը հետագայում մասնավոր ձեռնարկության բաժնետոմսերի 71 %-ը վաճառել է BG-ի գործադիր տնօրեն Ադնան Սենին։ Այն մասին, որ ռուսական ընկերությունը մտադիր է ազատվելու թուրքական մասնավոր առևտրային ձեռնարկությունից, «Գազարդում» խոսում էին դեռ 2017 թ. կեսերին։ «Թուրքական շուկայում իրադարձությունները բարդ բնույթ ունեն, ինչը մասնավորապես կապված է Թուրքիայի տնտեսական բարդ իրադրության հետ։ Քաղաքական վերջին իրադարձությունները շատ ուժեղ ազդել են թուրքական լիրայի փոխարժեքի վրա, գները մնում են կարգավորվող, գործում է «Botas»-ի կողմից վաճառվող գազի լրավճարի (սուբսիդավորում) մեխանիզմ։ Փաստորեն, Թուրքիայում գազի լիարժեք ազատ շուկա ոչ եղել է, ոչ էլ կա։ Այդ պատճառով, մանավանդ երբ տեսնում ենք, թե թուրքական կողմից ինչ գործողություններ են ձեռնարկվում մյուս մասնավոր ընկերությունների հետ, մենք սկսեցինք դիտարկել այդ ակտիվից դուրս գալու հարցը տնտեսական և անկանխատեսելիության նկատառումներով»,- 3 տարի առաջ ասում էր «Գազարդի» նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։
Թուրքիայում ռուսական գազի ամենախոշոր գնորդը «Botas» պետական ընկերությունն է։ Հաջորդ տարի նրա հետ ավարտվում է տարեկան 4 մլրդ խմ, իսկ 2028-ին՝ 16 մլրդ խմ գազի մատակարարման պայմանագիրը։ Թուրքիա ռուսական գազի մատակարարումներն սկսեցին նվազել դեռ անցյալ տարի և շարունակվեցին այս տարի, չնայած գործարկվեց «Թուրքական հոսքը»։ Առաջին կիսամյակում ռուսական գազի ներմուծումը նվազեցրին 41 %-ով՝ մինչև 4,7 մլրդ խմ։ Մի կողմից, բնական հեղուկ գազի գները դարձան ավելի ցածր, քան երկարաժամկետ պայմանագրերինը, և, օրինակ, որոշ մասնավոր առևտրային ձեռնարկություններ չէին կարող գնել ռուսական գազը։ Մյուս կողմից, թուրքական ընկերություններն ունեն պայմանագրային պարտավորություններ։ Փորձագետները Թուրքիա արտահանության անկման պատճառներից են համարում ինչպես գործող պայմանագրերի ավարտից առաջ լավագույն պայմաններ «պոկելու»՝ երկրի ցանկությունը, այնպես էլ, հավանաբար, որոշ միջազգային հարցերով Մոսկվայի դիրքորոշման վրա ազդելու փորձերը։ Ռուսատյացներն այժմ գոհ են. դե քանի որ «Գազարդի» եկամուտները պակասում են գազամատակարարումների ծավալների նվազման պատճառով, ուրեմն «հենց հիմա» ողջ Ռուսաստանը կթուլանա և այլն։ Իսկ մենք նշենք այլ նրբություն. եթե Մեդվեդևը 3 տարի առաջ բացահայտորեն խոսել է Թուրքիայի՝ որպես ռուսական գազի անհուսալի գնորդի մասին, ուրեմն դեռ 2017 թ. «Գազարդը» և ՌԴ պետբյուջեն սկսել են պատրաստվել Թուրքիայի գազային շուկայից ունեցած անգամ նվազագույն կախվածությունից ազատվելուն։ Այսինքն, ազատվելով գազային շուկայում թուրքական ակտիվներից, «Գազարդն» ինքնաբերաբար արձակում էր նաև Ռուսաստանի քաղգործիչների և զինվորականների ձեռքերը, օրինակ, Սիրիայի և Լիբիայի հարցերում։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ