Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» վեպի հիման վրա բեմադրված բալետային ներկայացման առաջնախաղը: Բեմադրությունը ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՍԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆՆ է, կատարումը՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներինը:
-Պարոն Մեհրաբյան, ինչու՞ որոշեցիք բեմադրել «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը:
-Առաջարկը պարարվեստի քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանինն էր: Ճիշտն ասած, այդ պատմության մասին մոռացել էի: Վաղուց էի կարդացել, երիտասարդ ժամանակ, բայց ասացի, որ նորից կուսումնասիրեմ պատմությունը: Գիրքը կրկին կարդացի, դիտեցի 70-ական թվականներին էկրանավորված ֆիլմ-մյուզիքլը: Ի դեպ, այդ ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասան, պարող Բոբ Ֆոսը: Որոշեցի, որ եթե բեմադրելու եմ «Փոքրիկ իշխանը», այն պետք է հիմնված լինի այդ մյուզիքլի վրա:
-Աշխարհում ամենաշատ վաճառված գիրքը Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանն» է: Կարծում եք` «Փոքրիկ իշխանի» Ձեր մեկնաբանությունը նու՞յնպես կարող է գրավել, հետաքրքրել, հուզել հանդիսատեսին:
-Ես հուսով եմ, որ կհետաքրքրի, կհուզի ոչ միայն մեր, այլև եվրոպացի հանդիսատեսին: Հույս ունենք ու սպասում ենք, որ այս ներկայացումը դուրս կգա Հայաստանի սահմաններից:
-Պարարվեստի քոլեջի սաներն արդարացրե՞լ են Ձեր սպասելիքները, և Ձեր խոսքն ու՞մ է ավելի շատ հասցեագրված՝ մեծերի՞ն, թե՞ փոքրերին:
-Պարարվեստի քոլեջում կան շատ տաղանդավոր երիտասարդ պարողներ, որոնք հաջողությամբ են լուծում իրենց առջև դրված խնդիրները: Ճիշտն ասած, ներկայացմանը մասնակցում էին պարողներ նաև օպերային թատրոնից: Կարծում եմ` մեծ աշխատանք է արվել: Ներկայացումը և փոքրերի համար է, և մեծերի: Փորձել եմ գտնել Էքզյուպերիի կարևոր ուղերձները և փոխանցել հանդիսատեսին:
-Որքան գիտեմ, Շվեդիայի արքայական բալետի արտիստներից եք, շարունակու՞մ եք համագործակցել նրանց հետ: Ի՞նչ ծրագրեր ունեք առհասարակ:
-Այս տարի վերջացրի իմ համագործակցությունը Շվեդիայի Ստոկհոլմի արքայական բալետի հետ: Հիմա աշխատում եմ որպես ազատ արտիստ: Այստեղ եմ արդեն 3 ամիս և աշխատեցի այս բեմադրության վրա: Պատրաստվում եմ Ստոկհոլմում ելույթ ունենալու Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացման մեջ և դասավանդելու եմ տարբեր դպրոցներում: Ծրագրել եմ նորից վերադառնալ Հայաստան նոր բեմադրություններով:
Ճեպազրույցը՝ Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆԻ