ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վրացական էքստրիմի հավանական վախճանը

Վրացական էքստրիմի հավանական վախճանը
27.02.2009 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Հայաստանի համար կենսականորեն կարևոր և ողջ տարածաշրջանի առումով առանցքային նշանակություն ունեցող գործընթացներն այսօր զարգանում են Ջավախքում։ Վերջին տարիներին վրացական իշխանությունների վարած քաղաքականության պատճառով իրավիճակն այդ հայաբնակ երկրամասում լարված է։ Փետրվարի 25-ին Երևանում Վրաստանի դեսպանատան առջև տեղի ունեցավ բազմամարդ ցույց, որի ընթացքում մասնակիցները բավականին հստակորեն ներկայացրին Ջավախքում կուտակված խնդիրները և իրենց պահանջները։ Այն է՝ հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի, հայ դպրոցի վերականգնում, տեղական ինքնակառավարման խոչընդոտների վերացում, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի հստակեցում և նրա գործունեության խոչընդոտների վերացում, Ջավախքի հասարակական ակտիվի 3 ձերբակալված ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի մեղադրանքների վերացում և նրանց ազատ արձակում։ Կասկած չկա, որ ջավախահայության պահանջները միանգամայն արդարացի են, և ստեղծված իրավիճակը հետևանք է հետխորհրդային ժամանակաշրջանում կուտակված, օբյեկտիվ պատճառներով, բայց նաև դիտավորյալ չլուծված խնդիրների։ Սակայն, այնուհանդերձ, հարց է առաջանում, թե ինչու հատկապես հիմա է արձանագրվում լարվածության այդպիսի աճ։
ՕԳՈՍՏՈՍԻՑ ՀԵՏՈ
Ռուս-վրացական անցյալ տարվա ռազմական հակամարտության հետևանքներն այսօր ակնհայտ են, բայց ոչ վերջնական։ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հակադրությունը շարունակվում է։ Այդ հակադրության այսօրվա միջանկյալ արդյունքներից դատելով՝ կարելի է արձանագրել, որ Մոսկվան ստացավ այն, ինչն առանց այդ էլ առնվազն 1994-ից հիմնականում իր վերահսկողության տակ էր, այսինքն՝ Հարավային Օսիան և Աբխազիան։ Վրաստանը, թերևս, վերջնականապես կորցրեց երկու անհնազանդ ինքնավարությունները, սակայն միաժամանակ փակուղի մտան ռուս-վրացական հարաբերություններն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Միաժամանակ պարզ է, որ Մոսկվան զրկվել է Թբիլիսիի վրա ազդելու բոլոր լծակներից, քանի որ Վրաստանը, գործնականում, հայտնվել է բացառապես արևմտյան, հիմնականում` ամերիկյան, ազդեցության ձևաչափում։
Այս իրողությունը, անշուշտ, թուլացրել է Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում, և ընդհակառակը, ամրապնդել Վաշինգտոնի լծակներն ու հնարավորությունները։ Ճիշտ է, ի տարբերություն Ջորջ Բուշի թիմի, Բարաք Օբամայի վարչակազմը կարծես առանձնապես հիացած չէ Սաակաշվիլու գործունեությամբ։ Վրացական քաղաքական վերնախավում այսօր գնալով մարմնավորվում է այն թեզը, թե ԱՄՆ-ը ցանկանում է պահել Վրաստանը, բայց առանց Սաակաշվիլու։ Կան ոչ անհիմն պնդումներ, թե Վաշինգտոնը, մի կողմից, խրախուսում է վրացական ընդդիմության միավորումը, մյուս կողմից, փորձում համոզել գործող նախագահին՝ ժամկետից շուտ հրաժարական տալ և այդպիսով լիցքաթափել ներքին լարվածությունն ու բացել Վրաստանի արտաքին քաղաքական մանևրի փակ ճանապարհները։ Այսօր Թբիլիսիում նույնիսկ Սաակաշվիլու հնարավոր հաջորդների անուններ են շրջանառվում, և, ըստ վերջին լուրերի, ամենաբարձր հեղինակություն ունեցող գործիչներից մեկն էլ դարձել է ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ և ինտեգրացիայի հարցերով նախկին նախարար Իրակլի Ալասանիան։ Ասում են` նույնիսկ Նինո Բուրջանաձեն պատրաստ է հրաժարվելու նախագահական հավակնություններից և միավորվելու վերջինիս հետ Սաակաշվիլու դեմ ընդհանուր պայքարում։ Այլ կերպ ասած, ներկա գործընթացներից հիմնական տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ը բացարձակապես մտադիր չէ Ռուսաստանին «վերադարձնել» նրա նախկին «ազդեցության գոտին»։
Կրեմլում, անկասկած, դա հիանալի հասկանում են։ Վրաց-ռուսական պատերազմից հետո անցած ամիսների ընթացքում ռուսական ԶԼՄ-ներով ակտիվորեն տիրաժավորվում է Վրաստանի մասնատման թեման, ուր Մեգրելիայի, Սվանեթիայի, Աջարիայի, Քվեմո-Քարթլիի անջատական հակումներ ունեցող տարածաշրջանների կողքին մատնանշվում է նաև հայկական Ջավախքը։ Վրացական աղբյուրները պնդում են, թե Մոսկվան բոլորովին էլ չի սահմանափակվում միայն տեսական ծրագրեր կազմելով, և ռուսական հատուկ ծառայությունները վերոհիշյալ տարածաշրջաններում, այդ թվում՝ Ջավախքում, իրավիճակը պայթյունավտանգ դարձնելու շարունակական փորձեր են ձեռնարկում։
ՇՈՎԻՆԻԶՄԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Դժվար է ասել, թե վրացական կողմի մեղադրանքները, հատկապես Ջավախքի մասով, որքանով են առարկայական։ Համենայն դեպս, վրացական կառավարական շրջանակներում այս թեզի կողմնակիցներ կան. ըստ ոչ անհիմն պնդումների, Ջավախքում Վրաստանի քաղաքականությունը համակարգում է անվտանգության նախարար Ամիրան Մեսխելին, ու նաև դրանով են պայմանավորված ջավախահայ երիտասարդների վերջին ձերբակալությունները։
Միաժամանակ փաստ է, որ 2006-ի աշնանային ընտրություններից հետո Ջավախքում տեղական ինքնակառավարումը որպես այդպիսին դադարել է գոյություն ունենալուց, քանզի միակ ընտրովի մարմինները՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային խորհուրդները, գործնականում չեն կարողանում իրականացնել իրենց լիազորությունները։ Կենտրոնական իշխանությանը ենթակայացված տեղական գործադիր մարմինները կառավարվում են բացառապես Թբիլիսիից կամ Ախալցխայում նստող Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի հրահանգներով։ Բոլոր ուժային կառույցները վերջինիս հսկողության տակ են, անհրաժեշտության դեպքում տարածաշրջան են բերվում հատուկ ստորաբաժանումներ, ինչպես եղավ Վահագն Չախալյանի ձերբակալության պարագայում։
Սաակաշվիլու իշխանության գալուց ի վեր, փաստորեն, սրվել է լեզվի խնդիրը։ Այսինքն, վրացական նոր իշխանությունները հայերին զրկում են ազգային փոքրամասնության այն շատ որոշակի կարգավիճակից, որը կար նույնիսկ խորհրդային շրջանում, երբ հայերենը պետական գործառական լեզու էր, և հայկական դպրոցն էլ սովորական երևույթ էր, ինչպես ռուսական կամ վրացական դպրոցները։ Եթե Է. Շևարդնաձեի կառավարման ժամանակաշրջանում ջավախահայության հիմնական դժգոհություններն առնչվել են տարածաշրջանի սոցիալական վիճակին, աշխատատեղերի բացակայությանը և այլն, ապա այսօր դրան ավելացել է հիմնավոր դժգոհությունը ազգային խտրականության բացահայտ քաղաքականությունից։
Հասկանալի է, որ Թբիլիսիի դեմ հիմնավորապես ատամ սրած Մոսկվան բոլորովին դեմ չէ Վրաստանի ներսում ցանկացած դժգոհություն օգտագործելուն։ Բայց այդ դժգոհության հիմքերը, փաստորեն, ստեղծում են Վրաստանի իշխանությունները՝ հայ-վրացական բազմադարյան հարաբերություններից բացարձակապես չբխող իրենց անհեռատես քաղաքականությամբ։ Եվ փոխանակ սրված վիճակը մեղմելու, բնակչության պահանջները բավարարող գոնե ինչ-որ քայլեր ձեռնարկելու, վրացական կողմը կարծես կրկին հույսը դրել է Հայաստանի միջամտության վրա։ Հասկանալի է, որ ռուսական ազդեցությունը Ջավախքում, նկատի ունենալով նաև ռազմաբազայի դուրս բերված լինելու հանգամանքը, երբեք էլ չի կարող համարժեք լինել Հայաստանի ազդեցությանը։ Բայց որքա՞ն կարող է Հայաստանը համոզելով լռեցնել իր հայրենակիցներին, երբ իրենք՝ վրացիները, անընդհատ պրոբլեմներ են ստեղծում։ Լավագույն օրինակ կարող է ծառայել հունվարի 1-ից հայ-վրացական սահմանի հսկողության աննախադեպ խստացումը, երբ ջավախահայերին Հայաստան գալու կամ հակառակը՝ տուն գնալու համար անհրաժեշտ է ժամերով սպասել սահմանային անցակետերում՝ ենթարկվելով անհարկի քաշքշուկի։ Ի դեպ, հետաքրքիր է, թե արդյո՞ք վրացիներն այդ նույն ռեժիմը պահպանելու են նաև կուրորտային սեզոնին, երբ Հայաստանից Վրաստան մեկնող բազմահազար ավտոտուրիստների շարքը կձգվի դեպի Ջավախք։ Եվ եթե այդ ժամանակ սահմանային ռեժիմի մեղմացում տեղի ունենա, դա միայն կապացուցի, որ սա դիտավորյալ արված բան է՝ գուցե հենց բնակչության դժգոհությունն առաջացնելու նպատակով։
ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Այս ամենից հետո Հայաստան ժամանած Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Երևանում հայտարարեց, թե Ջավախքում քաղաքական խնդիրներ գոյություն չունեն։ Դրանք սոցիալական խնդիրներ են, բայց այդ իմաստով իրավիճակն ավելի վատ չէ, քան Վրաստանի որևէ այլ մասում։ Արտգործնախարարին հաջորդեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Բագրաձեի այցը՝ կրկին բազմամյա բարեկամության հավաստիացումներով։ Երկու անընդմեջ այցերը, իհարկե, վրացական կողմի անհանգստության ցուցանիշն են, անկախ նրանից, որ թբիլիսյան հյուրերը փորձում էին տեսախցիկների առաջ «ֆոն ապահովել», թե ամեն ինչ լավ է։
Իրականում լավ չէ։ Այսօր տարածաշրջանը փոխվում է։ Վրաստանը կատարել է իր ընտրությունը՝ իբրև զարգացման ճանապարհ ընտրելով Արևմուտքի հետ հարաբերությունների սերտացումը և միաժամանակ բարդացնելով փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա ինքնին որոշակի հակասություն է ստեղծում հայ-վրացական հարաբերություններում, ինչը, սակայն, Հայաստանը փորձում է ամեն կերպ շրջանցել։ Այսքանով հանդերձ, վրացի բարեկամները, մեղմ ասած, «հալով չեն մնում» և, փաստորեն, խնդիրներ են ստեղծում Հայաստանի հետ։ Որովհետև եթե Ջավախքում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, Հայաստանը կողմ քաշված չի կարող մնալ։ Յուրաքանչյուր պայթյունավտանգ իրավիճակ ձնագնդի պես մեծանալու հատկություն ունի, և եթե այն վերաճի հայ-վրացական հակամարտության, Թբիլիսին իր հույսը չպետք է դնի Ադրբեջանի վրա։ Այն իմաստով, թե Հայաստանը չի ցանկանա ռազմական հակամարտության մեջ մտնել երկու ճակատով։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, կա հայ-ռուսական բարեկամության և փոխօգնության պայմանագիր։ Այլ կերպ ասած՝ եթե Թբիլիսին մտադիր է նույն քաղաքականությունը շարունակել Ջավախքում, ապա հեռանկարում պետք է նկատի ունենա, որ հայ-վրացական հակամարտությունը կվերածվի ավելի լայն հակամարտության, քանզի Մոսկվան չի հապաղի օգտվել իրավիճակից։ Վրաստանի զինված ուժերի «մարտունակության» մասին աշխարհը պատկերացում կազմեց, երբ մի քանի տասնյակ անգամ գերակշռություն ունենալով, նրանք 15 ժամ շարունակ չէին կարողանում վերցնել մի քանի հարյուր ռուս խաղաղապահների և օս աշխարհազորայինների կողմից պաշտպանվող Ցխինվալը, չխոսելով արդեն ռուսների միջամտությունից հետո սկսված նահանջի մասին։ Տարածաշրջանի ռազմաքաղաքական հարցերով որևէ փորձագետ կասկածի տակ չի կարող դնել այն հանգամանքը, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը մի քանի օրվա մեջ բլիթի պես կճզմվի հայկական և ռուսական բանակների միջև, եթե բանը հասնի դրան։ Իսկ Անկարան և Բաքուն չեն միջամտի, որովհետև «իր ազդեցության ոլորտը վերականգնող» Ռուսաստանը երկուսին լռեցնելու համար էլ հիմնավորումներ կգտնի։
Միայն թե դրանից չեն շահի ո՛չ Վրաստանը, ո՛չ, սկզբունքորեն, Հայաստանը, ո՛չ էլ հայ-վրացական հարաբերությունները։ Հայաստանը միշտ էլ գիտակցել է, որ վրացիները մեր հարևաններն են։ Դրա լավագույն դրսևորումը եղավ անցած տարվա օգոստոսին, երբ Մոսկվան գրեթե բացեիբաց Երևանին հրավիրում էր համատեղ գործողությունների, սակայն Հայաստանի իշխանությունները հանուն հայ-վրացական հարաբերությունների պահպանման, կարողացան խոհեմություն և զսպվածություն դրսևորել։ Բայց դա չի նշանակում, որ նույնը լինելու է միշտ ու ցանկացած իրավիճակում։ Եթե վրացական քաղաքական վերնախավը կարծում է, որ Ջավախքում իրենց այլանդակությունների դիմաց իրենք Հայաստանում անվերջանալի «համբերության կրեդիտ» ունեն, ապա կարող է գալ մի պահ, երբ համոզվեն, որ չարաչար սխալվել են։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հ. Գ. -Հասկանալի է, որ տարիների ընթացքում Ջավախքում կուտակված օբյեկտիվ և նույնիսկ սուբյեկտիվ խնդիրների լուծումը մեկ շաբաթվա կամ ամսվա գործ չէ։ Սակայն վրացական կողմը պետք է գոնե ցուցաբերի այդպիսի իրական ցանկություն։ Հայաստանն ու Վրաստանը բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծեն փոխհամաձայնությամբ։ Սկզբունքորեն ջավախահայությունն ընդամենը պահանջում է իր այն կարգավիճակի վերականգնումը, որն ունեցել է տասնամյակներ շարունակ. կրթություն մայրենի լեզվով, հայերենի գործածություն պաշտոնական մակարդակում, հայ եկեղեցու իրավունքների պաշտպանություն, ինքնակառավարման հնարավորություն։ Սրանք իրավունքներ են, որոնցից ցանկացած եվրոպական երկրում օգտվում է ցանկացած ազգային փոքրամասնություն, առավել ևս կոմպակտ բնակվող էթնիկ հանրությունը։ Եթե Թբիլիսիում դա էլ են շատ համարում հայերի համար, պետք է նկատի ունենան, որ խտրականության քաղաքականությունը շարունակելու դեպքում գործընթացները կմտնեն այնպիսի անվերահսկելի փուլ, որից հետո դրանք կսկսեն կառավարել տարածաշրջանի այլ, ավելի հզոր պետությունները, որից հայերն ու վրացիները սկզբունքորեն ոչինչ չեն շահելու։

Դիտվել է՝ 3114

Մեկնաբանություններ