ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ընտրությունների այս թոհուբոհի մեջ մենք, կարծես, հավատափոխ ենք եղել կամ բացարձակապես կորցրել հավատը»

«Ընտրությունների այս թոհուբոհի մեջ մենք, կարծես, հավատափոխ ենք եղել կամ բացարձակապես կորցրել հավատը»
29.05.2009 | 00:00

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆՔ ՈՒ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՈՐՑՐԻՆՔ ՄԻ ԱՆՈՐՈՇ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՋ»
…և ոչ միայն մշակույթի մասին
ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆԻ հետ հանդիպեցինք նրա 60-ամյակի տոնակատարությունից շաբաթներ անց` հոբելյանական և այլ թեմաներ արծարծելով։
«ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ ՄԻՇՏ ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ Է»
-Պարո՛ն Ալեքյան, հաշված օրեր են մնացել մինչև Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ Ձեզ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում հավասար պայմաններ ապահովվեցի՞ն բոլոր թեկնածուների համար:
-Դուք ինձ ներքաշում եք խոսակցության մի ոլորտ, որտեղ տարբեր հոսանքների, տարբեր ձայների, տարբեր ճշմարտությունների չափանիշներով են քննվում հարցերը: Անկեղծ ասած, մի քիչ մոլորված եմ: Մի քանի տարի առաջ մեզ մոտ այլ ընտրություններ էին, հետո՝ այլ, հիմա՝ այլ: Ընտրությունների այս թոհուբոհի մեջ մենք, կարծես, հավատափոխ ենք եղել կամ բացարձակապես կորցրել հավատը: Որովհետև խոստումներից հետո և առաջ միշտ ամայություն է: Ես չգիտեմ՝ որքանո՞վ է հավաստի, որ այսօր տրվող խոստումներից մեր քաղաքը կշահի, ու դրանով իսկ մենք կշահենք: Բայց որպես լավատես, որպես այս քաղաքի մարդ՝ ուզում եմ անպայմանորեն հավատալ այս ընտրարշավին՝ որևէ մեկին նախապատվություն չտալով: Աստված տա, որ այս անգամ լինեն ազնիվ, լինեն շիտակ, որ այս անգամ շահեն մեր քաղաքը, մեր սերունդները:
-ՀԱԿ-ի հանրահավաքների օրերին մարզերից մայրաքաղաք հասնելը գրեթե անլուծելի խնդիր է: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս կամայականությունների գլխին կանգնած:
-Այս դեպքում ուրիշ բառ չկա, քան իշխանությունը, որը, ի վերջո, տիրում է ամեն ինչին, այդ թվում և՝ ճանապարհներին: Իշխանությունը փորձում է ճնշում գործադրել մարդկանց հոգիների վրա, օգտագործում է իր բոլոր լծակները: Այդ բաներն այնքա՜ն ակնառու են: Անգամ հարկ չկա, որ ես հիմա դրանց մասին բարձրաձայնեմ: Թեև չեմ կարող չասել, որ այդպես եղել է, այդպես էլ կա: Ես չէի մտածում, որ այսքան բացահայտորեն, Եվրոպայի հայացքի ներքո (որի հետ ուզում ենք կամրջվել, միավորվել) մենք կարող էինք շարունակաբար տուրք տալ Արևելքի հնադարյան, միջնադարյան բարքերին, անսպասելի ձևերով հոգիներ ու հավատներ քանդել և արդյունքում վերածվել հոգեզուրկ էությունների: Ձևավորվում է մարմին՝ առանց հոգու, և հոգի՝ առանց մարմնի: Այսպես մասնատվելով՝ երբևէ պիտի կարողանա՞նք ամբողջական գոյություն, ամբողջական երկիր դառնալ: Ես ուզում եմ դրան հավատալ: Եվ կուզենայի, որ չլսողը լսեր, չտեսնողը տեսներ ու ժամանակի մեջ այս բացասական երևույթների դեմ պայքարին ընթացք տար: Որովհետև, ի վերջո, այդ ընթացքի մեջ են նաև իրենց ժառանգները, որոնց ապագան այսօր է կերտվում: Միայն մեր՝ կիսահավատներիս զավակներին չի պատկանում ժամանակը, այլ նաև այսօր մեզ զանազան խոստում տվողների զավակներին: Կուզենայի, որ նրանք այս բանը հասկանան:
-Համամի՞տ եք իշխանության ներկայացուցիչներից մեկի բացահայտ սարկազմ պարունակող այն «գուշակությանը», թե Երևանի քաղաքապետի ընտրություններում ձախողվելու դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը կդնի գյուղապետական ընտրություններում:
-Ես այդ կարծիքը հայտնողներին չէի ցանկանա հումորով պատասխանել: Այդ կարծիքի մեջ և՛ սարկազմ կա, և՛ դառը ծիծաղ, և՛, ինչ խոսք, վերաբերմունք: Եթե մենք այսպես անվերջ խաբենք ու խաբվենք, ո՞վ պիտի մեզ առաջ տանի ժամանակի միջով: Մեզ տրված ժամանակն այնքա՜ն թանկ է, այնքա՜ն կարճ: Ես մեր ապրած ժամանակը համարում եմ անմահության ժամանակի մեզ բաժին ընկած հատված, որը գալիս է դարերի խորքից, ու մենք այն պիտի պահպանենք-փոխանցենք հաջորդ դարերին: ՈՒրեմն, պիտի ճիշտ ապրենք ու պահենք այդ անմահությունը: Եթե մարդիկ ճգնում են, կաշվից դուրս են գալիս, որ գոնե սկզբունքային, մարդկային, ազգային ինչ-որ բան ի մի բերեն, ամբողջացնեն, դարձնեն բոլորիս սեփականությունը, ես հարգում եմ նրանց այդ ճիգուջանքը: Ինչի՞ կհանգեցնի դա, չեմ կարող ասել: Արդյո՞ք նոր հիասթափություն չի ծնի, արդյո՞ք մարդկային հոգիներում նոր փլուզումների պատճառ չի դառնա:
-Այդ մտահոգությունը շատերին է տիրել։ Հաճախ է հնչում հարցը, թե արդյո՞ք հունիսի 1-ին չի կրկնվի մարտիմեկյան մղձավանջը:
-Ես հեռու եմ այդ մտքից: Կարծում եմ` մարտի 1-ը փլուզեց բոլորիս և առաջին հերթին հենց իրենց՝ կազմակերպիչներին, ովքեր էլ որ լինեն դրանք: Չեմ ուզում անուններ թվարկել, իրենք իրենց անունները շատ լավ գիտեն: Ես մտածում եմ, որ նրանք մեկընդմիշտ դարձ են կատարել իրենք իրենց մեջ մարտիմեկյան դեպքերից հետո, և այդպիսի ընթացքների, մարդկանց հոգիների մեջ, հավատի մեջ, երկրի ապագայի տեսադաշտում շեղումներ մտցնելու վտանգն այլևս բացառված է: Հակառակ պահվածքը կլինի շատ ավելին, քան պարզապես դավաճանությունը երկրի նկատմամբ։ Եթե մենք ունենք ազգային ծրագիր, եթե ունենք սրբությամբ պահպանված, դարերի փորձությունների միջով մեզ հասած նպատակներ, ուրեմն չենք կարող մեզ թույլ տալ ևս մի մարտի մեկ: Թող այս բառերը մի քիչ էլ չարչրկված հնչեն, բայց և այնպես սա է մեր ճշմարտությունը, սա է մեր ճանապարհը: Մենք ուրիշ ճանապարհ չենք ունեցել, այս ճանապարհով ենք հասել մինչև այստեղ:
-Անշուշտ, ունեք քաղաքապետի Ձեր նախընտրած թեկնածուն, կխուսափե՞ք անունը նախապես հրապարակելուց:
-Ես և՛ գաղտնի, և՛ բացահայտորեն ուզում եմ ասել, որ իմ հավատը մնում է հայ մարդը: Այն հայ մարդը, որն իսկապես ծրագրեր ունի, իսկապես անելիք ունի: Ես նախընտրում եմ դժվարին ուղի անցած, իրենց կերտվածքով, իրենց կեցվածքով, իրենց նկարագրով, իրենց մարդկային տեսակով հուսալի մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչպես կարելի է լինել հասու և հասանելի բոլորի համար` բոլոր ժամանակներում: Չեմ ուզում կոնկրետ որևէ մեկին առանձնացնել, որովհետև յուրաքանչյուրի մեջ էլ հաստատապես շատ լուսավոր բաներ կան: Ուզում եմ գոնե այս անգամ ականատես լինել այդ լուսավորի հաղթանակին:
«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ ԱՌԵՐԵՍ ԽԱՂ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՄԵԶ ՀԵՏ»
-Քաղաքական լարված կրքերի այս մթնոլորտը թեմատիկ առումով նպաստավո՞ր է ստեղծագործող մարդու համար:
-Կոստան Զարյանը հրաշալի մի միտք ունի, համաձայն որի՝ մշակույթը միստիկ արյան հրճվանք է: Ես կուզենայի, որ այդ արյունը շարունակեր շրջանառվել և՛ մարդկանց մեջ, և՛ ժամանակի: Բայց մեր պարագայում, մեր ազգին բաժին ընկած փորձությունների մեջ գրողները, արվեստագետները, բոլոր նրանք, ովքեր զբաղված են մարդաշինությամբ, սերնդաշինությամբ (ես չեմ խորշի այս բառը գործածելուց), մարդ կերտելու, մարդուն մարդ պահելու գործով, հային հայի ուղեծրում միշտ զգալու-տեսնելու առաքելությամբ, այսօր շատ ծանր վիճակում են: Նրանց ներսում եղած ճառագումները շատ են խամրել, որովհետև հանապազօրյա հացը երբեմն նրանց համար դժվարին խնդիր է դառնում: Սա անհանդուրժելի կացություն է, ուղղակի ամոթ է մեզ համար: ՈՒ նրանք ստիպված են լինում իրենց մեջ ունեցած քաղցրը վաճառել՝ ներսում դառնությունն ավելացնելու գնով: Եթե մենք ունենք մշակութային ծարավ, ուրեմն պիտի գիտակցենք, որ այն ստեղծողների նկատմամբ հարկավոր է դրսևորել գոնե փոքրիկ, տարրական ուշադրություն: Մենք սա ենք ակնկալում մեր իշխանություններից՝ և՛ հներից, և՛ նորերից:
-Այսինքն՝ գրողի, գրականության գլխավոր թշնամին նյո՞ւթն է:
-Նոր ժամանակները, նոր համակարգը, որ հաջորդեցին մեզանում կատարված հեղափոխությանը, հնարավոր դարձրին իրականացնելու մեր դարավոր երազանքը. մենք տիրացանք ազատությանը: Սրանից մեծ երևույթ չի կարող լինել ոչ մի ազգի, ոչ մի մարդու կյանքում: Բայց այդ ազատությունը մենք ձեռք բերեցինք ու անմիջապես կորցրինք մի անորոշ տարածքի մեջ: Ոչինչ չմնաց, քարը քարի վրա չթողնվեց, մարդկանց մեջ հույսը մեռավ: Մարդը միշտ մտածում է, որ եթե այսօր վատ է, վաղն իր համար, ընտանիքի, ազգի համար լավ է լինելու: Բայց այսօր մենք այդ հավատը չունենք: Ինչո՞ւ: Ո՞վ խլեց մեզանից այդ հավատը: Մենք ինքներս մեր ձեռքից խլեցինք և ապրում ենք այս անորոշ ազատության մեջ, որից չենք կարողանում ճիշտ օգտվել: Իսկ ազատությունն այնպիսի բան է, որ չենք կարող մեկ անգամ կորցնել ու նորից հետ վերցնել: Ոչ ոք մեզ երկրորդ անգամ այն չի տա: Մենք ունենք պատմականորեն կարևոր անելիքներ, ազգային խնդիրներ ու գերխնդիրներ, որոնք եթե ոչ այսօր, ապա վաղը պիտի լուծենք: ՈՒրեմն պիտի կարողանանք մեր գծագրված ազգային ճակատագրով ամուր կանգնել այս մի բուռ հողի վրա, որը դեռ հայտնի չէ, թե ուր է թեքվում, ինչպես է երերում: Օրինակ, ես չափազանց կասկածով եմ նայում հայ-թուրքական հարաբերությունների ընթացքին ու դրանում վտանգ եմ տեսնում մեզ համար:
-Կոնկրետ` ի՞նչ վտանգ:
-Եթե մեր արտադրողը ոչինչ չպիտի անի, ձեռքերը ծալած պիտի նստի-սպասի, որ Թուրքիայից ապրանք ներկրեն, ինքն իր վերջին կոպեկը տա այդ ապրանքը գնի ու նստի ամայության վրա, ես դրանում ոչ մի լավ բան չեմ տեսնում: Սա նշանակում է՝ ինքներս մեզ զրկում ենք սեփական արտադրանքից: Ես հոռետես չեմ, ճշմարտությունն եմ ասում: Մենք պիտի կարողանանք մեր շուկան ստեղծել: Եթե մենք մեր շուկան չունենք, դրսի շուկան մեզ կկշտացնի՞: Երբե՛ք: Մեկ-երկու կգան, կլցվեն, մեզ կհոշոտեն, ու մենք կվերջանանք: Մենք այնքան փոքրիկ ասպարեզ ենք Թուրքիայի համար, Հայաստանը նրա համար շուկա էլ չէ: Մենք այսօր չլուծված ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են: ՈՒնենք Ղարաբաղի խնդիր, պահանջատիրության խնդիր, անմեղ զոհերի խնդիր, որոնք առաջնային են և երբեք չեն կարող մղվել երկրորդ պլան: Եթե կարծում ենք, թե թուրքերի հետ շփվելով կհասնենք այն բանին, որ նրանք կզգան մեր հանդեպ գործած իրենց հրեշավոր սխալը, կդատապարտեն իրենց նախնիներին, կվերանայեն իրենց պատմությունը, չարաչար սխալվում ենք:
-Ձեզ, անշուշտ, մտահոգում է Թուրքիայի այսօրվա պահանջատիրական կեցվածքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Ինչպիսի՞ն պիտի լինի մեր դիրքորոշումն այս պարագայում:
-Եթե Թուրքիան նախապայմաններ է դնում, դա նշանակում է՝ շարժվում է նախկին ճանապարհով: Ես քաղաքագետ չեմ, բայց հասկանում եմ, որ Թուրքիան և Եվրոպան առերես խաղ են խաղում մեզ հետ ու կարողանում են իրենց խաղը շատ հաջող կերպով մեզ վրա շուլալել՝ մտածելով, որ մենք անկարող ենք այդ խաղի կանոնները փոխել: Ես, որպես հայ մարդ, երբեք չեմ սասանվում այն մտքից, որ Թուրքիան ահռելի է իր չափերի մեջ (մանավանդ որ նրա տարածքի զգալի մասը մեր հողերն են) և չեմ մտածում, որ եթե իմ երկիրը փոքր է, ուրեմն ես պիտի խնդրողի դերում լինեմ: Ո՛չ: Ես հավատավոր մարդ եմ և կարծում եմ, որ մենք նույնիսկ իրավունք չունենք մտածելու, թե պիտի լինենք մուրացիկի դերում ու սպասենք, որ մեզ խղճան, ինչ-որ բան զիջեն: Նախ` չեն զիջելու, երկրորդ` մենք բացարձակապես դրա կարիքը չունենք: Պիտի կարողանանք հպարտության դիրքերից խոսել, որովհետև ազատ երկիր ենք, և մեզ հետ են ազատամտությանը հարող շատ ժողովուրդներ, որոնք պատմություն ունեն, լեզու ունեն, գնահատում են մեզ: Եվ եթե անգամ նրանք այսօր իրենց վերաբերմունքի մասին չեն բարձրաձայնում, դա չի նշանակում, թե մենք անդունդի եզրին ենք ու փրկություն չունենք:
«ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԸ ՇԱՏ ՕՐԻԳԻՆԱԼ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ ԲԵՐԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ»
-Օրեր առաջ կայացած «Եվրատեսիլ» փառատոնի ժամանակ չունեցա՞ք այն զգացողությունը, որ մենք մի տեսակ մենակ ու լքված ենք աշխարհում:
-Ես վերջին կարևոր մրցափուլը չեմ դիտել, բայց ասեմ, որ շատ եմ հավանում մեր աղջիկներին: Արշակյանները շատ օրիգինալ կատարումներ բերեցին հայկական շոու-բիզնես: Բոլորս էլ գիտենք, որ «Եվրատեսիլում» չէր կարող բացարձակ արվեստ ներկայացվել, և ներկայացվածը գնահատվել որպես երգ, որպես արվեստ: Իսկապես կար այդպիսի զգացողություն, որ մեզ մենակ են թողել: Մասնակցում էին հիսունից ավելի երկրներ, որոնց բոլորի շահն էլ շոշափվեց այդ մրցույթում: Եվ եթե հաշվի առնենք, թե ինչպիսի հզոր երկրներ կային դրանց թվում, ապա պիտի խոստովանենք, որ 10-րդ տեղը գրավելը բոլորովին էլ վատ ցուցանիշ չէ: Իհարկե, բացահայտորեն զգացվում էր մեր մենակությունը, և դա բացատրվում է ուժեղի ու թույլի հավերժական պայքարով:
«ՄԱՐԴԻԿ ԾԱՐԱՎԻ ԵՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ»
-Մոտ մեկ ամիս առաջ նշվեց Ձեր 60-ամյակը: Հոբելյանական տոնակատարության հետ կապված Ձեր բոլո՞ր սպասելիքներն իրականացան, թե՞ ինչ-որ կիսատ-պռատ զգացում ունեցաք, ինչպես շա՜տ-շատ հոբելյարներ:
-Հոբելյանական տոնակատարության հետ կապված այլ զգացումներ ունեմ: Ստեղծագործող մարդը պիտի կարողանա հետ նայել: Ես օրացուցային տարիներով չեմ չափում իմ կյանքը, բայց, այնուամենայնիվ, 60 տարեկան եմ, ինչը փոքր ժամանակահատված չէ: Մտածում էի` արդյո՞ք արժանի եմ, որ ընթերցողն ինձ հետ հանդիպի: Երբ հանդիպեցի, հասկացա, որ ընթերցողն իսկապես կա, գրողը կա, ընթերցողական միջավայրը կա: Հանդիպումները ցույց են տալիս, որ մարդիկ ծարավի են գրականության, ունեն գրքի պահանջարկ, ուզում են կարդալ: Եթե այսօր ինչ-ինչ բաներ լիարժեք չեն, ժամանակի ընթացքում դրանք իրենց տեղը կընկնեն, կկարգավորվեն:
-Ի՞նչ եք գրում հիմա գրականության ծարավ ունեցողների համար:
-60-ամյակիս առիթով ուզում էի ներկայացնել նոր գիրքս` իմ ստեղծագործությունների ընտրանին, բայց տնտեսական ճգնաժամի պատճառով այդ գործը մի քիչ ուշացավ: Ամեն դեպքում, շուտով լույս կտեսնի: Մեկ-երկու տարի հետո կհրատարակեմ անտիպ գործեր: Արանքում էլ, հնարավոր է, ուրախացնեմ երեխաներին, որովհետև նրանց շատ եմ սիրում և արդեն չորս գիրք եմ տպագրել նրանց համար: Վերջում ուզում եմ ցանկանալ, որ բոլոր ականջները կարողանան լսել այս երկրի մտավորականի, քաղաքացու խոսքը, այն խոսքը, որից մեր երկիրը կբարիանա, որը մեզ կօգնի խելամիտ լինել, ապագա կառուցել, հայրենիք ունենալ:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ