Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Միաբևեռ աշխարհը՝ մեծ անկայունությունների աղբյուր

Միաբևեռ աշխարհը՝ մեծ անկայունությունների աղբյուր
13.10.2024 | 10:25

Աշխարհաքաղաքական պրոցեսների անցումային փուլերում կատարվում է քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ տեսակի հին պատկերացումներով բնորոշվող մի գլոբալ պարադիգմից անցում մի այլ գլոբալ պարադիգմի, որի հիմնական պատճառը աշխարհում կատարվող ուժերի ու հզորությունների տեղաշարժերն ու փոփոխություններն են։

Մարդկության պատմությանը ուղեկցող բոլոր մեծ ու փոքր պարադիգմերը, լինեն դրանք աշխարհաքաղաքական, քաղաքական, տնտեսական, գիտական կամ մշակութային բնույթի, ունեն իրենց պոտենցիալները, որոնցով որոշվում է որևէ կոնկրետ ոլորտի դինամիկան, այսինքն, դրանում տեղի ունեցող հնարավոր տեղաշարժերն ու փոփոխությունները։

Ըստ որում, մարդկության պատմությանն ուղեկցող տարատեսակ պարադիգմերը կարող են լինել և առաջընթացի, և հետընթացի կրողներ, որտեղ առաջիններն ունեն զարգացման պոտենցիալ, իսկ երկրորդները՝ անկման պոտենցիալ։

Բոլոր տեսակի պարադիգմների ներքին դինամիկան ունի ունիվերսալ բնույթ և իրենից ներկայացնում է, կոնկրետ պայմաններից կախված, այս կամ այն արագությամբ նրա պոտենցիալի օգտագործման ու սպառման պրոցես։

Դրանից բացի, ունիվերսալ է նաև հին պարադիգմի ներսում նոր պարադիգմի ծիլերի առաջացումը, որոնք տեղի են ունենում այն տեղերում ու ոլորտներում, որտեղ նոր առաջացող պրոբլեմները չեն կարողանում գտնել իրենց լուծումները հին պարադիգմի շրջանակներում։

Կա նաև որոշակի փոխադարձ կապ նույն պատմական ժամանակաշրջանում մարդկային գործունեության տարբեր ոլորտներում զուգահեռ ընթացող պարադիգմների միջև։

Ավելին, գոյություն ունի պարադիգմների հիերարխիա, որն իր գլոբալ բնույթով ծնում է հերթական աշխարհաքաղաքական պարադիգմը։

Մյուս ունիվերսալ մեխանիզմը, որն ուղեկցում է պարադիգմային դինամիկային, դա մարդկանց, հասարակությունների ու ժողովուրդների մենթալիտետային իներցիան է, որը նոր պարադիգմի պայմաններում հին պարադիգմի տրամաբանությամբ առաջնորդվելն ու հին պատկերացումներով որոշումներ կայացնելն է։

Այսինքն, աշխարհաքաղաքական պարադիգմային դինամիկան ունի իր հիմնարար բնույթի ներքին օրինաչափությունները, որոնք նկարագրում են մի գլոբալ պարադիգմից անցումը մի այլ գլոբալ պարադիգմի, ինչպես նաև զուգահեռ ընթացող լոկալ պարադիգմների փոխկապակցված դինամիկան։

Մեր օրերում տեղի է ունենում 400-500 տարի աշխարհում դոմինանտ դիրք ունեցած եվրոպակենտրոն ու արևմտակենտրոն գլոբալ պարադիգմից անցում դեպի նոր գլոբալ պարադիգմ։

Իր հերթին, եվրոպակենտրոն գլոբալ պարադիգմը, իր էությամբ հենված լինելով կապիտալիզմի ու վերջինիս ծնունդ գիտատեխնիկական հեղափոխության վրա, իր արմատներով գնում էր դեպի վերածննդի դարաշրջան և դրան էլ նախորդող խաչակրաց արշավանքները, որոնք կամուրջ դարձան դեպի արևելյան գլոբալ աշխարհաքաղաքական պարադիգմը։

Ներկայիս գլոբալ պարադիգմային փոփոխությունը, այսինքն, իրենց բնույթով հակաարևմտյան ուժերի առաջացումը աշխարհում, պետք է կապել ԽՍՀՄ-ի և, այսպես կոչված, սոցիալիստական լագերի առաջացման հետ, որն այսօրվա դիտակետից կարող է գնահատվել որպես արևմտյան պարադիգմի հնարավորությունների սպառման առաջին լուրջ նշան։

Իր հերթին, ԽՍՀՄ-ի կոլապսը կարող է դիտվել որպես Արևմուտքի սպառվող հնարավորությունների աշխարհաքաղաքական ռեակցիա, որը սիստեմային իմաստով դարձավ մեծ անկայունությունների աղբյուր՝ միաբևեռ աշխարհի տեսքով։

Այն հանգամանքը, որ ինչքան մասշտաբային է աշխարհաքաղաքական պարադիգմային փոփոխությունը, այնքան մեծ է դրա հետ կապված մարդկանց մենթալիտետային իներցիան, ներկայում դառնում է որոշիչ գործոն մարդկության ճակատագրի համար, որը դեպի գլոբալ ուժային բալանս տանող ճանապարհին հիմնական արգելակն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ