Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Դեռ պարզ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը

Դեռ պարզ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը
12.10.2024 | 08:21

Եվ այսպես, շուտով կգա 2024 թ. նոյեմբերը, որը խորհրդանշում է Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը՝ Հայաստանի բազմադարյան պատմության ծանր կորուստների հիշողություններով: Չորս տարի անցավ, բայց դեռ պարզ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը, որը փաստացի նշանակում է կիսապատերազմական դրության պահպանում: Ըստ Երևանից հնչող պաշտոնական տեղեկատվության՝ պայմանագրի 80%-ը համաձայնեցված է, մնացածը՝ ոչ: Պայմանագիրը չի կնքվում չհամաձայնեցված հոդվածների պատճառով: Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածության համաձայն՝ պայմանագրի տեքստը գաղտնազերծված և հանրայնացված չէ, որն, ըստ էության, չի խոչընդոտում հայաստանյան մեդիադաշտում հերոսացող ռահվիրա «քաղաքագետներին» ժամը մեկ հարցազրույցներ տալ և քննդատել ում որ հնարավոր է: Վոլեյբոլի խաղի նման պայմանագրի տեքստը 10-12 անգամ էլեկտրոնային տարբերակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ թռիչքներ է կատարել , բայց դեռ սեղանին չի դրվել և մնում է օդում կախված: Կհամաձայնեցվե՞ն արդյոք վիճելի հոդվածները, թե ոչ, ի՞նչ ժամկետներում՝ դժվար է հստակ կանխատեսել, բայց, իմ կարծիքով, դրա լուծման բանալին անմիջականորեն կապված Է առաջիկա ամիսների գերկարևոր քաղաքական իրադարձությունների ելքի հետ: Փորձեմ թվարկել դրանք: Առաջին. նոյեմբերի առաջին շաբաթում կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներ: Թրամփի ընտրվելու դեպքում հավանական է զինադադարի կնքում ուկրաինական պատերազմում, որը Պուտինին հնարավորություն կտա ավելի խիստ ճնշում գործադրել կողմերի վրա՝ ռուսական պետական շահերը հաշվի առնելու համար: Երկրորդ. Իսրայել-Իրան առճակատման զարգացումների հետևանքները, որոնք Ալիևի ակտիվության վրա ազդող կարևոր գործոն կդառնան: Երրորդ. հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք էական նշանակություն ունեն ռուսական ազդեցության չափաբաժնի ավելացման առումով, որովհետև ներկա իշխանությունները հստակորեն երկիրը հանում են արևմտյան ազդեցության գոտուց և արդեն վաստակել են Վաշինգտոնի և Բրյուսելի զգուշացումներն ու սպառնալիքները: Չորրորդ. Անկարայի և Բաքվի հարաբերություններում նկատվող նոր միտումները՝ կապված ռուսական ռելսերի վրա տեղափոխվելու և դեպի հյուսիսային հարևան տեղաշարժվելու ադրբեջանական իշխանությունների քայլերի հետ: Այս իրողությունը պարզ է, որ դժկամությամբ է ընդունվելու Անկարայի կողմից: Ալիևը շատ լավ և հստակ գիտակցում է այս իրադարձությունների նշանակությունը և հավանաբար չի շտապում, դեռ ավելին, նրա հռետորաբանությունը ցույց է տալիս, որ ժամանակ է ձգում առավել նպաստավոր պահի և ավելի մեծ օգոտներով պայմանագիր կնքելու համար: Այս հանգամանքները թելադրում են առավել զգույշ և հավասարակշռված արտաքին քաղաքական դիրքորոշումներ ունենալ և խուսափել ավելորդ բարդություններից, հատկապես ուժային հարևանների՝ ՌԴ-Թուրքիա-Իրան եռանկյունու նկատմամբ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ