Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Երաժշտություն գրելը իմ տառապանքն ու իմ ազատությունն է»

«Երաժշտություն գրելը իմ տառապանքն ու իմ ազատությունն է»
08.05.2009 | 00:00

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ
Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ -
ցոլք ու ցնորք հեռավոր:-
Ե. Չարենց
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ-
Այս մի զրույցն ուզում եմ սկսել տարօրինակ հարցադրումով, չզարմանաս, խնդրում եմ, և չզայրանաս: Չնայած համաժողովրդական սիրուն, որով շրջապատված ես (անունդ լսելուն պես մարդկանց դեմքին գորովալից ժպիտ է հայտնվում), բայց այդ նույն ժողովուրդը, կարող եմ պնդել, չգիտի քո երաժշտությունը, իսկ երաժիշտները (բացառությամբ մի քանի ընկերների), երաժշտագետները քո ստեղծագործությանը ծանոթ են մակերեսորեն: Համաձա՞յն ես իմ այս պնդմանը:
(Մեր զրույցը տեղի է ունենում Մանսուրյանի աշխատասենյակում, որը նաև իր հյուրասենյակն է և իր ննջարանը։ «Petroff» դաշնամուր, գրասեղան, գրապահարան, ձայներիզների պահարան՝ հազարավոր CD-ներով, բազմոց, երկու բազկաթոռ, սեղանիկ, երաժշտական կենտրոն)։
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ- Իհարկե, համաձայն եմ, դա իրականությունն է: Բայց նաև այնպես չէ, որ բոլորովին չգիտեն, կան մարդիկ, որ գիտեն: Վերջերս հանդիպեցի երիտասարդների մի խմբի հետ: Նրանցից մի քանիսը, պարզվեց, իմ գործերի ձայնագրություններն ունեն, ինչ-որ տեղից արտագրել են և ունեն: Սա ինձ համար նորություն էր: Հավատացած եմ, որ իմ երաժշտությունն ունկնդրողների թիվը կմեծանա` անկախ նրանից, թե Երևանում քանի անգամ կկատարեն, ինչքան գործ կկատարեն, ինչ կկատարեն: Պետք է իմանաս նաև, որ մեր հասարակությունը, արվեստագետի ստեղծածի հետ ծանոթանալուն զուգահեռ, ոչ պակաս կարևորություն է տալիս նրա՝ այդ արվեստագետի այս ու այնտեղ ձեռք բերած հաջողությունների (մեծ մասամբ հաջողությունների) մասին տեղեկություն ունենալուն՝ բուն գեղարվեստական գործը ճանաչելուն առանձին կարևորություն չտալով։ Հասկանո՞ւմ ես։
(Մանսուրյանը տնքում է՝ բռնելով մեջքը։
-Ներողություն, ջանիկս, ստիպված պիտի պառկած խոսեմ։
Դարձյալ զգացնել է տալիս հին հիվանդություններից մեկը՝ ողնաշարի խնդիր ունի։ Բուժել են Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում։ Հիվանդությունը նորից ու նորից է գլուխ բարձրացնում։ Պառկում է բազմոցին, որը տասնամյակներով նաև իր մահճակալի դերն է կատարում)։
Հ.Ա.- Ինչո՞վ կբացատրես այս վիճակը:
Տ.Մ.- Պատճառները շատ են, և այս հարցը երկար խորհրդածությունների նյութ կարող է լինել։ Այս առթիվ, սակայն, մի խնդրի շուրջ երկու խոսք ասել կարելի է. երաժշտության երեկվա տերը գնացել է, և նորն էլ դեռ նոր է: Եթե երեկվա տերը պետությունն էր, խորհրդային պետությունը, ապա այսօրվա «տերը», մի կողմից, մեծահարուստն է (բնականաբար, երաժշտական իր գիտելիքներով, իր նախասիրություններով ու ճաշակով), մյուս կողմից` մշակութային և, մասնավորաբար, երաժշտական տեղեկացվածության մեր ընդհանուր աստիճանը: Այս մասին կարծեմ մեր նախորդ զրույցներից մեկի ընթացքում խոսել ենք։ Ավելորդ չէ ասել, ըստ այսօր իշխող երաժշտական նախասիրությունների (և տեղեկացվածության մեր աստիճանի)` կարող են տարիներով լռության մատնվել հայ երաժշտության դասական արժեքները՝ Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և այլոց գործերը, կարող ենք խուլ լինել սփյուռքի նշանավոր հեղինակների բարձրարժեք երկերի նկատմամբ, համաշխարհային արդիական դասական երաժշտությունը կարող է մերժված լինել և այլն։ Սակայն անցյալի դասական երաժշտությունից էլ ընդամենը մի քանի տասնյակ գործեր են մեզանում տասնամյակներով կատարվում-կրկնվում թե՛ դասավանդվող նյութի շրջանակներում և թե՛ ամենօրյա համերգային կյանքում: Չայկովսկու գործերից մի քանիսը առաջին անգամ ես լսեցի դրսերում: Դրանք մեզանում երբևէ չեն հնչել: Թվում էր` ռուս դասականներին ավելի լավ գիտեինք, սովետի տասնամյակներին այս բնագավառը մեզանում իր ճամփան հարթել էր: Թվում էր… Իրականում, սակայն, տասնամյակների ընթացքում այստեղ էլ ընդամենը մի քանի տասնյակ գործեր են հնչել: Միայն: Հնարավոր է, որ փառք պիտի տանք մեր այս ունեցածի համար էլ… Հնարավոր է։ Իհարկե, վաղը անցնելիք մեր երկար ճանապարհի սկիզբն է սա, և ժամանակի հետ միջազգային երաժշտական կյանքի տեղեկատվական դաշտը Հայաստանն էլ իր մեջ կառնի, մեր պահանջները կփոխվեն։
Հ.Ա.- Դեռ մինչև խորհրդային կարգերի փլուզումը քո երաժշտությունը հնչում էր արտասահմանում: Այո՛, «չարիքի կայսրության» քաշած «երկաթե վարագույրը» ճեղքողներից մեկն էիր տարբեր երկրներում և հատկապես Եվրոպայում` Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում… Ի՞նչ վիճակ էր սա:
Տ.Մ.- Այս հարցին առնչվելիս սովետական այն նշանավոր հիմնարկի հետ կապված մեր հիշողությունները պիտի հանենք մեջտեղ` լեցուն ցավերով, կասկածներով… հիվանդագին կասկածներով: Երկար տարիներ ինձ արգելված էր արտասահման մեկնել: Ծանր վիճակ էր: Հիմա, որ անցած ճանապարհիս ուղղությամբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ ճիշտ եմ եղել համբերելիս, կտրուկ որոշումներին չտրվելիս։ Տասը տարի շարունակ ես վպՉօպջՊվՏռ էի, սակայն այսօր Սովետի` ինձ տված այդ կարգավիճակն իմ ապրածի լավագույն գնահատականն եմ համարում։ Միայն թե այդ բաները հիշելն ու դրանցով միտք չարչարելն այսօր այլևս ավելորդ զբաղմունք է: Այն ժամանակ, իրոք, զարմանալի բաներ էին դրսերում տեղի ունենում` իմ երաժշտության հետ կապված: 28 տարեկանում գրածս «Դաշնամուրի սոնատը» ամերիկյան «Շիրմեր» հայտնի հրատարակչությունում լույս տեսավ, «Գիշերային երաժշտություն» սիմֆոնիկ երկս իտալական «Ռիկորդին» հրատարակեց, գերմանական «Սիկորսկին» էլ մի քանի գործ լույս ընծայեց, Բուլեզը իմ երաժշտության հասցեին բաներ խոսեց, որ լսելի եղան աշխարհում, քանի որ նրա յուրաքանչյուր խոսքին էր աշխարհն ունկնդիր` մանավանդ այն տարիներին: Գործերս նրանց հասնում էին Մոսկվայի իմ ընկերների միջոցով հիմնականում: Սովետական Միության փլուզումից հետո միայն պարզվեց (հետխորհրդային ունկնդրի համար պարզվեց), որ նրանք` այդ ընկերներս, իրենց սերնդի այն ժամանակների ամենազորավոր հեղինակներն էին, այսօր արդեն համաշխարհային մեծ հռչակի արժանացած Շնիտկեն, Գուբայդուլինան, Պյարտը, Սիլվեստրովը… Այս բաների մասին այսքան ասել-խոսելը, կարծեմ, բավական է։
(Պատշգամբ եմ դուրս գալիս՝ ծխելու։ Երեկ երեկոյան սկսված բարակ անձրևը դեռ չի կտրվել, 18-20 ժամ շարունակ մաղում է։ Մանսուրյանը նույնպես պատշգամբ է եկել։
- Ի՜նչ անձրև է,- մեղկացած ասում է նա։- Բա օդը... Ա՜խ... Ձմեռն, ախր, այստեղ պիտի մնայի։ Բայց գնում եմ, ափսոս...
Ձմեռն անցկացնելու է Լոս Անջելեսում, աղջկա՝ Նվարդի տանը, թոռների հետ։ Այնտեղ և Եվրոպայում գործեր ունի կիսատ, պատվերներ, համերգներ...)։
Հ.Ա. -Այսօր, երբ քո երաժշտությունը կենդանի համերգային կատարումներով և ձայնագրություններով հնչում է բոլոր աշխարհամասերում, երբ աշխարհահռչակ կատարողներ են ցանկություն հայտնում քեզ հետ աշխատելու, նշանավոր ընկերություններ են գնում քո երկերի թողարկման, հրատարակման հեղինակային իրավունքը, անվանի երաժիշտներ ու երաժշտագետներ են բարձր գնահատում քո ստեղծագործության առանձնահատկությունները, չորս տարի առաջ Գրեմմիի մրցանակին ներկայացված հինգ կոմպոզիտորներից մեկը եղար, կարո՞ղ ենք հաստատել, որ հասել ես միջազգային ճանաչման:
Տ.Մ. -Ես իմ տանը հիմա նստած եմ, դու էլ իմ դիմաց ես նստած, ու մենք լավ զրուցում ենք…
Հ.Ա. -Չխուսանավես, խնդրում եմ…
Տ.Մ. -Բայց, միևնույն է, նստած ենք… Այս միջավայրում, այս սենյակի մթնոլորտի մեջ, նաև մեր` իմ ու քո միջև «միջազգայինի» որևէ արտահայտություն, դրսևորում, գույն ու հոտ` այս տեսակ բան, ես ինչ իմանամ, կա՞: Թե դրսերում ինչ ածականներ են գործածում, իմ մասին ինչ են ասում-խոսում՝ քննարկման նյո՞ւթ պիտի դարձնենք: Հիմա նստենք, փառքի հարցե՞ր վերլուծենք: Հիվանդ հո չե՞նք... Ստացվեց, որ հարցդ չընդունեցի: Այդպես էլ վերաբերվիր, խնդրում եմ:
Հ.Ա. -Լավ, ընդունեցի, և անցնում ենք հաջորդ հարցին: Քո երաժշտության գալիք օրն ավելի պայծառ է լինելու, աշխարհով մեկ ճանապարհորդության են դուրս գալու քո գործերը… Երևակայությունս զսպելու ցանկություն չունեմ` չնայած կտրուկ արտահայտությունները երևի թե այնքան էլ կիրթ տոնի նշան չեն:
Տ.Մ. -Ես իմ ամբողջ կյանքն եմ նվիրել երաժշտությանը` 50-ականներին դաշնամուրի հետ հանդիպելու առաջին իսկ օրվանից, թերևս, դրանից էլ առաջ: Ամեն օր մեծ դասականներին հարց տվող աշակերտ եմ ես: Եվ ամեն օր եմ աշխատում: Չարենցը լավ է ասել իր մուսային.
Մաքուր իմ սեր, միա՛կ իմ զեն,
Միակ իմ հուր, իմ սուր, իմ զարդ,-
Հարս իմ լուսե, քույր իմ հպարտ,-
Իմ անաղարտ սիրո հույզեր,-
Լո՜ւյս իմ կյանքի, հո՜ւյս իմ զվարթ…

Ամբողջ իմ կյանքում ձգտել եմ ինձ իրավունք վերապահել այս բառերով դիմելու իմ «մտերմուհուն», որն ինձ ստիպեց ինքնամոռաց աշխատել հնչյուններով, հնչյունների հետ: Առայսօր: Իմ ողջ կյանքի ընթացքում:
Հ.Ա.– Ի՞նչն է, ըստ քեզ, աշխարհին հետաքրքրում քո ստեղծագործության մեջ: Թույլ տուր քեզ դիմեմ քո երկերի վերլուծության, ինքնավերլուծության խնդրանքով, չնայած հեղինակի համար դա, երբեմն, ոչ հեշտ, երբեմն էլ նույնիսկ անցանկալի զբաղմունք է:
Տ.Մ.– Բացարձակապես չգիտեմ: Ես կարող էի ասել, թե ինչը կուզեի, որ հետաքրքիր լիներ: Ոչ գիտեմ` ինչն է հետաքրքիր դարձնում, ոչ էլ հետաքրքիր դարձնելու ստրատեգիական միջոցները գիտեմ: Միայն գիտեմ, որ ամեն մի հաջողված գործ վթարից հերթական անգամ հրաշքով ազատվելու է նման: Հաջողված գործը անելուց հետո ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես եղավ: Էլ ինչպես կարողանամ սառը դատողությամբ կշռել, թե ուրիշը ինչ տարավ իմ երաժշտությունից, ինչ հասկացավ: Բացի այդ, ես իմ երաժշտությունը լսելու սովորություն չունեմ: Այն ինձ հետաքրքրում, ապրեցնում է գրվելու ընթացքում միայն, հետո… Հետո ես նոր գործ պիտի սկսեմ: Ես գիտեմ, որ իրենց երաժշտության հասցեին այս բաներն են ասել Վիտոլդ Լուտոսլավսկին, Իգոր Ստրավինսկին: Ստրավինսկուն իր երաժշտությունն առավելաբար հետաքրքրում էր միայն գրվելու պահին: Մյուսները` նախորդները լսելու հետաքրքրություն չուներ: Կարո՞ղ ես այդ տեսակ մարդուն չսիրել: Ճանաչել եմ իրենց հին գործերի մեջ «քուջուջ» անող հեղինակների. տխուր մարդիկ են դրանք ինձ համար… Շա՞տ հեռացանք քո հարցից:
Հ.Ա. -Պատասխանիդ սկզբում նշեցիր, թե կարող էիր ասել` ինչը կուզենայիր, որ քո երաժշտության մեջ հետաքրքիր լիներ աշխարհին, բայց վրայով անցար, չբացեցիր:
Տ.Մ. -Դա երկար խոսակցության նյութ է: Դա պիտի նշանակեր վերլուծել, տարրալուծել երաժշտության միջով անցած հայ մարդու մի դիմապատկեր, որը սիրում է Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որի մայրը մի քանի ամսական եղած ժամանակ փրկվել է թուրքից` հայտնվելու համար որբանոցում, որի հոգևոր հայրը երաժշտության մեջ Կոմիտասն է, որն Անդրեյ Վոլկոնսկու նման ազնվական ընկեր ունեցավ, նրանից յուրացրեց երաժշտության հեռավոր խորքերը մտնելու գեղագիտական վայելքի փորձը: Եվ այսպես շարունակ…
Հ.Ա. -Մարդկանց անուններ եմ թվելու, որոնց ներկայությունը քո երաժշտության մեջ չգիտեմ որքան է, բայց քո առօրյայում և երաժշտության շուրջ զրույցներում միշտ են հնչում, ուրիշ անուններից հաճախ են հնչում. Կոմիտաս, Դեբյուսի, Բուլեզ, Պենդերեցկի, Շնիտկե, Պյարտ, Գուբայդուլինա, Սիլվեստրով, Վոլկոնսկի… Ի՞նչն է քո մեջ իրար կապել տարբեր ազգությունների, տարբեր դարաշրջանների, տարբեր ուղղությունների այս կոմպոզիտորներին:
Տ.Մ. -Սերը: Իրենց երաժշտության նկատմամբ սերը: (Պենդերեցկին դարձրու Լուտոսլավսկի): Երաժշտության մեջ ռիթմեր, շարժումներ, հնչյունային հոսանքներ եմ հայտնաբերել, որոնց նկատմամբ բուռն սիրո զգացում եմ ունեցել: ժամանակի ընթացքում այս կամ այն գործի հետ կապված այդ խենթացնող զգացմունքն իր սրությունը կորցրել է, նահանջել է, բայց ինձ հետ մնացել է այդ երաժշտությունից եկած ապրվող կյանքի այս կամ այն իմաստավորումը, այդ երաժշտությունից եկած հայտնաբերումը, որ այդ կոմպոզիտորների երաժշտության խորքերը մտնելու, նրա կյանքն ու ուրախությունը հայտնագործելու հետ է եկել:
(Հեռախոսազանգ։ Ես սենյակից դուրս եմ գալիս։ Սպասում եմ խոհանոցում՝ մինչև պատը ծեծի։ Վերադառնում եմ։
-Հարցազրույց են խնդրում,- ժպտում է,- չհամաձայնեցի։ Որ շատ համառեցին, ասացի՝ եկեք ուղղակի զրուցենք, չտպագրելու, չցուցադրելու պայմանով։ Ոնց որ թե շատ եմ երևում մամուլում, էկրաններին, չէ՞... Մեկ-երկու երևացինք, լավ է, մարդիկ իմացան, որ այստեղ եմ, կամ)։
Այս բաներն ասելով` ուզում եմ իմանաս, թե երաժշտություն սիրելը երբեմն ինչքան համազոր է այս ասածս բաներին` մի նոր իրականություն կամ կորսված մի իրականություն հայտնաբերելուն: Հեղինակներին, որոնց անունները տվեցիր (Պենդերեցկուն հանիր այդ շարքից, խնդրում եմ, Լուտոսլավսկու անունը դիր, Ստրավինսկի դիր, թեև նրան հիմա շատ քիչ եմ լսում), ահա, այդ հեղինակներին, իրոք, շատ եմ սիրում. Շոստակովիչին ինչո՞ւ ես մոռացել… Կնոջս` Նոնայի հետ մեր երիտասարդ տարիներին շատ էինք լսում Շոստակովիչ, մեր ընդհանուր սերերից մեկը Շոստակովիչի երաժշտությունն էր (ես հիմա էլ եմ շատ լսում նրան): Երևանյան մեր ծանոթներից շատերը մեզ ասում էին` ի՞նչ եք գտել այդ Շոստակովիչի մեջ: Նոնան ու ես շատ լավ գիտեինք, թե ինչ ենք գտել: Եվ դա մեր ընդհանուր հարստությունն էր, ընդհանուր սերը առ մեր ժամանակի հանճարը: Մի ամառ Շոստակովիչն իր տիկնոջ՝ Իրինա Անտոնովնայի հետ Դիլիջան էր եկել։ Մենք էլ ընտանիքով Դիլիջանում էինք: Նոնայի հետ մի օրով եկանք Երևան, Դիլիջան վերադարձին Սևանից այն կողմ մի արձակ տարածության մեջ վարորդին խնդրեցինք, որ մեքենան կանգնեցնի: Դուրս եկանք մեքենայից, մտանք դաշտ, երկուսով ծաղիկների մի հրաշալի փունջ հավաքեցինք` Շոստակովիչին տալու համար: Հետո նստեցինք մեքենան, հասանք Դիլիջան, երկուսով մոտեցանք Շոստակովիչին և ծաղկեփունջը նվիրեցինք նրան: Մենք երջանիկ էինք նրա նկատմամբ մեր սերն այս ձևով արտահայտելու համար: ՈՒրախ եմ, որ իմ կյանքում մի այսպիսի հրաշալի օր ու այսպիսի մի հրաշալի պահ է եղել:
Հ.Ա. -Իսկ քո երաժշտության մեջ իրենցից` թվարկածս կոմպոզիտորներից եկած բան կա՞: Կոմիտասից եկածը հայտնի է:
Տ.Մ. -Շոստակովիչից նույնպես կա… Չգիտեմ ինչպես բացատրեմ…
Հ.Ա. -Շատ պարզ ու ընդհանրացված, եթե կարելի է (կատակ)…
Տ.Մ. -Չարենցի ասած դիսցիպլինի կամ խստակյացության, կամ զսպվածության յուրահատուկ նկարագիրը: Անչափ սիրում եմ Շոստակովիչի երաժշտության մեջ առօրեականության, գետնաքարշ ու անհրապույր իրականության` զարդարանքից զուրկ, սիրտ մաշող գեղեցկությունը: Իհարկե, Շոստակովիչի երաժշտությունը բազմաէջ է: Նրանում ներառված է մարդկային ապրումների հսկայական մի աշխարհ: Այդ երաժշտությամբ ներկայանում է թե՛ մեծ մտածողը` շեքսպիրյան ընդգրկումների մտածողը, թե՛ սրամտություն գնահատող ուրախ երիտասարդը:
...1948 թվականի գարնանը հայտնվեցինք Արթիկի 14 շենքում: (Անցյալ տարի տեսա, որ այդ շենքը չկար, քանդել էին): Այդ շենքը կառուցել էին գերմանացի ռազմագերիները, իրենք էլ այնտեղ ապրել էին մինչև մեր «հայրենիք գալը»: ՈՒրեմն, մենք` ներգաղթածներս, նրանց փոխարինեցինք այդ շենքում: Վաղ գարնանը 14 շենքի բակում ածխի մոխրակույտի վրա ձյունը հալվում էր, ու մոխրակույտից գոլորշի էր բարձրանում: Այդ գոլորշին հույսի ու զարթոնքի նշան էր դառնում մեզ` Արթիկի դաժան ձմեռը հանածներիս համար: Մոխրի ու գոլորշու հետևը կանգնած մեր բակի աղջիկների ժպիտն ավելի անուշ էր դառնում: ՈՒ սա լինում էր գարնան գալը… Պետք է ընդհատեմ այս պատմությունը և ասեմ, որ չգիտեմ, թե ինչու եմ այս բաները հիշում Շոստակովիչի երաժշտության մասին խոսելիս… Իրականում գիտեմ, բայց շատ դժվար է սա բացատրել: Գիտեմ, բայց անհնար է այդ կապի մասին խոսել, տրամաբանել, որովհետև այն և՛ կա, և՛ չկա: Ուղղակի ես փորձում եմ հասկանալի դարձնել Շոստակովիչի երաժշտության` իմ ըմբռնած «խստակյացությունը», «անզարդ առօրեականությունը» ու գիտեմ, որ այս տեսակ բաներ բացատրելն անհնար է… Բրամսի երաժշտության մեջ աննշան թվացող դարձվածներ կան, որոնք իրենց մեջ ինձ համար պարունակում են պարկեշտության, բարձր բարոյականության դասեր կամ օրինակներ: Այդ օրինակների կամ դասերի առաջ գեղագիտական վայելքի ու խոնարհության մի խառն զգացում եմ ապրում, ու այդ զգացումն ինձ ցնցում է… Մի խոսքով, երաժշտությունը սիրում եմ շատ… Աստվա՜ծ իմ, այս ինչեր ես դու ինձ ստիպում խոսել… Երաժշտությունը բացատրելն անհնար է, այս կարգի բաները բացատրելը ցավագնորեն անհնար է:
Պատկերացնո՞ւմ ես, մի դարձվածք մատնանշել ու ասել` սա բարոյականության հետ աղերս ունի… Միտքս եթե մի քիչ էլ զավեշտի ուղղությամբ տանեմ` «բարոյականության երաժշտական դարձվածք» արտահայտությունը պիտի ինձ թույլ տամ, որ տեղնուտեղը հեգնելու, մերժելու բառակապակցություն պիտի դառնա: Բայց Բրամսի հիշածս դարձվածների մեջ ես դա, ախր, ապրում եմ: Հատկապես Բրամսի: Այդ ապրումները կան, բայց բառ դառնալու համար չեն: Սերերի մասին ենք խոսում, սերը բացատրել հնարավոր չէ:
(շարունակելի)
Զրույցը` Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԻ

Դիտվել է՝ 2665

Մեկնաբանություններ