Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Եթե հիմա չենք վերցնում մանդատները, գործընթացը քոքից կտրում ենք»

«Եթե հիմա չենք վերցնում մանդատները, գործընթացը քոքից կտրում ենք»
05.06.2009 | 00:00

«ԱՅՍ ԱՐԵՆԱՆ ԿՈՐՑՆԵԼԸ «ПОЛНЫЙ ПОЛИТИЧЕСКИЙ ИДИОТИЗМ» Է»
Իրեն Հայ ազգային կոնգրեսի անդամ համարող Հայաստանի գլխավոր մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆՆ այս անգամ վերջնականապես է որոշել. «Կա՛մ Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական մոխիր կդառնամ, կա՛մ Տեր-Պետրոսյանի հետ մոխրից կհառնեմ դեպի հաղթանակ»։ Մեզ հետ զրույցի սկզբում այս տեսակետը ևս մեկ անգամ վերահաստատելով` Հակոբյանը հավելեց. «Երրորդ տարբերակ չկա»։ Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ է մարքսիստը կոնգրեսականների հետ, հարցրինք։
-Ինչքան էլ ինձ արհամարհեն, ինչքան էլ որակումներ տան, ինչքան էլ նսեմացնելու համար աուտսայդերի կարգավիճակով շպրտեն ցուցակի 22-րդ տեղը, կարևորն ազգային շահերն են,- ասաց Հակոբյանը։- Այստեղ ամբիցիաները երկրորդ պլանում են։ Այնպես որ, հավատարմությունն այս ընդդիմությանն ունի մեկ ընդհանուր նպատակ` նոր գաղափարական սերնդափոխություն, որն իր հետ կբերի ազգային նոր դոկտրին, նոր ուղեղներ, ագրարային նոր դոկտրին։ Սրանք են այն խնդիրները, որ ազգի առջև դրված են։
-Ձեր նշած նոր գաղափարները կարո՞ղ են կյանքի կոչվել «հին» մարդկանց շնորհիվ։ Սերնդափոխությունը ենթադրո՞ւմ է նախորդ իշխանության ներկայացուցիչների հայտնվելը իշխանությունում, և, ընդհանրապես, ո՞ր «նորի» կամ «սերնդափոխության» մասին է խոսքը։
-Не важно - ракета белая или красная, самое главное - нас вывела на орбиту. Այսինքն, կարևոր չէ մեզ քաղաքական ուղեծիր հանող հրթիռը սպիտա՞կ, ՀՀՇ-ակա՞ն, թե՞ կարմիր կլինի։ Կարևորն այն է, որ միասնական ընդդիմությունը նոր ուղեղներ հանի «орбита»։ Ինչքան էլ հանրապետականներն իշխանագողությամբ հրապուրվեն, միևնույն է, քաղաքականապես ու գաղափարապես իմպոտենտ են։ Այս իմպոտենտ քաղաքական ուժերին տալ իշխանությունը, նույնն է, թե իմպոտենտին օրական հարյուր կույս մատակարարել։ Նրանք ստերջացնում են քաղաքական դաշտը, թույլ չեն տալիս ժողովուրդը երկունք ապրի, նոր քաղաքական ուղեղներ ծնի։ Այս վերջին տասը տարիների ընթացքում ապացուցել են, որ ի վիճակի չեն նոր տնտեսական, ագրարային քաղաքականություն մշակել, դիվանագիտական կրախից դուրս գալ։ ՀՀ նախագահի հրավիրած մարտի 20-ի ֆորումում ես առաջ քաշեցի տնտեսական ճգնաժամից դուրս գալու չորս կարևորագույն կետեր (մարքսիստը մանրամասն ներկայացրեց հակաճգնաժամային իր առաջարկները` չմոռանալով նաև Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումները -Ռ. Խ.)։ Կոնգրեսում ՀՀՇ-ն ընդդիմադիր մի սուբյեկտ է, մարքսիստական կուսակցությունը` մեկ այլ, որը գաղափարական առումով ծայրահեղ արմատական դիրքում է, բայց Տեր-Պետրոսյանը սա ընդունում է։ Այս ամենը չի խանգարում, որ իշխանության գալու սահմանադրական ճանապարհի առնչությամբ երկուսս էլ միակարծիք լինենք։ ՈՒրեմն, իմ ներկայությունն ընդդիմությունում փարթամացնում է ընդդիմության միտքը։ Ոչ ոք ինձանից շատ Տեր-Պետրոսյանին չի քննադատել, ու երբ հիմա էլ քննադատում եմ, ՀՀՇ-ն զուռնան փչում է` Հակոբյանը դարձել է սերժական։ «Սերժականին» եմ ասում իրենց սխալները, դառնում եմ ընդդիմություն։ Ես եմ ՀՀՇ-ի միակ գիտական քննադատողը եղել, այլ ոչ թե այս իշխանությունները, որ ՀՀՇ-ի ճտերն են, իսկ ինքը` նրանց նախահայրը։
-Երևանի ավագանու ընտրության արդյունքները Ձեզ համար կանխատեսելի՞ էին։ Ասել է` սպասելի՞ էր քաղաքական ուժերի ու հատկապես կոնգրեսի ձայների նման դասավորությունը։
-Ո՛չ, որովհետև կոնգրեսը շատ մեծ էլեկտորատ ուներ, բայց այն ռացիոնալ օգտագործել չկարողացավ` ֆինանսների պակասության, իշխանական տոտալիտարիզմի, շանտաժի ու, ամենակարևորը, ընտրական օրենսգրքի հանցագործ անկատարության պատճառով։ Նշեմ միայն մի «դեֆեկտ». գրված է, որ ամեն քաղաքացի ընտրելու ճանապարհով կարող է իշխանություն ձևավորել, բայց ոչինչ գրված չէ բոյկոտի կամ ընտրելու իրավունքից չօգտվելու մասին։ Այս կետի բացակայության պատճառով էլ 60 տոկոսը պասիվ է, իսկ 40 տոկոսը վճռում է 60-ի ճակատագիրը։
-Տեր-Պետրոսյանն ընտրությունների արդյունքներից անմիջապես հետո հանրահավաքում հայտարարեց, որ կոնգրեսը մտադիր է վայր դնել Երևանի ավագանու մանդատները։ Փաստորեն, կա՛մ կոնգրեսի ցուցակում ընդգրկված բոլոր անդամները պետք է բոյկոտեն աշխատանքները, կա՛մ էլ նրանցից ոմանք կարող են ներգրավված լինել ավագանիում։ Ընդհանրապես, մանդատներ վայր դնելու որոշումը ինչպե՞ս եք գնահատում։ Հասարակությունն արդյոք ճի՞շտ կընկալի շարժման նման մարտավարությունը։
-Բոյկոտի քաղաքականությունը հասարակության գիտակից խավն աննպատակահարմար, ոչ ռացիոնալ ու ոչ էֆեկտիվ է համարում։ Հասարակությունը կարծում է, որ եթե Տեր-Պետրոսյանն առաջին հերթին մտածում է ազգային շահի մասին (իսկ ես կարծում եմ, որ նա մտածում է), պետք է ավագանու նախնական ցուցակը ռեստրուկտուրիզացնել (վերաձևավորել)` ելնելով այն հանգամանքից, որ ավագանիների տեղերը քիչ են։ Այդ ամբիոնը, թեկուզ մեկ մարդով, պետք է օգտագործել։ Այդ տասնչորս տեղերը ռացիոնալ օգտագործելու համար դրանք պետք է տրվեն լուրջ անհատների։ Սակայն պետք չէ երբեք այդ ամբիոնը բաց թողնել։ Քաղաքական այդ արենան պետք է ուղարկել լավագույններից լավագույններին, որոնք հասարակության մեջ հեղինակություն են վայելում և լուրջ քաղաքական դիմանկար ունեն։ Այսինքն, անհատականություններ, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա այնտեղ տասը հանրապետականների «խեղդել», ծալել-տակը դնել ու գաղափարական հրետակոծության տակ պահել։ Այսօրվա ցուցակում առկա տասնյակը, որը ձևավորված է ՀՀՇ-ականներից, այդ պայմաններին չի բավարարում։ Եթե նրանք կարծում են, որ բոյկոտն ավելի կսրի քաղաքական հարաբերություններն ու հնարավորություն կընձեռի արմատական քայլեր ձեռնարկել, ապա, կարծում եմ, որ 14 մանդատն ավագանու ինստիտուտում ավելի հեշտ և ռացիոնալ կլուծի կրիտիկական զանգվածն ասպարեզ բերելու գործընթացը։ Կրիտիկական զանգվածն ազգաբնակչության մեկ երրորդն է` շուրջ 300 հազար մարդ, և այդ 14 թարմ դեմքերն ավելի շուտ կարող են կրիտիկական զանգված ձևավորել, քան նախկին միտինգային ինստիտուտի թատերականացված շոուն շարունակելը, որը գնալով մարում, մեռնում է։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի հարցադրմանը, նա ասում է` Տեր-Պետրոսյանի թիմը 90-ին փոքրամասնություն չէ՞ր կոմունիստական գերագույն խորհրդում, որ համարձակ գնացին մանդատները վերցրին ու շանտաժի ճանապարհով կոմունիստներին հեռացրին իշխանությունից։ Հենց իրենց փորձով են ապացուցում, որ անհրաժեշտ է այս մանդատները վերցնել։ Ի վերջո, ակադեմիկոսներից կազմված ավագանին, Ռաֆայել Ղազարյանի գլխավորությամբ, ինչքա՜ն էր աղաչում, որ մանդատները ցած դնեն, բայց ոչ մի դեպքում այդպես չվարվեցին։ Էդ ինչո՞ւ եք հիմա մեզ պարտադրում, որ մանդատները չվերցնենք, ընկեր Լևոն Տեր-Պետրոսյան։ Նրանք գերադասում էին նիստերին չմասնակցել, մասնակի բոյկոտ անել, բայց գնալ աշխատավարձ ստանալու։ Ո՛չ, գնանք այնտեղ, և եթե մեզ չարդարացնենք, կարող ենք մանդատները շպրտել ու հետ գալ։ Եթե հիմա չենք վերցնում մանդատները, գործընթացը քոքից կտրում ենք։ Այդ մանդատները կարող են ստեղծել այն 300 հազար կրիտիկական զանգվածը, որ Տեր-Պետրոսյանը կորցրել է։ Հարյուրհազարավոր ձայներ էլ կորցրին ցուցակի առաջին եռյակը սխալ ձևավորելու պատճառով։ Այդ 14 մանդատը նաև կպարտադրի քաղաքային ավագանուն` միտինգները թույլատրել այնտեղ, որտեղ ուզում են։ Հրաժարվել` հանուն ինչի՞։ Արդյո՞ք քաղաքական էգոիզմ չէ դա։ Այս ամենը Տեր-Պետրոսյանին ասում եմ ոչ որպես հակառակորդ, այլ բարեկամ։ Իսկ եթե իմ փոխարեն այնտեղ գնա ՀՀՇ-ի գործամոլ խավը` «գրդոն» անելու, քավ լիցի, թող իրենք որոշեն։ Այս արենան կորցնելը «полный политический идиотизм» է։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ