Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Հայերին անընդհատ բռնության մեջ չի կարելի պահել, որովհետև նրանք բռունցքվում են»

«Հայերին անընդհատ բռնության մեջ չի կարելի պահել, որովհետև նրանք բռունցքվում են»
11.04.2017 | 01:16

1991, թե 92 թիվն էր: ՀՀ նոր ընտրված նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի քաղաքական կուրսը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի խնդրի շուրջ չէր բավարարում ընդդիմությանը և ժողովրդին. նրանից հրաժարական էին պահանջում: 1991 թվականի ընդդիմությունը իսկական ընդդիմություն էր, և առաջին նախագահը ոչ միայն հաշվի էր նստում նրա հետ, այլև, նրա քաղաքական հարվածից խուսափելու համար փորձում էր գտնել ժողովրդի և մանավանդ մտավորականության աջակցությունը:


Ես չեմ խորանա պատմական այդ ժամանակաշրջանի մանրամասների մեջ. խնդիրն անկախության տարիներին մամուլում լուսաբանել և մեկնաբանել են քաղաքական տարբեր կուսակցություններ և քաղաքագետներ: Ես ուզում եմ գրել Լևոն Տեր-Պետրոսյանի` հայ մտավորականներին ուղղված կոչի և նրանց հետ հանդիպման մասին, որին ներկա էի նաև ես: Այդ հանդիպումը նա ուզում էր օգտագործել ի նպաստ իրեն, իբրև թե մտավորականությունը պաշտպանում է իր քաղաքական գիծը Ղարաբաղի հարցում: Նախօրեին հեռուստատեսությամբ հայտարարվեց, որ նախագահը հրավիրում է հանրապետության մտավորականներին հանդիպման` հանրապետությունում ստեղծված իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող քաղաքական անցուդարձի վերաբերյալ խորհրդածելու համար: Ես էլ, Պարոնյանի ոճով ասած` «ինքզինքս մտավորական սեպելով», գնացի այդ հանդիպմանը: Հանդիպումը կազմակերպված էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Ես հետո հասկացա, որ, ինձնից բացի, բոլորին պարզապես հրավիրել էին: Սրահում հավաքվել էր մոտ 25-30 հոգի` ԳԱ գիտնականներ, գիտահետազոտական ինստիտուտների գիտաշխատող-գիտնականներ, համալսարանից պրոֆեսորներ և ես, որ ոչ մի տիտղոս չունեի: Սրահում սպասում էինք նախագահի ժամանելուն: Նա եկավ մի տասը րոպե ուշացումով: Դա կարծեմ համարվում է արարողակարգ: Երբ ՀՀ նախագահը ներս մտավ, ես ոտքի կանգնեցի` համոզված, որ բոլորը ոտքի կկանգնեն, քանի որ ներս էր մտել երկրի առաջին դեմքը` անկախ նրա ծագումից և հարգված կամ գնահատված լինել-չլինելուց: Նստած գիտնական-մտավորականներից ոչ ոք ոտքի չկանգնեց: Ես հայտնվեցի անհարմար վիճակում: Սպասեցի մինչև նախագահը կնստեր, ապա բարձրաձայն ասացի, որ, անկախ ամեն ինչից, հարկ է ու հարգ երկրիդ նախագահին դիմավորել հոտնկայս:


Ժողովը վարում էր Գերագույն խորհրդի պատգամավոր Լենինգրադից, հայտնի հայագետ, հայազգի գիտնական Կարեն Յուզբաշյանը: Նրանց, ովքեր չգիտեն, ասեմ, որ 1989 թվականի Գերագույն խորհրդի պատգամավոր կարող էին ընտրվել Խորհրդային Միության սահմաններում ապրող հայերը` իրենց բնակության քաղաքի հայ համայնքի կողմից առաջադրված: Եվ այսպես, սկսվեց «հանդիպումը»:


Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, քաղաքավարությունից դրդված, հարցրեց գիտնականների որպիսությունը, ապա նաև, թե ինչն է նրանց մտահոգում, և ինչ ակնկալիքներ ու ծրագրեր ունեն: Մի պահ սրահում լռություն տիրեց, հետո նախ կաշկանդված, ապա, հիշելով, որ Լևոնը երեկ-մեկել օր իրենց հետ նստել է գիտաժողովներին իրենց ոչ հավասար` իր` ընդամենը գիտությունների թեկնածուի կոչումով, թունդ առան և սկսեցին բողոքել, որ ակադեմիկոսի և գիտությունների դոկտորի աշխատավարձը շատ ցածր է, ամիսներով չեն ստանում այդ չնչին աշխատավարձը, գիտական ուսումնասիրությունների և լաբորատոր հետազոտությունների համար չկա ֆինանսավորում: Դա այն ժամանակ էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ, հետո նա նաև կիսապաշտոնական հայտարարեց, որ Հայաստանին գիտությունների ակադեմիա պետք չէ, և փաստարկեց, որ Սիրիան գիտությունների ակադեմիա չունի, սակայն դրա կարիքը բնավ չի զգացվում նրա տնտեսության մեջ: Այս ժողովի ժամանակ պարզվեց, որ Լևոնն ակադեմիան քանդելու հիմքը գցել էր… Ես պատրաստված էի գնացել` ձեռքիս երկու թերթի վրա գրած անկախ Հայաստանի Հանրապետության տնտեսական, մշակութային և ֆինանսական վիճակը առաջիկա տարիներին և շարունակաբար բարելավելու ծրագրային դրույթներով: Աշխատավարձային բովանդակությամբ բողոքները ինձ ասես թևաթափ արեցին. այդքան տիտղոսավոր գիտնականների կողքին մի երիտասարդ կին դրույթներ է բերել` մեր երկիրը համաշխարհային գիտա-կրթական և արդյունաբերական բարձունքների հասցնելու բովանդակությամբ, բայց, ամենայն հավանականությամբ, տեղին ու ժամանակին չեն դրանք: Խորհրդային կրթական բարձր մակարդակը դեռ պահպանված էր Հայաստանում, պահպանված էին նաև Խորհրդային Հայաստանի հզոր տնտեսությունն ու գիտությունը, որոնք հիմնված էին ակադեմիական բարձրագույն կրթության վրա, որոնք էլ հնարավորություն կտային հետ չմնալու համաշխարհային գիտական և տնտեսական առաջընթացից:
Այդ հանդիպումը տեսագրվում և ձայնագրվում էր հեռուստատեսության և ռադիոյի համար: «Լրաբերի» ռեժիսորը թիֆլիսեցի իմ ընկերներից էր` Գևորգը:

Մի պահ հեռացա ժողովականներից, մոտեցա Գևորգին և ասացի, որ ես ահա այսպիսի բովանդակությամբ դրույթներ եմ ուզում առաջարկել, բայց այս աշխատավարձային ֆոնի վրա կարծես սա համահունչ չէ: Գևորգը կարդաց և մեկեն կարծես ուրախացավ, թե մի ժամ է՝ խոսում են, բայց լուրերով հաղորդելու լուրջ` մտավորականության հավաքին հարիր հարց չբարձրացվեց. սա հենց կլինի առանցքը այս հավաքի: Պայմանավորվեցինք, որ երբ մեր հայացքները հանդիպեն, ինքն ինձ հարցնի` «Դուք ասելու բա՞ն ունեք»: Ես էլ ասեմ` այո, ու կարդամ իմ այդ ծրագրային դրույթները: Եվ այսպես. մեր հայացքները հանդիպեցին, և մենք կատարեցինք պայմանավորված երկխոսությունը: Ինձ ձայն տվեցին:
Ես այդ ժամանակ նոր էի կարդացել Առաքել Դավրիժեցու «Պատմությունը»` Ջուղայից հայերի` դեպի Պարսկաստան բռնագաղթի մասին, որ տեղի էր ունեցել 1604 թվականին: Պարսից շահ Աբասը, թուրք-պարսկական պատերազմից հետո, զավթում է Հայաստանի մի մեծ հատված Օսմանյան կայսրության տիրապետությունից և բռնակցում է Պարսկաստանին: Շահական Պարսկաստանն այդ դարերում տնտեսական և մշակութային անասելի ցածր մակարդակի վրա է եղել. իսլամը կասեցրել էր պարսիկ ժողովրդի և երկրի առաջընթացը: Շահ Աբասն ուզում էր զարգացնել Պարսկաստանի առևտուրն ու տնտեսությունը` հայերի առևտրական գործունեության, գյուղատնտեսական հմտությունների, արհեստների ու մշակույթի միջոցով:


Ահա ես իմ խոսքը սկսեցի Շահ Աբասի խոսքերով, որ իր «Պատմության» մեջ գրում է Դավրիժեցին: Շահը, երբ հայերին բռնագաղթի է ենթարկում, բնակեցնում Իսֆահան-Սպահան քաղաքում, որ մեզանում հայտնի է նաև որպես Նոր Ջուղա, մի քանի տարի ազատում է հայերին հարկերից ու տուրքերից, որպեսզի նրանք բռնագաղթի պատճառով ունեցած նյութական կորուստները կարողանան վերականգնել իրենց աշխատանքով: Տեղի մահմեդականները բողոքում են Շահ Աբասին` ասելով, թե ինչու է նա գյավուրներին այդպիսի մեծ արտոնություններ տալիս: Շահը պատասխանում է. «Հայերին անընդհատ բռնության մեջ չի կարելի պահել, որովհետև նրանք բռունցքվում են, միավորվում, և նրանց հնարավոր չէ հաղթել… Հայերը աշխատասեր ու ստեղծարար ժողովուրդ են. նրանց պետք է ազատ թողնել, որպեսզի նրանք աշխատեն, բարիք ստեղծեն, հարստություն կուտակեն և հետո մի անգամ հարվածում ես, խլում ես նրանցից հարստությունը, ապա նորից հանգիստ ես թողնում նրանց, որ աշխատեն և հարստություն դիզեն: Եվ այսպես պարբերաբար…»:
Հայերը անհիշաչար ժողովուրդ են…
Պարզվում է` Շահ Աբասը, և առհասարակ օտարները մեզ ավելի լավ են ճանաչում, քան ինքներս մեզ…


. Մեզ արդեն հարվածել են,- ասացի ես` նկատի ունենալով թափ առնող սովետա-ռուսական և ադրբեջանական քաղաքական և ռազմական թշնամանքը… Մենք պետք է բռունցքվենք, միաբանվենք ու միավորվենք և հզորանալով` պաշտպանենք մեզ ու մեր անկախ պետությունը, որը կորցրել էինք հազար և ավելի տարիներ (Կիլիկյան թագավորությունը բուն Մեծ Հայքում չի եղել), հետևաբար մեզանում թուլացել են պետականության հանդեպ պատասխանատվությունն ու պատկառանքը: Խորհրդային յոթանասուն տարիներին մենք պարտավոր էինք երեք սերնդի գիտակցության մեջ պատվաստել ու արթնացնել սեփական հայրենիքում սեփական պետության մեջ ապրելու երջանկության զգացումը և դարձյալ պատասխանատվությունը:
Որպեսզի չերկարի իմ բանավոր խոսքը, ես կարդացի մեր երկիրը հզորացնող և դրանով խաղաղություն ապահովող տնտեսական-մշակութային զարգացում ապահովող իմ մշակած դրույթները: Ահա՛ դրանք.


1. Ստեղծել «Հայ մտավորականների համահայկական գիտական մտքի կենտրոն», որը կհամակարգի (բնագրում` կկոորդինացնի) և գործարկման հնարավորություններ կստեղծի առավել ազգաշահ հայտնագործությունների համար:
2. Ստեղծել «Համահայկական գիտական մտքի զարգացման հիմնադրամ», որը մրցանակաբաշխության սկզբունքով (Նոբելյան մրցանակի ոճով) կհայտնաբերի և կքաջալերի առավել ազգօգուտ հայտնագործությունները, նախագծերը և աշխատությունները` լինեն դրանք միջուկային ֆիզիկայի, էներգետիկայի, պատմության, քաղաքականության և այլ ասպարեզներում:
3. Վերոհիշյալ Հիմնադրամին կից ստեղծել բաժին, որը նյութական օժանդակության շնորհիվ (դա կլինի աշխատանքային պատվեր, թե մի ուրիշ բան) կկասեցնի հայ գիտական մտքի արտահոսքը Հայաստանից, ինչպես նաև կբացահայտի ու կաջակցի տաղանդավոր հայ գիտնականներին:
4. Կոչ ուղղել Սփյուռքում ապրող հայ նշանավոր գիտնականներին, և գուցե առայժմ որոշակի պայմանագրային ժամկետով, որ իրենց (գիտական) կարողությունները ներդնեն` հայրենական գիտությունը համաշխարհային չափանիշների հասցնելու նպատակով:
Այստեղ, մինչև բուն դրույթին անցնելը, ես ուզում եմ մի փոքր հետ գնալ մինչև 1988 թվականի ամառային հանրահավաքները, երբ մարդիկ` ծանոթ-անծանոթ, խումբ-խումբ հավաքվում էին ու զրուցում, մինչև հարթակին կմոտենային հանրահավաքը վարողները` Իգոր Մուրադյանը և Սարուխանյանը (անունը հիմա չեմ հիշում): Ահա այդպիսի նախահավաքների ժամանակ, ես և իմ ընկերներից մեկը, որ աշխատում էր Մատենադարանում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ (Լևոնն այդ ժամանակ Մատենադարանի գիտքարտուղարն էր, իսկ Կոլյան` իմ ընկերը Թիֆլիսից, գիտաշխատող): Ահա այդպես մենք նստում էինք նստարանին և սպասում հանրահավաքի սկսվելուն: Ես խոսում էի համահայկական հիմնադրամ ստեղծելու մասին, որը ապագայում մեր ազգային-քաղաքական շատ խնդիրներ կլուծեր. ես վստահ էի, որ սովետը` որպես մի կայսրություն, կայսրություններին բնորոշ օրինաչափությամբ, փլուզվելու է, ուրեմն մենք պետք է մի ահռելի դրամագլուխ ունենանք, որպեսզի երկիրը հզորացնենք: Այդ օրերին իմ այս գաղափարները, մանավանդ սովետի փլուզումը, անիրականանալի երազանք էին թվում: Բայց, ինչպես իմաստուններն են ասում. ոչինչ հավերժ չէ այս լուսնի տակ, ես էլ ավելացնեմ, որ ամենաանկայուն բանն աշխարհում քաղաքական քարտեզն է. դա պատմությունը վաղուց է ապացուցել: Իհարկե, այդ խոսակցությունները մոռացվեցին, մոռացվեց նաև Լևոնի կողմից մեր ծանոթությունը, մանավանդ և Կոլյայի վաղաժամ մահից, և առավել ևս Լևոնի` իշխանական փառքի սանդուղքներով թռիչքաձև բարձրանալուց հետո այլևս առիթ չեղավ հանդիպելու… Եվ հիմա լավ առիթ էր նրան հիշեցնելու իմ այդ գաղափարի մասին: Եվ ուրեմն`
5. Ազգային հիմնադրամը հարստացնելու նպատակով` կառավարությանը առաջարկել հետևյալ գաղափարը.
. Ազգային տուրքի ձևով յուրաքանչյուր հայորդի, որ իրեն հայ է զգում և ունի որոշակի ազգային պարտավորվածություններ, հիմնադրամի օգտին պարտադիր մուծի իր ապրած երկրի դրամական նվազագույն միավորը, դիցուք` մեկ դոլար, մեկ դրամ (զարմանալի է, որ 1991 թվականին, երբ դեռ չկար մեր դրամական միավորը, ես հենց այդպես եմ պատկերացրել անկախ Հայաստանի փողի անվանումը), մեկ ֆրանկ և այլն: Եթե ընտանիքը բաղկացած է 3, 4, 5 և ավելի թվով անդամներից, համապատասխանաբար այդքան էլ կկազմի մուծանքը, իսկ եթե որոշ մարդիկ կարող են ամսական յուրաքանչյուր անձի համար մուծել 10, 100, 1000 դրամ և ավելի, դա նրանց միայն պատիվ կբերի, բայց չմոռանալով իրենց պարտադիր մեկ միավորը: Եթե այսօր աշխարհում ապրող 9 միլիոն հայերից 7 միլիոնը իրեն հայ է զգում և պատրաստ է ազգանպաստ մուծումներ կատարելու, ապա դժվար չէ հաշվել, թե երկրաչափական պրոգրեսիայով աճող ինչ գումար կհավաքվի, քանզի այս միջոցառումը լինելու է տարիների ծրագիր և կազմելու է ազգային ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկը:

6. Որպես օրվա հրատապ անհրաժեշտություն` ստեղծել հայ և օտարազգի պատմաբան-քաղաքագետների, լրագրողների գործուն խումբ, որը հանրամատչելի հոդվածների, արխիվային նյութերի հրապարակման, պարզաբանման (մեկնաբանման), ռադիո-հեռուստատեսային հաղորդումների միջոցով համաշխարհային հասարակայնությանը կներկայացնի մեր տարածաշրջանում քաղաքական ներկա իրավիճակն իր նախապատմությամբ, Թուրքիայի հեռահար տարածքային նկրտումները, ինչպես նաև զուգահեռներ կանցկացնի այսօրվա և դարասկզբի Թուրքիայի և Ադրբեջանի` Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ կատարած բարբարոսությունների, տարածքային զավթումների, նոր հավակնությունների և աշխարհի հզոր պետությունների հանցավոր թողտվության միջև:
Ահա, այս դրույթները ներկայացնելուց հետո, խոսեց նաև արվեստագիտության դոկտոր, երջանկահիշատակ Լուիզա Սամվելյանը: Նրան ճանաչողները կհիշեն անշուշտ ոչ միայն կանացի գեղեցիկ դեմքը, այլև գեղեցիկ ու հարուստ հայերենը: Նա հանգամանորեն խոսեց մշակույթի` արդեն անկման միտումների մասին, և որոշակի առաջարկություններ արեց` վերականգնելու մեր երկրում մշակույթին հատկացված ուշադրությունն ու հոգատարությունը պետության կողմից: Հանդիպումը վարող Կարեն Յուզբաշյանը ուշագրավ համարեց իմ և Լուիզա Սամվելյանի առաջ քաշած դրույթները և առաջարկեց ընդմիջումից հետո, երբ նախագահը կասի իր խոսքը, ստեղծել կոորդինացիոն խորհուրդ (սա իր բառն է), որի նախագահը կլինեմ ես, իսկ փոխնախագահը` Լուիզա Սամվելյանը: Այդ համակարգող խորհրդի աշխատանքները կազմակերպելու համար կմշակվի աշխատանքային պլան, և այն կսկսի գործել: Ես ձայն խնդրեցի և ասացի, որ նախագահի ընտրությունը վաղաժամ է. երբ համակարգող խորհուրդը կհավաքվի, նա էլ կընտրի նախագահին: Ընդմիջման ժամանակ ինձ և Լուիզա Սամվելյանին մոտենում էին գիտնականներ, Մնջոյանի անվան ինստիտուտի գիտաշխատողներ, ովքեր հետաքրքիր և մեր գիտության ու տնտեսության զարգացման համար կարևոր հայտնագործություններ էին կատարել, բայց ֆինանսավորման բացակայության պատճառով լաբորատորիաների գիտական մշակումներն ու հայտնագործությունները արտադրություն չէին մտնում: Մենք գրանցում էինք նրանց անուններն ու գիտական հիմնարկի անվանումը`վստահ, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հանդիպումը մտավորականության հետ իսկապես և իրապես նպատակ ունի մեր անկախացած երկիրը տանելու գիտության և տնտեսության, ազգային մշակութային վերելքի ճանապարհով: Ընդմիջման ժամանակ նախագահը Կարեն Յուզբաշյանի հետ մեկուսի զրուցեց, որի ընթացքում Յուզբաշյանը երբեմն-երբեմն նայում էր իմ և Լուիզա Սամվելյանի կողմը: Հետո ինձ մոտեցավ ռադիոյի թղթակիցը և խնդրեց, որ այս դրույթները ներկայացնեմ նաև ռադիոլսողներին: Ընդմիջումից հետո խոսեց նախագահը և ընդդիմությանը սուր քննադատության ենթարկեց, թե իբր նրանք հեռու են քաղաքականությունից և չեն հասկանում ղարաբաղյան հակամարտության բարդությունը: Հանդիպումն ավարտվեց, Լևոն Տեր-Պետրոսյանն անմիջապես գնաց, նրա հետ նաև Կարեն Յուզբաշյանը: Հավաքվածները մնացին անորոշության մեջ: Հետագայում մեզնից ոչ մեկին չկանչեցին… Օրերից մի օր հանդիպեցի Կարեն Յուզբաշյանին և հարցրի, թե ինչ եղավ «կոորդինացիոն խորհրդի» ստեղծումը, նա ուսերը թոթվեց ու ասաց. «Դե, Դուք տեսաք»: Այո՛, մենք տեսանք….


Նշեմ, որ պատերազմը դեռ լայն ծավալով չէր սկսվել, կային միայն սահմանային ընդհարումներ, և Լևոնն արդեն փորձում էր չեղյալ համարել 1989 թվականի` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Գերագույն խորհուրդների համատեղ որոշումները` վերամիավորվելու մասին: Ի դեպ, այդ որոշումն առայսօր ուժի մեջ է, քանի որ այն կողմերից ոչ մեկը չեղյալ չի համարել… Ասել է՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորված են ոչ միայն իրավաբանորեն` դեյուրե, այլև փաստացի` դեֆակտո, քանի որ Արցախում ծառայում են մեր զինակոչիկները, գործում է ՀՀ դրամը, փոխադարձաբար պաշտոններ են զբաղեցնում այստեղ ու այնտեղ ՀՀ և ԼՂՀ քաղաքացիները:


ՈՒզում եմ ընթերցողներիս հիշեցնել «Մեկ հայ, մեկ գրամ ոսկի» ծրագիրը, որն ըստ էության վերը շարադրածս ծրագրի արձագանքն էր, որը տապալվեց ինչ-ինչ հայտնի ու անհայտ պատճառներով… Դրանից հետո հիմնվեց բոլորիս լավ հայտնի և այսօր էլ գործող Համահայկական հիմնադրամը, որն իր բովանդակությամբ կարծես ավելի մոտ է իմ առաջարկած դրույթին: Բայց նրա արդյունավետությունը ցանկալի և երազելի մնաց:
Ահա այսպիսի նախապատմություն…


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ. Ներկայացնում եմ իմ «Դրույթների»՝ 25 տարվա վաղեմություն ունեցող գրասենյակային թղթի լուսանկար-սքանը` որպես իրեղեն ապացույց վերը շարադրվածի:

Դիտվել է՝ 22035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ